Դատավարություն – 2-րդ մաս – Արամ Մկրտչյան (Գերմանիա)

Հայաստանյայց եկեղեցին զրկվեց Մեծ դատավորի իրավունքից, եւ ցայսօր հայոց կաթողիկոսը Մեծ դատավորի տիտղոսը կրելու իրավունք չունի

Սկիզբը՝ թիվ 4-ում

428թ. Պարսից Վռամ IV թագավորի կամքով Հայքի Արեւելյան մասի վրա ստեղծվում է մարզպանություն, որտեղ իշխանությունը, ըստ Եղիշեի, անցավ հայոց նախարարներին: 429թ. ասորի Սուրմակ կաթողիկոսի փոխարեն Հայոց կաթողիկոս է դառնում ասորի Բրքիշոն: Չնայած այն բանին, որ հայոց գահը զրկված էր թագավորից, իսկ Հայոց կաթողիկոս է դառնում ասորին, Վռամ IV թագավորն ընդունում է հայոց հոգեւոր դասի Մեծ դատավորի իրավունքը, ինչպես նաեւ հայոց նախարարների ժառանգական իրավունքները եւ սահմանում է հայոց նախարարների տիրույթների սահմանը: Վռամ IV-ն ընդունում է, որ հայ նախարարները պետք է զորք ունենան, բայց միեւնույն ժամանակ Հերում, Նախիջեւանում եւ Արտաշատում տեղադրում է իր կայազորները:

Բյուզանդիայի եւ Պարսկաստանի հաջորդ հակասությունը իր հանգուցալուծումն է ստանում 441թ.: Հազկերտ II-ը պարտության է մատնում բյուզանդական կայսեր Թեոդորոսին եւ ստիպում վերահաստատելու Բյուզադիայի եւ Պարսկաստանի միջեւ 421թ. կնքված 50-ամյա խաղաղության պայմանագիրը: Հազկերտ II-ը հայոց նախարարներին վերահսկելու նպատակով Հայք է ուղարկում Դենշապուհին, ով խնդիր ուներ թշնամացնել հայոց նախարարներին եւ խռովություններ սերմանել նրանց ու հոգեւոր դասի միջեւ: Այդ պահին Հայքի հազարապետն էր Վահան Ամատունին, մաղխազն էր Խորեն Խորխոռունին, իսկ Մեծ Դատավորն էր Հովսեփ Վայոցձորեցին: Դենշապուհի մուտքից հետո Հազկերտ II-ի հրամանով Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունին, Խորեն Խորխոռունին եւ Հովսեփ Վայոցձորեցին պահպանում են իրենց իրավունքները, իսկ ահա Վահան Ամատունին զրկվում է հազարապետի պաշտոնից: Հայոց իրավունքներին տեր դառնալու նպատակով 450թ. Հազկերտ II-ի հրամանով հայոց հեծելազորը Հայքից տեղափոխում է Պարսքի հեռավոր շրջանները, որից հետո եւ նոր միայն Հազկերտ II-ը իր զորաբանակն ուղարկում է Հայք: Այդ նույն ժամանակահատվածում Միհրներսեհի բանակը կազմ եւ պատրաստ գտնվում էր Փայտակարանում՝ Հայք արշավելու համար: Վարդան Մամիկոնյանը հասկանալով մոտալուտ պատերազմի վտանգը՝ անցնելով իր զորագնդի գլուխը, շարժվում է Վրաստան՝ նպատակ ունենալով կասեցնելու Վրաստանի պարսիկ մարզպան Սեբուխտի բանակի տեղաշարժը, ով ձգտում էր անցնել Փայտակարան եւ միանալ զորավար Միհրներսեհի զորքերին: 450թ. սեպտեմբերին Վարդան Մամիկոնյանն իր զորագնդով շարժվում է դեպի աղվանական արքունիքի ձմեռային աթոռանիստ Խաղխաղ քաղաքը (այժմ՝ Ղազախ), որտեղ Սեբուխտի զորքերը Քուռ գետի ձախ ափին սպասում էին Վարդան Մամիկոնյանի զորքին: Խաղխաղի ճակատամարտում Սեբուխտի զորագունդը պարտության է մատնվում, Վարդան Մամիկոնյանը շարժվում Աղվանքի խորքերը, հասնում Թարթառ գետի հովիտը, գրավում Պարտավ քաղաքը: Վարդան Մամիկոնյանի զորագնդին հաջողվում է ջարդել Ալանաց դուռը պաշտպանող պարսկական կայազորը եւ հեփթաղների (հոների) հետ կնքել դաշինք: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ Վարդան Մամիկոնյանը Պարսկաստանի դեմ կռվելու համար բյուզանդական կայսրից ռազմական օգնություն խնդրելու նպատակով բանախոսներ է ուղարկում Վահան Ամատունուն, Հմայակ Մամիկոնյանին եւ Մեհրուժան Արծրունուն: Բյուզանդական Մարկիանոս կայսրը մերժում է Վարդան Մամիկոնյանի խնդրանքը եւ հայոց որոշման մասին տեղյակ պահում Հազկերտ II-ին: Մերժման պատճառը, մեր կարծիքով, հայոց կողմի մասնակցության հարցն էր 451թ. Քաղկեդոնի ժողովին, որտեղ պետք է լուծվեր միասնական մեկ ընդհանրական եկեղեցու կանոնակարգ ունենալու խնդիրը, նաեւ Հայոց Աշխարհի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ապագա տեղը քաղաքակրթության մեջ: Մինչ Վարդան Մամիկոնյանը Աղվանքում էր, Հայքում տնօրինում էր Վասակ Սյունին, եւ չունենալով որեւէ տեղեկություն Վարդան Մամիկոնյանից, նաեւ օգնություն Բյուզանդիայից, Վասակ Սյունին որոշեց ինքնուրույն քայլեր կատարել:

Վասակ Սյունին մտահոգ էր, որ օգնության բացակայության դեպքում իր եւ Վարդան Մամիկոնյանի ծրագիրը կխափանվեն եւ ինքը կկորցնի Տիզբոնում իր պատանդ զավակներին, ինչպես նաեւ Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը եւ իր կյանքը: Ավելի լավ վիճակում չէր Հազկերտ II-ը, 450թ. աշնան վերջերին նա հեփթաղների (հոների) դեմ պատերազմում պարտված վերադառնում է Տիզբոն: Իմանալով Վասակ Սյունիի եւ Վարդան Մամիկոնյանի դիրքորոշման մասին՝ Հազկերտ II-ը ներման խոստումով դիմում է հայոց նախարարներին եւ կաթողիկոսին՝ ցանկանալով կանխել իր համար անկանխատեսելի պատերազմը: Իր համար նման ծանր պայմաններում Վասակ Սյունին գնաց նվաստացուցիչ համագործակցության Հազկերտ II- ի հետ: Ստանալով վերջինիս խոստումը՝ Վասակ Սյունին հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից եւ պատրաստ է ներել ապստամբներին:

Այս հակասական իրադրությունից առաջ հայոց նախարարները իրենց զորքերը դրել էին սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ մարզպան Վասակ Սյունիի ղեկավարության տակ: Վասակ Սյունիի ենթակայությամբ էին Բագրատունու, Խորխոռունու, Ապահունու, Վահեւունու, Պալունու, Գաբեղունու, Ուրծայի, Ռշտունյաց Արտակի, Ակեաց Ընջուղի, Ամատունյաց Մանենի 4550 հեծյալները եւ 10-11 հազար հետեւակը: Մինչ Վասակ Սյունին իր համար նվաստացուցիչ համագործակցության եզրեր էր փնտրում, Հազկերտ II-ի հետ համագործակցությունը շարունակելու համար, Վարդան Մամիկոնյանը, պարսից զորքերի ներխուժումից պաշտպանվելու համար, Ներշապուհ Արծրունու հրամանատարությամբ 23-25 հազարանոց գունդը ուղարկում է Պարսկաստանին սահմանանկից Հեր եւ Զարեւանդ գավառները եւ նախապատրաստվում է 451թ. մայիսին Հազկերտ II-ի դեմ պատերազմի դուրս գալու համար: 451թ. մայիսին Վարդան Մամիկոնյանը Արտաշատում անցկացնում է զորքերի ստուգատես: Մայիսի 20-ին Վարդան Մամիկոնյանի զորքը դուրս եկավ Արտաշատից եւ շարժվեց դեպի Ավարայրի դաշտ, Արտաշատից մինչեւ Տղմուտ գետը ընդամենը 150 կմ էր, այսինքն՝ 3 օրվա ճանապարհ. զորքը Ավարայր է հասնում մայիսի 23-ին: Պատմիչներ Եղիշեն եւ Ղազար Փարպեցին վկայում են, որ Ավարայրի ճակատամարտում հայկական բանակը կազմված էր 66 հազար մարդուց, իսկ պարսկականը՝ ավելի քան 200 հազար: Մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որտեղ 60 տարեկան հասակում զոհվեց Վարդան Մամիկոնյանը: Ըստ Եղիշեի եւ Ղազար Փարպեցու, հայկական բանակը Ավարայրի ճակատամարտում կորցրեց 1026 մարդ, իսկ՝ պարսկական բանակը 3544 մարդ:

Վրթանես Ա կաթողիկոսի կողմից հայ եկեղեցական հաստատված տոնացույցի անվանման մեջ, ի հիշատակ Ավարայրի ճակատամարտին ընկած հայ մարտիկների, «հայ եկեղեցական տոնացույցում կատարվեց փոփոխություն: Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը հաստատված Նահատակաց տոնը՝ ի հիշատակ 337թ. հայ-պարսկական պատերազմում զոհված քրիստոնյա Վաչե Մամիկոնյան սպարապետի, անվանափոխվեց եւ կոչվեց Վարդանանց նահատակների օր, դասեց նրանց «հայրենիքի սուրբ նահատակների շարքը»:

452թ. հունվարին Հազկերտ II-ը Տիզբոն կանչեց Մամիկոնյանների վարած պատերազմի մասնակից 37 նախարարի եւ 8 հայ հոգեւորականի: Նախարարների թվում էին Սյունյաց, Մամիկոնյան, Կամսարական, Ամատունյաց, Արծրունյաց, Գնունյաց, Անձեւացյաց, Տաղրացյաց եւ այլ տոհմերի ներկայացուցիչներ: Տիզբոնի դատավարության ընթացքում Հայոց Աշխարհից Տիզբոն բերվեցին Հմայակ Մամիկոնյանի 3 եւ Արշավիր Կամսարականի 2 պատանդված որդիները, որպես պատանդ բերվեցին նաեւ Վասակ Սյունիի որդիները: 452թ. հունվարին՝ հազարապետ Միհրներսեհի նախագահությամբ սկսվեց դատավարությունը: Առաջինը մեղադրանք ներկայացվեցին որպես Մեծ դատավոր կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցուն, Ղեւոնդ երեցին, Մուշեղին, Արշենին, Սամվելին, Աբրահամին, Սահակ եպիսկոպոսին ու Քաջաջին: Դատավարությանը չէր մասնակցում հայոց կաթողիկոս Մեծ դատավոր Հովսեփ Ա Հողոգմեցին, իսկ հոգեւորականության ներկայացուցիչները, մասնավորապես, Սահակ եպիսկոպոսը չկարողացավ պաշտպանել հոգեւոր դասի իրավունքը: Դատավարտոււթյան արդյունքում հայոց կաթողիկոս Մեծ դատավոր Հովսեփ Ա Հողոգմեցին եւ հայոց եկեղեցին զրկվեց Մեծ դատավորի իրավունքից: 452թ. առ այսօր հայոց կաթողիկոսը ներկայանում է միայն որպես Ամենայն Հայոց կաթողիկոս՝ առանց Մեծ դատավոր տիտղոսը կրելու իրավունքի: Տիզբոնի ատյանում մեղադրանք ներկայացվեցին հայոց նախարարներին, ովքեր միահամուռ մերժում են ներկայացված մեղադրանքները եւ պատասխանատվությունը տեղափոխում մարզպան Վասակ Սյունիի վրա: Վասակ Սյունին չկարողացավ պաշտպանել իր տեսակետը: Հազկերտ II-ի ցանկությամբ Վասակ Սյունիի համար կայացվեց մահվան դատավճիռ:

452թ. պարսից արքայական տան կողմից վերջնականապես բարոյապես գլխատեց հայոց հոգեւոր եւ ազնավուրաց դասը, Հազկերտ II-ի վճռով Հայաստանի 86 նախարարությունների 37 նախարարներ ու 8 հոգեւորականներ աքսորվեցին 12 տարով: 454թ. հուլիսի 7-ին Հազկերտ II-ի հրամանով պարսկական Նյուշապուհ քաղաքի մերձակայքում աքսորյալ հայ հոգեւորականների մի մասին սպանեցին, ողջ մնացած հայ հոգեուորականների մյուս մասն սպանվեց նույն թվականի հուլիսի 25-ին՝ Ռեւան քաղաքում: Երեցներ Խորեն Որկովեցուն եւ Աբրահամ Ձենակեցուն հրամայեցին կրոնափոխ լինել, ովքեր հրաժարվեցին: 462թ գարնանը, Հազկերտ II-ի կողմից աքսորված հայոց նախարարների կենդանի մնացած մասը հայրենիք վերադարձավ, նրանց ընդունեց Գյուտ կաթողիկոսը եւ Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցում օրհնեց, բարեմաղթություն ու քարոզներ կարդաց նրանց համար: 482-484թթ. մարզպանական Հայաստանը սպարապետ Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ դուրս եկավ Պարսից արքայից արքա Վաղարշի դեմ եւ հաղթեց նրան: 485թ. արքայից արքա Վաղարշի հատուկ հրամանագրով սպարապետ Վահան Մամիկոնյանը նշանակվել է Հայոց Աշխարհի տանուտեր եւ սպարապետ: Վահան Մամիկոնյանին ժողովուրդը ճանաչում էր որպես Տանուտեր Հայոց: 571-572թթ. Վարդան Մամիկոնյանը (Կարմիր կամ Կրտսեր Վարդանը) հայտնվեց հակասության մեջ Պարսքի հետ եւ դիմեց Բյուզանդիայի օգնությանը: Այդ հակասությունը հետզհետե վերածվեց պարսկա-բյուզանդական երկարատեւ պատերազմի եւ ավարտվեց 591թ.՝ Հայոց Աշխարհի նոր բաժանմամբ: Բյուզանդական կայսրությունն իր սահմանները հասցրեց մինչեւ Դվին եւ Վանա լիճ: Մարզպանական Հայոց Աշխարհի կազմում մնացին Ոստան գավառը, Վասպուրական եւ Մոկք նահանգները, իսկ 572թ. Սյունիքն անջատվեց մարզպանական Հայոց Աշխարհից եւ, իբրեւ առանձին վարչական միավոր, մտավ Ատրպատականի կազմ: Պարսկա-բյուզանդական պատերազմները շարունակվել են մինչեւ արաբական արշավանքները (628թ.): Բյուզանդական գերիշխանության պայմաններում մարզպանի փոխարեն նշանակվում էր երկրի կառավարիչ, որը կրում էր Հայոց իշխան կամ պատրիկ տիտղոսը: Մամիկոնյանների վարած ռազմավարությունը Պարսկաստանի եւ Հռոմի նկատմամբ կարելի է համարել արդարացված: Պարսքի իսլամացումից հետո Մամիկոնյանները իրենց որդիներից շատերին ուղարկում էին ծառայության բյուզանդական բանակ, ուր վերջիններս հասան ամենաբարձր պաշտոնների: Բյուզանդական Թեոդորա կայսրուհին եւ նրա եղբայրներ Վարդաս ու Պետրոնաս պատրիկները եւս սերում էին Մամիկոնյաններից: Բյուզանդական տիրապետության շրջանում, մինչեւ 636թ. արաբների կողմից Երուսաղեմի գրավումը, Երուսաղեմի Հայ եկեղեցին հակասության մեջ էր քաղկեդոնականների հետ: Երուսաղեմի հայոց հոգեւոր առաջնորդ, առաջին Պատրիարք Աբրահամը Երուսաղեմի Հայ Եկեղեցու իրավունքը հաստատելու նպատակով մեկնել է Մուհամեդ մարգարեի մոտ եւ նրանից ստացել մի հավաստագիր, որով Մարգարեն ճանաչել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության բացառիկ հոգեւոր իրավունքը եւ Հայոց սեփականություն է ճանաչել Ս. Հակոբյանց վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Ս. Ծննդյան Տաճարը, Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքը եւ այլն: Այս լուրջ հաջողությունը իր տրամաբանական շարունակությունը չստացավ, որի հետեւանքով Հայոց Աշխարհը այս անգամ դարձավ արաբա-բյուզանդական պատերազմների ռազմաբեմ, իսկ Մամիկոնյանները, որպես ավանդական սպարապետներ, ընդունեցին հակաարաբական կեցվածք եւ լուրջ ռազմական գործողություններ իրականացրեցին 772-775թթ.:

Իբրեւ ամփոփում. 428թ. Վռամ IV-ը Տիզբոնում դատական ատյանի է կանչում Հայոց թագավոր Արտաշես Գ-ին: Վերջինս հերքում է իր դեմ հարուցած ամբաստանությունները, գահազրկվում է եւ դրանով ավարտում է Հայ Արշակունիների գահակալությունը եւ Հայոց Աշխարհում դադարում է գործել Հայոց Մեծաց թագավոր տիտղոսը:

- 450թ. բյուզանդական Մարկիանոս կայսրը մերժում է հայոց խնդրանքը եւ հայոց որոշման մասին տեղյակ է պահում Հազկերտին II-ին, մերժումի պատճառը հայոց կողմի մասնակցության խնդիրն էր 451թ. Քաղկեդոնի ժողովին: Ժողովում լուծվելու էր միասնական մեկ ընդհանրական եկեղեցու կանոնակարգ ունենալու խնդիրը նաեւ Հայոց Աշխարհի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ապագա տեղը քաղաքակրթության մեջ:

- 452թ. Հազկերտ II-ը նույն Տիզբոնում փաստացիորեն կրկնեց Վռամ IV-ի որոշումը՝ այս անգամ կիրառելով այն հոգեւոր դասի դեմ՝ զրկելով հայոց հոգեւոր դասի գերագույն առաջնորդին, կաթողիկոսին ներկայանալ որպես Մեծ դատավոր, քանի որ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին չէր միացել բյուզանդական եկեղեցուն:

- 636թ. արաբները գրավում են Երուսաղեմը: Երուսաղեմի հայոց հոգեւոր առաջնորդ, 1-ին Պատրիարք Աբրահամը, Երուսաղեմի Հայ եկեղեցու իրավունքը հաստաելու համար մեկնել է Մուհամմեդ մարգարեի մոտ եւ նրանից ստացել մի հավաստագիր, որով Մուհամեդ Առաքյալը ճանաչել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության բացառիկ իրավունքը:

Այսպիսով՝ Հայոց հանրության համար 428թ.-ից մինչ 636/638թթ. ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել բազում դեպքեր, որոնք մեծ փոփոխությունների են ենթարկել տարածաշրջանը եւ մեր իրավունքները, այդ բազում իրադարձությունների մեջ մեզ համար առանձնանում են 4-ը, որոնցից վերջինը մեր հայոց էթնոսի հոգեւոր բացառիկ իրավունքի արտահայտիչն է միջկրոնական եւ էկումենիկ դաշտերում:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

«Լուսանցք» թիվ 5 (268), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։