Դեռ աստղե – աստղ՝ տիեզերքում
թափառում է իմ հոգին՝
Հազար հույսի կանթեղներս
բուրվառում է իմ հոգին՝
Ուզած մարդս իցիվ Մարսում,
երևակում երևար,
Փախչող Աբու – Լալա դառած՝
ինձ վառում է իմ հոգին:
***
Կուզեմ անվերջ, կուզեմ անվերջ,
կուզեմ անվերջ թափառել,
Տիեզերքից մինչև մարդու
ու մրջնի մեջ թափառել,
Մրջնից մինչև մարդը,
մինչև տիեզերքը անսահման
կուզեմ անվերջ սիրուց վառվել ու անընդմեջ թափառել…
***
Դու ասացիր՝ հողագունդն է
կանաչ մանուկն արեգակի,
Որ հավիտյան օրորվում է
օրոցքի մեջ տիեզերքի,
Թող հավիտյան մանուկ մնա
մարդն էլ այս մեծ օրոցքի մեջ,
Որ դուրս չգա, չկործանե դաշնությունը տիեզերքի…
***
Արարած՞ն է զարմանալին,
թե՞ արարողն, աստված իմ,
Ո՞նց խմբեցիր ջուրը, հուրը,
օդը և հողն, աստված իմ
Չորսդ՝ մարդված, հաշտվեցիք, –
ինչու՞ մարդիկ չեն հաշտվում,
Զարմանալին տիեզե՞րքն է,
թե՞ ստեղծողն, աստված իմ:
***
Տիեզերքն է նվաճելու՝
մարմնիս տան տեղ՝ իմ հոգին…
Հովհաննես Շիրազ




Armenian