Ես փոխում եմ ազգանունս
Հայհոյում եմ ես անխնա,
Ազգանունս դնողներին,
Հայհոյանքս անեծք դառնա,
Գերդաստանս անպատվողին:
Կա մի բլուր արևելքում,
Նազարեթ են այն անվանում,
Ազգանունս ինչքան լսում,
Նվաստացած եմ ինձ զգում:
Անշուք բլուր՝ տնազ սարի,
Թզուկ՝ կողքին մեր սարերի,
Որ իր քաշով ոսկի լինի,
Սուրբ Մասիսի փոշին չարժի:
Ինչ կապ ունեմ ես դրա հետ,
Թէ չփոխեմ հենց այսուհետ,
Կհամարեմ ինքս ինձ անգետ,
Օտարամոլ, Մարդ անհեթեթ:
Ապ ու պապերս Խոյեցի,
Ես զտարյուն Հայաստանցի,
Ծնված ափին մայր Արաքսի,
Հովանու տակ Արարատի:
Թող կոչվեյի ես Խոյեցյան,
Արարատյան կամ Մասիսյան,
Թող Դվինյան կամ Արաքսյան,
Արտաշատյան, Արագածյան:
Թող կոչվեյի Անտաշքարյան,
Թեկուզ լիներ ոչ սազական,
Կմնայի կառչած դրան,
Միայն լիներ այն հայկական:
Ծրագիր է հետապնդել,
Արմատներից փորձել կտրել,
Ո՞վ է հարցն այդ կարգավորել,
Երբ պետություն չենք ունեցել:
Ոնց ծիրանի համն ու գույնը,
Ամեն մարդու ազգությունը,
Եվ անկասկած ինքնությունը
Ազգանունն է ու անունը:
Հոգ չէր լիներ վատ ազգանուն,
Չէր համարվի անպատվություն,
Եթե լիներ բացառություն,
Բյուր լավի մոտ, մեկ թերություն:
Տեսեք՝ թե կա մի Դարբինյան,
Փոխարենը՝ տասը Նալբանդյան,
Մի Հովիվյան, բյուր՝ Դալլաքյան,
Էլ Խուրշուդյան, Աթարբեկյան:
Տասնյակ հազար Նազարեթյան,
Նազարբեկյան ու Նազարյան,
Բեկնազարյան, Գյուլնազարյան,
Աստված գիտե, թե էլ ինչյան:
Հազարավոր Ջահանգիրյան,
Բյուր Սաֆարյան, Հովհաննիսյան,
Էլ Պողոսյան ու Պետրոսյան,
Սարգսյան ու Սամուրգաշյան:
Չունենք ոչ մի Թագավորյան,
Չեք գտնի գեթ մեկ Արքայան,
Փոխարենը բյուր Սուլթանյան,
Սրանից էլ խայտառակ բան:
Հազարավոր Շահնազարյան,
Էլ Շահվերդյան ու Շահինյան,
Բյուր Շահբազյան ու Շահգելդյան
Ճիշտ պատկերը մեր պատմության:
Չունենք գեթ մեկ Հայաստանյան,
Բայց կա հազար Իսրայելյան,
Չկա գեթ մեկ Երևանյան,
Հազարավոր Ստամբուլցյան:
Մեկ Իշխանյան, տասը Խանոյան,
Չունենք անգամ մեկ Աստվածյան,
Տեսեք ինչքան Ալահվերդյան,
Ուր ենք հասել, ապշելու բան:
Էլ ինչով ենք հպարտանում,
Քրիստոնյա մեզ անվանում,
Սուլթան, ալահ, շահ ենք պաշտում,
Նման ձևով ուր ենք գնում:
Պաշտամունք է օտարների,
Բայց պաշտամունք ամոթալի,
Անպատվություն մեր անցյալի,
Ինչու նաև ոչ ներկայի:
Ինչու չկա մեկ Վագրյան,
Կամ թե ասենք հենց Առյուծյան,
Պատվավոր ու արքայական,
Փոխարենը բյուր Ասլանյան:
Մի Ծաղիկյան, հազար Գուլյան,
Էլ Գուլանյան, Գյուլիբեկյան,
Մի Սիրունյան, տասը Գյոզալյան,
Էլ Քալաշյան, Կարագյոզյան:
Տեսեք խելոք ու զարգացած,
Մաշկը սպիտակ, ոնց ցորեն հաց,
Զտարյուն հայ, արժան նախնյաց,
Աֆրիկյան է կոչվել հանկարծ:
Ինչ ասել է Ամիրզադյան,
Կամ թե ասենք հենց Չատոյան,
Ոնց ճակատին դաջված խարան,
Ներեք, բայց կա և Կզողլյան:
Ինչքան էլ մեր լավը ասենք,
Մեզ արիացի ազգ համարենք,
Վիճակն այս ի՞նչ անվանենք,
Թե աչքներս փակենք, լռենք:
Երևույթն այս շատ է նման,
Հարսնացուի մի աննման,
Ում հարսնաշորն հարսանեկան
Ունի անթիվ սև կարկատան:
Դիմազրկվել ենք կամավոր,
Թողած չքնաղ մեր սարուձոր,
Արքաներին արժանավոր,
Դարձել ենք խիստ օտարամոլ:
Ու հենց էսպես, բյուր, անհամար,
Ազգանուններ մեզ անհարմար,
Չես հասկանում ինչի՞ համար,
Ինչ է, չունե՞նք բառեր հարմար:
Բայց, փառք աստծո, դրանց կողքին,
Ազգանուններ ունենք կարգին,
Ջինջ, հայկական, մաքուր անգին,
Պատիվ բերող կրող անձին:
Ունենք Սարյան, Սասունյան,
Արևշատյան ու Լուսինյան,
Կա Արազյան ու Վահանյան
Եվ Արամյան ու Ավագյան:
Փառք դնողին, կա Բազեյան,
Նաև Հայկյան ու Տիգրանյան,
Անգամ Պապյան ու Արմենյան,
Ազգանուններ խիստ պատվական:
Դե, կարծես թե բավ է այսքան,
Լցվեց բաժակն համբերության,
Այսօրվանից ինձ անվարան,
Անվանում եմ Գագիկ Հայկյան:
Բան կա փոխման չէ ենթակա,
Ոնց սրբություն, աստված վկա,
Հայրանունն ու ծնողն է դա,
Մինչ փոխելու բաներ շատ կա:
Անկախություն է բաղձալի,
Պահը հարմար, նպաստալի,
Փորձենք մաքրել մեր անցյալի,
Հետքերը սև, ամոթալի:
Թող որ ոչ ոք չնեղանա,
Ասելիքս ճիշտ հասկանա,
Շատ բան կանցնի ու կգնա,
Ազգանունը միշտ կմնա:
Եթե ունենք հիշողություն,
Ու ազգային հպարտություն,
Չկա ոչ մի դժվարություն,
Անհրաժեշտ է լոկ ցանկություն:
Եկեք փոխենք մի անգամից,
Ազգանուններ ընտրենք անբիծ,
Սերունդները հենց վաղվանից,
Գոհ կմնան անշուշտ մեզնից:
Գուսան Հայկազուն




Armenian