ՆԱԽՆՅԱՑ ՔԱՎԱՐԱՆՈՎ

ՆԱԽՆՅԱՑ ՔԱՎԱՐԱՆՈՎ

      …Հուդա-քրիստոնեությունը հրով և սրով մտավ Հայք և կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը…
       Չարը գրեթե ոչնչացրեց ամեն հայկական բան և Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ՝ մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար…
         Ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ… Այլաբանորեն Ազգը նաև հոգի է, իսկ Հայրենիքը՝ մարմին, և Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց…
         Օ՜ նախնիք, ախր այդ ի՜նչ արեցիք, ինչպե՜ս  ՄԵՐ  տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին՝ թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, և ի՞նչ թողեցիք դուք մեզ… ու՞մ առաքելությանը ծառայեցիք… բայց արդեն բա’վ է:
        Օ՜ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու՝1 Ձեզ ուղղված կենացին, բայց նաև մեղանչում եմ իմ նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի’նձ տարեք Ձեր քավարանով՝ որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում՝ անցյալի մեղքերի, բայցև հետ եկե’ք, զորացրե’ք Ազգը Հայոց, վերամիավորե’ք Հայրենիք-Հայքը՝ ԱրԱրչության Օրրանը:
       Հավերժ փա՜ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված՝ իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, և նոր ծնունդ նրանց սրբազան հոգիներին՝ եկող սերնդի մեջ…

1 – Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
      Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…
      Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…
      Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ… (Րաֆֆի )


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։