ՄԻՆԻԱՏԻՒՐ

«ՄԻՆԻԱՏԻՒՐ»

Մայիսեան հրաշագեղ առաւօտներից մէկն էր, երբ տիեզերքի Արարիչը մօտեցաւ երկնքի դռներին՝ նորազարթ երկրի աղօթքը լսելու…

Գեղեցի՜կ էր այդ օրը, գեղեցիկ կոյսի կոկոն կրծքի նման, կոյսի առաջին սիրոյ նման…

Գեղեցիկ էր այդ օրը, անհուն գեղեցիկ…

Բնության հրաշագեղ տաճարի մեջ երգում էին փետրաւոր երգիչները, բուրում էին, խունկ ծխում ծաղկապատ դաշտերը, աղօթում տիտան լեռները… Ե՛ւ քար, ե՛ւ ծաղիկ, ե՛ւ թռչնիկ՝ համայն բնութիւնը պատարագ էր մատուցում, երկնաւոր Արքայի անունն օրհնում…

Եւ բարձրանում էր հիմնը բնութեան կրծքից… Դէպ երկինքը, դէպ երկնքի դռները…

Գեղեցի՜կ էր այդ օրը, երազօրէն գեղեցիկ…

Աստւած տեսաւ ու սիրեց այդ օրը… Աստւած սիրեց ու ցանկացաւ յաւերժացնել այդ օրը…

Եւ կանչեց նա հրեշտակներին ու այսպես խօսեց.

- Սիրեցի ես այս օրը եւ կամենում եմ ստեղծել մի կոյս, որը նման լինի այս օրին… Բերէ՛ք, բերէ՛ք ինձ մի զոյգ վարդեր՝ կոյսին – այտեր, մի զոյգ աստղեր՝ կոյսին աչքեր, մի զոյգ ամպեր՝ կոյսին յօնքեր… չինարից՝ բոյ, բլբուլից ձայն բերէք կոյսին…

***

Հրեշտակները կատարեցին Արարչի կամքը:

***

Այսպէս Աստւած սիրեց ու յաւերժացրեց Մայիսեան հրաշագեղ օրը՝ ստեղծեց Կոյսին:

Գարեգին Նժդեհ


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։