ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԶՈՐԱՎՈՐ

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԶՈՐԱՎՈՐ

       Օ՜ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս՝ արդեն տարիներ շարունակ: Ինչքա՜ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՜նչ զորավոր ես Աստվա’ծ իմ, Եղբա’յր իմ՝ Վահագն: Ինչքա՜ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ, Ինչքա՜ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՜ Վահագն:
       Ինչքա՜ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը՝ կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին՝ ռազմադաշտում, նաև՝ այլուր… Քո հետ բարձրացա Արագածի գագաթը՝ խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի… Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:
       Օ՜ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է՝ ՄԵՐ անցյալ, ներկա և գալիք սերունդների Առաքելության մեջ…
       Ուժդ անսպա’ռ, Զորության Աստված:
      …Քաջազուն Եղբայր իմ՝ Գարեգին Նժդեհ, ինչքա՜ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի և գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:
       Ներկայիս հայ նվիրյալ տեսակի համար յուրահատուկ «կաղապար» ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա…
       Ինչքա՜ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ («Աստվածը հին՝ Արիական Հայության»), ինչքա՜ն եմ Քո հետ համաձայնվել, որ «մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» և այժմ էլ ես եմ ձգտում դրան:
        Օ՜ Նժդեհ, ոգու, մտքի և զենքի ազգային և համամարդկային հսկա, Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու’ժ տուր ինձ՝ նույնպես հասնելու Վահագնին…
        Թող Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ և մեզ բոլորիս: Փա՜ռք Ազգին և առա՝ջ դեպի Հայոց Առաքելություն…

 – Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի և մահվան միջև, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու և անդադրում գործելու…
 – Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնև հավերժության գիրկը…

Արմեն Ավետիսյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։