ՀՀ նախագահները կհանդիպեն Հաագայում…

ՀՀ նախագահները կհանդիպե՞ն Հաագայում

ՀԱԿ-ի տեղեկատվության համաձայն, Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը:
Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի հաղորդումների ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուսի դրույթների»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ փաստաթուղթը Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակ  էր ուղարկվել Հայ ազգային կոնգրեսի (հասկանալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի) կողմից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ամիսներ առաջ հանդես է եկել մի հայտարարությամբ, նշելով. «Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել՝ ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը: Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել»: Եվ եթե ինքը մի օր որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարի բաց եւ ուղիղ՝ «ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ».- վերստին ասել է ՀՀ 2-րդ նախագահը:
Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի Ռ. Քոչարյանը Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակի հայտարարությանը: Կարծում ենք` արձագանքները չեն ուշանա: Եվ ոչ միայն Ռ. Քոչարյանի կողմից:
Չնայած շատերն են պնդում, թե Հաագայի միջազգային դատարանը ՀԱԿ-ի ներկայացմամբ իրավասու չէ այդպիսի մակարդակի դատական գործը լսելու:
Իսկ ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ Հաագա ուղարկած նամակը հայ ժողովրդի անունից է, որի տակ հազարավոր մարդիկ են ստորագրել եւ Ռոբերտ Քոչարյանը չի փախչի պատասխանատվությունից:
Սպասենք նաեւ «հայ ժողովուրդ» հասկացության արձագանքին… Տարբեր կողմերի համար տարբեր է հնչում հայ ժողովուրդը ասելը…

Կարեն Բալյան

Ո՞վ իսկապես կպահանջի հրաժարական

Օրերս ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ բացի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելուց, իրենք այլ պահանջներ, այլ հրաժարականներ էլ գուցե ներկայացնեն:
Բայց նաեւ հավելել է. «Ովքեր միայն ասում են… «մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն մենք իսկական ընդդիմություն ենք, ապուշություն է»: Տեսել ենք նման պահանջողների՝ «պարոն Արտաշես Գեղամյանը հիշո՞ւմ եք ինչքան էր պահանջում նախագահի հրաժարականը, Ստեփանը Դեմիրճյան, Արթուր Բաղդասարյանը ռելսերին էր պառկում էդ հրաժարականի համար, ինքնազոհության էր գնում էդ հրաժարականի համար, ո՞ւր են իրենք հիմա»:
Հետաքրքիր է, որ ինչպես վերոթվարկյալ գործիչներից ոմանք, այնպես էլ այլ քաղաքական գործիչներ ՀՅԴ-ին են մեղադրում տարիներ շարունակ իշխանության մեջ եղած լինելու, իշխանությունների հետ համագործակցելու եւ այժմ ընդդիմադիր խաղեր տալու մեջ: Տեսնենք` վերջը ինչ է լինելու…

Արման Դավթյան

Արտաքին աջակցությունը  դեռ կայացման ուղի չէ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է Երկարաձգվող ֆինանսավորման եւ վարկավորման ծրագրերը: Այդ համաձայնագրերի շրջանակում միջոցների հասանելիության ընդհանուր գումարը կազմում է 266.80 մլն. ՓՀԻ (394.8 մլն. ԱՄՆ դոլար)՝ մինչեւ 2013թ. հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածը ներառյալ:
Խորհրդի որոշումները հնարավորություն են տվել անմիջապես տրամադրել 36.2 մլն. ՓՀԻ (53.6 մլն. ԱՄՆ դոլարին) համարժեք գումար: Ծրագրի նպատակներն են հարկաբյուջետային եւ արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը եւ տնտեսական աճին ու աղքատության կրճատման օժանդակումը:
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են 2010թ. պակասուրդը 3%-ով կրճատել: Հետագա ժամանակահատվածում ընդհանուր պակասուրդը 2011-13թթ. ընթացքում տարեկան կնվազեցվի ՀՆԱ-ի շուրջ 1%-ով:
Հիմնադրամի հաղորդագրությունում նշվում է, որ վարկավորման աճին զուգահեռ, շարունակական ուշադրություն պետք է դարձվի այն վարկառուներին, որոնց տրամադրված վարկերն արտարժույթով են, իսկ դրամական հոսքերը` տեղական արժույթով:

 *  *  *
2011թ. համար ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաստատել է Հայաստանին եւ Արցախին հատկացվելիք օգնության չափը: ՀՀ-ին նախատեսվում է հատկացնել 44 մլն. դոլար օգնություն, ԼՂՀ-ին` 10 մլն.:
Ենթահանձնաժողովը 10%-ով ավելացրել է Վարչակազմի առաջարկած գումարը, որը կազմում էր 40 մլն.: ԼՂՀ-ին հատկացվելիք գումարը 2 մլն.-ով գերազանցում է նախորդ տարվա օգնության չափը: Ենթահանձնաժողովը որոշել է պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը՝ Երեւանին ու Բաքվին հատկացնելով յուրաքանչյուրին 3,5 մլն. դոլար որպես ռազմական ֆինանսավորում եւ 450 հազ. դոլար՝ ռազմական կրթության նպատակով:
Ամեն դեպքում մի բան հստակ է, որ վերջին տասնամյակում ՀՀ-ին հատկացվող ֆինանսական օգնության չափը գնալով նվազում է, սակայն միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ ավելանում է ԼՂՀ-ին հատկացվող օգնության չափը: Հայկական կազմակերպությունները ԱՄՆ-ում ջանում են, որպեսզի Սենատի մեր գործընկերների հետ Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը զրոյացվի, իսկ այդ գումարներն ուղղվեն Արցախին, ինչպես նաեւ ավելացվի Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը:

Արտակ Հայոցյան

Խաչվող այցեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Երեւան կայցելեն հուլիսի 3-ին:
Համանախագահները քննարկումներ կանցկացնեն առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման նախապատրաստման մասին: Իսկ այդ հանդիպումը կազմակերպվելու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենալու հուլիսի 16-17-ին` Ալմա-Աթայում: Համանախագահները Բաքու կայցելեն հուլիսի 5-ին: Հետաքրքիր է, որ համանախագահների‘Երեւան այցը համընկնում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի‘հուլիսի 4-ին Հայաստան կատարելիք այցի հետ:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։