ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ

jiro

 
Հուլիսի 10-ին լրանում է

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ

40-ամյակը

Նույն օրը լրանում է նրա անազատության յոթերորդ ամիսը:
Իր հոբելյանը Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը դիմավորում է դատարանի դահլիճում, որտեղ նրան ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ՝ որպես պարգև ստացած զենքը կրելու և մի ելույթի համար, որում շեշտվում է իշխանափոխության և այդ նպատակով ավելի կազմակերպված գործելու անհրաժեշտությունը:
Ըստ էության դեռ չսկսված դատավարությանը նախորդել է ամենաանհեթեթ պատճառաբանություններով ավելի քան վեց ամիս ձգձգված նախաքննությունը: Այս ամբողջ ընթացքում, քաղաքական դիտավորությամբ, Ժիրայր Սէ‎ֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Անազատության շարունակվող ամիսները վաղուց վեր են ածվել փաստացի պատժի՝ չկատարած հանցագործության համար՝ մի կողմից, և, մյուս կողմից, իրական հանցագործության, որ շարունակվում է իշխող վարչախմբի հրահանգով և որին արդեն մասնակից են դարձել արդարադատության համակարգի բոլոր օղակները:
Այս հանցագործության զոհ են դարձել ոչ միայն Ժիրայրը և նրա գաղափարակից ընկերները, այլև նրա ընտանիքը, այդ թվում մեկ տարին նոր բոլորած Վահագնը, որն իր կյանքի մեծ մասը ապրել է հորից հեռու:

Հուլիսի 6-ի հայտարարության մեջ Ժիրայր Սէ‎ֆիլյանն ու Վարդան Մալխասյանը դիմել են մեր հանրությանը հետեւյալ ուղերձով. «Հակառակ այն հանգամանքին, որ անցած յոթ ամիսների ընթացքում մամուլը բազմիցս անդրադարձել է մեր դեմ հարուցված այս գործի էության քաղաքական լինելու փաստին, սակայն, մինչ օրս քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, հիմնականումի շխանամետ, փորձում են կասկածի տակ առնել այդ փաստը եւ սպասում դատարանի վճռին, հույս ունենալով, որ անպայման կհաստատվի հանցակազմի առկայությունը մեր գործունեությունում:
Նկատի ունենալով վերոհիշյալ երեւույթը, մենք մի անգամ եւս հայտարարում ենք, որ մեր նկատմամբ կատարվող բռնությունը ունի միայն ու միայն քաղաքական դրդապատճառներ եւ առաջարկում ենք քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներին, այս դատաքննությանը զուգընթաց, կազմակերպել հասարակական դատ, նրանում ընդգրկելով հնարավորինս հեղինակություն վայելող մարդկանց ու այս վիճակին գիտակ գործիչների: Օրինակ, շատ լավ կլիներ, եթե այս գործը գլխավորեր հայտնի այլախոհ, ազգային գործիչ Պարույր Հայրիկյանը: Ցանկալի է, որ այդ դատական լսումներին հրավիրվեին ու մասնակցեին իշխանամետ այնպիսի գործիչներ, որոնք հավատում են այսօրվա իրավական համակարգին: Մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այս գործի հետ առնչություն ունեցող բոլոր նյութերը (փաստաթղթերը), միաժամանակ պատասխանելու ցանկացած հարցերի
»:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։