ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ
Բեռնար Ֆասյեին
Յուրի Մերզլյակովին
Մեթյու Բրայզային
Բանակցությունների գաղտնի ձևաչափը հնարավորություն չի տալիս ժողովուրդներին, այդ թվում հայ ժողովրդին և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցությունների ընթացքում քննարկվող, համաձայնեցված և վիճելի հարցերի, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների մասին, և համապատասխան վերաբերմունք արտահայտել դրանց վերաբերյալ:
Նկատի ունենալով մինչ օրս եղած տեղեկատվական արտահոսքերի բովանդակային ուղղվածությունը, համոզված ենք, որ եթե այն պարունակի անընդունելի զիջումներ հայկական կողմից, և եթե անգամ Հայաստանի անունից բանակցող պաշտոնյաները, ներառյալ նախագահը, համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նման որևէ առաջարկության, դրա գործադրման փորձը կհանդիպի հայ ժողովուրդի հուժկու հակազդեցությանը:
Վերջին տարիներին ու նաև այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հրապարակայնորեն պահանջել են բանակցող կողմերից «նախապատրաստել» հանրային կարծիքը սեփական երկրներում: Փաստորեն, բանակցությունների բովանդակությունը բացահայտելու, ժողովուրդների կարծիքը իմանալու և հաշվի առնելու փոխարեն, փորձ է արվում ազդել երկու երկրների հանրային կարծիքի վրա, կիսատ տեղեկատվությամբ և կամայական մեկնաբանություններով ապակողմնորոշել ժողովուրդներին և առաջին հերթին հայ ժողովրդին:
Մենք պահանջում ենք պաշտոնապես բացահայտել բանակցությունների ընթացքում արդեն համաձայնեցված և դեռևս վիճարկելի կետերի ամբողջ բովանդակությունը և դադարեցնել հայ ժողովրդին անընդունելի զիջումներ պարտադրելու փորձերը:
Միաժամանակ պահանջում ենք չօտագործել Ղարաբաղյան հակամարտությունը որպես տարածաշրջանում օտարերկրյա զինված ներկայությունը ավելացնելու կամ կայացած հավասրակշռությունը խախտելու առիթ: Հայ-ադրբեջանական շփման գծում 13 տարի խաղաղություն է: Խաղապահների ենթադրյալ մուտքը տարածաշրջան, ինչպես նաև դրան հաջորդող գործողությունները խախտելու են կայացած ստատուս-քվոն: Այս ամենը ոչ մի կապ չունի անվտանգության հետ, այլ, ընդհակառակը, մեծագույն սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
«Խաղաղություն» քաղաքացիական նախաձեռնություն




Armenian