Մինչընտրական հստակեցումների փուլը

 

Հայտնի է, թե նախընտրական շրջանում ովքեր են զբաղվելու կոալիցիոն 3 կուսակցությունների նախընտրական քարոզչությամբ: ՕԵԿ-ում այդ պատասխանատվությունն ստանձնել է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ով անցած ընտրությունների ժամանակ եղել է ՕԵԿ-ի շտաբի պետը: Չնայած, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի մասին ավելի շատ են խոսում: ԲՀԿ-ում պատասխանատվությունը դրված է կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա, ով ժամանակին լրագրող է եղել: Նա համակարգելու է նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքը, միջազգային դիտորդների հետ հանդիպումները եւ նրանց հետ կապված մի շարք այլ հարցեր: ՀՀԿ-ում նախընտրական շտաբի ղեկավարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է, բայց քարոզչության ղեկը լինելու է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի ձեռքերում, սակայն չի բացառվում, որ լրատվամիջոցների հետ աշխատանքի եւ մի շարք այլ հարցերի հետ կապված նրա համար տեղակալ ընտրեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնապես կնշանակվեն ՀՀԿ շտաբի պետի տեղակալներ:

Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀԿ-ն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւի մասին իր որոշումը: Համոզմունք կա, եւ սոցիոլոգիական հարցումներն էլ իբր հավաստում են, որ ՀՀԿ քաղաքական վարկանիշը աճում է՝ ի հակառակ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման համապատկերի: Եվ ՀՀԿ-ն որոշել է միայնակ հասնել բացարձակ մեծամասնության խորհրդարանում: Ընդդիմությունը նույնպես հստակեցումների մեջ է: Այսպես ասած, չհայտարարված հանդիպում է եղել վերջերս «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը քննարկել են «Ժառանգության» եւ «Դաշնակցության»՝ ԱԺ 100%-ոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ համատեղ հայտարարությունից բխող՝ օրենսդրական նախաձեռնությանն ու այդ համատեքստում առաջիկա համատեղ քայլերին առնչվող, ինչպես նաեւ այլ՝ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Ինչպես նշել ենք «Լուսանցք»-ի էջերում, 100%-ոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին արձագանքել են մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ եւս: Բայց մի շարք ուժեր էլ, «համամասնականամոլներին» դիմելով, նշում են, որ եթե իրոք վերջիններս պայքարում են ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար, ապա խորհուրդ է տրվում մինչ 100% համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին մտքեր արտահայտելը, ներկայացնել իրենց կուսակցությունների պետական ռեգիստրում գրանցման օրինականության հիմքերը, այդ թվում, հանրապետության բոլոր մարզերում տարածքային համապատասխան ստորաբաժանումների առկայությունը: Նշվել է, որ «սույն խորհուրդը հատկապես, օգտակար է «ՀՅԴ»-ի եւ «Ժառանգության» համար»:

Այս հարցը հասել է նաեւ եվրոպաներ: ՀՀ-ի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպմանը փոխանցվել է «Ժառագություն» կուսակցության նամակը՝ 100%-ոց համամասնական ընտրակարգի անցնելու հիմնավորումներով, ինչը դրական արձագանքի չի արժանացել: Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ Ջոն Պրեսկոտի զրույցի ժամանակ, ըստ զլմ-ների, եվրոպացին անգամ բարկացած ու նեղսրտած, ձեռքը սեղանին խփելով հեռացել է: Խորհրդարանական ընդդիմությունն այլեւս վստահ չէ Եվրոպայի վրա: Ժամանակ առաջ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես դժգոհել էր եվրոպական համապատասխան կառույցներից…

Իսկ ԵՄ-ն եւ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը կաջակցեն ՀՀ-ում 2012թ. եւ 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1,7 մլն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի ԵՄ, իսկ իրականացումը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից:

…Տարբեր քաղաքական ուժեր, ուղղություններ՝ ազատական, ժողովրդավարական, արիական-ազգայնական եւ այլ, արդեն հայտարարել են այս կամ այն ուղղությանը հարելու կամ ընթացող որոշակի բանակցությունների մասին, որոնց այս ընթացքում մենք հնարավորինս անդրադարձել ենք: Բայց առ այսօր Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը չի հայտնել առաջիկա ընտրություններին ԱԺՄ-ի մասնակցության մասին: Նա նշել է, որ հարցը կորոշվի հունվարի վերջին կամ փետրվարին: Օրերս իրենց մասին հիշեցրին նաեւ կոմունիստները: «Անկախ ընտրությունների արդյունքից, ՀԿԿ-ն հավատարիմ է մնալու սոցիալիստական գաղափարախոսությանը»,- անդրադառնալով նախընտրական գործընթացներին՝ ասել է ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը: Ըստ նրա, «եթե երկրում անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ, ապա ՀԿԿ-ն կունենա շռնդալից հաջողություն եւ անպայման ներկայացված կլինի ապագա խորհրդարանում… Կարծում եմ, որ ՀԿԿ-ն կհավաքի 15% ձայն»… Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Իմիջիայլոց, մի քանի կազմակերպություններ էլ կան, որոնք մերթ ընդ մերթ հավաքվում եւ հայտարարում են, թե «պետք է ստեղծել նոր պետություն՝ սոցիալիստական հիմքերով»:

Իսկ «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Երզնկյանն իր բլոգում ներկայացրել է նախաձեռնության վարչությունում եւ տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները, որոնք ամփոփել են 2011թ: Ըստ այդմ, ներկայացվել է անցած տարվա ամենաազդեցիկ հայերի ցուցակը, որոնք տարվա ընթացքում ՀՀ հասարակական ու քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքն են թողել: Այդ անվանակարգում տեղ են գտել նաեւ ազդեցիկ կազմակերպություններ: Այդպես, տարվա քաղաքական գործիչ «Հանուն ապագայի»-ն ճանաչել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ամենաակտիվ պատգամավորներն են ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը, «Ժառանգություն»-ից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, նաեւ՝ Վիկտոր Դալլաքյանը, Կարեն Վարդանյանը եւ այլոք:

Ինչպես վերը նշեցինք, ՀՀԿ-ն ընտրություններին նախընտրում է գնալ միայնակ, առանց դաշինքի: ԲՀԿ-ն եւս գնում է առանձին, ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու թեման կարելի է համարել վերջնականապես փակված: ՕԵԿ-ը դեռ որոշում է, նաեւ ՀՀԿ-ի հետ քննարկում է ՕԵԿ-ականներին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու հարցը:

Սկսում են ուրվագծվել նաեւ ապագա խորհրդարանում իշխանական ուժերի վերադասավորվածության եւ ընդգրկվածության չափաբաժինները: Այլեւս ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին իշխանության մաս կազմող հիմնական 2 կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, մասնակցելու են առանձին ցուցակներով, եւ ՕԵԿ-ի խնդիրը դեռ չեն կարողանում կարգավորել: Եթե ՕԵԿ-ը հանդես գա առանձին ցուցակով, «որքան էլ ձեթ, օղի եւ այլ բաներ բաժանի», միեւնույնն է, չի կարող հաղթահարել նվազագույն 5%-ի շեմը: Եվ ահա, թե ինչու է քննարկվում ՀՀԿ համամասնական ցուցակում նրանց ընդգրկելու հարցը:

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում ՀՀ նախագահի մասնակցությամբ քննարկվել է ԲՀԿ-ին մեծամասնական 41 պատգամավորական տեղերից 7-9-ը տեղ հատկացնելու հարցը, որին, ԲՀԿ ղեկավարությունը դեմ է եւ բանակցում է 11 մեծամասնական տեղ հատկացնելու շուրջ: Պատգամավորական ընդհանուր մանդատների չափաբաժնի հարցը կքննարկվի առաջիկայում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։