Լրատվամիջոցները կարծիք էին հայտնել, որ ԵԽԽՎ-ում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները այս նստաշրջանում «որպես քարտ բլանշ» կօգատոգործեն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անպատասխանատու եւ անպարկեշտ նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահին, որով նա դատապարտում էր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այս նստաշրջանում կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույց չկա, բայց ինչպես բոլոր նստաշրջաններում, բազմաթիվ զեկույցներ կան, որոնց կոնտեքստում բնականաբար մենք խոսելու ենք մեր օրակարգում եղած խնդիրների մասին»,- ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ շեշտել, որ զեկույցներ կան Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, որտեղ լրջագույնս քննադատվում է Թուրիայում խոսքի ազատությունը:
Ինչպես նշել էր պատգամավորը, այդպես էլ եղավ՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունները գործածեցին Արամ Աթեշյանի աղմկահարույց նամակը, ինչը, սակայն, այս պահին որեւէ լուրջ նշանակություն չունեցավ:
Հասկանալով, որ այլեւս վարկաբեկված է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցանկացավ գալ Հայաստան: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է նրան դեռ չգալ, քանի որ կարժանանա խայտառակ ընդունելության հայաստանցիների կողմից: Հունիսի 22–ին էր Երեւան ժամանելու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ով մինչ այդ գտնվում էր Մոսկվայում, որտեղ հյուրընկալվել է Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանին: Նա մոտ բարեկամական հարաբերություններ ունի Եզրաս սրբազանի հետ եւ, ըստ լուրերի, նրանք անգամ ընդհանուր բիզնեսներ ունեն:
Աթեշյանը Մոսկվա է մեկնել՝ մտադրություն ունենալով Հռոմի Պապի այցի հետ կապված այնտեղից Եզրաս Ներսիսյանի հետ ժամանել Երեւան, սակայն այստեղ է, որ Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է եղբորը՝ Եզրաս արք. Ներսիսյանին, որ հնարավոր է, Աթեշյանը խնդիրներ ունենա հայ հանրության հետ՝ տխրահռչակ նամակի անչությամբ:
Հիշեցնենք, որ Բունդեսաթգի որոշման վերաբերյալ Աթեշյանը նամակ էր գրել Էրդողանին, որն էլ զայրացրել է հայ հանրությանը:
Ֆ/բ-ում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը տարածել է հայտարարություն. «Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»։ Continue reading



