ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ
- «Յեսու կը յառաջանար՝ մտախոհ եւ գունատ, որովհետեւ Ամենակալին
ընտրեալն էր արդէն» – նաեւ՝ ժողովրդի առաջնորդը, աւելացնենք մենք:
* * *
Ամենաբարձր իրաւունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի – դա իր ծնող ժողովուրդը առաջնորդելն է:
Քիչերին է տրւում այդ իրաւունքը, եւ շատ քիչերն են արդարացնում դա:
Ո՛վ, սակայն իրաւունք ունի մի ժողովրդի ճակատագիրը՝ վարել:
- Նա՛, ճակատագրի ընտրեա՛լը, որ «կը յառաջանայ մտախոհ» -ճակատը լեցուն, վսեմ խոհերով ու իր կոչումի ամենասրբազնութեան գիտակցութիւնից «գունատ», ապա օժտուած իր առաջնորդած ժողովրդի համար ամեն վայրկեան մեռնելու կամքով:
* * *
Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը:
* * *
Որի՞ն հետեւել – ահա՛ հարցերէն ամենաճակատագրականը, որի՞ն – Նազովրեցո՞ւն, թէ՞ Բիւխներին, Էմերսոնի՞ն, թէ՞ Մարքսին, Մամիկոնեանների՞ն, թէ հայ մտաւորականութեան քաղաքականապէս անկապաշտ մասին:
Առաջինները – ոգու հսկանե՛ր – քո մէջ կ'ապրեցնեն աստուածայինը, վերջինները՝ մարդկօրէն անասնականը. առաջինները քո մէջ կը մշակեն իդէալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրեապաշտ պաղ մահկանացուն:
* * *
Ճշմարիտ մտաւորականութիւն, ասել է՝ ազգի հոգեւոր ընտրանին, առաջնորդութիւնը:
Ստամտաւորականութիւն է դա, եթէ այդպիսին չէ:
* * *
Ուր ճշմարիտ մտաւորականութիւնը առաջնորդի իր դերի մէջ չէ՝ այնտեղ կոյր է ժողովուրդը, նաեւ՝ պառակտուած:
* * *
Մեր կեանքում դեռ զօրաշարժի ենթարկուած չէ ճշմարտութիւնը ստամտաւորականութեան պատճառով, հայութիւնը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը – դա հոգեվերանորոգուած հայ անհատն է:
* * *
Ժողովուրդները յաճախ տառապում են, հոգե-զգացական կուրութեամբ – մա՛յրը ամեն կարգի ներքին տկարութեանց եւ բախումների:
Ճշմարիտ մտաւորականութեա՛ն է ընկնում՝ բուժել այդ կուրութիւնը իրենց ժողովրդի մէջ մշակելով բարոյական առաքինութիւններ – ճշմարտասիրութիւն, արդարամտութիւն, մեծահոգութիւն:
* * *
Քաղցրօրէն ստել ու կեղծել իր ժողովրդին՝ մանիլովշչինա՛ – ահա՛ հայրենաքանդ այն տկարութիւնը, որով բռնուած է հայ մտաւորականութեան իմաստասիրօրէն կոյր եւ անցեղաշունչ մասը:
* * *
Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:
* * *
Ուր զօրաւոր առաջնորդ չկայ՝ այնտեղ ոգու կեանք չկայ, իսկ ուր այդ վերջինը չկայ՝ այնտեղ խանդավառներ, մարտիկներ, գերզոհաբերողներ չեն ստեղծւում:
* * *
Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:
* * *
Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի – կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:
* * *
Երբ ժողովուրդը՝ ծուռ խղճմտանքի տէր իր ղեկավարների պատճառով մնում է անգիտակ իր ապրած դժբախտութեանց պատճառներին, իր ամեն մի պարտութիւնից յետոյ նա դառնում է նաե՛ւ պարտուողական, որ ասել է՝ ատակ եւ արժանի նորանոր պարտութիւնների:
* * *
Մի ժողովուրդ ցեղօրէն այնքան արթուն է, որքան դա զգայուն է դէպի իր մարգարէների, իր ընտրանիի կանչերը:
* * *
Չկա՛յ աւելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտութեանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդէպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամբաներով յաջողում է տարբեր ուղղութիւն տալ ժողովրդի ցասումին, մղելով նրան՝ իր դժբախտութեան պատճառները փնտռելու իրենից դուրս: Ուրիշ ազգերի կեանքում յաճախ մի դժբախտութիւնը գալիս է խափանելու մի ուրիշը, ուրիշնե՛րը: Մեզ մօտ ընդհակառակը, ամեն դժբախտութիւն դառնում է պատճառ նորի, նորե՛րի:
Կը վկայէ պատմութիւնը, որ իր դժբախտութեան պատճառները գիտակցող ժողովուրդը աւելի հեշտ է կրում իրեն վիճակուած դառնութեան բաժակը եւ հեշտութեամբ յաղթահարում չարիքը:
Աւելի՛ն, նմանի համար ամեն մի ձախորդութիւն, գալիքի մի նախազգուշացում է: Միայն նմանին է յաջողւում հարուածախոյս լինել:
* * *
Առաջնո՞րդ ես, ուրեմն, եղի՛ր ազնիւ, ազնիւ եղի՛ր, էլի՛ ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ – դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:
* * *
Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը – նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն
է գործում:
* * *
Զօրաւոր եւ օրհնաբեր է այն առաջնորդը, որի կամքը օժտուած է իր ցեղի ամենադրական յատկութիւններով:
* * *
Հոգեւոր կեանքի անատակ մարդուն տրուած չէ՛ գերագոյն նպատակի համար աշխատելու, զոհաբերելու, մեռնելու քաղցրութիւնը: Նմանը չէ՛ կարող առաջնորդ լինել:
* * *
Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն:
* * *
Մտքի անշարժութիւն, քարացում – երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:
* * *
Միայն մեծ առաջնորդներին է յաջողւում իրենց կամքի ողջ ուժականութիւնը փոխանցել իրենց ժողովուրդներին, առաւելապէս նրանց երիտասարդ սերունդներին: Եւ հենց դրանով են վերանորոգւում զանգուածները, վերածուելով մի բարոյական ընդհանրութեան, միակամ եւ միուղի ազգի:
* * *
Նախ հասցնել մի մեծ սերունդ – մե՛ծ իր պաշտամունքով եւ ատելու կարողութեամբ – եւ նրա միջոցաւ իրագործել իր պատմական առաքելութիւնը. այսպէ՛ս է գործում ճշմարիտ առաջնորդը:
* * *
Միջազգային առաջնորդութեան մասին խօսում են անյուսօրէն տգէտները միայն: Պատմութեան դեռ անծանօթ է նմանը: Առաջնորդը – իբրեւ տուեալ ազգի կուլտուր-ընկերային գործառնութեանց կիրարկիչը – միշտ էլ երեւան է գալիս ազգային կնիքով:
* * *
Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական: Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը՝ դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:
* * *
Փառասէ՞ր է առաջնորդը – փառասէր է ճշմարիտ ամեն առաջնորդը – այդ ոչի՛նչ, բաւական է որ նա իր ազնուական ու ստեղծագործ փառասիրութեան միացնում է իր շարժիչ միտքն ու մեծ սիրտը, բաւական է, որ խաչ կայ իր ուսին:
Նմանի համար չէ՛ կոմպրոմիսը, նա վախ չունի հալածանքից եւ բնաւ հաշուի չի առնում, թէ իր սկսած պայքարում ո՞վ է իր հետ, ո՞վ՝ իրեն դէմ: Նրա առաջին թշնամին է կազմակերպուած միջակութիւնը՝ յանձին զանգուածների տգիտութեան եւ տկարութեան քուէներով ընտրուած իշխանութիւնը:
* * *
Երբ մի ժողովրդի մէջ ճշմարիտ առաջնորդի երեւումը ցնծութեան, փառաբանութեան եւ պաշտամունքի փոխարէն արժանանում է օձաթոյն նախանձի, թշնամանքի ու մատնութեան՝ պէտք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:
«Ռազմիկ», 1941թ., թիւ 3
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից




Armenian