Եվրաշանտաժ կլինե՞ր, եթե ազգային մարդկանց խաղաղ «ներխուժում» կատարվեր – Իսկ եվրագրանտակերներին ձեռնտու չէ, երբ օրենքով վերահսկվելու են եվրակաշառքները…

Եվ սրա՞նք են ցանկանում իշխել աշխարհը: Սա՞ է մարդկության զարգացման «վերջին ճիչ­ը»: 

Մարմնի ո՞ր մասից է այդ ճիչը դուրս գալիս… Անկախ այն բանից, այդ մարդանմանն օտար է, թե հայ է կոչվում… (համապատասխան լուսանկարը տեսնել «Լուսանցք»-ի թերթային թողարկման մեջ)

Եվ սրանք նաեւ Հայաստանու՞մ են ցանկանում իշխել…

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ ԵԽ նպատակների առաջմղման գործում: Նախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարեւոր միջոցառումներ են տեղի ունեցել եւ դրանցից առանձնացրել է ՀՀ նախագահի այցը Ստրասբուրգ, Երեւանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը եւ այս օրերին ընթացող բարձրաստիճան խորհրդաժողովը:

ԵԽ գլխավոր քարտուղարն էլ բարձր է գնահատել հայկական նախագահության ծավալած գործունեությունը եւ աշխատանքները, մտքեր են փոխանակվել նաեւ ԵԽ հետագա գործունեության, իրականացվող բարեփոխումների եւ այլ հարցերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում էր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դե­մ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Թորբյորն Յագլանդից բացի, Երեւան էին ժամանել ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊԼ ներկայացուցիչներ: Համաժողովի ժամանակ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը բողոքի ցույց էր կազմակերպել՝ նշելով, որ նպատակն է ցույց տալ «Եվրոպայի ղեկավարներին ՀՀ-ում նման կոնֆերանսների անցկացման անթույլատրելիությունը՝ իրավապաշտպանների եւ քաղաքացիների վրա ճնշման առկայության պայմաններում», եւ համաժողովի անցկացումը որակել է «ցինիզմ»: Եվրաջատագով եւ եվրոպաներից սնվող ցուցարարները (գուցե նաեւ ներկա եվրոպացիների պատվերով) պաստառներով ներխուժել են դահլիճ ու ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի  ելույթներից հետո, դահլիճում թողնելով պաստառները, հեռացել են:

Հետաքրքիր է, որ այդ նույն դռները փակ են եղել հանրության համար, բայց ցուցարարները կարողացել են ներս մտնել: Հասկանալի է, որ հայ ոստիկանները չեն ցանկացել եվրոպացիների ու նրանց հայաստանյան խամաճիկների համար միջազգային մակարդակի գործ բացել, այլապես իրավասու լինելով համաժողովի անվտանգությունը պաշտպանել, վստահաբար կարող էին արգելել նրանց մուտքը դահլիճ: Բայց գուցե հենց դրան էլ սպասել են ինչպես եվրապաշտոնյաներից ոմանք, այնպես էլ նրանց պատվերով հավաքված ցուցարարները… Բայց ապացուցվել է, որ ՀՀ-ում այնքան ազատություն կա, որ մի քանի ցուցարարներով կարելի է հասնել մինչեւ… Երեւանում հավաքված եվրոպացի պաշտոնյաներին…

Ինչեւէ, նախարար Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանի համար ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու ժամանակաշրջանում առաջնային են այնպիսի բացասական երեւույթների դեմ պայքարը, ինչպիսին են այլատյացությունն ու խտրականությունը: Եվրոպական կառույցներից մեծ մասի ներկայացուցիչների մասնակցությունը կոնֆերանսին եւս մեկ անգամ ապացուցում է խնդրի արդիականությունը.- ընդգծել է նախարարը: Ըստ նրա, գլոբալիզացիայի պայմաններում հարցը էլ ավելի է կարեւորվում, իսկ ատելություն եւ խտրականություն սերմանելու ձգտումները լուրջ մատահրավերներ են, եւ հանդուրժողականություն չի նշանակում համակերպվել այն բանի հետ, ինչի հետ չի կարելի համակերպվել:

Իսկ ցույցի մասնակիցների պաստառներին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի նկարներն էին, ովքեր ըստ բողոքավորների, տարբեր իրավիճակներում անհանդուրժող են եղել, «իսկ Խաչիկ Ասրյանն էլ սպառնացել է խարույկի վրա այրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին»: «Մենք բողոքի ակցիայով փորձում ենք եվրոպացի չինովնիկներին ասել, որ ձերոնց թույլ մի տվեք ֆաշիստների հետ քննարկում անեն: Իշխանության են եկել ֆաշիստական գաղափարախոսություն քարոզող անձինք՝ հանձին Էդուարդ Շարմազանովի, Խաչիկ Ասրյան­ի»,- հայտարարել է ցույցի մասնակից իրավաբան Արթուր Գրիգորյանը: «Այս ակցիայով ուզում ենք Եվրոպային ցույց տալ, որ նա իրավունք չունի նման միջոցառում կազմակերպել Հայաստանում, որտեղ հարձակում գործեցին DIY ակումբի վրա, որտեղ Կանանց ռեսուրսների կենտրոնի կանանց են սպառնում: Դա ցինիզմ է: Այնպիսի մի երկրում, որտեղ իշխանությունների կողմից հանդուրժողականություն չկա»,- իր հերթին աղմկել է Միքայել Դանիելյանը:

Այս ամենը ներկայացնում ենք, որպեսզի պարզ լինի, որ նոր ոչ մի բան չի եղել եւ նոր դեմքեր նույնպես չկան եվրասիրահարվածների շրջապատում: Ի դեպ, ակտիվիստների բողոքը շատ էր հետաքրքրել ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆֆերնին, եւ նա նկարահանում էր ցույցը: Դե՛, պիտի իր երկրում զեկուցի, որ ծախսերն անիմաստ չեն կատարվում…

Երեւի այս թատերականացված միջոցառումը ոգեւորել էր ներկա եվրոպացիներին, չնայած նրանք դժգոհ մնացին ցուցարարների սակավությունից, եւ ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու Մարդու իրավունքների հռչակագիրը վերաբերում են հիմնարար իրավունքների պաշտպանությանը, դրանք վերաբերում են մեծամասնության լիազորությունների սահմանափակմանը. «Մեծամասնությունը պետք է ապահովի փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը, որովհետեւ այդ հարձակումները բերում են պատերազմների: Փոքրամասնությունները՝ էթնիկ, կրոնական, սեռական, պետք է ունենան պաշտպանությու­ն»:

Ահա, թե ինչի համար էին այս խոսքերն ասողները ֆինանսավորել բողոքի ցույցը եւ ինչի համար են տարիներ շարունակ դրամաշնորհներ տրվում (որ կաշառք չասվի) այսօրինակ կազմակերպություններին՝ երկրի ներսում հանուն եվրաարժեքների խժդժություններ ու արտաքին միջամտություններ կազմակերպելու համար:

Ըստ եվրոպացիների,  առողջ եւ ազգային մեծամասնությունը Հայաստանում պետք է հավասար իրավունքներ սահմանի, անգամ իր իրավունքները զոհաբերի ու դեռ սեռամոլագարների կամ աղանդավորական հոգեմոլագարներիին էլ պաշտպանի իրենից, որպեսզի Եվրոպայում + ստանա… Մի՞թե սա ամենապարզ խեղկատակություն չէ:

Իսկ եվրաջատագով հասարակական կազմակերպությունները մեկ այլ փորացավ էլ ունեն: Դրանք ազատ սնվում էին Արեւմուտքից, որոշները՝ Ռուսաստանից, իսկ հիմա, ըստ սպասվող փոփոխությունների, այդ կազմակերպությունները պետք է ցույց տան իրենց ֆինանսական մուտքերն ու ելքերը, եւ սա ձեռնտու չէ այլեւս: Մարդիկ շատ արագ կհասկանան՝ ով ումից եւ ինչքան է սնվում:

Ի դեպ, վրոպացիների ներկայությունը այնքան էր գոտեպնդել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահին, «Պինկ» կազմակերպության համակարգողին եւ այլ ակտիվիստների, որ համապատասխան գրություններով ցուցապաստառներով կանգնել էին ուղիղ եվրոպացի հյուրերի առջեւ ու ոչ եվրոպական մատրոսովյան ինքնազոհությամբ էին հետեւում մեր ԱԳ նախարարի ելույթին:

Հետաքրքիր է, եթե հայ ազգայնականները ներխուժեին դահլիճ եւ եվրասանձարձակությունները փնովող ցուցապաստառներով կանգնեին եվրապաշտոնյաների առջեւ, արդյո՞ք այդքան հնազանդորեն նրանք կշարունակեին համաժողովը, թե՞ կլքեին դահլիճը եւ մի քանի տասնյակ էջանոց զեկուցագիր կգվեր Հայաստանի ու հայության դեմ…

Իսկ եվրանվիրյալ ցուցարարները «Արմենիա Մարիո­թ» հյուրանոցի դեռ մուտքի մոտ էին եվրոպացի փորձագետներին ու հրավիրյալ հյուրերին ծանոթացնում ՀՀ-ում կրոնական, սեռական փոքրամասնությունների եւ այլախոհության դեմ, իրենց ձեւակերպմամբ՝ խտրական վերաբերմունքի փաստերին՝ փորձելով եվրոպացիներին հասկացնել (այդքան բացատրելը կասկածանքներ է առաջացնում եվրոպացիների հասկացողության առումով), որ անհանդուրժողականությունը քարոզվում է հենց բարձրագույն իշխանությունների կողմից: Թե որքանով հաջողվեց գործ տալը կամ սարքելը, շուտով կերեւա:

Իզուր չէ, որ հենց այս օրերին կառավարությունը խորհրդարանին պետք է ներկայացնի «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակը, որը հայկական արժեքային համակարգը պահպանող կազմակերպությունների ու անհատների պահանջով է եղել: «Գենդեր» բառը օրենքում պետք է փոխարինվի «սեռ» բառով: Բանն այն է, որ կառավարությունն անգամ արդեն զգացել է ( ՞,-խմբ.), որ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին պատկերացումները, «գենդերի» բազմիմաստ գործածմամբ՝ վերածվել են սեռական սանձարձակությունների պաշտպանության օրենքի:

Եվ իզուր չէ, որ հենց այս օրերին հայկական մամուլը բուռն անդրադարձավ համասեռականների թեմային՝ վերակենդանացնելով տարիներ առաջ արծարծված՝  Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի հայտնի ցուցակի հետ կապված խոսակցությունները:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։