Տիեզերական զրույց
Զրուցում եմ քեզ հետ՝
լույսի լեզվով,
հեռավոր մի մոլորակի
մտապահված բարբառով,
աստղերի, հրեշտակների,
աներևույթ էակների
ծածկագրված բառերով:
Զրուցում եմ քեզ հետ՝
քարերի լռությամբ,
քարերի մեջ լողացող
ավազների ծով համբերությամբ,
վերընթաց սիրով,
որ չծնված թռչունի
փետուրի պես
դեռ դրված է ձվի մեջ՝
կապտաթև առավոտի:
Արևշատ Ավագյան




Armenian