Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը… Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով – Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին…

- Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը…

- Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով…

- Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին…

 Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը

Հուլիսի 10-ին «Ոսկե ծիրա­ն» կինոփառատոնի շրջանակներում Արմավիրի մարզում, «Սարդարապատ» հուշահամալիրի հարեւանությամբ Տոլմայի՝ արդեն երրորդ փառատոնը, որ կոչվում է «Ուդուլի» անվամբ (ուրարտերեն՝ խաղողի վազ) այցելուներին ներկայացավ 24 տաղավարներով:

Ներկայացված էր գառան ծեծած մսով, պասուց, սնկով, մի խոսքով՝ տոլմայի 60 տեսակ: Ելնելով այն բանից, որ փառատոնն անցկացվում էր երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հյուրերի թվում էին նաեւ «Ոսկե ծիրա­ն»-ականները: Կային մի քանի անվանակարգեր՝ «Լավագույն տաղավա­ր», «Լավագույն հա­մ», «Լավագույն տես­ք» եւ այլն:

Շատերի ուշադրությունը գրավեց մեր գործընկեր «Արվասար» ռեստորանի տոլման, որ, ինչպես ներկայացրեց ռեստորանի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, Աստվածային տոլմա է: Սա հաստատ ծիսական օրերին մեր Աստվածներն են ճաշակել իրենց մարդկանց՝ հայերի հետ միասին՝ տիեզերական հատուկ օրերին, երբ բացվել են տիեզերքի դռները ու հանդիպել են Հայ մարդն ու Աստվածը: Երբ իմացանք պատրաստման եղանակը, հասկացանք, որ այն բնորոշ է հարուստ երկրին՝ ծախսատար է, ժամանակատար, մեծ սեր ու ջերմություն է պահանջում եւ, ամենակարեւորը, այս տոլման պիտի ճաշակի վայելքի համն իմացողը, նրբաճաշակ քիմք ունեցողն ու հացի խորհուրդը հասկացողը:

Ի դեպ, հենց «Արվասարն» էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը:

 * * *

 Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով

Տավարի փորը 2-3 օր սառը ջրի մեջ լավ մշակել: Երբ արդեն պատրաստ կլինի, վերցնել երկու կավե ամաններ, բերաններով կպցնել իրար: Տավարի փորը փռել սեղանին, կավե՝ արդեն ընդհանուր ամանը դնել մեջտեղը, տավարի փորը հավաքել, կարել զամբյուղի տեսք տալով ու դնել մի կողմ:

Վերցնել մեծ կաթսա, լիքը ջուր լցնել, համեմել սխտորով, դափնու տերեւով, չորացրած սամիթի ճյուղերով, համեմով, կանաչ տաքդեղով: Հետո ջրի մեջ դնել տավարի փորը, թողնել վրան երկու եռ գա: Այնուհետեւ ջրից հանել փորը:

Ջուրը թափել, կաթսայի մեջ թարմ ջուր լցնել, կրկին նույն ձեւով համեմել, փորը դնել մեջը եւ այս անգամ թողնել, որպեսզի մի քիչ շատ եռա:

Հետո հանել, թողնել սառչի:

Դրանից հետո զամբյուղի ձեւ ստացած տավարի փորի կարը քանդել, միջից հանել կավե ամանները զգուշությամբ, որպեսզի փորը չվնասվի եւ զամբյուղի ձեւը չկորի:

Փաստորեն, փորն արդեն լրիվ պատրաստ է, որովհետեւ համեմվելով եփվելուց հետո ոչ մի հոտ արդեն չունի:

Մսային զանգվածի համար վերցնել տավարի եւ գառան փափկամիս: Համեմել հաճարով, սոխով, մի փոքր սխտորով, մանր կտրատած գունավոր տաքդեղներով, դարձյալ մանր կտրատած լոլիկներով, շատ մաղադանոսով եւ աղով ու սպիտակ պղպեղով:

Հիմա նորից վերցնում ենք փորը (փլավքամիչի կամ շոգեխաշելու համար հատուկ խորը ցանցի մեջ դրված), տակը դնում երկու սխտոր: Փորի մեջտեղում դնում ենք մսով լցոնած կարտոֆիլը, գազարը, սմբուկը, դդմիկը, գունավոր տաքդեղները, իսկ փորի եզրերին (ներսից) շարում խաղողի թփով բարակ ու երկարավուն փաթաթած տոլմաները: Այս ամենի վրա խաղողի տերեւներ փռել ու փորը կրկին թեթեւակի հավաքելով կարել:

Փորը շոգեխաշում ենք թարմ՝ համեմված (ինչպես վերեւում) ջրով:

Մեզ մնում է կարը քանդել ու մատուցել տոլման:

Եվ ամենակարեւորը՝ այս տոլման պետք է հյուրասիրել ամենարժանավորներին, քանզի այն աստվածային ու ծիսական ուտեստ է:

* * *

Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին

Գառան տոտիկները 2 օր մշակել սառը ջրի մեջ:

Երբ արդեն պատրաստ կլինի, եփել սխտորով, գազարով, տաքդեղով, դափնու տերեւով, չորացրած սամիթի ճյուղերով եւ աղով համեմված ջրով:

Եփել այնպես, որ արդեն ուտելու լինի:

Հետո վերցնել մեծ գունավոր՝ կանաչ, կարմիր եւ դեղին տաքդեղներ ու դրանք լցոնել խաղողի տերեւով փաթաթված տոլմաներով:

Լցոնելուց հետո տաքդեղների վրա նախօրոք գառան յուղոտ մսերից դնել եւ զգուշությամբ միսը կարել տաքդեղներին:

Այնուհետեւ մեծ թավայի մեջ շատ բուսայուղ լցնել, տաքդեղներտը գլխի վրա շուռ տված տապակել, որպեսզի միսը եփվի:

Հետո տաքդեղները շուռ տալ, որպեսզի սրանք էլ մի փոքր տապակվեն:

Դրանից հետո տաքդեղները  հանել, շարել փլավքամիչի վրա, տաքդեղների վրա էլ դնել գառան եփված տոտիկները ու շոգեխաշել:

Հենց եփվեն տաքդեղները, թելերը զգուշությամբ քանդել, որպեսզի տոլմաները երեւան:

Կրկնում ենք՝ մատուցել արժանավորներին՝ նույն պատճառաբանությամբ:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։