Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5342Ազգային հարստություն - (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5271 - Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Այսպիսով, 6 մասից բաղկացած հոդվածաշարս ավարտել կարող էի նախորդիվ, եթե ձեռքիս չհայտնվեր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի խոսքը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

Ստորեւ պարզապես բառացի մեջբերում եմ «ԷկոԼուր»-ում տպագրվածը:

* * *

«Սեւանա լիճ բաց թողնվող ձկնատեսակները ոչ թե գեղարքունի են , այլ‘ կարմրախայտ, գեղարքունու հիբրիդներ, կամ անհայտ ծագման այլ սաղմոններ»,-ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: «Բնապահպանության նախարարությունը 60 միլիոն դրամ է տրամադրում որոշակի կազմակերպությունների (դրանք ձկնային տնտեսություններ են), որպեսզի դրանք իրենց աճեցրած գեղարքունին եւ ամառային իշխանը բաց թողնելու համար տրամադրեն մանրաձկներ: Քանի որ նրանք չեն կարողանում ապահովել անհրաժեշտ քանակ, բայց գումար ստանալը միշտ էլ հաճելի է, այս ձկնատեսկներին նրանք խառնում են այլ ձկնատեսակներ, որպեսզի գումար աշխատեն՝ բնավ չմտածելով, թե Սեւանա լիճ ինչ ձկներ են ընկնում»,- ասաց Սամվել Պիպոյանը՝ նշելով, որ ձկների միջեւ տարբերությունները տեսնելու համար կարելի է ընդամենը վերցնել Հայաստանի կենդանիների կարմիր գրքում տեղադրված գեղարքունու լուսանկարը (այն կատարվել է 1998թ.-ին) եւ համեմատել այն այսօրվա իշխանի հետ:

Նա նշեց, որ ընդհանրապես Սեւանա լճի ավազանում չի եղել կարմրախայտ հասկացողություն, եղել է ալաբալախ, որը համարվում է այսօրվա իշխանի գետային ձեւ: Սակայն այսօր կա մաքուր կարմրախայտ: «Վերջին անգամ երբ մենք գնացինք Գեղարքունիք, Սեւան թափվող գետերից մեկում արձանագրեցինք այնտեղ ապրող մաքուր կարմրախայտ: Դա ասում եմ ոչ միայն ես, այլ նաեւ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի մասնագետները: …Որտեղի՞ց հայտնվեցին այդ ձկները այդ գետերում՝ Սեւանի ավազանում: Եթե բաց ենք թողել այդտեղ կարմրախայտ, այդ ձուկը ինքնաբերաբար բարձրանալու է գետի վերին հոսքեր եւ փորձելու է ապրել այդտեղ»:

Սամվել Պիպոյանը շեշտեց. «Մենք ունենք մաքուր գենոֆոնդը պահելու խնդիր: Գենետիկական աղտոտումը կենսաբանական աղտոտման ամենաաայլանդակ տեսակներից մեկն է: Եթե մենք ասենք, որ ունենք Սեւանում իշխան, դա իրականում իշխան չէ»:

Ձկնաբանը նշեց, որ այս ձկնատեսակների ձագերին միմյանցից շատ դժվար է տարբերել, քանի որ սաղմոնների մանրաձկները 7-8 սմ հասակում միմյանց շատ նման են: Իսկ դրանք Սեւանա լիճ են բաց թողնվում առավելագույնը այդ հասակում: Միայն գենետիկական ուսումնասիրությունները կարող են ցույց տալ, որ դրանք տարբեր տեսակներ են, իսկ գենետիկական ուսումնասիրություններ Հայաստանում չեն կատարվում:

Անդրադառնալով իշխանի վերարտադրության խնդրին՝ Սամվել Պիպոյանը նշեց, որ վերջին 50-60 տարվա ընթացքում Սեւանի ավազանում իշխանի բնական վերարտադրություն չի եղել, որովհետեւ գետերի հուները միշտ թարփերով փակվում են:

Բացի ձկնագողությունից, իշխանի մանրաձկների համար վտանգ են ներկայացնում Սեւան ներմուծված նոր ձկնատեսակները: «Վերջերս Սեւանի ավազան է ընկել երկու նոր ձկնատեսակ, մեկը ամուրյան նրբաձկնիկն է, մյուսը՝ արեւելյան տառեխիկը, որը չի եղել Սեւանա լճում: Սրանք թափոնային փոքրիկ ձկնիկներ են, որոնք կարող են սնվել այլ ձկնատեսակների մանրաձկներով եւ նրանց ձկնկիթով: Հետեւաբար, երբ մենք խոսք ենք տանում, թե Սեւանի իշխանը պետք է վերականգնվի եւ պետք է տեղի ունենա նրանց բնական վերարտադրությունը, ձկները բազմանում են վերին հոսքում եւ նրանց մանրաձկները հետ են գալիս: Տառեխիկը, որը ապրում է միջին հոսքում, արդեն կարող է սնվել իշխանի մանրաձկներով»,- ասաց Սամվել Պիպոյանը: Նա նշեց, որ այս տեսակները Սեւանի ավազանում առաջին անգամ ֆիքսվել է 2007թ.-ին: Հիմա դրանք մեծաքանակ են:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանն ասաց, որ այս խնդրի մասին առաջին անգամ է լսում: Նա մեծ կարեւորություն տվեց հնչեցված ահազանգին եւ խոստացավ այն ներկայացնել նախարարությունում:

* * *

Ի դեպ, պատրաստ եմ տպագրել շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները: Նույնիսկ իմ հոդվածաշարի «հերոս»-ի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդվարդ Գեւորգյանի տեսակետը՝ պայմանով, որ իրեն ադեկվատ կպահի, չի փորձի ինձ ահաբեկել, թե՝ «հիմա կհրամայեն ու ես կվազեմ իր մոտ» (տե՛ս Լուսանցք, թիվ 43 (389), 2015թ.) եւ իրեն չի համարի Սեւանի հարցի թիվ մեկ գիտակը: Նրա տեսակետը տպագրելու մեծահոգությանս պատճառն էլ հետեւյալն է. գուցե մեղք չունի իրականում, որովհետեւ կամ նրան ներշնչել էին, որ ինձ կհրամայեն ու ես կվազեմ (իմ տեսակին ծանոթ չլինելով), կամ ինքն իրեն էր այդպես ներշնչվել: Երկու դեպքում էլ խորապես հուսախաբված վիճակում է:

Իսկ ես սիրում եմ ձայն տալ նաեւ հուսախաբ վիճակում գտնվող մարդկանց:

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։