Գոտևորենք Արագածը
Բնական հողում չորացող ծառին
Թե որ ջուր տվիր և խնամեցիր,
Շուտ կդալարի, խոր արմատ կտա,
Պերճաշուք ծաղիկ, շռայլ բերք-բարիք.
Նույնն էլ՝ մարդու հետ:
Չի հանգչում Ոգին և ոչ մի Հայի.
Այստեղ, Սփյուռքում, թե բանտախցում,
Գերի է ընկնում «ես»-ին կամ պահին,
Նիրհում, խամրում է, հետո՝ անթեղվում:
Անհատի հոգին պետք է սնուցվի
Ու մղվի Գենին, իր արյան կանչին,
Որ արթուն մնա և բոցավառվի
Հինավուրց ՀԱՅ-ի Արիական Ոգին:
Որպես սնուցման օրինակ մի վառ՝
Գոտևորումն է Արագած լեռան,
Որպես մեծ խորհուրդ Տիեզերական,
Խորհուրդ հաղթության և անկախության:
Ելնե՛նք միասին, ելնե՛նք, Հայորդի՛ք,
Գրկե՛նք ջերմորեն ու երկինք հանենք
Դարերը ճեղքած իմաստածառին՝
Որպես վառ փարոս Հայության Գոյի:
Որ համախմբվե՛նք, որ միասնանա՛նք,
Որ գոտեպնդվենք ու ոգեկոչվենք,
Մեր ձեռքսեղմումով ներարկե՛նք միմյանց
Ոգեղեն ներուժը համայն հայության:
Ի տես աշխարհի, ի լուր բոլորի,
ի աչքալուսանք գերի Մասիսի,
Վասն Հայ ազգի և Հայրենիքի
Մենք բա’րձր ձայնենք:
Որ, այո՛, մենք կա՛նք, ու դեռ պիտի գանք,
Մենք պիտի՛ հաղթենք ու բարգավաճենք,
Ապրե՛նք, արարե՛նք հպարտ, անկոտրում,
Մեր Սուրբ Հայկական Բարձրավանդակում:
***
Մասիսները՝ եղբայր ավագ,
Հայ լեռները՝ սատար բանակ,
Քառագագաթ լեռն Արագած,
Արա, Հատիս ու Աժդահակ:
Գրիգոր Մնացականյան




Armenian