Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

Պատերազմում հաղթանակ է կռում նախեւառաջ ուսուցիչը

(ըստ Միացյալ Գերմանիայի ‹‹ երկաթե» կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի):

Սկիզբը՝ թիվ 26-32-ում

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Իրենք, քանակապես ու որակապես որչափ իսկ հզորազոր սաների ջամբեն եւ ուղիղ Օլիմպիոսի գագաթ ճամփեն, միեւնույն է՝ Օլիմպիական խարտիայի արգելուժով զուրկ են մնում որեւէ օլիմպիական պարգեւից: Սակայն իրենց պատմադաստիարակչական տեղն ու դերը թերագնահատողը ծայրահեղ  անարդար եւ ծանրամեղ ապերախտ կլինի, իսկ գերագնահատելը՝ առհասարակ անարդար:  

Հայաստանցի օլիմպակալների անձնական եւ հավաքաթիմային մարզիչների, իմա՝ Ոգե- եւ Մարմնակրթիչների մասին բյուրիցս է խոսվել ու գրվել: Պարունակապես՝

ա) «Հայ ժողովրդի ռուս զավակ», «հայկական վագր» շրջասույթներով վեհաբանվող օլիմպիական կրկնաչեմպիոն (1956-1964, ժամանակակից հնգամարտ, ԽՍՀՄ եռանդամ թիմերի կազմում) Իգոր Ալեքսանդրի Նովիկովի (1923, Դրեզնա, Մոսկվայի մարզ-2007, Սանկտ Պետերբուրգ) կապակցությամբ. 1934-1993թթ. մշտաբնակվել է Երեւանում, 1965թ. գլխավորել է Երեւանի «Պատանի հնգամարտիկների դպրոցը» (ժողովրդի մեջ՝ «Նովիկովի մարզադպրոց»), Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ սպորտկոմիտեի փոխնախագահ (1969-1984), ժամանակակից հնգամարտի եւ բիատլոնի միջազգային միության նախագահ (1988-1992), 1993-ից՝ ցմահ պատվավոր նախագահ, այսու՝ Հայաստանի Հանրապետության առաջին եւ առայժմ միակ քաղաքացին, որ եղել է միջազգային մարզակազմակերպության ղեկավար. լավ առիթ է հիշատակելու, որ համամոլորակային կարգաչափի նման կազմակերպությունների առաջին եւ առայժմ միակ հայազգի ղեկավարն էլ մնում է Թամաշ Այանը (Հունգարիա, ծնվ.1939թ.)՝ Ծանր ատլետիկայի միջազգային դաշնության նախագահ (2000թ-ից), ՄՕԿ-ի անդամ (2000թ-ից), Միջազգային մարզական դաշնությունների գլխավոր ընկերակցության նախագահ (1988թ-ից), քաղաքագիտության դոկտոր.

բ) Օլիմպիական չեմպիոն (1972, կանանց սկավառականետում, ԽՍՀՄ), ազգությամբ հրեուհի Ֆաինա Գրիգորի Մելնիկի (Վելնա-Մելնիկ. ծնվել է 1945թ., Բակոտա, Ուկրաինական ԽՍՀ Խմելնիցկի մարզ) կապակցությամբ. 1969թ. ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, միակ մարզուհին, որ, փուլ առ փուլ, ամբողջ 6 մետրով «երկարացրել է» աշխարհի անդրանիշը՝ առաջինը հատելով 70 մետրի սահմանը, 1987թ. Թեթեւ ատլետիկական մարզաձեւերի միջազգային ընկերակցության կողմից պաշտոնապես հռչակվել է «Բոլոր ժամանակների թիվ 1 սկավառականետորդուհի», երկար տարիներ ինքը եւս զբաղվել է բազմարդյունավետ մարզչական գործունեությամբ՝ արդեն Ռուսաստանի մայրաքաղաքում:

…Ուստի պիտի ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ, այն էլ՝ հսկա սառցալեռան միայն երեւացող՝ ջոկածուրիկ մասը խորհրդապատկերող: Եվ այստեղ, հայերիս համար որքան տարաշխարհիկ, նույնքան էլ օրինաչափ է ընդգծված արմատաբառի օգտագործումը, զի անվանացանկը պարագլխելու է Ձմեռային օլիմպիական խաղերում (ՁՕԽ) ամենապատվաբեր մարզաձեւը համարվող՝ սառցի տափօղակով հոկեյի հաղթորդ ընտրանու առաջնորդակիցը:

  1. Էդվարդ (Էդդի) Ջոն Ժերեմիա (ԱՄՆ, 4.11.1905, Վորչեստեր 15.08.1967, Դարտմուտ): 1960թ. 8-րդ ՁՕԽ (Սքվո Վելլի, ԱՄՆ) չեմպիոն ԱՄՆ հավաքականի համամարզիչ:

Արդեն 7-րդ դասարանից հայտնի էր «Վորչեստերի հայկական հրաշք» պատվանվամբ: Հյուսիսային Ամերիկայում ամենահեղինակավոր Սթենլիի գավաթը նվաճած «Բոստոն Բրյուինզ» թիմի գլխավոր ռմբարկու (1929):

1937թ-ից՝ մարզիչ, ուսանողական, սիրողական հոկեյի եւ օլիմպիական կադրերի դարբնոցի հարաճուն հենասյուն,  մասնագիտական գրքերի հեղինակ:

Երկրորդ աշխարհամարտի մի թեժ հատվածում ծառայել է  ԱՄՆ ռազմածովային նավատորմում: ԱՄՆ համապատասխան մարզիչների ընկերակցության հիմնադիր նախագահ (1963):

«Տարվա մարզիչ» (1965):

  1. 2. Կոնստանտին Սերգեյի Կարակաշյանց (23.10.1921-21.09. 1971, Մոսկվա), 1952թ. օլիմպիադայում 7 հնարավորից 5 ոսկե մեդալ նվաճած տղամարդկանց մարմնամարզության ԽՍՀՄ հավաքականի մարզիչ, 1952թ. եւ 1956թ. քառակի օլիմպիակալ Վալենտին Մուրատովի, 1972թ. օլիմպակալ Վիկտոր Կլիմենկոյի առաջին անձնական մարզիչը: Դոցենտ:
  2. Արմենակ (Արամ) Վարդերեսի Յալտիրյան (13.05.1914, գյուղ Ղրիմ, Ռուսաստանի Կայսրության Դոնի Զորքերի մարզ-18.12.1999, գյուղ Ղրիմ, այժմ՝ ՌԴ, Ռոստովի մարզի Մյասնիկովյան շրջան՝ մերազնյա պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով), հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշ, 1952թ. օլիմպիական դիպլոմակիր (4-րդ տեղ, ազատ ոճ, մինչեւ 67 կգ), 1964թ. օլիմպիադայում 8 հնարավորից 2 ոսկե մեդալ նվաճած՝ ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ հավաքականի համամարզիչ, 1968թ. օլիմպիական չեմպիոն Բորիս Գուրեւիչի (ազատ ոճ, մինչեւ 87 կգ) անձնական մարզիչ:

1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

  1. Սուրեն Պետրոսի Բաղդասարով (10.05.1920,Տաշքենդ-13.09.2009, Մոսկվա), 1956թ. օլիմպիադայում 6 հնարավորից 3 ոսկե մեդալ, 1960թ. օլիմպիադայում 5 հնարավորից 5 ոսկե մեդալ, 1964թ. օլիմպիադայում 6 հնարավորից 4 ոսկե մեդալ նվաճած՝ ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականի համամարզիչ:

Մասնակցել է ՀՄՊ-ին, արժանացել ռազմադաշտում իրական մարտասխրանքների համար շնորհվող «Կարմիր աստղ» շքանշանի: Հայտնի է նաեւ իր հրապարակախոսական եւ առողջագիտական գործունեությամբ: Այս ոլորտում մեծ ճանաչում է բերել «Ծեր մարզչի նոթերը» ինքնակենսագրական գիրքը (ռուսերեն, 2003):

Ամենանշանավոր սանը 1960թ. օլիմպիական չեմպիոն եւ համաշխարհային անդրանշորդ Յուրի Վլասովն է (ծնվ. 1935թ., 2-րդ ծանր քաշ,+90 կգ), ով լավագույնս էր մարմնավորում «Կոմունիզմ կառուցողի» եռամիասնական իդեալը՝ «Բարոյական անաղարտություն, հոգեւոր հարստություն, ֆիզիկական կատարելություն» բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի (1989) բարձրագույն ամբիոնից արտասանած ծրագրային ճառով անարգանքի սյունին է գամել խորհրդային հոռեհռչակ ԿԳԲ-ի (պետական անվտանգության կոմիտե) ներքին եւ արտաքին ամբողջ հակամարդկային էությունը: Եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու (1996):

  1. Հակոբ Սամվելի Կերսելյան (1919-22.12.2004, Սուխում), եռացատկի գծով միակ եռակի օլիմպիական չեմպիոն (1968, 1972, 1976) Վիկտոր Սանեեւի անձնական մարզիչը: ՀՄՊ-ի մասնակից, հաշմանդամ-վետերան:

Անկախացյալ Աբխազիայի Հանրապետության սպորտկոմիտեի մահախոսականում հատկապես կարեւորվել է. «Իր յուրաքանչյուր աշակերտի համար նա ոչ թե սոսկ մանկավարժ, մարզիչ էր, այլ նաեւ՝ խստագույն դատավոր, դաստիարակ, բարեկամ՝ բովանդակ կյանքում, սիրելի մարդ»:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։