Եթե, իհարկե, հիվանդի համար ծառայությունը մատչելի լինի
Միջուկային բժշկության մասին մեկ անգամ չէ որ խոսվել է: Բայց բերվել են տարբեր երկրների օրինակներ: Սակայն այսուհետ կարող ենք ասել, որ Հայաստանը կունենա միջուկային բժշկության եւ քաղցկեղի ախտորոշման ու բուժման կենտրոն: Գործադիր իշխանությունը երեկ քննարկեց այդ կենտրոնի ստեղծմանն առնչվող որոշ հարցեր:
Այդ կենտրոնը, ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կհիմնադրվի:
Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարեվերջին 2008թ. գործունեությունն ամփոփելիս, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, թե Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ–ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար: Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն:

Հայտարարում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

