Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոս – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այս շարքը սկսել էինք դեռ նախորդ տարի, որի առաջին թողարկումը թիվ 40 (386)-ում եղավ: Այն որոշակի պարբերականությամբ չէ, բայց թերթում ունի իր անկյունը, քանզի նորովի է բացահայտում մեր նորագույն պատմության էջերի ստվերոտ կամ անհայտ կողմերը:

* * *

Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) կոմիսարը յուրօրինակ մարդ էր: Նա տիրապետում էր տվյալ ժամանակի առկա եւ հայտնի (հիմնականները՝ Ռափայել Պատկանյանի «Վարդապետարան Հայոց», Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն ուսմունք», Հայկ Ասատրյանի «Տարոնական ուսմունք», հայդատական, նաեւ արիական տեսության հիմնական սկզբունքներ) հայկական գաղափարական ուսմունքների ու հիմնադրույթների մեծ պաշարի, բայց «գաղափարական սովի» պակաս ուներ բոլորից շատ: Վարդան Վարդանյանին հիմնականում ՀԱԲ-ի Վարդան գիտեին, որպես գաղափարապես ու քաղաքականապես գիտակ մի հանդարտ մարդու: ՀԱԲ-ականները նրան դիմում էին պարոն Վարդան, մտերիմները՝ տիար Վարդան: Շատ էր սիրում հայկական արմատական բառերը, եւ տիարը իսկը նրա սրտով էր: Երբ կիսանկախ Հայաստանում ոմանք «ընկերներ» դիմելաձեւը փոխարինում էին «տիկնայք եւ պարոնայք» ձեւով, Վարդանը եւ մեզանից շատերը «տիարք եւ տիկնայք» ձեւն էինք օգտագործում եւ քարոզում: Հայկական ամեն բառ մի նոր համ ու հոտ էր տալիս սիրած գործին, հայկականացնում էր տվյալ գործը՝  քաղաքական, թե ռազմական, թե մեկ այլ:

Վարդան Վարդանյանի հետ ծանոթացա ՀԱԲ-ի՝ մարտական գործողությունների սկսվելու ժամանակահատվածում. Երասխի կռիվների ընթացքում՝ 1990-ի հունվարին: Ռազմիկ Վասիլյանին էի ներկայացրել Աբովյան քաղաքում եւ շրջանում կազմակերպած իմ աշխատանքները՝ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման գործընթացը: Եվ առաջին ջոկատը պատրաստ էր մեկնելու Երասխավան: ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը պատրաստվում էր այդ օրերին ինձ նշանակել ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար՝ հարյուրապետի կոչումով: Մինչեւ հրամանը հանձնելը հանձնարարեց «մտնել պարոն Վարդանի մոտ՝ զրույցի»:

Ճիշտն ասած, մի քիչ վիրավորվեցի, ինձ թվաց, թե քննություն հանձնելու են ուղարկում կռվից առաջ… Ուզում էի հրաժարվել, բայց ժամանակ չկար, տղաները սպասում էին, որ արագ զենք ստանանք ու մեկնենք կռվի դաշտ…  Պարոն Վարդանին իմիջիայլոց բարեւեցի ու նստեցի: Ժպտաց, շարունակեց լռել: Ես եւս լռում էի, բայց չդիամացա. «Ինձ ուղարկել է Ձեզ մոտ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը, բայց չգիտեմ, ի՞նչ պիտի խոսենք թուրքի լամուկների հետ կռվից առաջ, որն արդեն ընթանում է ի դեպ, եւ մենք ինքնակամ ու պատրաստակամ եկել ենք զենք ստանալու»: «Գիտեմ, Արմեն ջան,- ի զարմանս ինձ, ջերմորեն խոսեց Վարդան Վարդանյանը,- գիտեմ, որ պատրաստ եք, բա ցեղակրոն լինելով էլ պատրաստ չլինեի՞ք, այ տղա»: Ես, ինչպես ասում են, բերանս ջուր էի առել: «Հա, Արմեն ջան, Ռազմիկը ինձ ասել է, որ քաղաքականապես պատրաստված տղաներ եք ու դավանում եք նժդեհյան ցեղակրոն ուսմունքը: Ինքը մի քիչ հասցրել խոսել է հետդ. ինձ հետաքրքրեց ու դրա համար ես հիմա այստեղ, թե չէ ես կամավորներին ստուգելու ի՞նչ ունեմ»: Շունչս տեղն եկավ ու հասկացա, որ բացի թյուրք-ադրբեջանցիների հետ պատերազմելուց, համատեղ լուրջ պայքար ենք մղելու նաեւ ներքին թուրքի հետ:

Վարդան Վարդանյանի հետ հազիվ մի կես ժամի չափ էլ զրուցեցինք եւ հասկացանք, որ պիտի շուտ-շուտ հանդիպենք իրար: Նա ինձ եւ տղաներին, մեր կամավորներին հաջողություն ու հաղթանակ մաղթեց եւ հիշեցրեց ֆիդայիների օրենքը՝ «ով մեռնի՝ դավաճան է»:

Ես էլ մեր օրենքն ասացի. «Ազգային գործից բացակայելու ոչ մի պատճառ չի ընդունվում, եթե անգամ մեռել ես՝ մահվան թուղթդ դու պիտի ներկայացնես»…

Այնպես լիաթոք ծիծաղեց ՀԱԲ-ի կոմիսարը, որ հազիվ մնաց աթոռին նստած. «Այ մարդ, ձերն ավելի հզոր էր, ապրեք, բայց իմ մոտ առանց էդ քո ասած թղթի-մղթի կգաս:…Երբ հնարավոր լինի՝ արի խոսենք, կարեւոր որոշում կա կայացնելու գաղափարախոսության հարցում»:

ՀԱԲ-ի քաղաքականության եւ գաղափարախոսության պատասխանատուն արդեն մտմտում էր ազգային գաղափարախոսությունը ՀԱԲ-ի մարտիկների համար ուղեցույց դարձնելու մասին: Նա լավ էր հասկանում գաղափարի ուժը՝ կռվին պատրաստ գնալու, մարտի բռնվելու հարցում: Մեր կես ժամանոց զրույցի ընթացքում գրեթե միայն Նժդեհի զինվորական եւ հոգեւոր հիւմնադրույթների մասին էինք խոսել:

Վարդան Վարդանյանը գորգագործության արվեստի ու մշակույթի մասնագետ էր, նա հրաշալի տիրապետում էր իր մասնագիտությանը եւ՝ ոչ միայն հայկական գորգերի մասով: Որպես գիտնական նա ուներ իր զբաղմունքը եւ ոմանց նման կռվի դաշտ մեկնելուց փախչելու իր արդարացումները… Բայց երբ ռազմի փողն է հնչում, նվիրյալ զավակները գրիչն ու վրձինը, նոտաներն ու տեսությունները մի կողմ են դնում ու դրանք զենքով փոխարինում: Հետո, երբ սուրը փառքով պատյան է դրվում, նորից մտավորականն ու գիտնականը, արվեստի մարդն ու արհետավորը իրենց գործին են անցնում: Վարդանն իսկապես սիրում էր իր գործը եւ այդ ժամանակ մի փոքր դադար գտնելու դեպքում գրառումներ էր կատարում՝ հետագայում ավելի լուրջ աշխատելու համար:

Երբ միառժամանակ դադար եղավ, ՀԱԲ-ի «Կոտայք» գունդն արդեն ռազմական ճամբարներ էր դրել մի քանի սահմանամերձ շրջաններում, եկա իմ տիար Վարդանի մոտ: Այնպես ողջագուրվեցինք, կարծես ամենամտերիմ հարազատներ լինեինք: Իրականում այդպես էլ կար՝ մեր գիտակցած հայի, հայ տեսակի պարագայում: Վարդան Վարդանյանը մեծ դեր ուներ արդեն ՀԱԲ-ի հրապարակած ծրագրի կազմման գործում, բայց գաղափարախոսության հարցը այլ էր:

Ցավոք, գրականություն չկար, եղածն էլ այս կամ այն ամսագրերից ու թերթերից պոկոտած պատառիկներ էին կամ փոքրիկ գրքույկներ, որոնք տպագրվել էին այս կամ այն քաղաքական ուժի ջանքերով: Ես էլ իմ հավաքածն ու ունեցածն էի բերել եւ մի պահ տխրեցինք (հասկանալով, որ մեր ունեցածը չնչին բան է), բայց շատ արագ գործի անցանք: Հասկանալի էր, որ ամենականոնակարգվածը եւ համակարգվածը Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն ուսմունքն» էր, եւ մնացյալը կարող էին լրացնել այն կամ զուգահեռ օգտագործվել: Վարդանը շտապում էր, Ռազմիկ Վասիլյանը դրան էր սպասում, որ առավել մանրամասն հայտարարեր ՀԱԲ-ի ռազմա-քաղաքական նպատակների մասին: Իսկ դրա պահանջը կար ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ մեր երկրից դուրս: Ներքին ու արտաքին պահանջ էր, եւ մեր ու միջազգային լրատվամիջոցները դադար չէին տալիս: Իհարկե, ՀԱԲ-ի ծրագիրը եւս խոսուն էր, բայց…

Եվ այդ օրերին Աբովյանի մեր զորակայան զանգեց Վարդան Վարդանյանը: «Արմեն, որտե՞ղ ես, արագ արի, պիտի մտնենք Ռազմիկի մոտ: Ուզում եմ միասին մտնենք, դժվար է լինելու համոզելը, ու պատճառը գիտեմ. միջազգային արձագանքից է խոսելու Ռազմիկը, թե չէ ինքն էլ ոտքից-գլուխ ցեղակրոն է, ու Նժդեհը նրա կուռքն է»…

Աբովյանի զորակայանից ինչպես եմ դուրս եկել՝ չեմ հիշում, ականջներումս միայն Վարդանի ձայնն էր: Մարմինս դողում էր, հասկանում էի՝ ինչ հզոր քայլ կլինի, եթե շուրջ 100 հազարանոց կամավորական բանակի գաղափարախոսությունը ցեղակրությունը լինի… Այդ մտքից անգամ ժպտացի, եւ թիկնապահ-վարորդս զարմացած հարցրեց. «Հրամանատար ջան, էս ի՜նչ ուրախ ես, կարաս ասես՝ ես էլ ուրախանամ»… «Կասեմ, բայց հետո»,- կարճ կապեցի, որ մտքիս թելը չկորցնեմ:

Հասանք ՀԱԲ-ի կենտրոնատեղի: Վազքով բարձրացա Վարդան Վարդանյանի ընդունարան: Ինքն էլ սենյակում էր քայլում արագ-արագ: Փաստաթղթերը սեղանին կոկիկ դրված էին, նայեցինք իրար ու ձեռք ձեռքի տվեցինք՝ փա՛ռք Նժդեհին ու Հայոց ազգային բանակին:

Ռազմիկ Վասիլյանը ընդունարանի պատասխանատուներին հրամայել էր մի քանի ժամ չանհանգստացնել իրեն, եթե դրա կարիքը խիստ չզգացվի: Երբ ներս մտանք, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը նայեց ՀԱԲ-ի կոմիսարին ու գլխով ինձ ցույց տվեց: Վարդան Վարդանյանն ասաց, որ վերջին պատրաստությունները միասին ենք արել ու ցանկալի է իմ մասնակցությունը: Ռազմիկը ժպտաց. «Վարդան, այն օրը, երբ Արմենին քեզ մոտ ուղարկեցի, հասկացա, որ մի առվից եք ջուր խմելու»: Կոմիսարը չկորցրեց իրեն. «Ռազմիկ ջան, դա այն առուն է, որտեղից նաեւ դու ես ջուր խմում եւ էլի հայեր: Դեռ քիչ են, բայց հայ են ասում, Պարույր Սեւակի ականջը կանչի»…

ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը հասկացել էր, թե ինչ ենք արել: «Դեռ մի խոսեք,- լրջացավ, հետո թե,- կազմած գործը տուր, Վարդան»: Նայեց գործի հաստությանը, ապա հավելեց. «Արագ կնայեմ, հիմնականում հասկանալի է՝ ինչի վրա եք ուղղել առանցքը, մի 15-20 րոպեից եկեք, ժամանակը քիչ է մեր»: Վարդան Վարդանյանը ինքը սուրճ դրեց իր սենյակում. «Խմի ախպեր ջան, բախտդ նայեմ»: Մի կուշտ ծիծաղեցինք: «Ավելի լավ է մենք մեզ թուլացնենք, քան Ռազմիկը»,- դեռ ծիծաղում էր Վարդանը: ՀԱԲ-ի կոմիսարին այդպես լարված երբեք չէի տեսել:

Վերջապես մտանք գլխավոր հրամանատարի մոտ՝ ՀԱԲ-ի գլխավոր հարցերից մեկի ճակատագրի համար: «Տղե՛րք, եկեք ձեզ փող տամ, տարեք տպագրեք, հրաշալի ազգային գիրք-գաղափարախոսություն կլինի»: Ես ու Վարդանը բան չհասկացանք, բայց ձայն էլ չհանեցինք: «Ախր, եթե ես այս ձեւով հրապարակեմ մեր գաղափարախսությունը, հասկանում ե՞ք՝ ինչ արձագանքներ են լինելու: ՀՀՇ-ներն այստեղ, ՄՄՇ-ները դրսից… Առանց այն էլ մեզ ազգայնամոլների ու ֆաշիստների բանակ են ասում արդեն»:

Նայեցի Վարդանին: Գլխով հասկացրեց, որ դեռ չխոսեմ: Կոմիսարը մի քիչ էլ պահեց դադարը, ապա միանգամից բացեց գլխավոր հրամանատարի առջեւ դրված գործը եւ սկսեց. «Ռազմիկ ջան, ախպեր ջան, հիմա ես կկարդամ, ու դու կասես, որը չես ուզում՝ կհանենք»: Սկսեց ընթերցել:

Մի քանի րոպե դեռ չէր կարդացել, Ռազմիկը ընդհատել տվեց. «Վարդան, ինձ գժի տեղ ես դրե՞լ, թե՞ ավելի վատ բանի: Ես ո՞նց կարող եմ դեմ լինել էդ գրածներին, ով ով, դու հո լավ գիտես դա»: Ես մի պահ լարվեցի, երբ Վարդանը շարունակեց կարդալ: Ռազմիկը նորից ընդհատեց, արդեն բարկացավ: «Այ սրան էլ սպասում էի, որ բարկանաս,- մեղմ տոնով ասաց կոմիսարը եւ շարունակեց,- բա ես չեմ բարկանու՞մ, որ սրա-նրա ասածներին սպասելու պատճառով պիտի հայոց վերհառնող բանակին զրկենք հայի ուժականությունից ու ոգեղենությունից, ցեղն իր մեջ կրելու աստվածային զորությունից, Նժդեհի ու Վահագն Աստծու հետ լինելու վեհությունից… Տո ինչ ուզում են ասեն՝ ես դրանց մերը… Կենաց մահու կռիվ ենք տալու, որ բանակ սարքենք ու հետո էլ մեր երկիրը, քո խոսքերով քեզ ասե՞մ Ռազմիկ…»:

Անսպասելի պոռթկու՞մ էր, թե՞ հոգեբանական «գրոհ», կարեւոր չէ: Կարեւորը արդյունքն էր: Այս անգամ Ռազմիկն էր լռում: Այս անգամ լռությունը ես ցրեցի. «Հրամանատար, այսպես, թե այնպես ՀՀՇ-ականները մեզ չեն ընդունում եւ ամեն օր պիտակավորում են՝ ընդհուպ նացիստ ու ֆաշիստ ասելով: Ռուսաստանի եւ Արեւմուտքի տերերը՝ երկուսն էլ մեկ են ու էլի մեր դեմ են, ոչ ոք ազգային անկախ Հայաստան չի ուզելու, առավել եւս ՀԱԲ-ը՝ որպես ազգային բանակի կորիզ, հզոր է, եւ այսօր տարածաշրջանում մեր 100 հազարանոց բանակ ունենալը ոչ մեկի սրտովը չէ: Մնում է մենք մեզ ուժ տանք եւ մահապարտների բանակ ստեղծենք, որ դիմակայենք ու ինչ-որ բան ասողների բերանն էլ կարողանանք փակել»…

«Ազգ-բանակից խոսեցիր»,- գրեթե միասին ասացին Ռազմիկն ու Վարդանը: «Կես միլիոնանոց բանակն էլ է մեզ հերիք տարածաշրջանում, եթե չկարողանան մեզ խեղդել դեռ կազմավորման մեջ»,- հավելեց Ռազմիկ Վասիլյանը: Հետո ցեղակրոնի երդումից Վահագնի աջի վրա երդվելու տողերն ասաց ու ձեռքերի մեջ հավաքեց մեր կազմած  գործը: Հետո թե՝ «լավ, մի քանի օր ժամանակ տվեք, կկանչեմ վերջնական զրույցի»:

Մի քանի օրից նորից ՀԱԲ-ի կոմիսարը զանգեց Աբովյանի մեր զորակայան. «Արմեն, շտա՛պ արի»: Չհասցրեցի բան հարցնել, դրեց հեռախոսը: Հասա Երեւան շատ մտահոգ, ինձ թվաց՝ ՀԱԲ-ի կոմիսարը նեղված էր, որ չխոսեց, որեւէ բան չասաց: Հասա ՀԱԲ-ի գլխավոր զորակայան, իջա ավտոմեքենայից ու … աչքերս թռան ճակատիս: Շենքի դիմահար պատի գրեթե ամբողջ երկայնքով Գարեգին Նժդեհի նկարն էր տեղադրված… Երեւի շատ բարձր եմ գոռացել, որովհետեւ դրսում կանգնած կամավորականները վազքով մոտեցան ինձ թե՝ ի՞նչ եղավ Արմեն: Հետո, հայացքս որսալով, հասկացան. «Ախպեր, երեւի դու էլ գնաս ՀԱԲ-ականների գժերի ջոկատ»:

Մտա Վարդան Վարդանյանի աշխատասենյակ, հուզված էր. «Էդ տնաշենը բան չէր ասել, առավոտ եկա ու պատահաբար տեսա Նժդեհի նկարը շենքի պատին: Մտա մոտը, ասաց՝ լավ անակնկալ է՞ր»:

ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի մոտ սեղան էր դրված, ու տղաները հերթով գալիս նշում էին, կենացներ ասում ու երգում: Վարդանը սպասել էր, որ հասնեմ՝ միասին մտնենք: Ի՜նչ փառահեղ օր էր: Գրկախառնվեցինք բոլորի հետ, երբ առաջին բաժակը խմեցինք, ինձ թվաց՝ սեղանի շուրջ ոչ միայն կամավոր տղերքն են, այլեւ Նժդեհը, Անդրանիկը եւ մյուս ֆիդայիները, Հայ Աստվածները, որոնց պետք է դեռ հասնեինք ոչ միայն մտքով…

Այդ օրվանից հետո, գրեթե ամեն մեկ կամ երկու շաբաթը մեկ Վարդան Վարդանյանը զանգում էր Աբովյանի զորակայան, եթե տեղում էի լինում՝ գալիս էր: Դա նաեւ իմ ուրախությունն էր, քանի որ ՀԱԲ-ի կոմիսարը գալիս էր «ՀԱԲ-ի մի շտաբ, որտեղ կարող էր լիարժեք խոսել ցեղակրոնությունից ու աստվածներից, որտեղ կարող էր հագենալ մեկ բաժակ ջրով անգամ, որտեղ կարող էր հանդարտվել, քանի որ այդտեղ ինքը չէր խոսում ի պաշտոնե, այլ լսում էր ու հանգստանում»…

Ցավոք, հետո ՀԱԲ-ի լուծարումը պարտադրվեց, եղավ այն, ինչը նախապես զգում էինք. քաղաքական հաշվեհարդարը ներքին էր, բայց արտաքին պատվերն ակնհայտ էր:

Չնայած դրան, ՀԱԲ-ի մարտիկների մեծ մասը տարբեր կամավորական կազմավորումներում մասնակցեցին Արցախյան ազատամարտին: Իսկ հետո հետպատերազմյան խնդիրները չթողեցին հին ՀԱԲ-ականներին գործել միասնաբար: Միայն տարիներ անց դա հնարավոր եղավ, երբ Ռազմիկ Վասիլյանի հետ կազմավորեցինք նոր՝ քաղաքական ՀԱԲ-ը՝ Հայ Արիական Բռունցքը:

Բայց Վարդան Վարդանյանը չկար այլեւս, իմ ՀԱԲ-ի կոմիսար տիար Վարդանը ամփոփվել էր մայր հողի մեջ, այլապես նոր վերհառնող հայ-արիական գաղափարների կանոնակարգման գործում մենք հաստատ էլի միասին էինք լինելու…

Ինչպես Ռազմիկ Վասիլյանի, այնպես էլ Վարդան Վարդանյանի եւ, առհասարակ, ՀԱԲ-ի գործունեությունը դեռ պիտի գնահատվի ըստ արժանավույն, քանզի կա ինչպես պատմական, այնպես էլ տիեզերական արդարության պահանջը: Եվ այն անբեկանելի է:

Արմեն Ավետիսյան

(Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախկին ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, ռազմական խորհրդի անդամ, հազարապետ

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5355Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալՀայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրումԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=3239 – ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը (Ճշմարտությունոր կփոխի նորօրյա պատմութան առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…)

http://www.hayary.org/wph/?p=4220Բավարար ուժ եւ կարողություններ կա՛ն արդեն – Մի պատմություն էլ՝ Նախիջեւանի վերամիավորման փորձին առնչվողԸստ ՀԱԲ-ի մարտիկների՝ արդեն 1990-ին (Արցախի հետ) Նախիջեւանը մերը կլիներ, եթե

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։