Նվիրում եմ Հայոց Մեծ Եղեռնի բյուրավոր մազապուրծ տառապյալ որբերին, որոնցից մեկն էլ հայրս էր՝ Սենո Մխիթարի Բալայանը (հորս մանկությունը վեպից)
Թերթում եմ ես ստվար գիրքս՝
Անապաստան որբերիդ,
Ծառս է լինում վերնագիրը,
Քո մանկության օրերի:
Իմ դեմ կանգնած սուրբ Լեռները,
Լուռ նայում են անցորդին,
Այն կողմ մնաց սարսռաբեր
Կյանքեր հնձող գերանդին…
- Ո՞ւմ էիր պետք Դու այն պահին,
Ո՞վ կլիներ Քեզ սատար,
Ո՞վ իր ձեռքը Քեզ կմեկներ՝
Դառնար որբիդ փրկարար:
Մենակ Դու չես, հազարներ են,
Թափառական անտերունչ,
Որ Քեզ նման որբացել են,
Սիրտը խոցված լուռ ու մունջ:
Որբանոցի պատերի տակ,
Մերկ ու սովից հալածված,
Մեռնում էին խեղճ, անգիտակ,
Բյուր մանուկներ որբացած:
Մխո պապիս Մեղրագետի
Ափի ծառից կախեցին,
Հինգ որդոցը Քոլոսիկի
Մարագներում այրեցին…
Մեծ Հոպոյիս կապկպված
Ո՞ւր են տարել, չգիտեմ,
Անվերադարձ հետքը կորած,
Թե ի՞նչ եղավ, ո՞վ գիտե…
Եվ շատերին շարան-շարան,
Թե ո՞ւր տարան, չգիտեմ,
Միայն գիտեմ, որ որբացան,
Հորս նման մանուկներ…
Մահվան արնոտ գերանդին էլ,
Որ գործում էր ամենուր,
Ա՜խ, հնձում էր ծեր ու մանուկ,
Հղի կանանց մենավոր…
Դավիթ Սեն Բալայան




Armenian