Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 2.- Նավթը՝ աշխարհաքաղաքական ազդեցիկ գործոն… Գազն էլ՝ քաղաքատնտեսական ճնշելու գործիք…

Նավթը՝ աշխարհաքաղաքական գործոն

Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) հրապարակել է համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումների կանխատեսումների վերաբերյալ ընդարձակ զեկույց: Կազմակերպության գնահատականների համաձայն՝ մինչեւ 2035թ. համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումները պիտի կազմեն առնվազն 48 տրլն դոլար, որպեսզի բավարարվի նույն ժամանակահատվածում էներգետիկայի ոլորտում ձեւավորվելիք պահանջարկը: Հիշեցվել է, որ վառելիքաէներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը արագ տեմպերով աճում է, որն էլ արտացոլվում է ոլորտում ներդրումների ծավալների ավելացման միջոցով: Բավական է նշել, որ միայն 2013թ. համաշխարահային էներգետիկ ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1,6 տրլն դոլար, որը 2 անգամ գերազանցում է 2000թ. կատարված ներդրումներին:

Ընդ որում՝ ներդրումների մեջ արդեն կարեւոր տեղ են զբաղեցնում էներգախնայողությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերը, որոնք միայն 2013թ. կազմել են 130 մլրդ դոլար: Փաստ է, որ արդյունահանող ընկերությունները դյուրամատչելի հանքերից արդյունահանելոց հետո ստիպված են առաջիկայում արդյունահանել ավելի բարդ տեղանքներից, որն անշուշտ կմեծացնի ընդհանուր ծախսերը:

Չնայած նրան, որ տեխնոլոգիաների զարգացումը մասնակիորեն փոխհատուցում է ավելացող ծախսերը, այնուամենայնիվ IEA-ի կանխատեսումների համաձայն՝ հավանականությունը մեծ է, որ 2035թ. նավթի միջազգային գները կկազմեն 128 դոլար՝ 1 բարելի դիմաց: Bloomberg-ի տվյալներով, այժմ Brent նավթի բարելի գինը 108 դոլարի սահմաններում է: Զեկույցում նշված է, որ աշխարհում ամենաշատը սպառվում է մերձավորարեւելյան նավթը: Ավելին՝ «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցի փորձագետները նշել են, որ տարածաշրջանի երկրները չպետք է նվազեցնեն ներդրումների ծավալները: Այս տարածաշրջանում ներդրումների տարեկան չափը պետք է կազմի առնվազն 90 մլրդ դոլար, որպեսզի համաշխարհային շուկայում պահպանվեն նավթի առկա գները, հակառակ դեպքում 1 բարելի գինը կհասնի մինչեւ 130 դոլարի:

Մերձավոր Արեւելքում ներդրումների դանդաղեցման միտումները պայմանավորված էին Հյուսիսային Ամերիկայում ածխաջրածնային պաշարների արդյունահանման բումով, որի պատճառով ներդրողները շտապողականություն չցուցաբերեցին ներդնել Մերձավոր Արեւելքում: Սակայն ինչպես նշում է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդուլլահ ալ-Բադրին՝ կարիք չկա չափազանցնել ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ազդեցությունը համաշխարհային շուկաների վրա, քանի որ մերձավորարեւելյան նավթը դեռեւս մնում է ամենաէժանը: Այսօր նավթի արդյունահանման ծավալներով 1-ին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան՝ օրական արդյունահանելով 11,7 մլն բարել նավթ: Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 11,1 մլն բարելով, մինչդեռ կանխատեսվել է, որ 2020թ.-ից ԱՄՆ-ն կշրջանցի Սաուդյան Արաբիային. դա տեղի կունենա արդեն 2018թ-ից:

Վահագն Նանյան

Գազն էլ՝ ճնշելու գործիք

Նավթի եւ գազի առաքման ու վերջնական սպառողին հասցնելուն ուղղված ծախսերը այս ոլորտում ներդրումների կարեւոր բաղադրիչն են կազմում: Եվ խողովակաշարերի կառուցումը, բախվելով այս կամ այն երկրի շահերին, լուրջ դժվարություն է ստեղծում պաշարների մատակարարման համար: Կանխատեսումները վկայում են, որ ապագայում եւս նավթագազային պաշարների տրանսպորտային ապահովումը կապված է լինելու մեծ ծախսերի հետ: «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 20 տարիների ընթացքում տրանսպորտային ապահովման ծախսերը կկազմեն 3,6 տրլն դոլար, որը նավթագազային ոլորտում ամբողջ ներդրումների 15%-ն է կազմում:

Continue reading

Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի – Ընդդիմությունն անցնում է կառուցողական գործելաոճի… Միաժամանակ քառյակը նախանշել է ժամկետներ…

Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի

Վերջապես ընդդիմադիր քառյակը հրապարակեց իր պահանջները: Դրանց շարքում Արցախի անվտանգության, «Նաիրիտ»-ի վերագործարկման, գյուղմթերքների ավելացման, տնտեսության զարգացման, մենաշնորհների վերացման եւ այլ խնդիրներ են արծարծվել, բայց քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր: Իսկ իշխանափոխության հարցը առանձին-առանձին ու ոչ մեկ անգամ բարձրացրել են ԱԺ ոչ իշխանական բոլոր չորս ուժերը, ինչը միասնական հանդես գալու դեպքում բացակայում է…

Կողմերը պնդել են, թե բավականին երկար են աշխատել հայտարարության վրա, որը 12 կետից է բաղկացած: Այսպես՝ իշխանափոխությունը այլեւս մի կողմ դրած, քառյակը հայտարարեց, թե հաստատում են, որ «Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա»: Քառյակն արձանագրել է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, իրենք էլ դարձել են հանրության ու իշխանությունների միջեւ միջնորդ: Ըստ նրանց, կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, ուստի՝ արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: 1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին: 2. Վերանայել տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը: 3. Առնվազն 3 անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը: 4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը: 5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը: 7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը: 8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: 9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100% համամասնական ընտրակարգով: 11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով: 12. Չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:

Իսկ քանի որ ճտերն աշնանն են հաշվում, քառյակն աշնանը, մինչեւ կկվի կանչելը, կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը:

Խորհրդարանական ընդդիմադիրներն առկա պայմաններում անհրաժեշտ են համարում գործել միասնական գաղափարի շրջանակում, ժողովրդին էլ դարձնելով այդ գործընթացի մասնակիցն ու գլխավոր երաշխավորը: «Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց եւ սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է եւ առաջին լուծումը նրա հեռացումն է, երկրում հաշվետու իշխանություն ձեւավորելու մեջ: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձեւավորել միասնական համակարգ, ու սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշել է Լեւոն Զուրաբյանը եւ հավելել, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ: Գրեթե նույնն ասել են նաեւ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Continue reading

Վարչապետ դառնալու նոր հա՞յտ… Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա… Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ՞…

Վարչապետ դառնալու նոր հա՞յտ

Օրերս թարմացան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին լուրերը, թե հաջորդ վարչապետը նա է լինելու: Դեռ նոր կառավարության ձեւավորման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ կառավարության անդամները պետք է ապացուցեն իրենց տեղերում մնալու անհրաժեշտությունը: Նույնիսկ որոշակի «բացթողումներ» եղան, թե ընթացքում նոր փոփոխություններ են սպասվում: Նաեւ Կարեն կարապետյանի կողմից հնչեց սուր քննադատություն կառավարության հասցեին, եւ այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է մտքին, որ փոփոխությունները սարերի հետեւում չեն:

Հասարակության մի մասի մոտ նշյալ գործիչի անունը ավելի շատ առնչվում է առավելապես բարերարությամբ զբաղվողի, քան քաղաքականության հետ գործ ունեցողի հետ: Ճանաչում են որպես մեծահարուստ, բիզնեսմեն Սամվել Կարապետյանի եղբայր, եւ եղբայրները միասին ունեն գործարարի համբավը, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս փող են աշխատում եւ այդ աշխատած գումարից ներդրումներ կատարում Հայաստանում: Բայց նաեւ տեսակետ կա, որ տարիներ շարունակ Սամվել Կարապետյանն ամեն ինչ եւ տարբեր ներդրումներ է անում, որպեսզի եղբայրը դառնա վարչապետ: Այս մասին խոսում էին դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն կարապետյանին թիվ 1 թեկնածու էին կարծում շատերը, բայց երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, խոսք գնաց արդեն նրա՝ ԱԺ նախագահ նշանակվելու մասին: Ըստ լուրերի, նա չի ցանկացել այդ պաշտոնը: Մարդը տնտեսությունն է ուզում ղեկավարել: Եվ նրա հանկարծակի ակտիվացումը անուղղակի կերպով համարում են երկրի վարչապետ դառնալու հայտ, քանի որ ներկա կառավարության ղեկավարի հետ ՀՀԿ-ական այդ պատգամավորը հույսեր չի կապում: Հեշտ չի լինի, կա ունեւոր եղբայր, բայց չկա թիմ, առանց որի որեւէ գործունեությունն անարդյունք կլինի:

Անի Մարության

Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա

Օրերս ՕԵԿ-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Նպատակն է՝ ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Ընդդիմադիրները սակայն չեն շտապում քառյակը դարձնել հնգյակ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեմ չի արտահայտվել հանդիպումներին, բայց նշել է, որ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը մշտապես ՀՅԴ-ն է բարձրացրել… Բայց խանդի տեսարաններ չեն լինելու եւ պատրաստ են ցանկացած հարց քննարկել:

Continue reading

Բոլոր լուծումները՝ բնակչի հաշվին – Էներգահամակարգը նույնպես իր բոլոր խնդիրները այսուհետ լուծելու է բնակչության գրպանի հաշվին… Վարչապետը՝ դիմում գրելն արգելողների մասին…

Բոլոր լուծումները՝ բնակչի հաշվին

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է տվել, ինչը բնական է։ Հատկապես, երբ վերջին շրջանում սննդի  մեծածավալ ցանկ հայտնվեց, որում հայտնված ապրանքների թանկացումը փաստ էր:

Էլէներգիան թանկանալու է մոտ 10%-ով, ինչը ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։ Բայց ամբողջխնդիրն այն է, որ սակագնի բարձրացման միջոցով փորձ է արվելու փակել նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։ Ապագայում էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել, եւ դարձյալ կկանգնենք նոր թանկացման առջեւ:

Ստացվում է էներգահամակարգը նույնպես իր բոլոր խնդիրները այսուհետ լուծելու է բնակչության գրպանի հաշվին: «Էլեկտրաէներգիայի սակագնի որոշման հարցին պետք է նայել եւ սպառողների տեսանկյունից, եւ շուկայի մասնակիցների, որոնք կատարում են համապատասխան աշխատանքներ, շահագործման ծախսեր»,- հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին հարցերին: Մինչ թանկացման մասին հայտնի դառնալը, նա նշել էր, որ «երկար տարիներ էլեկտրաէներգիայի սակագինը չէր վերանայվել, ստիպված արեցինք, ժամանակի ընթացքում սարքավորումների արժեքները եւ ծախսերի գները փոխվում են»: Նրա խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ժողովրդի սոցիալական հարցերը, հնարավորությունները ու հաշվի նստի շուկայում գործող ընկերությունների վիճակի հետ: Իսկ ՀԾԿՀ-ի գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Չնայած այս պնդումներին, շատերն էին համոզված, որ ՀՀ քաղաքացին կկանխի էլեկտրաէներգիայի թանկացումը (ո՛ր մեկը կանխի): «ՀԾԿՀ-ի ուսումնասիրությունները եւ հիմնավորումները էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հավատ չեն ներշնչում»,- ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա հիշում է, որ անցած տարի թանկացրեցին էլեկտրաէներգիան՝ պատճառաբանելով, թե բալանսավորում են գազի գնի հետ։ Այս տարի պարզվեց՝ դա քիչ էր. «Քանի որ դեռ ոչ մի փաստաթուղթ չկա, մենք հիմա պետք է գուշակենք, թե որն է պատճառը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք բազմաթիվ ՀԷԿ-եր ունենք, որոնք մատչելի էլեկտրաէներգիա են տալիս»։ Բաբկեն Պիպոյանը վստահեցրել է, որ նոր ակտիվիստական շարժում կբարձրանա ու էլեկտրաէներգիայի սակագինը չի ավելանա:

Continue reading

Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Հայ վարպետների համբավը… Այստեղ դեռ իշխում են բանավոր՝ «ազնիվ խոսք»-ի հիմամբ կնքվող գործարքները…

Սկիզբը՝թիվ 17-19-ում

http://www.hayary.org/wph/?p=4134 – Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ովքե՞ր են Հայաստանում ադամանդագործության տերերը – ադամանդի մշակումը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից…

http://www.hayary.org/wph/?p=4154 – Ցավոտ կետեր.- Շքեղության գործի անշուք վիճակը – Ադամանդի տեղափոխումը «դռնից դուռ» սկզբունքով է…

http://www.hayary.org/wph/?p=4174 – Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից…

Խոսելով աշխարհի ադամանդագործության բնագավառի անցյալից, ներկայի շարժերից ու ապագայի ծավալումներից, ոլորտի առանձնահատկությունից ելելով՝ նաեւ ռիսկերից ու վտանգներից, այս նյութում կներկայացնենք, թե որն է Հայաստանի ադամանդագործության զարգացման տեսլականը:

Հակիրճ՝ այդ տեսլականը սա է՝ մինչեւ 2020թ. Հայաստանը դարձնել ադամանդի մշակման եւ առեւտրի տարածաշրջանային կենտրոն, որը մասնագիտացած կլինի միջին եւ մեծ քարերի բարձրակարգ մշակման հատվածում:  Համենայնդեպս, այսպես է պետության հաստատած համապատասխան ռազմավարությունում:

Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա բնագավառի ռազմավարության առաջնային խնդիրը ոլորտի մասշտաբայնացումն է, որը կարճաժամկետ հեռանկարում կիրականացվի օտարերկրյա նոր ընկերությունների ներգրավման շնորհիվ: Այն ենթադրում է օտարերկրյա ընկերությունների կողմից սեփական արտադրությունների հիմնում կամ պատվերների տրամադրում գործող ընկերություններին: Իսկ երկարաժամկետ հեռանկարում, արդեն ասացինք, նպատակը մեր երկիրը ոլորտում տարածաշրջանային կենտրոն դարձնելն է: Կենտրոն, որտեղ զգալի կշիռ կկազմեն տեղական կապիտալով վերամշակող եւ ադամանդի առեւտրով զբաղվող ընկերությունները:

Continue reading

Հայկական խոհանոց – Դդմիկով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի բողոքը չխանգարեց Արցախի հավաքականին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային տարածք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Դդմիկով աղցան

Բաղադրությունը Դդմիկ – 500 գ, սխտոր – 1 գլուխ, ռեհան – 1 կապ, թթվասեր – 100 գ, քամած մածուն – 200 գ, կիտրոն – 0.5 հատ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը Դդմիկը մաքրել, լվանալ, կեղեւից հեռացնել, լուսնաձեւ կտրատել, գոլորշու վրա եփել 10 րոպե, սառեցնել:

Քամած մածունը թթվասերի, կիտրոնի հյութի, աղի եւ սպիտակ պղպեղի հետ հարել:

Շոգեխաշած դդմիկի կեսը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել քամած մածունով զանգվածը, սրա վրա էլ՝ կտրտած ռեհանի եւ սխտորի մի մասը, հետո նորից՝ դդմիկի մնացած մասը, վրան՝ մածունով զանգվածը եւ կանաչին ու սխտորը:

Ամառ է՝ սննդարար ու սառը ուտեստների իսկական ժամանակը: Անու.շ վայելեք:

* * *

Աշխարհի մարզական հեւքից

Հայաստանի հավաքականը 38-րդ հորիզոնականում է

ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը։ Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով, այժմ 38-րդ հորիզոնականում է։ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Պորտուգալիան 4-րդ տեղում է, Դանիան՝ 23-րդ, Սերբիան՝ 30-րդ, Ալբանիան՝ 66-րդ։ Հարեւան Վրաստանը զբաղեցնում է 96-րդ, իսկ Ադրբեջանը 83-րդ տեղը:

Ցանկանում է փոխել հավաքականի մտածելակերպը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն իր գլխավորությամբ 3-րդ մրցախաղին նախապատրաստվող ազգային հավաքականի մասին ասել էր, որ լավ փորձառություն կլինի Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ խաղալ, միշտ չէ, որ հնարավորություն է լինում այդ մակարդակի թիմի հետ մրցակցել: Գերմանիայի դեմ խաղում միայն հարձակողական ֆուտբոլը օգտակար չէր լինի, եւ մարզիչը նախատեսում էր կազմակերպել լավ պաշտպանություն: Ինչը սակայն, չստացվեց:

Եթե խաղը դիտած չլինեի, ապա 1:6 հաշվով պարտությունը ինձ պետք է հուշեր, որ Հայաստանի հավաքականը պարզապես չի կարողացել դիմադրել: Սակայն դիտել եմ խաղը, եւ շատ եմ ցավում մեր խոշոր հաշվով պարտության համար: Այդ խաղում Հայաստանի ընտրանին ավելի լավ դրսեւորեց իրեն, քան նախորդ 2 խաղերում: Իհարկե՝ մինչեւ 2-րդ խաղակեսի կեսերը, երբ մեր հավաքականը պարտվում էր 0:1 հաշվով, հետո հաշիվը հավասարվեց՝ 1:1, որից հետո սկսվեց մի աներեւակայելի իրավիճակ, երբ մերոնք կարծես դադարեցին խաղալ եւ պարզապես ժամանակ էին անցկացնում խաղադաշտում…

Բեռնար Շալանդը նշել է, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից: Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ եւ հանդես գային արտասահմանում: «Իհարկե, տղաները պայքարեցին, փորձեցին, բայց»… Մարզիչը կարեւորում է հոգեբանական պատրաստվածությունը, նոր խաղային մտածելակերպը: Նա ցանկանում է եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը, բայց ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել: Եթե այդ խնդիրը չլուծվի, ապա ազգային հավաքականը կբավարարվի ներքին ինչ-որ հանդիպումով: Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումը Գերմանիայի ընտրանու հետ ավարտվեց1:6 hաշվով, մեր թիմի կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ, մեր թիմը հաղթել էր Արաբական Միացյալ Էմիրություններին՝ 4:3, պարտվել էր Ալժիրին՝ 1:3 հաշվով:

Ադրբեջանի բողոքը չխանգարեց Արցախի հավաքականին

«Լուսանցք»-ը ներկայացրել էր, որ Շվեդիայի Էստերսունդ քաղաքում ընթացող «Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը» մասնակցել է նաեւ Արցախի հավաքականը, որը 2 անընդմեջ պարտությունից հետո զրկվեց հաղթելու համար պայքարելու հնարավորությունից: Առաջին խաղում Արցախը 2:3 հաշվով պարտվել է Մեն Կղզու թիմին (ցավալի պարտություն, քանի որ խաղի ավարտից 2 րոպե առաջ արցախցիները հաղթում էին 2:1 հաշվով, եւ խաղավարտին բաց թողեցին 2 գնդակ: Հաղթանակը բոլորովին այլ իրավիճակ կստեղծեր), իսկ Նիցցայի կոմսության թիմին զիջել է 0:1 հաշվով:

ԼՂՀ-ի ֆուտբոլի հավաքականի մասնակցության կապակցությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան աղմկել էր եւ բողոքի նոտա էր հղել ConIFA-ին եւ FIFA-ին, որով պահանջվում էր արգելել Արցախի հավաքականին մասնակցել չճանաչված երկրների աշխարհի գավաթի առաջնությանը: «ConIFA-ի նպատակն է կամուրջներ ստեղծել, որպեսզի չճանաչված պետությունները կարողանան ներկայանալ հանրությանը: Գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ ԱՖՖԱ-ի, ոչ էլ FIFA-ի անդամ: Նշանակում է» Լեռնային Ղարաբաղն ամբողջովին կտրված է հաղորդակցության աշխարհից, իսկ ֆուտբոլիստները հնարավորություն չունեն իրենց դրսեւորել միջազգային խաղերում: Կարծում ենք՝ աշխարհի ցանկացած կետում էլ մարդիկ պետք է հնարավորություն ունենան միջազգային ֆուտբոլ խաղալ ու ներկայացնել իրենց մշակույթը: Այդ պատճառով մեզ ոչինչ չի մնում, քան մերժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը: Միեւնույն ժամանակ մենք հուսով ենք, որ ԱՖՖԱ-ն ըմբռնումով կմոտենա մեր որոշմանը, եւ այն չի ընդունվի որպես քաղաքական քայլ Ադրբեջանի դեմ՚,- պաշտոնական կայքում հրապարակել էր ConIFA-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 19-ի (324) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Պատասխան, որ պիտի հնչեր Աստանայում – Եվրասիական միությունը՝ Եվրամիության դեմ… Բայց համաթուրքական խաղերը վերահսկում է Արեւմուտքը – ՀԱՄ առաջնորդի բաց նամակը ՀՀ նախագահին…

2. Ռուսաստանը պետք է Եվրասիամիություն մտնի առանց Ղրիմի, իսկ Ղազախստանը՝ առանց սովետական տարիներին (մասոնա-բոլշեւիկյան ու թուրքական) նվեր ստացած հսկայական տարածքների… «Մայդան» բառը կհայտնվի նաեւ ղազախերենում…

3. Եվրադատարանն ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման… Ո՜չ հերթական հակահայ կառույցի (Եվրասիամիության) ձեւավորմանը… Իսկ Աստանայի ստորությունը բացահայտ թյուրքական եւ իշխանական արմատներ ունի…

4. Բարեկամությունը գրանցում չունի, միջազգային օրակարգում չէ – Հայաստանը հայ-ռուսական բարեկամությունը խառնել է անվերապահ նվիրվածության հետ… Մոսկվան շարունակում է ստորաբար գործածել Արցախի թեման…

5. Երբ պաշտոնյայի նշաձողը տգիտությունն է – «գլխակեր» ու «հայակեր» Միկոյանը փողոց ունեցավ… Գառնո արադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու պատմության՝ մի այլ ոճով կրկնություն – փողն առնում են ու… ընկնում ք..-ը…

6. Շաբաթվա ծաղրը՝ ծաղկաքաղով – Համեմատեց Նժդեհի ու Անդրանիկի հետ… Ըստ քաղաքապետի՝ արխիվները փորփրել պետք չէ՞… Միկոյանը Նապոլեոնն է կամ Լենինը՝ մշակույթի նախարարի հերթական գոհարները…

7. Ընդդեմ կուտակայինի դիմումները՝ մերժելի՞… Ընդդիմադիր քառյակը հապաղում է… Բարեփոխումներ, որ կհանգեցնեն նոր առճակատման… Միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ…

8. Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…

9. Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից… Կյանքը՝ տխուր, ապրուստը՝ թանկ (համեմատական հաշվարկներ)…

10. Աշխարհի մարզական հեւքից – Բելառուսներն ադրբեջանցիներին խղճում են, իսկ մենք բելառուսներին խղճում եւ հանդիմանում ենք… Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ փորձարկումներում… Արցախը՝ չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունում…

11. Հայկական խոհանոց – Աղցան «Նոյան տապան»… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Պատասխան, որ պիտի հնչեր Աստանայում – Եվրասիական միությունը՝ Եվրամիության դեմ… Բայց համաթուրքական խաղերը վերահսկում է Արեւմուտքը – ՀԱՄ առաջնորդի բաց նամակը ՀՀ նախագահին…

Վերջերս Աստանայում, հայտնի համաժողովում, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության առջեւ խնդիր ծագեց. Ղազախստանի նախագահի սիրտը Ադրբեջանի նախագահի նամակից թուլացել էր, եւ նա Հայաստանի նախագահին հորդորեց Եվրասիական միություն մտնել առանց Արցախի:

Սա՝ կենցաղային բացատրությամբ:

Իսկ իրականությունը Հայաստանի դեմ դիվանագիտական թուրքական (եւ ոչ միայն) արշավն է, որից մենք պիտի շատ արագ հետեւություններ անենք:

Խնդրո առնչությամբ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ է հղել Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ում կարծիքով, ռուսական կողմը թուրքական խայծը հերթական անգամ կուլ տալով (Անկարան վաղուց էր հայտարարել այս միություն մտնելու հավանականության մասին, իսկ Բաքուն օրերս ցուցադրական քննարկումներ է սկսել,-խմբ.), անտեսեց իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը:

Ստորեւ ներկայացնում ենք հայ արիների ղեկավարի բաց նամակը՝ առանց խմբագրական միջամտությունների:

* * *

Աշխարհում իշխում է բիրտ ուժը, որն իր բնույթի համաձայն ավերիչ է ու կործանարար, սարսափազդու նրանց համար, ովքեր խորքային չեն հասկանում իրողությունը: Դեռ այսպես է, քանզի այդ ուժն ինքնին անդեմ լինելով՝ ծածկում է բազմադեմ երանգներով: Եվ տրամաբանական է, որ մեկ կենտրոնից ղեկավարվող այդ ուժը մարդկության տարաստեղծ հատվածներում մշտապես փնտրում է խառնածին ու անուղեղ զանգվածների, որոնց կարող է առանց լրացուցիչ խնդիրների ծառայեցնել իր համապարփակեցնող քաղաքականությանը, մարդկային ուղեղների ընդհանրական համահարթեցմանը: Եվ այդ զանգվածներին էլ է կոչել ազգեր, իբր կարեւորելով նրանց, նաեւ տրամադրել է (այդ ուժի վերահսկողության տակ գտնվող) հսկայական կենսատարածքներ, ինչն էլ զանգվածներին կարծել է տալիս, թե դա իրենց շնորհն ու ձեռքբերումն է…

Վստահ եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես ծանոթ է այդ մեկաշխարհական ուժին, եւ զգացել է մեկ կենտրոնի բազմաբեւեռային խաղերի խաբուսիկ լինելն ու մամլիչ ծանրությունը: Ուստի՝ ոմանց նման չեմ բացի պարսավանքի ու զազրախոսության տոպրակի բերանը հենց նամակիս նախաբանից, քանզի գիտակցում եմ, թե որքան դժվար է լինել դեռ կայացող պետության ղեկավար եւ պայքարել այդ կենտրոնի բազմախաղ ու ճնշող քաղաքականության դեմ:

Առավել եւս, հայ արիականներն ու համախմբված ազգայնականները միշտ, եւ մեր բոլոր նախագահների օրոք, անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, արտաքին քաղաքական հարցերում հայկական շահերը պաշտպանելու գործում սատարել են երկրի իշխանություններին:

Ներքին քաղաքական հարցերում մենք եւս շատերի պես ընդդիմադիր ուժ ենք, ավելի ընդդիմադիր, քան բոլոր ընդդիմությունները: Եթե ներկա ընդդիմադիրների բացարձակ մեծամասնությունը ընդդիմադիր է բացառապես իշխանության հասնելու մղումով, քանի որ դավանում է նույն արժեհամակարգը, գրեթե նույն ծրագրերով է առաջնորդվում՝ ինչ ներկայիս իշխանությունները, ապա մենք ընդդիմադիր ենք ինչպես ազգային(ազգայնական)-քաղաքական, բարոյա-իրավական, լեզվա-մշակութային ու այլ ծրագրերով, այնպես էլ արիադավան-հեթանոսական մեր դավանանքով ու աստվածների արժեհամակարգով: Մենք առհասարակ դեմ ենք հանրա(յին)պետության համակարգին ու օրենքներին:

Տիար Սերժ Սարգսյան:

Այս ամենն ասվեց, որպեսզի Ձեզ, եւ առհասարակ բոլորին պարզ լինի, որ ներքոշարադրյալ վրդովմունքը եւ կարծիքը տեսական ու իրատեսական հիմքեր ունի ու զուրկ է որեւէ ցուցադրականությունից: Մենք դիմում ենք միայն Ձեզ, քանզի տարիներ առաջ Հայ Արիական միաբանությունը, որպես համահայկական հոգեւոր-քաղաքական կառույց, ճանաչել է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների վերամիավորման պետական ու իրավական որոշումները եւ դեռ Արցախի նախագահ ճանաչվող հարգարժան Բակո Սահակյանը հայ արիականներիս համար տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզի նույնքան հարգարժան մարզպետն է:

Continue reading

Ռուսաստանը պետք է Եվրասիամիություն մտնի առանց Ղրիմի, իսկ Ղազախստանը՝ առանց սովետական տարիներին (մասոնա-բոլշեւիկյան ու թուրքական) նվեր ստացած հսկայական տարածքների… «Մայդան» բառը կհայտնվի նաեւ ղազախերենում…

Ղրիմը պետք է դարձնել ռուսական Արցախ

Չպատասխանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Աստանայի համաժողովում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում անդրադարձավ հայության բոլոր հատվածներին ընդվզում պատճառած այդ ալիեւյան նամակին:  Համառոտ, մեր դիտարկմամբ, պատասխանն այսպիսին էր՝ Հայաստանը Եվրասիական միության մեջ կմտնի իր սահմաններով եւ ի՞նչ կապ ունի Արցախը դրա հետ: Իսկ ԼՂՀ-ն կմնա որպես չճանաչված պետություն Հայաստանի հովանավորության ներքո ու փաստացի կհամարվի Հայաստանի մի մասը: Նախագահի խոսքում հասկացվում էր նաեւ, թե ոմանք ինչպես դրսում, այնպես էլ ներսում այնպես են ընդվզում՝ կարծես թե Արցախը Հայաստանի կազմի մեջ է:

Այս տրամաբանությամբ էլ Հայաստանի նախագահը պետք է արձագանքեր Աստանայում: Ինչեւէ, Եվրասիական տնտեսական միության համաժողովում նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաեւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաեւ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է հետեւյալը. «Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը»: Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչների օժանդակությամբ ավելի արագ է իրականացվել Եվրասիական հանձնաժողովի խրթին հարցերի մասնագիտական մշակումը, որը թույլ է տվել ամրագրել առկա արդյունքները: Ինչն, ըստ մեր նախագահի, հնարավոր դարձավ նաեւ «Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ»:

Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու շուտափույթ ստորագրման պատճառը մի շարք գործոններով է պայմանավորված, իսկ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձեւավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է եւ մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Հայաստանի նախագահը նշել է նաեւ մեկ այլ գործոն, միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո պետք է ձեռնամուխ լինել գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովել մի շարք կարեւոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:

Continue reading

Եվրադատարանն ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման… Ո՜չ հերթական հակահայ կառույցի (Եվրասիամիության) ձեւավորմանը… Իսկ Աստանայի ստորությունը բացահայտ թյուրքական եւ իշխանական արմատներ ունի…

ՄԻԵԴ-ը հարվածում է ժխտողականներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 5 դատավորից բաղկացած կազմով, հունիսի 2-ին քննարկեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի ներկայացրած բողոքը։ Հրապարակված որոշմամբ՝ դատարանն ընդունելի է համարել Շվեյցարիայի կառավարության ներկայացրած բողոքը՝ վերանայել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը։ Դատարանի որոշմամբ՝ գործը փոխանցվել է ՄԻԵԴ Մեծ Պալատ քննության։

Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճռով ՄԻԵԴ-ը որոշել էր, որ նշալ գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։ Ըստ դատարանի, Դողու Փերինչեքը, Շվեյցարիայում կոնֆերանսի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «միջազգային սուտ», չի չարաշահել իր իրավունքները։ Ընդգծվել էր, որ զգայուն եւ հակասական բնույթի հարցերի ազատ քննարկման իրավունքի իրացումը ազատ արտահայտման հիմնարար ասպեկտներից է եւ տարբերակում է բազմակարծիք ժողովրդավարական հասարակություները տոտալիտար կամ բռնապետական ռեժիմներից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար՝ համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է: Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի ՄԻԵԴ հայցը ներկայացրել էր դեռ 2008թ.։

Կարեն Բալյան

Ո՛չ հերթական հակահայ (թուրքամետ) կառույցի ձեւավորմանը

Դեռ ամիսներ առաջ Անկարան հայտարարել էր, թե չի բացառվում, որ Թուրքիան ներգրավվի Եվրասիական միության մեջ: Հասկանալի է, որ սա միայն խաղ է, քանի որ Արեւմուտքը թույլ չի տա Անկարային՝ լինելով ՆԱՏՕ-ի հիմնական ներկայացուցիչը Մերձավոր Արեւելքում, դառնալ ԱՊՀ-ական եվրասիականության կցորդ: Բայց թուրքերը մշտապես մասնակցում են բոլոր համաշխարհային ու տարածաշրջանային խաղերին, ուստի՝ այդ հայտարարությունը նոր բան չէր: Բայց արի ու տես, մեր բարեկամ Ռուսաստանը ՙսրտից՚ թույլ է եւ նման հայտարարություններին արձագանքում եւ ընդառաջ է գնում:

Օրերս Ադրբեջանը եւս խաղաց թուրքական խաղը, եւ կրկին Մոսկվան սրտի նոպաներ ունեցավ… Ադրբեւանի նախագահի նամակի արծարծումը ազդակ էր Բաքվին, եւ պատասխանը չուշացավ: «Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը»,- Բաքվում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Նա ասել է, որ ինտեգրացիայի բոլոր ձեւերը ենթակա են քննարկման, եւ Ադրբեջանի անդամակցությունն այդ ձեւաչափերը արդեն իսկ քննարկվում են:

Continue reading

Բարեկամությունը գրանցում չունի, միջազգային օրակարգում չէ – Հայաստանը հայ-ռուսական բարեկամությունը խառնել է անվերապահ նվիրվածության հետ… Մոսկվան շարունակում է ստորաբար գործածել Արցախի թեման…

Աստանայում հայերի համար հերթական անակնկալն էր նախապատրաստվել, որի ստվերային նախաձեռնողը Ադրբեջանի նախագահն էր: Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները հավանություն էին տվել Բաքվի խաղերին, իսկ մատուցելու գործը թողել էին Ղազախստանի նախագահին: Նուրսուլթան Նազարբաեւը էթնիկ թուրք է ու նրա համար միշտ ցանկալի է Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերը ներկայացնելը:

Ավելի քան 20 տարի է Հայաստանը մանեւրում է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, բայց տպավորությունն այնպիսին է, որ միշտ չենք սպասում անակնկալների, իսկ այն միշտ մեզ մատուցվում է: Կամ մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամիները ամենուր եւ ամեն հարցում մեր դեմ աշխատելու են օրնիբուն, կամ անընդհատ անախորժ վիճակներում ենք հայտնվելու: Ավելին՝ մենք ինքներս պետք է ամենուր եւ ամեն հարցում անակնկալներով ներկայանանք, նաեւ հակառակորդի մի քանի ենթադրյալ անակնկալների պատասխաններ ունենանք պատրաստի՝ կռահելով, թե որ միջոցառմանը ինչ հարցեր կարող են առաջանալ:

Բայց քանի որ այդպես չէ, ուրեմն՝ մեր երկրի նախագահի խորհրդականներն ու անհրաժեշտ կառույցները իրենց բարձունքի վրա չեն: Սա պետք է հաշվի առնել այսուհետ եւ ինչպես պետության ղեկավարին, այնպես էլ պետությանն ու ժողովրդին հեռու պահել տհաճ անակնկալներից:

Մինչեւ Աստանա գնալը արդեն խոսակցություններ կային, թե Եվրասիական միությունը ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական առումով կարող է հետաքրքրել նաեւ Թուրքիային, Հնդկաստանին, Սիրիային եւ այլն: Ինչը նշանակում է՝ քաղաքական խաղերը չպետք է բացառվեին: Այդ խաղերը չպետք է բացառվեր ինչպես դրսից, այնպես էլ ներսից, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը վաղուց են զենք-զինամթերք վաճառում մեր թշնամի Սդրբեջանին, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ է փնտրում, քան՝ ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ: Եվ այս ամենը մեր՝ պաշտոնական Երեւանի ցանկալիից ավելի նվիրվածության պատճառով… Այո, ամեն ինչի շատն էլ է վտանգավոր, եթե համարժեք վերաբերմունքի չի արժանանում: Իսկ Ռուսաստանի դեպքում երբեք համարժեք չի եղել բարեկամի նվիրվածության չափանիշը: Սա վաղուց ապացուցված է:

Իսկ մեր «անգործությունը» Մոսկվային նոր թեւեր է տալիս: Վերջերս Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Մոսկվայի կողմից բանակցություններ վարելով Ուկրաինայի ուժային կառույցների ղեկավարների հետ, կարողացավ գերեվարված ռուս լրագրողներին ազատագրել ու իր հետ տանել Գրոզնի: Հայտնի է, որ բանակցությունների ժամանակ, երբ գործը գլուխ չէր գալիս, Չեչնիայի նախագահը նախազգուշական տոնով ուկրաինացիներին ասել էր. «Հիմա մենք բարեկամանու՞մ ենք, թե՞ ոչ»: Ասում են՝ այս խոսքից հետո ուկրաինացիները կարեւորել են… բարեկամանալը, եւ հանձնել էին գերի լրագրողներին: Հիմա էլ խոսք կա, թե Մոսկվան որոշել է Ռամզան Կադիրովին Հայաստան «գործուղել», քանի որ Կրեմլում խիստ դժգոհ են, որ Հայաստանում արեւմտամետ հայ քաղաքական ուժերը հարձակման են անցել իրենց դեսպան Իվան Վոլինկինի դեմ՝ նրա հայտնի հարցազրույցից հետո, երբ դեսպանը հրահանգիչի տոնով նշել էր, թե Հայաստանում պետք է փակվեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք հակառուսական քարոզչություն են անում:

Continue reading

Երբ պաշտոնյայի նշաձողը տգիտությունն է – «գլխակեր» ու «հայակեր» Միկոյանը փողոց ունեցավ… Գառնո արադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու պատմության՝ մի այլ ոճով կրկնություն – փողն առնում են ու… ընկնում ք..-ը…

Հայ հանրությունը բուռն քննարկումներ ծավալեց Երեւանի ավագանու կողմից սովետական ստալինամերձ գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման դեմ: Անհերքելի փաստարկներ են բերվել, որ Միկոյանը Ստալինից ոչ պակաս «գլխակեր» է եղել, ինչպես բոլշեւիկյան շատ այլ ներկայացուցիչներ… ու հանկարծ մայրաքաղաքում անակնկալ հայտնվում է ցուցանակ, որը հայտնում է, թե Դավթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը:

Թե սա ի՞նչ ազգամերժ նախաձեռնություն է, դեռ կպարզվի, բայց որ նման ձեռնարկները մեծ արագությամբ են առաջ գնում, այլեւս գաղտնիք չէ: Հասարակական բոլոր շերտերում այս ստալինահայի կյանքն ու գործը չի հարգվել, անգամ առաջարկ է եղել, որ եթե հանկարծ Միկոյանի արձանը տեղադրեն, ապա Չարենցի, Բակունցի… արձանները պիտի հանեն…

Գիտնականները պետք է համակողմանիորեն ուսումնասիրեն այս գործչի արձանի տեղադրման հարցը, քանզի նա ազգային մտածողությամբ առաջնորդվող հայ գործիչների թշնամին էր եւ հետապնդում էր նրանց: Ամենամեղմ արտահայտվողների խոսքն է այսպիսին: Անաստաս Միկոյանի թոռը՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ ու կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինը եւս մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը: «Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»: Արձանաշինության մասին տեսակետն իհարկե վիճարկելի է, բայց մի բան հստակ է՝ հայության մեծամասնության սրտերում Ստաս Նամինի պապի հիշատակը գրեթե չի տարբերվում հայհոյանքից:

Անվանի երաժիշտը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեի Միկոյան), ստեղծված իրավիճակին ավելի լավ տիրապետելու համար որոշել է ծանոթանալ դաժանություններին եւ գնդակահարություններին՝ Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին: Սա թերեւս զարմանալի է, քանի որ Երեւանի քաղաքապետարանը պնդել էր, թե «ԽՍՀՄ պետական գործչի արձանը կանգնեցնելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է»։ Իհարկե, կարող է լինել էլի մեկ թոռ, ով համաձայնել է, բայց դա միանշանակ ընտանիք ձեւակերպումը չի կարող ունենալ:

Continue reading

Շաբաթվա ծաղրը՝ ծաղկաքաղով – Համեմատեց Նժդեհի ու Անդրանիկի հետ… Ըստ քաղաքապետի՝ արխիվները փորփրել պետք չէ՞… Միկոյանը Նապոլեոնն է կամ Լենինը՝ մշակույթի նախարարի հերթական գոհարները…

Համեմատեց Նժդեհի ու Անդրանիկի հետ

Վերջին օրերին կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ, չնայած հայկական կողմի հակազդմանը, հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում մենք ունեցանք մարդկային կորուստ:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Իր կազմում բազմաթիվ ազատամարտիկներ ունեցող «Նախախորհրդարան» շարժման ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կայքերից մեկին հարցազրույց է տալիս եւ անդրադառնում Հայաստանից Քեսաբ ազատամարտիկներ ուղարկելու թեմային: Խզմալյանը նախ ի ցույց է դնում հայոց պատմության մասին իր «Գիտելիքները»՝ համոզված պնդելով, թե Գարեգին Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը արտաքսվել են Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունների կողմից: Սրանով չբավարարվելով՝ նա ավելի հեռուն է գնում՝ Ժիրայր Սեֆիլյանին ու Շանթ Հարությունյանին համեմատելով Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Օզանյանի հետ:

Փաստորեն, ըստ «Նախախորհրդարան»-ի ներկայացուցչի, զենքով հեղափոխություն անելու կոչերի համար դատապարտված ծայրահեղական Ժիրայր Սեֆիլյանը եւ նախկինում հոգեբուժարանում բուժված, բահի կոթով նախագահական նստավայրը գրոհող Շանթ Հարությունյանը հայոց պատմության մեջ ունեն նույն դերակատարումն ու նշանակությունը, ինչ Նժդեհն ու Անդրանիկը…

Չարժե նույնիսկ մեկնաբանել: Սրանից բացի Խզմալյանը նույն հարցազրույցում նաեւ ուշագրավ բացահայտումներ է անում՝ հայտարարելով, թե Սեֆիլյանը, որպես «Նախախորհրդարան» եւ «Սարդարապատ» շարժումների համակարգող, իր վրա է վերցրել կազմակերպչական աշխաանքները եւ մի քանի հոգու ուղարկել է Քեսաբ՝ վերլուծական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար…

Քեսաբում «Նախախորհրդարան»-ի իրականացրած «հետախուզական օպերացիան» նաեւ հետաքրքիր է նրանով, որ ինչպես իր հարցազրույցում բացահայտում է Խզմալյանը, դրա անմիջական կատարողներից եւ Քեսաբ մեկնողներից մեկը եղել է, ոչ ավել-ոչ պակաս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Եվ այդ մասին հայտարարում է կինոռեժիսոր Խզմալյանը՝ հավանաբար գտնվելով Ջեյմս Բոնդի հերոսական արկածների տպավորության տակ… Զարմանալի է, թե իրենց հիվանդագին գաղափարներն իրագործելու համար ինչքան հեռու կարող են գնալ այս մարդիկ, որ հանդգնեն շահարկել արցախցի ազատամարտիկ Վահան Բադասյանի անունը: Ավելին, այդ մասին բարձրաձայնում է Խզմալյանը՝ մեծամտորեն հայտարարելով, թե ինքն ու իր նմանները Բադասյանին ուղարկել են Քեսաբ՝ «հետախուզություն» անելու համար: Անհասկանալի է մի բան. ինչու այս «հետախուզական կառույցին» մինչ այդ չէր հետաքրքրել Հալեպում, Դամասկոսում, Հասակեում նույն վտանգներին դիմակայող հայությանն օգնության հասնելու խնդիրը…

Continue reading

Ընդդեմ կուտակայինի դիմումները՝ մերժելի՞… Ընդդիմադիր քառյակը հապաղում է… Բարեփոխումներ, որ կհանգեցնեն նոր առճակատման… Միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ…

Մի շարք պետական մարմիններում, այդ թվում՝ նախարարություններում, աշխատողները դիմումներ են ներկայացնում կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, բայց ղեկավարությունն այդ դիմումները չի ընդունում՝ խախտելով գործող օրենքը: Դիմումագրերի մեծամասնությունը երիտասարդներ են, ինչը նրանց դրդում է նորից մտածել փողոց դուրս գալու մասին:

Մամուլը ողողված է բողոքներով, մարդիկ նշում են, որ աշխատողներով՝ առանձին կամ միասնաբար դիմում են տարել հաշվապահություն, սակայն այն չի ընդունվել: Վստահ են, որ վերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ: Կրթական, բժշկական եւ այլ ոլորտների հիմնարկներում եւս աշխատակիցները դիմումներ են ներկայացրել, բայց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է: Մարդիկ զարմացած են, իրենք իրենց պետականամետ մարդ են համարում միանշանակ, բայց նրանց երեսին շպրտում են, թե՝ «պետության դե՞մ եք դուրս եկել»: Որոշ պետական մարմիններում էլ համապատասխան անձինք հորդորում են՝ իրենց հարգելով դիմումները հետ վերցնել («մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել»), նաեւ հավելում են, որ «եթե ավելի բարձր աշխատավարձով տեղ գիտեք, ազատվեք, գնացեք…»:

Կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները տարաբնույթ մեկանաբանություններ են անում, ինչն ավելի է սրում իրավիճակը: «Դեմ/եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայրաքաղաքի կենտրոնում ցույցերից, երթերից բացի, որոշել է ծայրամասերում եւս իրազեկում անցկացնել ու ծանոթացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի խնդրահարույց կետերին: Ըստ նրանց, արդեն 70-80 գործատու կենսաթոշակային 5-10% պարտադիր վճարները չի պահում ու մուծումներ չի անում աշխատողներից: Նախաձեռնության անդամները կոչերով ու իրազեկման թերթիկներով քաղաքացիներին հորդորում են չտրվել սադրանքներին ու ճնշմանը, համարձակորեն միանալ պայքարին:

Առավել ազդեցիկ գործում են ՏՏ ոլորտի գործատուները, քանի որ մտավոր աշխատանքի մարդկանց նեղել դեռ չի հաջողվում, քանի որ այդ ոլորտի պատասխանատուներն անգամ հայտարարեցին, թե Հայաստանի այս օրենսդորության պատճառով իրենք իրենց կազմակերպությունները կգրանցեն Վրաստանում եւ կաշխատեն իրենց ցանկալի պայմաններով: Մի՞թե Հայաստանի բոլոր գործատուներին պետականորեն ուղղում են գրանցվելու այլ երկրներում… Վերջապես ե՞րբ է օրենքով կիրառվելու Սահմանադրական դատարանի «պարտադիր» բաղադրիչի հակասահմանադրական լինելու հիմնավորումը: Միշտ էլ կամավոր ձեւակերպման տակ (թողնվել է որպես մեղմացուցիչ հանգամանք) գործել է կամավոր-պարտադիր գործելաոճը, ինչի ականատեսը եղել ենք սոցիալական քարտերի, կենսաչափական փաստաթղթերի… այժմ էլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման պարագայում:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր պոլիկլինիկաներում պարտադիր կուտակային կենսաթոշակի գանձումները առ այսօր շարունակվում են: Ավելին, դժգոհություններ կան, որ աշխատողներին պարտադրում են դիմումներ չգրել, իսկ գրողներին էլ սպառնում են ազատել աշխատանքից: Հետաքրքիր պատկեր է Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բնակչության մի մասին սպասարկող թիվ 8 պոլիկլինիկայում, որի տնօրենը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն է՝ Արմինե Հարությունյանը: Նա նշել է, թե կուտակայինի գանձումներն արվում են ըստ աշխատողների ցանկության: «Ով ցանկանում է, գանձում ենք գումարը, ով չի ցանկանում, չենք գանձում: Ոչ մեկը չի պարտադրում, մեզ մոտ դեմոկրատիա է: Ես նույնիսկ երեկ բոլորին մեկ առ մեկ հարցրել եմ, որովհետեւ հասկացա, որ պանիկա է սկսվել որոշ բուժհաստատություններում, որ պարտադրում են, եւ ես իմ կոլեկտիվից հարցրել եմ՝ ուզում եք, գանձում ենք, չեք ուզում՝ չենք գանձում»,- ասել է նա panorama.am-ին:

Continue reading

Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…

Մեր ավանդապատումները – Երեւան

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-18-ում

Օտարերկրյա ճանապարհորդները եւս վկայում են, որ Երեւան անունը, ըստ հայոց մեջ տարածված այլ ավանդության, կապվում է Երվանդ թագավորի անվան հետ:

19-20-րդ դարերում Հայաստանի տարածքում հայտնաբերված հայոց հնագույն Արարատ-Ուրարտու (Բիայնիլի, Վանի թագավորություն) պետության արքաների սեպագիր արձանագրությունների հայտնաբերումն ու ընթերցումը հնարավորություն տվեցին ոչ միայն ճշգրտել մի շարք աշխարհագրական անուններ, այլեւ նոր ձեւով բացատրել դրանց իմաստը:

Ուրարտական արձանագրություններում ընթերցվում են Էրիանի, Էրիախի, Էրեբունի անունները: Ռուսա 1-ին (735-713թթ.) թագավորի արձանագրության մեջ, որ հայտնաբերվել է Սեւանա լճի ափին գտնվող Ծովինար գյուղում, 22 երկրանունների հետ հիշատակվում է նաեւ Էրիաինի անունը: Ռուս հնագետ Մ. Նիկոլսկին Էրիաինին (երկիրը) տեղադրում է Երցչանի շրջակայքում, Արին-բերդ բլուրի վրա եւ Երեւան անունը բխեցնում Էրիաինիից: Այս տեսակետը ընդունելի են համարում Ե. Շահազիզը, Խ. Սամվելյանը եւ ուրիշներ:

Շատ կարեւոր էր հատկապես Նիկոլսկու կռահումը, որ հնագույն Երեւանը պետք էր որոնել Արին-բերդ բլուրի տարածքում, որտեղ ռուս մեկ այլ հետազոտող՝ հնագետ Ա. Իվանովսկին առաջին անգամ ուսումնասիրել ու նկարագրել է ամրոցի ավերակները:

Էրիանին տեղադրել են նաեւ Սեւանա լճի շրջակայքում (Ի. Մեշչանինով, Գ. Մելիքիշվիլի, Գ. Ղափանցյան): Գ. Ղափանցյանը Էրիանի ամրոցն ու երկիրը նույնացնում է եւ կապում eria (aria) ցեղի անվան հետ: Նա Էրիանի երկիրը համարում էր նույն eria (aria) ցեղի երկիրը: Գ. Ղափանցյանը eria (aria) ցեղի հետ էր կապում նաեւ Էրիախի երկիրը, որը ոմանք նույնացնում են Էրիանի երկրի հետ: Էրիախին Ղափանցյանը տեղադրում էր Կումայրիի շրջանում:

Continue reading