«Սասունցի Դավիթ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը – Դիցազներգությունում Պարտեզը նկարագրվում է որպես աստվածակերտ վայր…Պարտեզ (3-րդ մաս) – Քուրմ Մանուկ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ)

Սկիզբը՝ թիվ 34-35-ում

http://www.hayary.org/wph/?p=4477«Սասունցի Դավի­թ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը (մաս 2-րդ) – Պարտեզ.- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ)…

http://www.hayary.org/wph/?p=4458«Սասունցի Դավիթ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը (մաս 1-ին) – Դիցազուն բառը Աստվածամարդ բառին նույնանիշ բառ է – Քուրմ Մանուկ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ)

* * *

http://www.hayary.org/wph/?p=3047 «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերըՔուրմ Մանուկ

http://www.hayary.org/wph/?p=3058 «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը… – Քուրմ Մանուկ

http://www.hayary.org/wph/?p=3072 «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը… – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

http://www.hayary.org/wph/?p=3078  «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը – Քուրմ Մանուկ (ՀԱՄ) -…Եվ այսպես՝ մինչեւ մեր անմահ դիցազունի ու նրա Ձիու՝ Ագռավաքարից դուրս գալը…

* * *

http://www.hayary.org/wph/?p=4476 – «Սասնա Ծռեր»-ը՝ որպես «Քրմական Զրուցարան».- Աշոտ Հեթանոս – Քրմի թեկնածու (Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ)…

* * *

Կրկին հիշենք դիցազներգության՝ Սանասարի կողմից Պարտեզում հայտնվելու դրվագը, բայց այս անգամ զուտ խորհրդանշային տեսանկյունից: Եղբայրների մայրը՝ Ծովինարը, նրանց էր փոխանցել ծագումնաբանական ավանդական այն խորհուրդը, որ իրենք հրածին (դիցազուն) են, որ մարդու իրենց տեսակը հողածին մարդատեսակից տարբեր է եւ, հետեւաբար, եզրակացնում են նրանք, գոյություն ունի հրեղեն (դիցազնական) նախնյաց այն ոգին, որից իրենք սերել են (նրան էպոսը Քուռկիկ Ջալալի՝ Հրեղեն ձի է անվանում), ու որը գտնելով միայն իրենց ով լինելը կիմաստավորեն, իրենց՝ անխորհուրդ կյանքին աստվածային ու դիցազնական իմաստ կհաղորդեն: Իրենց ապրած՝ ներկայով սահմանափակված ու աստվածային մեծ ժամանակ-տարածությունից դուրս ընթացող՝ կյանքում նրանք չէին տեսնում իրենց հետաքրքրող կենաց խորհուրդը՝ նախնյաց ոգին, քանզի այն Հայոց պատմության ինչ-որ ժամանակից սկսած դուրս էր սպրդել նրանց կյանքի խորհրդաբանությունից: Ուրեմն, եզրակացնում են եղբայրները, իրենց փափագելի նախնյաց ոգին «ծով»-ում պետք է փնտրել-գտնել:

Եղբայրները ելնում-գնում են «ծովի պռուկ»: Նրանց նախնական որոնողական դիրքորոշումը լինում է պասիվ-հայեցողական. նստում են ծովափին՝ հուսալով, որ «ծովը» իրենց ուզածը կբերի1: Բայց նրանք հուսախաբ են լինում. «ծովը» Քուռկիկ Ջալալին չի բերում: Սանասարը, քանի որ «լիքը բուռ» «ջրից» էր ծնվել2, ի տարբերություն Բաղդասարի, հասկանում է, որ «ծովը» իրենց Հրեղեն ձի չի պարգեւի, ինքը պետք է «սիրտ անի» ու մտնի «ծով», որ գուցե այնտեղ այն գտնի:

Էպոսի առաջին ճյուղի հերոսի՝ առ Աստված հավատավոր լինելու (ճիշտ է դեռ անորոշ, անդեմ ու անգիտակցորեն արտահայտված) մասին է խոսում այն, որ նա «ծով» մտնելուց առաջ «մեկ աստծու» անուն է տալիս3: «Մեկ» աստվածն էլ տեսնելով իր՝ վաղուց սպասված հավատավորի հայտնվելը՝ նրա առջեւ «ծովը» բացում է4 եւ իր սրտոտ հավատավորը «չոր գետնին», այսինքն՝ ի հակադրություն ալեկոծվող, անկայուն ու վտանգալից «ծովի»՝ հաստատուն, անվտանգ ու աներեր մի իրականության մեջ է հայտնվում (խորհրդանշական է, որ այդ ընթացքում Բաղդասարը դեռ շարունակում է միայն «ծով» տեսնել…):

Փաստորեն՝ Սանասարը հավատքային տեսիլք է ապրում, որի արդյունքում նա անդրզանցական՝ նրա զգայարաններին անմիջականորեն ու առերեւույթ տրված իրականությունից անդին մի «գետին»-իրականության մեջ է հայտնվում, որը, հուշում է մեզ էպոսի խորհրդաբանությունը. մի ինչ-որ հաստատուն, ոչ հեղեղուկ կյանքի իրականություն է խորհրդանշում: Բայց նոր աշխարհում հայտնված մեր դիցհերոսի տեսիլքը շարունակվում է: «Չոր գետնի» վրայով գնալով, նրա առջեւ՝ «ծովու տակ» «մեկ Պարտեզ» է բացվում: Ուշադրություն դարձնենք՝ էպոսն ասում է, որ ինչպես «չոր գետինը», այնպես էլ՝ «Պարտեզը» գտնվում են «ծովի տակ» (ոչ ծովի մեջ). ասել է թե՝ դրանք «ծովի» օրգանական մաս չեն, »ծովից» դուրս աշխարհներ են, եւ Աստծո օգնությամբ այն հաղթահարելու արդյունքում է Սանասարը հայտնվում «չոր գետնին» ու Պարտեզում:

Մենք արդեն գիտենք, թե Պարտեզում ինչ տեսարան է բացվում Սանասարի առջեւ:

Մինչ Պարտեզի պարունակության խորհրդանշական իմաստի պարզաբանումը՝ տեսնենք, թե այն ինչ հարաբերության մեջ է այդտեղ իր տեսիլքով մուտք գործողի նկատմամբ: Կրկին հիշենք, որ նոր աշխարհ Սանասարի տեսիլքային մուտքը՝ դրա ամբողջ ընթացքում՝ հովանավորում է Աստված. նախ «մեկ աստվածը», երբ լսում է իր անունը, նրա առջեւ բացում է «ծովը», որ նա հայտվի ամուր գետնին ու Պարտեզում, հետո էլ՝ Աստվածածինն է հայտվում նրա երազում ու նրան բացատրում տեսածների ինչ լինելը, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է նա անի դրանց հետ, որ հասնի իր «մուրազին»: Ասել է թե՝ մեծ արարքից՝ «ծովը» մտնելուց5 առաջ, այն բանից հետո, երբ հարազատ եղբայրը վախից հրաժարվում է «ծովը» մտնելիս իր ուղեկիցը լինել՝ Սանասարը դիմում է «մեկ աստծո»՝ իր երկնային հարազատ զորության օգնությանը (ինչպես սովորաբար՝ հավատավորի պարագայում՝ սահմանային իրավիճակներում լինում է. նա իր Աստծո ապավինությանն է դիմում). վերջինս էլ տեսնելով, որ իր հարազատ մարդ-արարածն՝ դիցազունը իր ապավինության կարիքն է զգում եւ, բացի այդ, նա արժան է դրան (Սանասարը առ Աստված հավատք էր ցուցաբերել եւ «Ծովը» մտնելու դիցազնական քայլ էր արել)՝ նրա առջեւ բացում է «ծովը», որ նա գնա իր հարազատ Հրեղեն ձիուն գտնի: Ավելին՝ այն, որ մեր հերոսի փափագելի Հրեղեն ձին՝ նախնյաց հրեղեն ոգին գտնվում է նրա տեսլականում բացված Պարտեզում, հուշում է այն մասին, որ վերջինս  Ձիու հարազատ, նրա հետ օրգանապես կապված (էպոսի լեզվով «կապուկ») աշխարհ է: Իսկ եթե էպոսում Քուռկիկ Ջալալին խորհրդանշում է դիցազունների նախնյաց ոգին, ապա պարզ է, որ Պարտեզն էլ կխորհրդանշի նրանց նախնի աշխարհը՝ Սանասարի աչքերի առջեւ բացվելու պահին, իհարկե, դեռեւս ոչ իմանալի (իմանալի է դառնում, երբ նա երկրորդ հավատքային հայտնությունն է ապրում եւ երազում հայտնված Աստվածամայրը նրան բացատում է Պարտեզում տեսածների խորհուրդը):

Դիցազներգությունում այնպես է նկարագրվում Պարտեզը, որ ոչ մի կասկած չի մնում առ այն, որ այն աստվածակերտ վայր է, նրանում աստվածային խորհուրդներ ու բաներ կան, նրա երկրային տերը աստվածային հղացմամբ բաներ է նրանում ստեղծել,- այն աստիճան կատարյալ, վեհ, բացարձակ, որ երբ Սանասարը առաջին անգամ դրանք տեսնում է, երբեւէ դրանց նմանը տեսած չլինելով, զարհուրում-ուշագնաց է լինում:

– Սանասարը Պարտեզում «քոշք ու սարայ»՝ պալատ է տեսնում: Իսկ պալատը աստվածամարդու ձեռքով կառուցված այն կառույցն է, որում աստվածային հղացումը կա:

Սանասարի (նույնն է թե՝ Հայի) նախնիք Պալատ կառուցելու ձիրքն ու կարողությունն են ունեցել,- ասել կուզի էպոսը: Խորհրդանշական է, որ դիցհերոսը Պարտեզում բերդ՝ պաշտպանական կառույց չի տեսնում: Որն ասում է այն մասին, որ նրա նախնիք դրա կարիքը չեն ունեցել:

– Պարտեզում, ըստ էպոսում նշած հաջորդականության, հետո Սանասարը տեսնում է մի «հավուզ», որից «ջուր կը թալի»: Ըստ մեզ՝ «հավուզ»-ը խորհրդանշում է դիցհերոսի՝ արարչա-աստվածաստեղծ նախնյաց բնօրրանը, այն աշխարհագրական վայրը՝ Արարատյան աշխարհը, որտեղ նրա նախնիք  արարվել, ապրել ու կենսագործել են: Մեր ենթադրության ճշմատացիությունը հավաստող է էպոսի այն ասածը, որ Քուռկիկ Ջալալին՝ Սանասարի նախնյաց հրեղեն ոգին «կապուկ» էր «Հավուզ»-ին (կապված լինելը, ինչ խոսք, պետք է հասկանալ օրգանական՝ էութենական իմաստով): Փաստորեն՝ «մեկ աստվածը» «ծովը» բացում է, որ իր հարազատ երկրային մարդ-արարածը ներքնատեսորեն զգա այն աշխարհը, որտեղ ինքը արարվել է, իսկ Աստվածամայրը՝ տիեզերական Ծնող զորությունը նրա ներքնատեսության առջեւ բացելով «Հավուզի» խորհուրդը՝ դրանով իսկ նրան հասկացնել է տալիս, որ ինքն իր դիցազնի նախնուն այտեղ է ծնել-պահել-պահպանել,- ծննդաբանական մի խորհուրդ, որն իր դիցազունը պետք է վերապրի, որ հասնի իր «մուրազին»: Ըստ մեր այդ կռահումի՝ եթե «Հավուզը» Սանասարի նախնյաց բնօրրանն է խորհրդանշում, ապա այդտեղից բխող ջուրն էլ կխորհրդանշի նրա էություն (խորհուրդ)՝ կենաց զորությունը: Այն, որ «Հավուզի» «Ջուրն» էլ աստվածային խորհուրդ ունի, ինչպես Հավուզն ու Պարտեզի մյուս բաները, վկայում է Սանասարի երազում Աստվածամոր այն պատգամը, որ եթե նա այդ Ջրից խմի ու նրանում լողանա (այսինքն՝ մեր մեկնաբանությամբ՝ եթե նա իր նախնյաց աշխարհի էությունից սնվի ու նրանով ապրի), ապա կհզորանա, կզորեղանա, կհրեղենանա, ասել է՝ «աստծու շնորհք» կառնի:

Նկատենք նաեւ, որ էպոսի այս դրվագում Սանասարի տեսիլքում երեւակվող Ջուրը նույն այն Ջուրն է, որին էպոսի այլ դրվագներում մենք հանդիպում ենք, այս անգամ՝ էպոսի հերոս-հերոսուհիներին արդեն առերեւույթ տրված:

Հիշենք նաեւ այդ դրվագները, որոնք լրացուցչության կարգով ավելի համոզիչ կդարձնեն Պարտեզի Ջրի մեր մեկնաբանությունը:

– Սանասարի մայրը՝ Ծովինարը, մինչ խալիֆի կին դառնալը, հղիանում է «ծովի պռուկին» գտնվող «մեկ ջոջ քարից» բխող «սիպտակ», «անմահական աղբըրի» ջրից6 (այս պատկերում էպոսը շեշտում է «Հավուզի»՝ հայոց բնօրրանի լեռնաշխարհ՝ «մեկ ջոջ քար» լինելը, որի նույն «ջուր»-կենաց զորությունից է Ծովինարը հղիանում): Խորհրդանշական է, որ էպոսի մեկ այլ պատումում Ծովինարը հղիանում է «ձիու մը ոտաց տեղից» «խմած» «էրկու կուց» աղբըրի ջրից7 (պարզ է՝ այս պատկերում «ձին» Քուռկիկ Ջալալին՝ հայ նախնյաց ոգին է, «ոտաց տեղը»՝ նրա բնօրրան-ծննդավայր-»ապրելավայրը, իսկ «ջուրը»՝ վերջինիս կենաց զորությունը)):

– Պատումներից մեկ այլում կարդում ենք. (Սանասարն ու Բաղդասարը խալիֆայությունից Հայաստան գալով,- Ք.Մ.) էթում են պտտալով, / «Մե հատ գետ ա գալում, / Մի հատ էլ բարակ ջուր գալում էն յունից,/ Զանում ա էտ գետը, կտրում-էթում՝ չխառնվում,/ Զանում-յընցնում, էնենց էթում»8: Եղբայրները՝ իրենց զարմանք պատճառող  այդ «բարակ ջուր» առվակի ակունքին էլ կառուցում են իրենց տունը (այս պատկերում հայ էպոսային երեւակայությունը եղբայրների գտած բնօրրանին շրջապատող աշխարհը՝ մեզ հայտնի «ծովը»՝ պատկերացնում է «մե հատ գետ», իսկ բուն բնօրրանը որպես «գետը», ինչ-որ անիմանալի զորությամբ, կտրող-անցնող ու նրան չխառնվող (ասել է թե՝ աշխարհը երկու՝ Արեւելքի եւ Արեւմուտքի բաժանող, բայց ոչ մեկին չնույնացող, իր ինքնությունը պահող-պահպանող) «մի հատ բարակ ջուր»):

– Սանասարին ու Բաղդասարին հաջորդող սերունդ-դիցհերոսների մասին պատմող մյուս ճյուղերում մենք դարձյալ հանդիպում ենք առաջին ճյուղում պատմվող այս՝ կյանք պարգեւող, անմահացնող, դիցհերոսներին Աստծո շնորհքի բերող «ջրի» մասին, բայց այս անգամ արդեն որպես Սասնա տան վերականգնված ժառանգական հարստություն, եւ մի բան, որի մասին դիցհերոսներին հուշում են արդեն տան մեծամեծերը:

– Խորրհրդանշական է, որ էպոսի առաջին ճյուղի պատումներից մեկում Ծովինարը հղիանում է ոչ թե «ջրից», այլ «ցորենի» հատիկից9 («ցորենն» է այս դեպքում ներկայացվում որպես բնօրրանի կենաց զորության խորհրդանիշ),- հանգամանք, որը դարձյալ վկայում է այն մասին, որ էպոսի «ջուրը» ոչ թե սովորական, այլ խորհրդանշական՝ դիցհերոսների ազգի («Ջոջանց ցեղի») ծննդավայր-բնօրրանի՝ անմահության պարգեւատու էություն-խորհուրդն արտահայտող «ջուր» է:

Համառոտ նշենք «Հավուզից» բխող «Ջրից» հետո Սանասարի՝ Պարտեզում տեսած մյուս բաների խորհրդանշական իմաստը:

- Քուռկիկ Ջալալի (նաեւ Ծովային ձի կամ Հրեղեն ձի):

Արդեն գիտենք, որ այս խորհրդանիշը Սանասարի ու Բաղդասարի (Սասնատան, Հայի) նախնյաց ոգին է արտահայտում:

Եվ, հետեւաբար, եթե բանը այդպես է, ապա Ձիու «վերան պատրաստ» (վրայով պատրաստված) «թամք սադաֆի»-ին կխորհրդանշի նախնյաց ոգու հագ ու կապը, հանդերձանքը, արտահայտության ձեւերը (լեզու, մշակույթ, վարք ու բարք…), իսկ «վերան կախած» «Կեծական Թուր»-ը՝ ոգու կենաց զորությունը, հաղթական ընթացքը: Էպոսում ասվում է, որ «Կեծական Թուր»-ը «էրկնուց իջած» է, այսինքն՝ այն Աստծո կողմից տրված, աստվածադրոշմ Թուր է: Ինչ խոսք, որպես այդպիսին պետք է հասկանալ նաեւ «թամք սադաֆի», թեեւ դրա մասին էպոսում չի ասվում:

- Խաչ պատերազմին: Արդեն գիտենք, որ այս խորհրդանիշն արտահայտում է Սասնա տան (Հայի)՝ վահագնապաշտական հավատամքը10, այն հավատամքը, որով նա դարեր դիմակայել է թշնամիների հարձակումներին ու պահպանել ինքնությունը:

Խորհրդանշական է Սանասարի երազում Աստվածամոր ասածը, որ յոթ անգամ ծնկաչոք աղոթք պետք է անել «Խաչ պատերազմի»-ի (ասել է թե՝ այդ խորհուրդն արտահայտող Աստծո) առջեւ, հետո էլ՝ ըստ ամենայնի արժանի պետք է լինել, որ այն նրան հասանելի դառանա: Խաչ պատերազմին բոլորանվեր հավատք, համապատասխան ու՛ժ, զորությո՛ւն է պահանջում իր կրողներից եւ ոչ կիսատ-պռատ:

Էկեղեցի: Ասել ենք արդեն, որ այս խորհրդանիշը Հայ հավատքի տաճարի՝ Մեհյանի իմաստ է արտահայտում, եւ ո՛չ բուն եկեղեցու:

Եվ դա թեկուզ այն պատճառով, որ էպոսի «եկեղեցին» (ի թիվս, իհարկե, այլ՝ արարչական ու աստվածային խորհուրդների) պարունակում է մի պահարան, որում զինական հանդերձանք, զենք ու զրահ է պահ տված: Խորհրդանշական է, որ Սանասարը ուշագնաց է լինում այն բանից հետո, երբ Պարտեզում «էկեղեցի» է մտնում ու տեսնում այդտեղ եղած բաները. ասել է թե՝ նոր սերունդ Սանասարի համար նախնյաց հավատքի տաճարը, իր ահավորությամբ ու ամեհիությամբ, զարզանդ հարուցող է…

Քուրմ Մանուկ

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ

1 Այսօրվա զանգվածային հայը Սանասարի ու Բաղդասարի հասունացման այդ աստիճանին է գտնվում. նստած մերօրյա «ծովի»՝ օտարածին համաշխարհային իրականության դեմ-հանդիման՝ հույս ունի, որ այն կամ նրա որեւէ մի՝ կրոնական, գաղափարական, քաղաքական… «ալիքը» իր փափագածը կբերի:

2 Ծովինարի հղիության պատճառ այդ «ջուրը» դարձյալ սովորական ջուր չէ, այն խորհրդանշում է հայոց բնօրրանի կենաց զորությունը: Հետեւաբար, ըստ այդմ դուրս է գալիս, Սանասարը ծագումնաբանորեն ամբողջական (լրիվ) ծնունդ էր, իսկ Բաղդասարը՝ ոչ:

3 Անտարակույս, այդ «մեկ աստվածը» իր՝ Սանասարի, նրա տան Աստվածն է եւ այն ոչ մի կապ չունի եբրայա-քրիստոնեական աստծո հետ:

4 Էպոսին ընդհանրապես հատուկ է հավատքային այն ընկալումը, որ հայ դիցհերոսների դիցազնացումի ու «մուրազին» հասնելու նախապայմանը «իրենց աստծուն» հավատալն է:

5 Հիրավի՝ դա արարք է, եւ ոչ՝ սովորական քայլ:

6 Այս «ծովու պռուկը» նույն՝ մեզ արդեն հայտնին է:

7 Տե՜ս էպոսի վերը հիշատակված հրատարակությունը, էջ 10:

8 Տես Սասնա ծռեր, Եր., 1977, էջ 559:

9 Սասնա ծռեր, Եր., 1979, էջ 552:

10 Տե՛ս նույն տեղում, էջ 446-447:

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։