Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում այդ երկրի նախագահը մի շարք տարօրինակ հայտարություններ է արել:
Մասնավորապես ասել է, որ «Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության գրավականն այն է, որ նա դաշինքների մեջ չի մտնում, քանի որ ցանկացած դաշինք ենթադրում է սուվերենության զիջում, ինչը հաճախ չի համապատասխանում պետության շահերին»: Սա ասվել է՝ քար նետելով Եվրոպայի ուղղությամբ, որ նշանակում է՝ եվրոպական համագործակցությունը որոշումներ է կայացնում հատկապես ԱՄՆ-ից ղեկավարվող ՆԱՏՕ-ական ռազմական դաշինքի թելադրմամբ (ուկրաինական հարցում հիմնական հակամարտությունը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ է): ՆԱՏՕ-ն էլ համարվում է Եվրոպայի փրկիչը Ռուսաստանից (ինչպես հայտարարում է Միացյալ Նահանգները), ինչն էլ նշանակում է՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ այլ եվրոպական պետություններ գործում են «սուվերենության զիջում»-ը չնկատելով…
Իրականում Եվրոպական վերոնշյալ եռյակը ցանկանում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը Վաշինգտոնի սրտով չէ:
Ինչեւէ: Ռուսաստանը պաշտոնապես մտնում է առնվազն մեկ դաշինքի՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) մեջ, ինչը հերքել հնարավոր չէ: Հաստատ նախագահ Պուտինը դա չէր մոռացել: Իսկ եթե այդպես է, ապա նրա հայտարարությունը մի քանի բան է նշանակում: 1. Ի լուր աշխարհի հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ն այլեւս հեռանկար չունի եւ հայտարարման պահից այլեւս գոյություն չունի: 2. ՀԱՊԿ-ն բացառապես ռուսաստանյան ծառայություններ է մատուցում եւ մյուս երկրներն իրենք թող մտածեն իրենց «սուվերենության զիջում»-ը թույլ չտալու մասին…
Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որի անդամների մեծ մասը համաթուրքական դաշինքում են նաեւ, ուստի հայտնի չէ «Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հակամարտություններում այս դաշինքը Հայաստանի՞ն կպաշտպանի, թե՞ մյուսներին… Իսկ եթե խոսքը միայն Ռուսաստանի ու Բելառուսի մասին է, ապա սրանք էլ զանգվածային ոչնչացման զենքեր են վաճառում Ադրբեջանին… Այսինքն՝ ՀԱՊԿ-ն որպես անվտանգության երաշխավոր՝ պատրանք է, այն էլ՝ վտանգավոր»:
Փաստացի Վլադիմիր Պուտինը հայտարարել է նման մի բան, որ ՀԱՊԿ-ն ընդամենը թղթի վրա գոյություն ունեցող կառույց է, իսկ իրականում այն չկա: Կամ էլ՝ իսկապես համարվում է ռուսական բանակի մաս: Այլապես ինչպե՞ս է հնարավոր ասել, թե «Ռուսաստանը որեւէ դաշինքի մեջ չի մտնում եւ դրանում է ինքնիշխանության գրավականը»: Եթե ՀԱՊԿ-ն Ռուսաստանի շահերով է առաջնորդվելու, նշանակում է ԱՊՀ անդամ երկրները, կամա թե ակամա, դառնում են Ռուսաստանի Դաշնության որոշակի մաս: Սա արդեն լուրջ ահազանգ է Եվրասիական միության ճանապարհին: Ռուսաստանի գործիքը չի կարելի ազգային անվտանգության երաշխիք դիտարկել:



