Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (5-րդ մաս) – Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը…

Սկիզբը՝ թիվ 36-39-ում

http://www.hayary.org/wph/?p=5922Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (4-րդ մաս) – 6 տարվա ընթացքում ճանապարհի 10%-ն էլ չի կառուցվել, եւ անորոշ է՝ ի վերջո երբ կավարտվի ռազմավարական նշանակություն ունեցող այս մայրուղու շինարարությունը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5906Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

http://www.hayary.org/wph/?p=5891Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5877Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (1-ին մաս) – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

http://www.hayary.org/wph/?p=5862«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

http://www.hayary.org/wph/?p=5695Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան  – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած էՓողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց

http://www.hayary.org/wph/?p=5876Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

Օրիգարխները մեջ-մեջ են արել Հյուսիս-հարավը: Այս տարի մամուլում այսպիսի ուղղակի մեղադրանք հնչեց որոշ անձանց հասցեին: Ավելի որոշակի՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Մհեր Սեդրակյանի: Մենք չենք սիրում մարդկանց մականուններով դիմել, բայց, ցավոք, նրանք հանրությանը առավել հայտնի են հենց այդ անուններով: Ըստ այդմ՝ Հյուսիս-հարավը մեջ-մեջ են արել Դոդի Գագոն, Չորնի Գագոն եւ Թոխմախի Մհերը:  

Ի դեպ, մենք պատրաստ ենք տպագրել այս 3 անձանց հերքումները համ հակափաստարկները, եթե դրանք ներկայացվեն խմբագրությանը: Իսկ առայժմ հակիրճ կներկայացնենք այն մեղադրանքները, որոնք հրապարակավ են բարձրաձայնվել:

Եվ այսպես, Հյուսիս-հարավը մեջ-մեջ անելու մեխանիզմը հետեւյալն է. քանի որ մեր երկրում շինարարական մրցույթներին ներկայացվող տեխնիկական եւ ֆինանսական պահանջները շատ բարձր են, հայաստանյան ոչ մի ընկերություն չի կարողանում դրանց մասնակցել (սրան թեական ենք վերաբերում, քանզի ժամանակին միջազգային մրցույթների մեծ մասը շահում էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, թունելի (Արփա-Սեւան) Հակոբը: Չնայած դրա մեջ մի լավ բան կար: Մի քանի տարի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տղաները արտագնա աշխատանքը՝ խոպանը բաց թողեցին՝ աշխատելով Հայաստանում: Հատկապես Երեւանի նոր ՋԷԿ-ի շինարարության տարիներին): Մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, վերջինս  գործը հանձնում է ենթակապալառու ընկերությանը: Օրինակ, Հյուսիս-հարավ մայրուղու մի հատված կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ընկերությունը, որի թիկունքին տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է: Կամ՝ մայրուղու Շիրակ-Արգավանդ հատվածը կառուցելու համար շահել էր «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» իտալական ընկերությունը, սակայն այն իրականում Գագիկ Ծառուկյանն է անում: Իսկ Մհեր Սեդրակյանն էլ (այս տարվա սեպտեմբերին շրջանառվեց) Դավթաշեն-Աշտարակ հատվածի վրա է ձեռքը դրել:…

Այն, որ Հյուսիս-հարավը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, տնտեսագետ Վահագն Խաչատրյանին չի համոզում: «Հյուսիս-հարավ» ճանապարհը տնտեսության զարգացման հետ ոչ մի կապ չունի, սա իշխանությունների՝ փող աշխատելու, մեզ պարտքի տակ գցելու հերթական ծրագիրն է: 150 միլիոն դոլար վարկը վերցնում են, եւ այդ պարտքը ո՞վ պետք է վճարի, պարզ չէ՞, որ մենք»,- ասել էր նա: Փակագծերում նկատեմ, որ խոսքը այն 150 մլն-ի մասին է, որ Եվրասիական բանկից պետք է վերցնեինք՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը շարունակելու համար:

Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հ/կ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը դեռ 2014թ. մամուլին ասել էր, որ մայրուղու շինարարության համար Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը տրամադրել է 954 միլիոն դրամ, մնացած գումարները պետք է տար պետությունը, սակայն չի տվել: Ավելին՝ հայտնի չէ, թե Ասիական զարգացման բանկի հատկացրած 954 միլիոնն էլ (պնդումը Ս. Ադամյանինն է) ինչի վրա է ծախսվել, քանի որ այս պահի դրությամբ ճանապարհի ընդամենը 25 կիլոմետրն է կառուցված: Ս. Ադամյանը Աստանայում՝ Ասիական զարգացման բանկի 47-րդ տարեկան հանդիպման ժամանակ, երբ ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի իրավիճակը, նրան է մոտեցել Եվրասիական բանկի աշխատակիցը եւ հայտնել, որ Հայաստանի կառավարությունը նրանցից գումար է ուզել՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության նպատակով:

Դատելով այսպես ասած գումարը տրանշային հատկացումներով տալու տարբերակից՝ հարց է ծագում. արդյո՞ք այդ 954 միլիոն դոլարը տրվել է: Եթե այո, ապա սա պետական մասշտաբով հանցագործության լուրջ մեղադրանք է:

«Այդ ամբողջ նախագիծն արվում է միայն նրա համար, որ ինչ-որ մարդկանց խումբ բավարարվի այդ ատկատ հասկացողություններով. ես տնտեսական արդյունավետություն այդտեղ չեմ տեսնում»,-2014թ. համոզված էր Վահագն Խաչատրյանը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հյուսիս-հարավը հայտնվեց  միջազգային կարեւորագույն տրանսպորտային հանգույցների ցանկում։ Այս հատուկ կարգավիճակը տրամադրել է Եվրահանձնաժողովը՝ փաստելով, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը» կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի կոմունիկացիոն ենթակառուցվածքների մեջ։

Նոյեմբերի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին (Տրանշ 2) հատվածում, որտեղ ճանապարհի ձախակողմյան մասում սեպտեմբերի 30-ից ընթանում են բետոնի տեղադրման աշխատանքներ եւ արդեն փռված է շուրջ 4 կմ բետոնյա ծածկ:

Այցին մասնակցում էին նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, վարկատու՝ Ասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Վարչապետը ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը ներկայացրեց այս եւ մյուս տրանշերում իրականացվող աշխատանքների առաջընթացն ու անելիքները, Երեւանը եւ Գյումրին շրջանցող ճանապարհների, Արտաշատից դեպի հարավային սահմանը ձգվող ճանապարհի եւ այդ հատվածում կառուցվելիք թունելների նախագծերի մանրամասները:

Վարչապետին հետաքրքրող հարցերին պատասխանեցին նաեւ առաջին եւ երկրորդ տրանշերի շինարարական աշխատանքներն իրականացնող իսպանական Կորսան Կորվիամ եւ շինարարական աշխատանքները վերահսկող ֆրանսիական Սաֆեջ-Էպտիսա ընկերությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարները:

Այս ամսում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի շրջանակներում նախագծող խորհրդատու իտալական Սպեա Ինջեներիա Եվրոպեա եւ ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության կողմից իրականացվել է Սիսիանից մինչեւ Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի նախնական նախագիծը, շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատումը, հողերի օտարման եւ տարաբնակեցման նախնական ծրագիրը, որոնց արդյունքների հանրային քննարկման եւ ներկայացման համար նախագծող խորհրդատուն իրականացրել է հանրային իրազեկման հանդիպումներ ծրագրի շահառուների հետ:

Հանրային իրազեկման հանդիպումներն անցկացվեցին նոյեմբերի 17-18-ին Սյունիքի մարզի Սիսիան եւ Կապան քաղաքներում՝ Սիսիանից մինչեւ Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի երկայնքով տեղակայված ազդակիր համայնքների ներկայացուցիչների եւ շահառու կողմերի մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում շահառու համայնքներին եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեց տվյալ մարզով անցնող ճանապարհահատվածների համար դիտարկված եւ ուսումնասիրությունների արդյունքում առաջարկված ծրագիրը, մանրամասն ներկայացվեցին ծրագրի համար նախատեսվող կամուրջների, թունելների եւ այլ անհրաժեշտ կառույցների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, հնարավոր բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունները եւ այլն: Մասնակիցները լսեցին համայնքների ներկայացուցիչների կարծիքները առաջարկվող ծրագրի վերաբերյալ եւ պատասխանեցին բարձրացված հարցերին:

Սիսիանից մինչեւ Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի գարնանը: Արդյունքում ներկայիս ճանապարհը կկրճատվի մոտ 60 կմ-ով, կունենա 16,5 մետր լայնություն, ծածկը կլինի ասֆալտե, կկառուցվի 27 հատ մեծ ու փոքր կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, մուտքեր բոլոր բնակավայրերի համար, շուրջ 104 հատ արհեստական կառուցվածք: Ճանապարհը կշրջանցի Գորիս եւ Կապան քաղաքները:

Մի խոսքով, պետությունը ներկայացնում է, որ ամեն ինչ բնականոն է եւ Հյուսիս-հարավն ընթացքում է, իսկ հակառակ տեսակետ ունեցող կողմը խոսում է յուրացումների, ատկատների մասին: Կարծում ենք՝ երկու կողմն էլ իրենց ասածն ապացուցել կարող են: Բայց եթե հնչում է պետական հանցագործության մեղադրանք (պետության համար ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարության գումարի չնչին վատնումն իսկ հանցագործություն է պետության հանդեպ), ապա դրան անպայման պիտի ընթացք տրվի: Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։