ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում…
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս  Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ…

Դավիթ Սեն Բալայան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։