ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ

ՏԻԵԶԵՐՔԻ ԻՄ ԴԱՍԱԿԻՑ

Աստղերու մեջ ապրող խորհուրդ՝
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կուզեմ տեսնել դեմքդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ ըսել քեզի՝ բարև՛,
Կուզեմ տեսնել, թե ինչ արև,
Ի՞նչ նոր պատկեր աստվածընծա
Դեմքիդ վրա կը շողշողա:
Տիեզերքի իմ դասակից,
Գուցե շնչող բիրտ մեքենա,
Գուցե շրջող հոգի անբիծ,
Կ’ուզեմ նայիլ քու աչքերուդ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե անհագուրդ
Մեր տենչերուն ու մեր ցավին
Նույն արցու՞նքն է արդյոք աղի,
Որ աչքերուդ մեջ կը սառի:
Նոր աշխարհի իմ հյուրընկալ,
Կ’ուզեմ ըլլալ քեզ դաշնակից,
Կ’ուզեմ քեզի սիրտս բանալ,
Ձեռքդ սեղմել եղբայրաբար
Եթե ունիս,
Կ’ուզեմ գիտնալ, թե կա՞ հնար
Միջոցին մեջ սիրո կամար…
Աստղերու մեջ ապրող խորհուրդ,
Դուն մարդակերպ իմ բախտակից,
Կ’ուզեմ լսել լեզուդ քու մութ,
Եթե ունիս,
Կ’ուզեմ, որ դուն գոնե ըսես,
Եթե գիտես,
Թե ի՞նչ ես դուն և ի՞նչ եմ ես,
Ինչու՞ կայինք, ինչու՞ չկանք,
Թե ո՞րն է մահ, թե ո՞րն է կյանք…

Մուշեղ Իշխան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։