Ա Ր Ա Ր Ա Տ – Ե Ր Ե Վ Ա Ն

Դեսանկա Մաքսիմովիչ (սերբ անվանի բանաստեղծուհի)

Սիլվա Կապուտիկյանի թարգմանությամբ

Ա Ր Ա Ր Ա Տ
Ինչպես հայդուկը իր խուլ դարանից,
միշտ այդպես էլ ես
Արևածագից մինչ արևամուտ՝ իմ պատուհանից
Աչքս չորս արած նայում եմ լարված,
Թե երբ պատռելով մեգը անթափանց
Այդ լեռը անտես
Դուրս կգա թանձր, ամպե պատյանից
Եվ ես կտեսնեմ նրան վերջապես:
Առաջին, երկրորդ, երրորդ լուսաբաց,
Եվ արարչական իր հեռուներից
Հայտնվեց հանկարծ
Նա – Արարատը:
Հայտնվեց հսկա, դժբախտ ու մենակ…
ՈՒզում եմ ձեռքս մեկնել դեպի Նա,
Քաշել, դեպի ինձ բերել քնքշորեն
Եվ ինչ-որ խոսքեր շշնջալ հարմար,
Շոյել, տաքացնել կողերը մարմար,
Հայաստան երկրից մի բուռ ծլարձակ
Հող պարզել իրեն,
Շենքերի համար բերված քարերից
Կենդանի մի քար դնել ճակատին, –
Սակայն վերստին
Վրա է հասնում մեգը անօրեն,
Ձեռ-ոտ են ընկնում ամպերը նորից,
Նորից վախեցնում,
Տանում են նրան:
Նա – Արարատը,
Որին թերևս հիմա չեմ տեսնում,
Չեմ լսում սրտի զարկերը Նրա,
Բայց գիտեմ՝ այնտեղ, իր տեղում է Նա.
Կանգնած մշտարթուն, հսկա և ուժեղ,
Նա պահակում է իր պահակներին,
Ականջը այստեղ՝
Հայաստան երկրից եկող ձայներին…

ԵՐԵՎԱՆ
Ինչ-որ ներշնչված մի ճարտարապետ
Աստծու նման, որը յոթն օրում աշխարհն արարեց,
Աստծու նման, սակայն մի օրում, մի գիշերվա մեջ
Արարեց քաղաքն այս հրաշակերտ
Ու վար իջեցրեց երկնքից գետին:
Իջեցրեց կարծես այսպես` պատրաստի,—
Եվ դրա համար
Տները այստեղ նման են իրար,
Երկվորյակի պես,
Եվ դրա համար
Տները այստեղ ծնվել են ասես
Նույն ներշնչումից,
Նույն ստեղծումից,
Նույն ճառագումի շողքն ունեն վրան:
Ոչ մի այլ վարպետ չի շեղել նրան`
Հայոց վարպետին
Հին ու նոր ոչ մի ուղի ու դպրոց,
Վերածնության` այլատարր մի ոճ
Սանձեր չի դրել նրա սլացքին:
Նա՝ ինքնասածի,
Ինքնության ոգին`
Երակների մեջ, խորքերում արյան,
Արարող ձեռքով հունցել է կավը իր աստվածային
Ու Երևանին մարմին է տվել:
Եվ դրա համար
Քաղաքն, ինչքան էլ հաղթական փռվել,
Սակայն նայողին թվում է նորից,
Թե միակտոր քարից է կերտված,
Ողորկ, ցոլարձակ, վարդագույն քարից:
Նույն ներշնչումով ձեռքը շինարար
Ճեղքել է ժայռը ու խանձված ժայռից
Աղբյուր է հանել ու ստեղծարար
Ջուրն է, որ բարի
Շատրվանում է ամեն մի քայլի,
Ցայտաղբյուրներից ուրախ ծիծաղում,
Մանուկների հետ վարդավառ խաղում,
Ամեն կաթիլից մի կրակ վառած
Պսակ է դառնում` հյուսված կրակից,—
Եվ դրա հւսմտր
Այստեղ ցերեկը` ջրերի ցայտքից,
Գիշերը` անթիվ լույսերի ցոլքից,
Երևանը` մերթ զով-զով ղողանջում,
Մերթ բռնկում է հրավառությամբ
Ու զանգի նման
Ու աստղի նման
Իր ժողովրդին բախտի է կանչում…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։