Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ

Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ

Տեսնում եմ ինձ՝ կախված պարանից,
Աչքերս հանած ու պատռած բերան,
Տեսնում եմ սգող մայրական սրտից
Մասնատված որդու արցունքի վարար:
Տեսնում եմ դիեր, գանգեր բազմազան,
Արյուն եմ տեսնում, գիշատիչ գազան,
Փսլնքոտ երախ, սրած մագիլներ
Եվ անօթևան բազում հոգիներ…
Ձայներ եմ լսում ահարկու, խեղդված,
Հավերժ լռություն աղերսող ձեռքեր,
Խելագար աչքեր ու հենց նոր ծնված
Փոքրիկի մարմնին՝ դանակի հետքեր:
Չկա սրբություն, տրորված է այն,
Մեռած է նաև արդարությունը,
Նեռն է ուղեկցում չարին լռելյայն, -
Զարկի’ր յաթաղան, թափի’ր քո թուրք թույնը:
Զարկի’ր անվրեպ, զարկի’ր անխնա,
Եվ թող հայ կոչվածն իր տեղն իմանա,
Թող ձուլվի հողին կամ թող ծնկի գա,
Որ թուրք ասկյարի չափը իմանա:
…Բայց սխալվեցին, ապրում է հայն ու
Դրոշ պիտի պարզի Մասիսի գագաթին,
Կյանքի է կոչում իր սերունդներին,
Վրեժ է երգում և ոչ՝ իր վայը:
Ոսկի հասկեր են բռնել դաշտերը,
Անտառը նորից զմրուխտ է հագել,
Գործի է անցել ծերուկ ռանչպարը,
Իր թոռներին է հայությամբ օծել:
ՈՒ թոռները նրա դյուցազուն,
Արդեն խմբերով Գառնի են գալիս
Եվ հայ հեթանոս այս տաճարում
Արդար Վրեժի երդում են տալիս:
Երդվում են քշել օտարին՝ տանից,
Երդվում են Նախնյաց Օջախը շինել,
Վահագն աստծուց ուժ են ստանում
ՈՒ սիրով լցվում Աստղիկից գեղուն:
Հավատում են վաղվա օրվան,
Եթե նույնիսկ չտեսնեն,
Պատգամում են սերունդներին,
Որ հորովելները երգեն…
Հո’լ արա, եզո ջան,
Հո’լ արա, ախպեր ջան,
Արարիչն է մեզ հետ,
Դեռ կոմիտասներ կգան:

  Վեվ Արյան (Վլադիմիր Խաչատրյան)  


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։