Նժդեհյան ցեղակրոնության մերօրյա ոդիսականը

 Արդեն տեւական ժամանակ է, ինչ մեր հանրապետության որոշ զլմ-ներ ցավալիորեն լծվել են Նժդեհի ու նժդեհյան ցեղակրոն գաղափարների պախարակման անհեռանկարային գործին: Սույն խնդրին մի քանի անգամ անդրադարձել ենք, բայց թեման վերստին արդիական է: Դեմ չենք, որ որոշ զլմ-ներ էլ, իրոք, մտահոգ են այս իրավիճակով եւ ահազանգում են, սակայն մատուցման ձեւերն ընդունելի չեն:

Այս գործընթացը նոր թափով ծավալվեց, երբ ՀՀԿ-ն կտրուկ որոշեց դառնալ «գերկուսակցություն», երբ երբեմնի փոքր կուսակցությունը ԱԺ-ում արդեն մեծամասնություն լինելուց բացի, պիտի «նախագահական» կուսակցություն դառնար: Սա «առնետավազքի» մի նոր շարժառիթ էր, որին հետեւեց մականունավոր ու նմանատիպ անձանց զանգվածային հոսքը դեպի ՀՀԿ: Այս մարդկանց զանգվածային «ներխուժումը», հասկանալի պատճառներով, հանրության մեջ տարակուսանք ու վրդովմունք առաջացրեցին, քանզի յուրաքանչյուր «առնետավազք» զազրելի է, իսկ մերպեսների համար այս դեպքում՝ առավել եւս, որովհետեւ այն առնչվում է հայ քաղաքականության ազգայնական ոլորտին:

Սակայն, մեր խորին համոզմամբ, այս դեպքում չպետք է նույն հարթության մեջ դրվեին Նժդեհն ու կյանքում մեկ գիրք չկարդացած մականունավորները կամ գլխաքանակով հաշվվող հանրապետականների նորօրյա տեսությունն ու նժդեհական անարատ, արյուն-քրտինքով գրված գաղափարները:

Նժդեհն իր գործի ու խոսքի ճշմարտությունն ապացուցել է սեփական կյանքով ու սխրանքներով, եւ ճիշտ չէ մի խումբ մարդկանցով չափել մեծ հայորդու արժանիքը, նրա գաղափարների արժեքը: Այս գործելաոճը հաճախ չկամ մարդկանց բամբասանքի է նմանվում, քանզի անհնարին է վարկաբեկել Նժդեհին ու ցեղակրոնությունը, որովհետեւ այս արժեքները մեր կյանքից են կերտվել, մեր պատմությունից, մեր նախնյաց հավատից:

Այլ բան է, երբ համեմատության մեջ դրվեն ցեղակրոն սկզբունքները եւ ՀՀԿ-ի սկզբունքներն ու արդի գործելակերպը, նժդեհյան հին ու նոր գաղափարակիրների ու հանրապետականների կյանքն ու կենցաղը, եւ այսպիսով ի տես դրվեն ու անվարան պախարակվեն այն մարդիկ, ովքեր խոսում են Նժդեհից, բայց գործով վարկաբեկում են նրան ու նրա սրբազան գաղափարները:

Այո՛, իրապես ցեղակրոնները (որոնց կարելի է ձեռքի մատների վրա հաշվել) նույնպես բազմիցս արտահայտվել են այլ «նժդեհականների» ոչ ազգայնական գործունեության ու կեցվածքի դեմ: Սակայն, նրանք զերծ են մնացել այս մարդկանց ու Նժդեհին նույնացնելու սին խայծից, քանզի այդ ձեւով վարկաբեկման է տարվում առողջ ազգայնականությունը, վատաբանվում է ազգայնական գաղափարախոսությունը, որի բացակայությամբ նույն քաղաքական դաշտը կտնօրինի ազգայնամոլական, ազգայնամերժական զանգվածը:

Արդեն «Լուսանցք»-ի էջերում ասել ենք, որ ինչպես չի կարելի կաշառակեր կղերականներին ու ոչ քրիստոնեական կամ անբարո կեցվածք ունեցող «քրիստոնյաներին» համեմատել Քրիստոսի հետ, այդպես էլ չի կարելի կաշառակեր ու անբարո «ցեղակրոններին» նույնացնել Նժդեհի հետ: Սա մեր համոզմունքն է եւ այսպես պետք է վարվել ոչ միայն այս դեպքում:

Բացի մեզ հայտնի մականունավորներից (ովքեր ավելի լավ է լռեն, քան խոսեն Նժդեհից), ՀՀԿ երիտասարդ «նժդեհականները» կամա թե ակամա նույնպես լծվեցին ցեղակրոնության հակաքարոզչությանը…

Անընդունելի էր հատկապես այս տարի երիտասարդների օրվա առթիվ հանրապետական երիտասարդների հրավիրած բացօթյա համերգը, որին հրավիրվել էին ռուսական շա՜տ ժամանակակից երգչուհիների, ովքեր հայտնի են իրենց համասեռամոլական հիվանդագին նկրտումներով, սա էլ իր հերթին լցրեց շատերի համբերության բաժակը: Իսկ ՀՀԿ-ական երիտասարդների պատասխանն իր հերթին ապշեցուցիչ էր, այն է՝ թե այս խմբերն ընդունվում են երիտասարդության մի մասի կողմից: Ակամա հարց է առաջանում՝ իսկ ձե՞ր կողմից… կամ եթե երիտասարդների մի մասն էլ այդ օրը հանկարծ ու ցանկանար նույն տեղում «պոռնո-ֆիլմ» դիտել, պիտի ընդառաջ գնայի՞ք…

Ինչեւէ, այսպես կոչված հին հանրապետականները, ովքեր գուցե շարունակում են մնալ ցեղակրոն ուսմունքի հետեւորդները, երեւի այսօր իրենց թվաքանակով մեկ տասնյակի էլ չհասնեն: Ուստի, նոր եւ երիտասարդ հանրապետականների ազդեցության ներքո են ու անուժ՝ սեփական կուսակցության ներսում: Այստեղ, մեր կարծիքով երկու ճանապարհ կա՝

1. Բացահայտ պայքարել ՀՀԿ-ի գաղափարական վերածննդի համար:

2. Հրապարակայնորեն դուրս գալ ՀՀԿ կազմից՝ թեկուզեւ նոր կուսակցություն հիմնելու գնով:

Սակայն, այս երկու տարբերակներից որեւէ մեկի ականատեսը չենք լինում, ինչն էլ նշանակում է, որ հին ՀՀԿ-ականները՝

1. Գաղափարական պայքարի պատրաստ չեն (կամ ուժ չունեն) եւ պարզապես հարմար պահի են սպասում:

2. Հարմարվել են իրենց կարգավիճակին եւ վայելում են «տաքուկ եւ հանգիստ անկյուն» ունենալու հաճույքը:

3. Համոզված են, որ հիմա էլ ընթանում են նժդեհյան ցեղակրոն ուղիով:

Առաջին դեպքում որեւէ արդարացում չկա, քանզի ցեղակրոնը պայքարող տեսակ է: Երկրորդ դեպքում պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ում այլեւս ցեղակրոններ չկան, իսկ երրորդ դեպքում հստակ է, որ ՀՀԿ-ն ինքն է վարկաբեկում նժդեհյան ցեղակրոնությունը (ուզելով, թե չուզելով):

Այս երեք դեպքերում էլ ճիշտ կլինի կատարել մեկ քայլ՝ հրաժարվել ցեղակրոնությունից: Կամ դա պետք է անեն հին ՀՀԿ-ականները, գտնվելով կուսակցության ներսում, կամ՝ դա պիտի անի ՀՀԿ համագումարը՝ հրաժարվելով ցեղակրոնությունից, ինչպես ժամանակին դա արվեց ՀՀԿ հիմնադիրներից եւ ղեկավարներից մեկի՝ Աշոտ Նավասարդյանի օրոք, երբ իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի հետ քաղաքական դաշինքով համագործակցած ՀՀԿ-ն մասնակցեց ԱԺ ընտրություններին եւ տիրացավ պատգամավորական մանդատների: Սա ավելի գնահատելի քայլ էր, քան այն քաղաքականությունը, ինչը հիմա տարվում է ՀՀԿ ղեկավարության կողմից: Ժամանակին, երբ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերականգնել տվեց ցեղակրոնությունը՝ որպես ՀՀԿ-ի գաղափարախոսական հենք, հին ՀՀԿ-ականներով պիտի մտածեին այս մասին:

Կոչ ենք անում ՀՀԿ ղեկավարությանը՝ կարգավորել իրենց ներկուսակցական կյանքը, որի համար բարեկամաբար անհանգստանում ենք, կամ էլ առաջարկում ենք՝ հրաժարվել նժդեհյան ցեղակրոն գաղափարներից, հանել այդ մասը կուսակցության ծրագրային դրույթներից եւ այսպիսով վերջ տալ Նժդեհի ու նրա ստեղծած ցեղակրոն ուսմունքի վարկաբեկման տհաճ քաղաքականությանը:

Այսպես ավելի հեշտ կլինի նաեւ վայելել կյանքի հաճույքները:

Հետաքրքիր է, որ շատ կարկառուն հանրապետականներ դասեր են տալիս ՀՅԴ-ին, թե ինչպես վերակազմակերպեն կուսակցությունը, ազատվեն հնի սխալներից (թերեւս՝ նաեւ նորերից), հայդատական գաղափարներին հավատարիմ մնան, սակայն, հենց իրենք մոռանում են իրենց՝ ցեղակրոնի պարտականությունները, թաթախվելով նորանոր սխալների մեջ:

Կարծում ենք՝ ՀՀԿ պատասխանատուները պետք է արագ կողմնորոշվեն իրենց քաղաքական հայացքներում, եւ՝ կամ պիտի մնան նժդեհյան գաղափարներին հավատարիմ ու փոխեն իրենց կենսակերպն ու գործելակերպը, կամ, որ ավելի լավ է, հրաժարվեն ցեղակրոնությունից՝ որպես կուսակցական գաղափարահենք: Սա լավ է այն առումով, որ լինելով ՀՀ իշխանության վերնախավում, առավել անկաշկանդ կգործեն եվրաժողովրդավարների հետ, եւ կեղծելու կարիք էլ չեն ունենա: Թե չէ հայտարարել են, որ ՀՀԿ-ն պահպանողական արժեքներով ժողովրդավարական կազմակերպություն է եւ հիմա էլ եվրոպական «կոնսերվատորներին» են նմանակում… Ի՞նչ կարիք կա: Հետո ամեն օր քրիստոնեական քարոզներով զբաղվող հանրապետականները (ընդհուպ ՀՀ եւ ՀՀԿ նախագահը) խախտում են նժդեհյան ցեղակրոնության կարեւոր պատվիրաններից մեկը՝ հայածին ցեղամարդուն հրեածին կրոնի սպասավոր դարձնելով: Մինչդեռ Նժդեհն ասում էր. «…Նո՛ր Ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա՝ Ավետարանը Արիության: Վահագնի՛ հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին, Արիական Հայության: Մի նո՛ր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Ավետարանը Արիների…»: Կամ էլ պիտի ՀՀԿ-ն հռչակեն քրիստոնեավար ազգայնականների, գուցեեւ պահպանողականների կազմակերպություն եւ դաշնակցականների նման քրիստոնեական ու ազգային տարբեր գործերով զբաղվեն:

Ու նաեւ, զուգահեռ, փոքր ազգայնական կառույցներին համախմբելով օժանդակեն, որ իրապես ամրապնդեն ցեղակրոն ուսմունքը մեզանում, որպեսզի դա արվի առանց վարկաբեկման կամ ձեւախեղման: Ահա սա՛ ցեղակրոնի ավելի մեծ դրսեւորում կլինի, քան այն, ինչ արվում է հիմա:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 44 (83)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։