Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…

«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարը, որ տպագրեցինք մեր թերթի 2015թ. 40-44 եւ 2016թ. 1-2 համարներում, նպատակ ուներ խնդիրը համակողմանիորեն քննարկել, ծրագրի դրական ու բացասական կողմերը վեր հանել, նպատակն ու այդ նպատակին հասնելու միջոցները շեշտադրել: Թեման բաց ենք թողել՝ շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները, բանավիճող կողմերի առաջարկները ներկայացնելու նկատառումով:

Առաջինն արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց փոփոխությունների:

* * *

http://www.hayary.org/wph/?p=5356Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

* * *

«Ձեզ ենք ներկայացնում «Սեւանի իշխան» հիմնադրամի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված տեղեկատվությունը։

ՀՀ կառավարության 04.04.2014թ. N13 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին», որն

ուղղված է լճի ձկնատեսակների, բնական պաշարների եւ խախտված էկոհամակարգի վերականգնմանը: Ծրագրի նպատակներն են.

  1. Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնումը,
  2. Սեւանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների ստեղծումը,
  3. Նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ավելի վաղ՝ 19.12.2013թ, ՀՀ կառավարության. N1442-Ն որոշմամբ հիմնադրվել է Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը:

Հիմնադրամի կարեւորագույն նպատակներից մեկն է՝ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային իշխանի պաշարների վերականգնման կայուն ընթացքի ապահովումը:  Գաղտնիք չէ, որ դեռ 1940-ականների սկզբից Սեւանի իշխանի թվաքանակը սկսել էր նվազել, իսկ 1978թ. այն արդեն ընդգրկվել էր ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ: Չնայած լճից ձկնորսության արգելքներին եւ պլանավորված մանրաձկան պաշարների տարեկան ավելացման ծրագրին, ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից:

Դեռեւս անցյալ դարի 20-ական թվականներից սկսած՝ Սեւանի իշխանի բնական պաշարների վերականգման խնդիրը արդեն գտնվում էր ուշադրության կենտրոնում: 1924-ին կառուցվեցին Կամոյի, 1931-ին՝ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանները։ 1959-ին գործարկվեցին նաեւ Սեւանի, իսկ 1971-ին՝ Լիճքի ձկնաբուծական գործարանները։ Սակայն անգամ այն տարիներին 4 գործարան միասին չէին կարողացել լուծել Սեւանի իշխանի վերարտադրման խնդիրը: «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում՝ 2014թ. դեկտեմբերին մեկնարկեց Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանի շինարարությունը, որն ավարտին կհասցվի 2016թ. գարնանը: Մանրաձկան գործարանը, որն այժմ կառուցվում է Կարճաղբյուրում, իր արտադրողականությամբ մի քանի անգամ կգերազանցի ԽՍՀՄ տարիներին Սեւանա լճի ավազանում գործող չորս մանրաձկան գործարանների արտադրողականությունը: Տարածաշրջանում իր նմանակը չունեցող մանրաձկան արտադրության գործարանը զինված է լինելու այսօր հասանելի լավագույն տեխնոլոգիաներով: Հաշվի առնելով Սեւանա լճի բացառիկ նշանակությունը, հատկապես մեծ ուշադրություն է դարձվել ծրագրի բնապահպանական բաղադրիչին՝ գործարանում կներդրվեն ջրի շրջանառության փակ համակարգով աշխատող միջազգային լավագույն ձկնաբուծական տեխնոլոգիաները: Գործարանում կիրականացվի գենետիկորեն մաքուր մայրական վտառի կազմավորումը, զարգացումը, ձկնկիթի ստացումը, բեղմնավորումը, ինկուբացիան, ինչպես նաեւ մանրաձկան աճեցումը եւ կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սեւանա լիճ:

Հայտնի է, որ Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, սակայն գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել, այսօր գտնվում են ոչ բարվոք վիճակում: «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնելու է անհրաժեշտ բնապահպանական միջոցառումներ՝ Սեւանի իշխանի բնական վերարտադրության պայմանների ապահովման համար: Այս բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների շահույթից, ինչպես նաեւ լճում տեղակայված տնտեսությունների կողմից յուրաքանչյուր 1 կիլոգրամ ձկան վաճառքից 200 դրամ հիմնադրամին փոխանցվող վճարներից: Արդյունքում՝ պարբերաբար իրականացվող բնապահպանական միջոցառումները կնպաստեն լճի ջրի որակի աստիճանական լավացմանը եւ էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը:

Այսպիսով, իրականացվող բնապահպանական միջոցառումների շնորհիվ լճում կվերականգնվեն էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, կբարելավվեն իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը եւ պոպուլյացիաների ձեւավորմանը:

Հարկ է նշել, որ արդեն 2015թ. «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից լիճ է բաց թողնվել շուրջ 245.000 հատ իշխան՝ 85.000 մինչեւ 30 գրամ եւ 160.000՝ մինչեւ 5 գրամ կշռող մանրաձուկ:

Ի դեպ, նախկին ձկնաբուծական գործարանների փակվելուց հետո առաջին անգամ մանրաձկան բացթողումը իրականացվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում: Մանրաձկան բացթողման համար ընտրված վայրը պատահական չէր, քանի որ այս տարածքի եւ Կարճաղբյուր գետի բնակլիմայական պայմանները առավել նպաստավոր են իշխանի բազմացման համար: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս գետի բնական հունի վերականգնման եւ մաքրման ուղղությամբ, այդ թվում՝ գետի վրա գործող ՓՀԷԿ-ի ապամոնտաժման հնարավորությունների բացահայտման ուղղությամբ:

Ծնողական կազմը, որից ստացվում է մանրաձուկը, ընտրվել է համալիր ծրագրի փորձնական փուլի ընթացքում Սեւանա լճում տեղակայված տնտեսությունից՝ այդ նպատակով ձեւավորված հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ Ձկնաբուծության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի, «Սեւան» ազգային պարկի, «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի մասնագետները: Այնուհետեւ ընտրված փորձանմուշները ուղարկվել են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ, որտեղ ստացել են ամենաբարձր գնահատականը:

Այսպիսի՝ գենետիկորեն մաքուր մայրական կազմի ձեւավորումը երաշխավորում է ինչպես բարձրորակ մանրաձկան արտադրությունը, այնպես էլ իշխանի 2 ենթատեսակի պահպանությունը: Նախատեսվում է, որ արդեն 2016թ.-ից լիճ բաց թողնվող մանրաձուկը կլինի մի քանի անգամ ավելի 2015-ին բաց թողնված քանակից:

Նշենք նաեւ, որ համալիր ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի Սեւանի իշխանի արտադրության ամբողջական արժեշղթա՝ մի քանի հազար աշխատատեղով:

Հ.Գ. – Իսկ ինչ վերաբերում է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության, պաշտպանության գործառույթներին, ապա տեղեկացնում ենք, որ այդ հարցը պետք է ուղղել այլ գերատեսչությունների եւ շահագրգիռ մարմինների»:

http://www.hayary.org/wph/?p=5356Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5342Ազգային հարստություն - (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5271 - Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228 -Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։