Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:

Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)

Հարգելի պարոն Նախագահ,

Ռիո-2016-ում, Ձեր գլխավորած պատվիրակության անմիջական ներկայությամբ, բազմաթիվ աղաղակող անարդարություններ հանցագործելու գնով, հունահռոմեական (հ/հ) ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգում մեր պատվիրակ Միհրան Հարությունյանին հանիրավի զրկեցին օրինավաստակ օլիմպիական ոսկուց: Հանձին Ձեր՝ կարեվեր հարվածելով ամենայն հայոց ազգային արժանապատվությանը և մեր պետականության միջազգային հեղինակության հիմոց հիմքին: Ինչն, իհարկե, անհետեւանք մնալ չի կարող. ո՛չ մեր ձեռնարկելիք հակազդեցիկ քայլերի տեսանկյունից, ո՛չ էլ՝ դրանց շոշափելի արդյունքների բացակայության դեպքում մեր իսկ հանդեպ արտաշխարհի միայն վատթարանալիք վերաբերմունքի նրբառումով:

Իմ խորագույն համոզմամբ՝ արդարությունը գեթ մասամբ վերականգնելու միակ հնարավոր իրավաչափ տարբերակը Միհրան Հարությունյանին եւս ՄՕԿ-ի կողմից օլիմպիական ոսկե մեդալի (2-րդը՝ տվյալ քաշակարգում) եւ համաչեմպիոնի կոչման շնորհումն է, ինչի  կենսագործելիությունն  ամրապնդվում է օլիմպիական իսկ շարժման պատմության անկապտելի իրավափաստական մասը կազմող մի ամբողջ շարք նախադեպերով: Դրանցից կարեւորագույնները, ինչպես նաեւ համապատասխան միջազգային մարզական մարմիններն ամեն իմաստով ուղղելիք առաջարկությունները ներկայացված են «Լուսանցք» շաբաթաթերթի 2016թ. սեպտեմբերի 16-22-ի համարի՝ իմ հոդվածի (կցվում է) վերջին մասում:

Շարադրյալի հիման վրա խնդրում եմ հնարավորինս ապահովել այդ առաջարկությունների իրացումը, առաջին հերթին՝ Միհրան Հարությունյանի բողոքարկման գործը, Ձեր գլխավորությամբ ու վերահսկողությամբ ճիշտ ուղղորդելով, հասցնել արդար հաղթավարտի եւ, ուստի, իր՝ Միհրանի օլիմպիական ոսկեւորման:  

Նույն շաբաթաթերթի 2016թ. սեպտեմբերի 9-15-ի համարում տպագրվել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակին եւ նրա եզակիորեն մեն-միակ մրցելույթով օլիմպիական դափնեպսակման 60-ամյակին նվիրված հոդվածս (կցվում է): Հիշյալ հոբելյանների առթիվ, ինչպես նաեւ հայկական սպորտին մատուցած բացառիկ ծառայությունների համար խնդրում եմ Նիկիտա Սիմոնյանին արժանացնել առանձնահատուկ շնորհների (մասնավորապես՝ Ձեր նախաձեռնությամբ կամ հուշարկմամբ, օրենքով սահմանված կարգով, մարզադպրոցի, մարզադաշտի, հրապարակի եւ (կամ) փողոցի անվանակոչում եւ այլն):

Կանխավ երախտագիտություն եմ հայտնում (հուսամ՝ շատ-շատերի եւ ոչ միայն հայերի անունից):

Պարտքս եմ համարում տեղեկացնել նաեւ, որ սույն բաց դիմումի տեքստը, անհրաժեշտ ուղեկցագրերով, ներկայացնելու եմ նաեւ իրենց՝ Միհրան Հարությունյանին, Նիկիտա Սիմոնյանին, նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ հ/հ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին, որոշ ԶԼՄ-ներ:

Առդիր՝ «Լուսանցք» շաբաթաթերթի տվյալ հոդվածները:

Գարեգին Ղազարյան

2016թ., սեպտեմբերի 19

Երեւան, Ահարոնյան փ., 2/1 շ., 18-րդ բն.

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր…

Սկիզբը՝ թիվ 26-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Ազգն ու երկիրը փառավորում, բարձրացնում են տիեզերքի յուրացման նվաճումները եւ օլիմպիական ոսկե մեդալները:

(ԱՄՆ 35-րդ Նախագահ՝ Ջոն  Ֆիցջերալդ Քենեդի)

Արդարեւ՝ մինչեւ իսկ այն օլիմպիադայում, որին հայրենահայ ատլետները չէին էլ կարող մասնակցել՝ սեփական ինքնիշխան պետության առժամյա չգոյության եւ ԽՍՀՄ կոչվող գերհսկա մետրոպոլիայի սկզբունքային անմասնության պատճառով, օլիմպիական դափնիներ էին ի զորու նվաճելու արտաշխարհի՛ հայարմատ մարզիկները: Խոսքը արդի 23-րդ ամառային օլիմպիական խաղերի մասին է, որոնք տեղի ունեցան 1984թ., հայտանշաբար հայառատ Լոս Անջելեսում (ԱՄՆ):

Նախորդ՝ 1980թ. մոսկովյան օլիմպիադան, քաջածանոթ աշխարհաքաղաքական հանգամանքներում, «առ ոչինչ» էր հորջորջվել Կապիտալի բեւեռի դրոշակրի կողմից՝ ԱՄՆ-ի եւ նրա բազմաթիվ արբանյակ երկրների մարզիկների ցավալի բացակայությամբ (անշուշտ՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի որոշ բացառություններով): Եվ ահա այժմ, առանց այն էլ «սառը պատերազմի» ճիրաններում հոգեվարող խորհրդային երկրի զառամախտավոր ծերակույտի ոչ այն է ՝միարժեք մանկախակ, ոչ այն է՝ բազմանշանակ տղեկախոկ փոխվրեժով թելադրված, սեղմումեղմ ասած, անմիտ ճնշաբացարկի (բոյկոտ) ինքնազոհեր դարձան «սոցիալիստական ճամբարի» բազմատասնյակ տաղանդաշատ մրցակալացուներ (ավելի փոքր բացառությամբ, որն էլ, բարեբախտաբար, շավիղներ բացեց Սփյուռքի մերազնյաների առաջ՝ դեպի Օլիմպոսի գագաթ): Այդ չեմպիոնացուների ստապատիր սփոփանքի համար 1986թ. կազմակերպված՝ այսպես կոչեցյալ «Բարի կամքի խաղեր» ցուցանակով այլընտրանքային «միջազգային մրցումները» ի վերջո եւ ընդամենը ստորածվեցին բուն համաշխարհային օլիմպիական խաղերի գաճաճակերպ ծաղրանմանակման ու հակաօլիմպիական գռեհկացման՝ անխուսափելիորեն վախճանվելով արդեն հաջորդի (1990) վերջակետման հետ:

Մինչդեռ 1984թ. օլիմպիական փառանդանի բարձրագույն աստիճանին կանգնեցնելու համար Խորհրդային Հայաստանն ուներ իրոք փայլուն հավակնորդներ:

Քանի՜-քանի՜ երկիր ու ժողովուրդ  կարող էին սխրանալ (սքանչանալ) հենց միայն մեր ծանրորդների «հրաշալի եռյակի» ամենիմաստ ծանրակշիռ սխրանքներով:

Միջին եւ ավագ սերնդի մեր մարզասերները թույլ չեն տա մոռանալ, թե ինչպիսի քստմնելի՝ զուտ քաղաքական աստառապատ պատրվակմամբ 1983թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երեւանի նորակերտ Մարզահամերգային համալիրից տեղափոխվեց Մոսկվա: Բայց դա էլ չէր կարող խանգարել, որ մեր բոլոր հայկազուններն էլ հռչակվեն աշխարհի չեմպիոն:

Յուրի Նորայրի Վարդանյանը արդեն իսկ օլիմպիական հաղթորդ էր (1980, ծնվ. 1956թ. հունիսի 13-ին, Լենինական, այժմ՝ Գյումրի, մինչեւ 82.5 կգ), աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցակալ ու անդրանշորդ:

Հոկսեն (Օգսեն) Առաքելի Միրզոյանը (ծնվ. 1961թ. հունիսի 11-ին, Սիսիանի շրջանի պատմանշանավոր  Անգեղակոթ գյուղում) 1983թ. աշխարհի չեմպիոնի կոչումը գերազանցեց 1988թ. օլիմպիական չեմպիոնի հավերժ տիտղոսով (մինչեւ 56 կգ):

Յուրի Օթելլոյի Սարգսյանը (ծնվ. 1961թ. օգոստոսի 14-ին, Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղում, այժմ՝ Գեղակերտ) 1980թ. օլիմպիական արծաթակիր էր (մինչեւ 56 կգ), աշխարհի եւ Եվրոպայի կրկնաչեմպիոն (1982,1983) (մինչեւ 60 կգ), պատմության մեջ ամենաերկար (16 տարվա) ընդմիջումից հետո մասնակցել է նաեւ (Ավստրալիայի դրոշի ներքո) 1996թ. օլիմպիադային (7-րդ տեղ) եւ 2000թ. օլիմպիադային (9-րդ տեղ):

Ընդ որում՝ երեք դյուցազունների անուններն էլ գրանցված են մոլորակի Ծանր ատլետիկայի փառքի սրահում:

1984թ. օլիմպիական պարգեւներ նվաճելու հզոր ներուժ ունեին նաեւ 1980թ. օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնաչեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Սանասար Ռազմիկի Հովհաննիսյանը (ծնվ. 1960թ. փետրվարի 5-ին, Մոսկվա, մինչեւ 90 կգ), ըմբիշ, Եվրոպայի եւ աշխարհի (1982,1983) կրկնաչեմպիոն, աշխարհի գավաթակիր Բենուր Փաշայանը (ի դեպ՝ 1999-2000թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ), բռնցքամարտիկներ Իսրայել Հակոբկոխյանը (ընդհանուր առմամբ՝ աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, 1980թ. օլիմպիադայի մասնակից), Սամսոն Խաչատրյանը (1980թ. օլիմպիական դիպլոմակիր, քառորդ եզրափակիչ, Եվրոպայի չեմպիոն), ջրացատկորդ, լուսադարձիկ Դավիթ Համբարձումյանը (1980թ. օլիմպիական բրոնզակիր, Եվրոպայի կրկնաչեմպիոն (1981,1983) եւ գավաթակիր (հենց 1984)), մականորդ Սոս Հայրապետյանը (1980թ. օլիմպիական բրոնզակիր, Եվրոպայի չեմպիոնների կրկնագավաթակիր (1983 եւ հենց 1984)):

Ամեն դեպքում, 1984թ. օլիմպիական չեմպիոն է օծվել հայազգի Քրիստինա Ելենա Գրիգորաշը  (Ռումինիա, ծնվ. 1966թ. փետրվարի 11-ին, Սաթու Մարե), մարմնամարզություն, կանանց թիմային առաջնություն:

Ընդհանրապես՝ «-աշ» մասնիկը Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում դարերով ապրող-սերնդափոխվող հայազգիների բնորոշ (ազգ)անվանակերտ վերջածանցն է. արդեն նշել ենք 1952թ. օլիմպիական չեմպիոն, հունգարահայ ֆուտբոլիստ Յոժեֆ Զաքարիաշի մասին, երեւելի պատմական դեմքեր են նաեւ Հունգարիայի առաջին բժիշկ-կոկորդաբան, դոկտոր, ուսուցչապետ (պրոֆեսոր) Զաքարիաշ Դոնոգանը (Զաքարիա Տոնականյան (1868-1917)), Ռումինիայի աշխատանքի հիմնադիր նախարար Գրեգորի Տրանկու-Յաշը (Դրանխոլյանց, 1873-1940):

Անուղղակի, ուստի՝ դեռեւս ոչ բավարար հիմքեր կան գեթ ենթադրելու, որ հայագեն առնվազն հեռանախնիներ են ունեցել նույն Ռումինիայի 1984թ. օլիմպիական չեմպիոններ Թոմա Սիմյոնովը (ծնվ. 1955թ. հոկտեմբերի 30-ին, Կարաօրման, ժուդեց (վարչաշրջան) Տուլչա, նույնիսկ կրկնակի չեմպիոն է (1980,1984), երկտեղանոց կանոե, 1000 մետր), Մարիա Կոսմա-Շտեֆան-Միխորյանուն (ծնվ. 1954թ. փետրվարի 16-ին, Ժուրիլովկա, ժուդեց Տուլչա, չորստեղանի  բայդարկա, 500 մետր):

Հայերը Տուլչայում են հաստատվել տակավին 16-րդ դարից, 19-րդ դարում կառուցել են մատուռ, եկեղեցի, 20-րդ դարում գործել են հայկական դպրոց ու տպարան:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։