Պատմության գիրկն անցան ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ 2008թ. թիվ 1609 եւ 2009թ. 1620 բանաձեւերը, սակայն, իր պատմությունն է կերտում ԵԽԽՎ 2009թ. թիվ 1643 բանաձեւը: Այն առավելապես ՀՀ քր.օր.-ի հոդվածների փոփոխություններին ու լրացումներին է վերաբերում, որն էլ ուղղակիորեն առնչվում է «7-ի» գործով դատավարությանը: Իշխանությունները պնդում են, որ սկսել են իրականացնել վերջին բանաձեւի պահանջները, իսկ ընդդիմությունը ընդդիմանում է, թե դա այդպես չէ:
Ինչեւէ, այս հարցով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ փաստահավաք խմբին ավելացավ եւս մեկը՝ ԱԺ նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խումբը:
Եվ ահա, ՀՀ քր.օր.-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 11-ի նիստում, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եւ խմբի ղեկավարի նախագահությամբ, կրկին անդրադարձել է քրեական օրենսգրքի 2 հոդվածներին: Առաջարկվել է քրեական օրենսգիրքը համալրել 301/1՝ նոր հոդվածով, որով տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված եւ չուղղված գործողությունները, որոնց համար նախատեսվում են տարբեր պատժաչափեր: Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ Է ամրագրվում՝ «ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, որեւէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»: Աշխատանքային խմբում առաջարկվել է նկարագրված դեպքում նույնպես կիրառել քր.օր.-ի 300-րդ հոդվածը՝ համապատասխան տարբերակումներով: Խմբի անդամները կարծում են, որ հասարակության համար վտանգավոր լինելու տեսանկյունից այս եւ 300-րդ հոդվածով նկարագրվող հանցագործությունները անհամադրելի են:
Continue reading →