Արյան կանչով

«Արյան կանչով»

Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ՝ ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Կփոխվեն մարդիկ, երկրներ հզոր,
Ուժեղը թույլին կզիջի տեղը,
Թույլը ուժեղին՝ մեծագույն սիրով…
Ոչինչ հաստատ չէ, հոսուն է կյանքը,
Եվ այն արդյունքը, որ այսօր դեռ կա
Պիտ հակադարձվի արդարության դեմ
Մեղանչողների գլխին՝ բութ ու մեծ:
Եվ նոր սերունդն էլ հին արյան կանչով,
Միգուցե Հայկի նետ ու աղեղով,
Նոր Երկրագնդի նոր մարդկության դեմ
Իր պատասխանն է տալու ահավոր:
Որդին պիտ կանխի չար արարքը հոր,
Ինչպես հայրը՝ արարքը որդու,
Քանզի վրեժը միշտ է, անսահման
Եվ ելնելու է մի օր ահարկու…
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց ինչպես հիմա, այսօր այս պահին
Կելնեն քաջեր խրոխտ երգելով,
Կկազմեն խմբեր արյունի ծարավ,
Կփոխեն դիրքը մարդկանց, աշխարհի,
Կդատարկեն ծովեր՝ լցնելով նորը…
Եվ Նոյը (Հայը) կիջնի Արարատի գագաթից,
Ինչպես տարիներ, շատ դարեր առաջ
Եվ այն ժամանակ համբարձված հոգիս,
Նժդեհի հոգին և՝ ընկերներիս,
Կցնծան այնտեղ՝ Աստծո հետ նստած,
Վրեժի կարոտն առած ու հանգիստ:

Արմեն Ավետիսյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։