Հայրենասիրական

Հայրենասիրական

Ազգահավաք է, նոր ազգի հավաք…
Մանուկ Մհերը զարթնել է նիրհից
Եվ հայրածիծաղ հոգով զորացած՝
Հայոց Երկնքից թևածում է ցած
Դեպի մայր երկիր՝ հողը Ավետյաց,
Դեպ Սրտատունը իր հզոր նախնյաց՝
Բերելով իր հետ ժամանակը Հոր՝
Հայոց գալիքը՝ հինավուրց ու նոր…
Ե’վ ղողանջում են սրտերը բոլոր,
Ե’վ մանկանում են դարերն ալևոր,
Արթուն Մհերն է կանչում ամենքին.
Հայահավաք է, նոր ազգի հավաք…

* * *
ՈՒռկանդ վերցրո’ւ, գնա’ այստեղից,
Դու Հայոց ծովից առնելիք չունես,
Հայոց աշխարհը Հային է տրված,
Իսկ դու օտար ես և իրավազուրկ,
Քանզի մաս չունես Հոգու Աշխարհից,
Լույսի աշխարհից տանելիք չունես…
ՈՒռկանդ վերցրո’ւ, գնա’ այստեղից,
Աշխարհի իշխա’ն, խաբող բռնապետ…

* * *
Հողի վրա ես, բայց հողինը չես,
Աշխարհի մեջ ես, աշխարհինը չես,
Ո՞վ ես դու, գիտե՞ս՝ որտեղի՞ց եկար,
Ի՞նչ պիտի անես, ի՞նչ է լինելու…
Հարցերը շատ են, պատասխանը՝ մեկ,
Աշխարհը հարց է, իսկ դու՝ պատասխան,
Դու Հոգի ես՝ Սեր, դու Սիրտ ես, դու՝ Հայր,
Լույսի գավաթ ես, դու իշխող ես՝ Հայ…

* * *
Այս անձնագիրը նոր անձիդ գիրն է,
Կյանքի անցաթուղթ՝ մուտքի և ելքի,
Վկայականն է Հայի ինքնության,
Իրավունքների և իշխանության,
Նրա տարիքի և հասունության,
Նրա ուղղաքայլ աներերության…
Այս նոր անձնագրին շատերն են ձգտում,
Բայց սա քոնն է, Հա’յ, ոչ մեկին չտաս…

Իշխան Բադալյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։