Հեթանոսական տոներ

ԳԱՐՈՒՆ
Գարունը վերածնունդը հաստատող տարվա եղանակն է, երբ բնությունը հրաժեշտ է տալիս իր նիրհին, և ձմեռվա ձյունը հալվում է. ջուրն ու արևի ջերմությունը  հողը պատում են սիրո և բեղմնավորման տենչով ու իր գիրկն առած սերմերից վեր են բարձրացնում ծիլերը: Գարունը տիեզերական պարբերության արտահայտումն է, բնության ինքնանորոգվելու, թարմանալու, անընդհատականության արտահայտումը:
Հայն իր բազմաթիվ տոները նշել է գարնանը և  աստվածների փառաբանումները զուգորդել գարնանային հողագործական աշխատանքներով: Այդ տոներից ամենակարևորը Վահագնի ծնունդն է, որը հնում  եղել է նաև Ամանոր: Գարնանն է նշվել նաև Անահիտին նվիրված  Մայրության տոնը և  Զատիկը:
ԱՐԵԳ
Արեգը Հայկյան անշարժ տոմարի 8-րդ ամիսն է և տևել է մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը: Ըստ Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի և Գրիգոր Տաթևացու՝ Արեգը Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի, Ղևոնդ Ալիշանի, Հրաչյա Աճառյանի՝ Արեգ բառը ծագել է Արեգակից, քանի որ Արևի զորությունն այդ ամսին սկսում է ակնհայտորեն զգացվել, և բնությունը զարթնում է:
Արեգ է կոչվել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Որոշ տոմարագետների դա հիմք է տալիս   տարեգլուխը համարելու Արեգ ամսվա առաջին օրը, որը  համապատասխանում է մարտի 21-ին: Հին Հայաստանում ամենատարածվածը եղել է Արեգակի պաշտամունքը: Արևապաշտներն իրենց համարել են արևորդիներ, իսկ իրենց առաջնորդներին՝ Հազրպետներ: Նրանք աղոթելիս դեմքերն ուղղել են դեպի արևն ու ձեռքներին պահել սրբազան համարվող՝  բարդու կամ շուշանի ոստեր: Արեգակին նվիրված արձաններն են կառուցվել Արմավիրի մեհյանում Վաղարշակ թագավորի կողմից:
Ավանդույթ կա, որ Արեգը՝ որպես Արևի պատգամախոս, բնակվում է Միհր-Արևին նվիրված Գառնի տաճարում:
Մարտը հին Հռոմեական օրացույցի առաջին ամիսն էր: Ամսանունը  ծագել է պատերազմի աստված Մարս-ի անունից: Հայերեն մարտը նույնպես նշանակում է պատերազմ:
ՎԱՀԱԳՆ
Վահագնը Հայոց դիցարանի երրորդ աստվածությունն է. կազմված է Վահ-«աստված» և ագն-«հուր» բառերից և նշանակում է կրակի աստված: Վահագնը հանդես է գալիս Վիշապաքաղ մակդիրով, քանի որ հաղթել է դրանց և հայոց ռազմի, զորության աստվածն է՝ Արամազդի որդին: Հայտնի է Տրդատ 1-ին արքայի հրովարտակը՝ հայ ռազմիկներին. «Քաջութիւն հասցե ձեզ ի քաջեն Վահանգնե. ամենայն Հայոց աշխարհիս»:
Վահագնին նվիրված գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոնի Աշտիշատ ավանում,  Քարքե լեռան լանջում, Ոսկեմայր Անահիտի և Աստղիկ դիցուհու մեհյանների կողքին: Մեհյաններ են եղել նաև Վարագա լեռան մոտ, Ահևական գյուղում, Բարձր Հայքի  Դերջան գավառում և այլն: Վահագնին նվիրված տաճարներում ծառայել են Վահունիք տոհմի քրմերը: Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա 27-րդ օրը կոչվում է Վահագնի անունով:
Պատմահայր Խորենացին մեզ ժառանգություն է թողել Վահագնի ծննդյան մասին մի հրաշագեղ բանաստեղծություն:
Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Վահագնի ծնունդը նշվում է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարին: 2006 թվականը համապատասխանում է Վահագնի ծննդի 9890 թվականին:
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ
Վաղնջական ժամանակներում մեր նախնիներն Ամանորը դիմավորել են մարտի 21-ին, գարնանային գիշերահավասարի օրը: Դա տարեգլխի պատահական ընտրություն չէր: Այդ հեռավոր ժամանակների հայ քրմերն իրենց բազմամյա դիտարկումներով նկատել էին,  որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին: Այդ օրն էլ հայ մարդը դարձրել է նոր տարի և նշել ցնծալի տոնախմբությամբ, փառաբանել բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, որպեսզի աստվածները բերքառատ դարձնեն տարին:
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ
Հայերն ունեցել են ոչ միայն ազգային ամսանուններ ու օրանուններ, այլև  գիշերն ու ցերեկը բաժանել են 24 մասերի և դրանց տվել անուններ.
Ցերեկվա
Այգ    Շանթակող
Ծայգ    Հրակաթ
Զայրացյալ   Հուրփայլյալ
Ճառագայթյալ   Թաղանթյալ
Շառավիղյալ   Արագոտ
Երկրատես   Արփող
Գիշերվա
Խավարակ   Հավաթափյալ
Աղջամուղջ   Գեղակ
Մթացյալ   Լուսաճեմ
Շաղավոտ   Առավոտ
Կամավոտ   Լուսափայլ
Բավական   Փայլածու
Այս անունների մեջ հին հայերի գեղագիտական ճաշակն է օրվա առանձին պահերի երանգները տարբերակելիս: Դրանցից մի քանիսը ժամանակակից հայերենում պահպանվել են որպես որևէ պահ ցույց տվող հասկացություն (օրինակ՝ այգ, աղջամուղջ, առավոտ):
ԱՀԵԿԱՆ
Ահեկանը բուն Հայկյան անշարժ տոմարի  9-րդ ամիսն է և տևել է ապրիլի 8-ից մայիսի 7-ը: Ըստ Գրիգոր Տաթևացու Ահկին Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Անանիա Շիրակացու, հնում այս ամիսը կոչվել է Հարովանց և կապված է գարնանային աշխատանքների  բնույթի հետ: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ դա նշանակում է  խոտ հարել: Կարծիք կա նաև, որ ահեկան անունը կապված է  հուր և կրակ նշանակող բառերի հետ: 
Ապրիլը լատիներեն «ապրիլիս» բառից է, որը նշանակում է «բանալ», նկատի ունենալով բնության արթնացումը:  Կարծիքներ կան նաև, որ այն ծագել է հունական աստվածների՝ Ապոլոնի կամ Աֆրոդիտեի անուններից:
ՄԱՐԵՐԻ
Մարերին հայոց անշարժ տոմարի 10-րդ ամիսն է: Տևում է մայիսի 8-ից  հունիսի 6-ը: Ըստ Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթևացու Մարերին՝ Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի՝ ամսանունը ծագել է  մայրի կոչվող ծառի անունից, քանի որ  այն  ծաղկում է մայիսին: 
Մայիսը ստուգաբանվում է լատիներեն մաիուս բառից, որը նշանակում է «նախնիք»: Կարծիքներ կան նաև, որ այն կապված է գարնան ծաղկունքի աստծու անվան հետ, կամ նվիրված է եղել ծերությանը: Դա բացատրվում է նրանով, որ Հին Հռոմում մայիս ամսին  ամուսնություններ չէին թույլատրվում:
ԱՆԱՀԻՏ
Անահիտը հայոց մայրության, զգաստության, պտղաբերության և հայերի մեջ ամենասիրված աստվածուհին է:
Անահիտն Արտաշատ մայրաքաղաքի հովանավորն էր, հայոց գերագույն աստվածուհին: Նրան կոչում էին նաև   Մեծ Տիկին, Ոսկեմայր, Ոսկեծղի, Ոսկեմատն: Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի  Երիզա ավանում, ամբողջ գավառը կոչվել է  Անահտավան:
Նրան նվիրված մեհյաններ կային նաև Արտաշատում, Արմավիրում, Քաջարանում, Անահտաձորում, Աշտիշատում, Վասպուրականի Անձևացյաց գավառում, Սյունիքի Անատձոր վայրում: Այդ տաճարաներում եղել են Անահիտի ոսկե արձաններ: Անահիտի բոլոր տաճարներն ու արձաններն անխնա ոչնչացվել են: 19-րդ դարում  Փոքր Հայքի  Սատաղ քաղաքում հայտնաբերվել է Անահիտի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը դարձել է Լոնդոնի բրիտանական թանգարանի սեփականությունը: 1968 թ.-ից դրա կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:Անահիտի պաշտամունքը զուտ հայկական է և ազդեցություն է թողել իրանա-պահլավական հավատամքային համակարգի վրա, որտեղ նույնպես պաշտվել է Անահիտա անունով: Ըստ Մ. Աբեղյանի՝ ասորեստական Իշտար  աստվածուհու  Անատաու մականունը, հայոց հնագույն աստվածուհու՝ Նարիի (հետագայում՝ Ծովինար), ավելի ուշ հռոմեական Դիանա աստվածուհիների անունները նույնպես կապված են Անահիտ անվան հետ: 
Անահիտի տոնը մեծ շուքով տոնվել է ապրիլի 6-ին՝ որպես մայրության օր, և Օգոստոսի 15-ին՝ որպես առաջին բերքի զոհաբերման օր՝ Խաղողօրհնեքի տոն։
ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատել, բաժանել և հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է: Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ: Վարկածներ կան, որ  սկզբնական շրջանում  այն եղել է  անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝  գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով: Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում  Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Այս տարի այն կտոնվի ապրիլի 16-ին: Ըստ ավանդության՝ այդ օրն արի հայերը  հաղթեցին  ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին, որն այդուհետ բույն  շինելով Արարատի լեռներին՝  բազմագույն ձվեր ածեց, մարդկանց պարգևելով հույս ու ուրախություն: Արի հայերն այդ օրը  սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները  գունավոր ձվերը ձեռներին  երգում-պարում են ու ձվախաղ անում:
ԱՄԱՌ
Ըստ Հրաչյա Աճառյանի «ամառն» բառը հնում գրվել է «ամար» և ն հոդի պատճառով է դարձել «ամառ»։ Բնիկ հայերեն բառ է, նշանակում է և՛ գարնանը հաջորդող եղանակ, և՛ տարի։ Կազմությամբ նման  է «ձմեռ» բառին։ Կարծիքներ կան, թե «ամառ»-ն առաջացել է «համեղ» կամ «համառ», «աշխատասեր» բառերից։ 
Արևապաշտ հայերը շատ էին սիրում հրավառ ամառը, այդ պատճառով ամառը նրանց համար հավասարազոր էր տարվան։ Օրինակ, նրանք քառասուն տարեկան մարդուն անվանում էին քառասուն ամառնական։
Հայոց հներն ասում էին, թե ամռան օրը բարեբեր է, քանի որ երկար է ու ճոխ, մարդուն ոգևորում է և աշխատասիրության մղում։
ՄԱՐԳԱՑ
Մարգացը Հայկյան տոմարի տասնմեկերորդ ամիսն է և տևում է հունիսի 7-ից հուլիսի 6-ը։ Անունը կապված է «մարգ» բառի հետ։ Կա ավանդույթ այն մասին, որ երբ մարդիկ չգիտեին ինչ բան է ժամանակը, տարին մեկ անգամ երկնային հեռուներից մի հրեշ էր իջնում երկրի վրա, խժռում մարգերում որ դաշտերում եղած ամբողջ կանաչ խոտն ու խոտակեր կենդանիներին մատնում սովի։ Բայց շինականի որդի Մարգացը հետևում է հրեշին և իր ծանր նիզակով սպանում  նրան։ Մարգացն իր այս հերոսությամբ դյուցազնի անուն է հանում Հայոց աշխարհում, և ամիսն էլ, ի պատիվ նրա, կոչվում է Մարգաց։
Հին խոսք կա. հունիս՝ հունիս, ունիս՝ ունիս, չունիս՝ չունիս։ 
Հունիս անունը կապված է ամուսնության աստվածուհի Յունոնայի հետ, որը հռոմեական դիցարանում աստվածների հայր Յուպիտերի կինն էր։
ՎԱՐԴԱՎԱՌ 
Վարդավառն արիական տոներից է և կապված է սիրո ու գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ։ Այն շարժական է և սովորաբար տոնվում է Զատիկից 98 օր հետո։ Այս տարի  կտոնվի հուլիսի 23-ին։ «Վարդավառ» բառ խորհուրդը լեզվաբանորեն կազմված է«Վարդ» և «Վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։
Աստվածային սերը մարմնավորում է աստվածուհի Աստղիկը, որի սիրո աղբյուրը Վահագնն է՝ ուժի, զորության ու հաղթության աստվածը։ Իսկ Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրը Աստղիկն է։
Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և,  շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։
Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ  օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո  խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։ 
ԱՍՏՂԻԿ
Հայոց Սիրո և Գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը, Վահագն աստծու սիրեցյալն է։ Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ ավանում և կոչվում էր Աստղկան տաճար։ 
Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և  նրանց օժտում  աստվածային գեղեցկությամբ։
Մեկ այլ ավանդության համաձայն, երբ Աստղիկը Արածանիի ջրերում գիշերային լոգանք էր ընդունում, հայ կտրիճները նրա գեղեցկությամբ հիանալու համար բլուրներին կրակներ են վառում, որպեսզի լոգանքի վայրը լուսավորվի։ Սակայն աստվածուհին շրջապատում մշուշ է գոյացնում և քողարկում  իր մերկությունը։ Դրանից հետո այդ գավառը կոչվում է Մշուշ, իսկ հետագայում՝ Մուշ։
Աստղիկ աստվածուհու անունն է կրում Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը։ 
ՀՐՈՏԻՑ
Հրոտիցը Հայկյան տոմարի 12-րդ ամիսն է և տևել է հուլիսի 7-ից օգոստոսի 5-ը։ Ըստ Անանիա Շիրակացու՝ Հրոտիցը Հայկ Նահապետի որդին է։ «Տիեզերագիտություն և տոմար» աշխատության մեջ նա գրում է. «Հայկ աղեղնավոր հսկայի անունով իրենց կոչեցին հայ… Հայկին և նրա զավակներին մեծարելու համար Հայկի ուստրերի և դուստրերի անունները դրեցին իրենց ամիսների վրա»։
Ըստ Վանական Վարդապետի ստուգաբանության՝ Հրոտից-ը ծագել է հուր բառից, քանի որ «այդ ամսին Արեգակը ոտից գլուխ այրում է»։
Հին հռոմեական թվականությունն սկսվում էր այս թվարկությունից 753 տարի առաջ, երբ ավանդության համաձայն հիմնադրվել է Հռոմը։ Տարվա սկիզբը հաշվարկվում էր մարտի 1-ից։ Ամիսների անունները, 4-րդից սկսած, կոչվում էին լատինական դասական անուններով։ 5-րդին համապատասխանում էր քվինտիլիսը։ Հետագայում՝ Հուլիոս Կեսարի անունը հավերժացնելու նպատակով հռոմեական կոնսուլ Մարկոս Ավրելիոսի առաջարկությամբ այն անվանվեց Հուլիս։
ՆԱՎԱՍԱՐԴ
Նավասարդը Հայոց անշարժ տոմարի առաջին ամիսն է, տևել է օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է նավա-նոր և սարդ-տարի բառերից։
Հին հայերը Նավասարդի Արեգ օրը տոնում էին իրենց ամենակարևոր տոնը՝ նվիրված Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի հաղթանակին։ Նրա անունով երկիրը կոչվեց Հայք, բնակիչները՝ հայեր։ Նավասարդյան տոների շարքում են նաև «Նավասարդյան խաղերը»՝ նվիրված Արամազդ աստծուն, և «Խաղողօրհնեքը» նվիրված Անահիտ աստվածուհուն։
Օգոստոս է կոչվել հռոմեական կայսրի անունով։
ՀԱՅԿՅԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
 2006 թ. օգոստոսի 11-ին, Հայկյան տոմարի Նավասարդի Արեգ օրը լրանում է Բուն հայկյան 4499 թվականը։ Հայկյան օրացույցը գործածության մեջ է դրվել այս թվարկությունից 2492 տարի առաջ, երբ Վանա լճի արևելյան կողմում, Հայոց ձոր գավառում տեղի է ունեցել Հայկի և Բելի ճակատամարտը։ Այդ օրը Հայկ Աղեղնավորը սպանում է բռնակալին և հիմնադրում Հայկյան պետություն։ Հին հայկական բուն կամ մեծ տոմարը շարժական էր։ Քանի որ հաշվի չէր առնվում օրվա 24 ժամվա մեջ 11 վայրկյանի աճը, 4 տարին մեկ Նոր տարին մեկ օրով տեղաշարժվում էր առաջ։
Հետևաբար 1460 տարում (365 x4) այն կատարում էր լրիվ պտույտ, որը կոչվում է Հայկի շրջան։ Այժմ մենք ապրում ենք Հայկի 4-րդ շրջանը։
Անշարժ տարեմուտով օրացույցը 1084 թվականին հաշվարկել է մեծ տոմարագետ Հովհաննես Իմաստասերը։
 Այն օրացույցը, որից այժմ օգտվում են քաղաքակիրթ աշխարհում, ստեղծվել է հին Եգիպտոսում, կատարելագործվել հին Հռոմում և կոչվել կայսր Հուլիոս Կեսարի անունով։ Հետագայում՝ 1582 թվականին, Հռոմի պապի անունով այն անվանվեց Գրիգորյան։ Այդ օրացույցով 2007 թվականի օգոստոսի 11-ը համապատասխանում Հայկ Նահապետի կողմից Հայկյան պետության կայացման 4500-ամյակին։ 
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ
Բուն հայկյան օրացույցով տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30 օրով, և լրացուցիչ մեկ ամիս՝ 5 օրով։ 
Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելյաց։
Բուն Հայկյան ամսանունները դիցաբանական ծագում ունեն։ Որոշ տոմարագետներ գտնում են, որ հայոց տոմարի ամիսները կոչվել են Հայկ Նահապետի ուստրերի և դուստրերի  անուններով։
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ
Անուններ են ունեցել նաև հայկական ամսվա բոլոր 30 օրերը և Ավելյաց ամսվա 5 օրերը։
1. Արեգ                                
2.Հրանդ                              
3. Արամ                               
4. Մարգար                          
5. Ահրանք                           
6. Մազդեղ                           
7. Աստղիկ                            
8. Միհր                                 
9. Ձոպաբեր                         
10.Մուրց 
11. Երեզկան
12. Անի 
13. Պարխար 
14. Վանատուր  
15. Արամազդ 
16. Մանի
17. Ասակ   
18. Մասիս
19. Անահիտ
20. Արագած
21. Գրգուռ                            
22. Կորդուիք                        ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ 
23. Ծմակ                               ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ
24. Լուսնակ                         1. Փայլածու
25. Ցրոն                               2. Արուսյակ
26. Նպատ                            3. Հրատ
27. Վահագն                         4. Լուսնթագ
28. Սիմ                                5. Երևակ
29. Վարագ
30.Գիշերավոր
Այս օրանունները և՛ արտացոլում են Հայկական լեռնաշխարհի նշանավոր տեղանունները, և՛ հայոց յուրովի դիցարան են։
ԱՇՈՒՆ
Ոմանց կարծիքով՝ «աշուն» բառն առաջացել է «հասուն» բառից և շատ նման է ռուսերեն «Օսեն» բառին։  Հայտնի է, որ ծիրանը Հայոց աշխարհում համարվում է մրգերի տիկնանց տիկինը և հասնում է ամռանը, մինչդեռ մրգերի մեծ մասը՝ ավելի ուշ։ Այստեղից էլ մրգերի հասնելն ի նկատի ունենալով, հազարամյակների ընթացքում, բերանից բերան անցնելով՝ «հասունը» դառնում է «աշուն»։
ՀՈՌԻ
Հոռին հայկյան անշարժ տոմարի երկրորդ ամիսն է և տևել է սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9-ը։ Ըստ Վանական Վարդապետի այն կապված է հոր (հորել, թաղել) բառի հետ։ Այդ ամսին մարդիկ իրենց հավաքած բերքը ամբարում էին հորերում։
Ըստ Ստ. Մալխասյանցի՝ «հոռի» նշանակում է ուռի, այսինքն՝ ուրթատունկ։
Կար ավանդույթ այն մասին, որ Հոռին Հայկ Նահապետի ամենագեղեցիկ դուստրն էր, և այդ անունից է առաջացել հուրի փերի, լատինական գեղեցկության աստվածուհի Հորա, պարսկական Խոր-արև անվանումները։ Հայերենում հոռին փաղաքշաբար կոչվել է խորոտիկ՝ շատ գեղեցիկ։
Իսկ սեպտեմբեր ամսանունը նույնությամբ գալիս է լատիներենից, որը նշանակում է յոթ, թեև այն այժմ իններորդ ամիսն է։ Մինչև 450 թվականը հռոմեացիների հին տոմարով առաջին ամիսը մարտն էր, երբ 7-րդ և 8-րդ ամիսները կոչվեցին կայսրեր Հուլիոսի և Օգոստոսի անուններով, մնացած ամիսների անունները թողնվեցին համարակալվածները։ 
ՏԻՐ
Տիրը հայոց դպրության, պերճախոսության, գիտության, ճարտասանության, արվեստների աստվածն է։ 
Տիրը համարվել է Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակողն ու երազների մեկնիչը, նրանց գործերի գրանցիչն ու ննջեցյալների հոգիներն անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը։
Աշնանային գիշերահավասարին՝ սեպտեմբերի 21-ին, և նրան նախորդող օրերին կատարվում էր Տիր աստծուն նվիրված տոնը։ Առաջին օրը նվիրված էր նախնիների հիշատակին։ Այդ օրը փառաբանվում էին նախնիները, հիշատակվում էին նրանց թողած ժառանգությունները։ Հաջորդ օրերին սկսվում էին խրախճանքներն ու թատերական ներկայացումները, ճարտասանության, իմաստասիրության մրցույթներ։ Ճանապարհորդներն ու առևտրականները պատմում էին հեռու երկրների, այլ ժողովուրդների սովորույթների մասին։
Ազգի ընտրանին, աշխարհիկ և հոգևոր առաջնորդի՝ արքայի գլխավորությամբ խորհրդաժողով էր անցկացնում, որտեղ քննում էին կատարվածն ու կատարվելիքը։
Տիր աստծու տոնն այսօր անուղղակի նշվում է աշնան սկզբներին՝ և՛ որպես գիտելիքի օր, և՛ որպես թարգմանչաց օր, և՛ որպես նախնիների հիշատակի օր։
Սակայն կարծիք նաև, որ Տրնդեզի տոնը նույնպես նվիրված է Տիր աստծուն։
ՍԱՀՄԻ
Սահմին  բուն Հայկյան անշարժ տոմարի երրորդ ամիսն է, տևել է հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 8-ը։ Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգար Տաթևացու՝ այն Հայկ Նահապետի դուստրն է։ Ըստ Վանական Վարդապետի՝ սահմին ծագել է սահման բառից, նկատի ունենալով, որ այդ ամսին մարդիկ սահմանում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Ըստ Ստ. Մալխասյանցի՝ այն ծագել է «սերմ» բառից, որպես աշնանացան սերմը ցանելու ամիս, իսկ Հր. Աճառյանի և Էդ. Աղայանի կարծիքով՝ «սահմ»-ը  «սահմկռել» (վախենալ) բայից է, որը կապված է եղանակի փոփոխությունների սկսվելու հետ։
Տեղեկություններ են պահպանվել, որ սահմի ամսվա  Միհր օրը տոնվել է նաև Վահագն Վիշապաքաղի տոնը։
Հոկտեմբերը հռոմեական ամիսների մեջ 8-րդն էր և նշանակում է ութերորդ, երբ առաջին ամիսը հաշվվում էր մարտից։ Ներկայում կիրառություն գտած օրացույցի մեջ այն 10-րդն է։
ՏՐԵ
Տրեն բուն Հայկյան անշարժ տոմարի 4-րդ ամիսն է, տևել է նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 8-ը։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ այն Հայկ Նահապետի որդին է։ Ըստ  Ագաթանգեղոսի  և Խորենացու՝ Տիրը Արամազդի որդին է՝ գրի, գիտության, ճարտասանության աստվածը։  Դա  ևս մի անգամ հաստատւմ է, որ մինչև  Մաշտոցը հայերը գիր, հետևաբար նաև գրի հանդեպ  պաշտանմունք են ունեցել։ Ճիշտ  է, այն  ժամանակ  եղել են գաղափարագրեր  և  պատկերագրեր, որոնք  մտքի  կամ  գաղափարի  իմաստն  արտահայտել  են հատուկ նշումներով։ 
Նոյեմբերը նշանակում է իններորդ և հռոմեական օրացույցի մեջ գտնվում է 9-րդ տեղում։ Ներկայում կիրառություն գտած օրացույցի մեջ այն 11-րդն է։
ՄԵԾ ՀԱՅՔ
Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը պատմականորեն կոչվում է Մեծ Հայք։ Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույցի»՝ այն վարչականորեն բաժանված է եղել 15 աշխարհների (նահանգների)։ 1. Բարձր Հայք, 28 860  քառ. կմ, կենտրոնը՝ Անի
2. Ծոփք, 18 890 քառ. կմ, Արշամաշատ,
3. Աղձնրիք, 17532 քառ. կմ,  Տիգրանակերտ,
4. Տուրուբերան, 25 008 քառ. կմ,  Հայկաշեն,
5. Մոկք, 2 962 քառ. կմ,  Մահկերտ,
6. Կորճայք,14 707 քառ. կմ,  Ապարանք,
7. Պարսկահայք, 11 010 քառ. կմ,  Սալմաստ,
8. Վասպուրական 40 870 քառ. կմ,  Վան,
9. Սյունիք, 15 237 քառ. կմ,  Բաղաբերդ,
10. Արցախ, 11528 քառ. կմ,  Շուշի,
11.Փայտակարան, 21 000 քառ. կմ,  Բակուրակերտ,
12. Ուտիք, 11 315 քառ. կմ,  Փառնես,
13. Գուգարք, 16 765 քառ. կմ,  Արտահան,
14. Տայք, 10 179 քառ. կմ,  Բողբերդ,
15. Այրարատ, 40 105 քառ. կմ,  Արմավիր.
Ընդամենը՝      քառ, կմ։
ՓՈՔՐ ՀԱՅՔ
Փոքր Հայքն ուներ 4 նահանգ՝
1.Առաջին Հայք,                    քառ. կմ, կենտրոնը՝ Մարաշ,
2.Երկրորդ Հայք,                   քառ. կմ, կենտրոնը՝ Կոմանա,
3.Երրորդ Հայք,                     քառ. կմ, կենտրոնը՝ Ամասիա,
4.Չորորդ Հայք,                     քառ. կմ, կենտրոնը՝ Կեսարիա։
Հայկական Կիլիկիա (Ադանա)          քառ. կմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ներկա Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է        քառ. կմ, որն ընդամենը մոտ 1/12 մասն է   պատմական Հայաստանի։ Բաժանված է 10 մարզի։ Մարզի կարգավիճակ ունի նաև Երևան Մայրաքաղաքը։
1. Արագածոտն,            քառ. կմ, մարզկենտրոնը՝  Աշտարակ,
2. Արարատ,                  քառ. կմ, Արտաշատ,
3. Արմավիր,                  քառ. կմ, Արմավիր,
4. Գեղարքունիք,          քառ. կմ, Գավառ,
5. Լոռի                      քառ. կմ,  Վանաձոր,
6. Կոտայք                քառ. կմ, Գյումրի,
7. Սյունիք                քառ. կմ, Կապան,
8. Վայոց ձոր           քառ. կմ,  Եղեգնաձոր,
9. Տավուշ,                քառ. կմ,   Իջևան,
10. Երևան                քառ.կմ։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ-ն Մեծ Հայքի Արցախ նահանգի մի մասն է, մոտ 5 000 քառ. կմ տարածությամբ և մոտ 150 000 բնակչությամբ։ Մայրաքաղաղաքն է Ստեփանակերտը։ Ունի 7 վարչական շրջան՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի։ ԼՂՀ-ի բանակը ազատագրել է բնիկ հայկական հողերի մի մասը՝ Աղդամի, Ջեբրայիլի, Զանգելանի (Կովսավան), Քելբաջարի (Քարավաճառ), Կուբաթլուի, Լաչինի (Քաշաթաղ) և Ֆիզուլիի շրջանները՝ մոտ 13 000 քառ. կմ։
Դեռևս լրիվ ազատագրված չեն Մարտակերտի և Շահումյանի շրջանները։
ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԵՐԸ
1. Հայկազուններ, ա.թ.ա. 2492-330 թթ.
2. Արարատյան, ա.թ.ա.  9-6-րդ դարեր
3. Ասքանազյաններ, ա.թ.ա. 630- 570թթ.
4.Երվանդունիներ, ա.թ.ա.  570թ.-2-րդ դար
5.Արտաշեսյաններ, ա.թ.ա.189 թ.-1-ին դար
6. Արշակունիներ, 66-428թթ.
7.Բագրատունիներ, 885-1045թթ.
8.Ռուբինյաններ, 1080-1225թթ.
9. Հեթումյաններ, 1225-1375թթ.
ՁՄԵՌ
Հայկական լեռնաշխարհում ձմեռը բնության այն վիճակն է, երբ բուսականությունը նիրհի մեջ է: Այն համեմատվում է հարաբերական մահի հետ: Գրիգոր Տաթևացին գտնում է, որ ձմռանն ամեն ինչ մեռնում է, բույսերը չորանում են, ջուրը սառչում է:
Ըստ Վանական Վարդապետի՝ «Ձմեռն որ ձյունամեռ լինի»: Ըստ Հրաչյա Աճառյանի՝  «ձյուն» և «ձմեռ» բառերը կազմված են նույն արմատներից, և «ձմեռ» բնիկ հայերեն բառը նշանակում է ձյան եղանակ, փոթորիկ, բուք: Նա հավաստում է նաև, որ «ձմերուկը» կազմված է «ձմեռ»-ից, հավանաբար այն պատճառով,  որ ձմռան նման սառը ջուրը խտացնում ու պահում է իր մեջ: Ռուսերեն «զիմա» բառը նույնպես կազմված է մեր «ձմեռ» բառից:
Երբեմն Հայաստանում շատ ցրտաշունչ ձմեռներ են լինում, և արեգակի ճառագայթները չեն հասցնում լիարժեք ջերմացնել, իսկ ցուրտն ու սառնամանիքն իշխող են դառնում: Սակայն բնության մեջ ամեն ինչ չափավորված է, և երկրի կլիմայի փոփոխություններն օրինաչափ են: Ուրեմն ձմեռն էլ, լինելով ժամանակի ընթացք, որքան էլ երկարի,  վերջ ունի:
ՔԱՂՈՑ
Քաղոցը Հայկական անշարժ տոմարի 5-րդ ամիսն է, այն տևել է դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ը:
Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Քաղոցը Հայկ Նահապետի որդին է: Ըստ Հրաչյա Աճառյանի՝  Քաղոցը ստուգաբանվում է  «քաղ»- արու այծ բառից, նկատի ունենալով կենդանիների զուգավորումը: Կարծիքներ կան նաև, որ այն ծագել է «քաղել» բայից:
Քաղոց ամսվա  Վանատուր օրը տոնվել է Միհր աստծու ծնունդը: Այդ օրվա ընտրությունը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 22-ին սկսվում է Արևագալը, և ցերեկներն սկսում են երկարել: Երկրի մեկ պտույտը Արևի շուրջը դարձել է այն ելակետը, որով հին հայերը կարողացել են ճշգրիտ հաշվարկել արեգակնային տոմարը: Տարբեր ժողովուրդներ տարվա սկիզբը տարբեր օրից,  իսկ թվագրությունը տարբեր տարուց են սկսել. դա կապված է եղել  այդ ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների հետ: Օրինակ, կա  գիտականորեն  չհիմնավորված, այդպես ասած, Ադամի դրախտից արտաքսվելու օրից հաշվարկված «արարչության թվական», ըստ որի՝ այժմ 7205 թվականն է, Հին Հռոմի հիմնադրման օրվանից հաշված՝ այժմ 2759 թվականն է, մուսուլմանական որոշ ժողովուրդների համար այժմ 1426 թիվն է և այլն:  Ներկա 2006 թվականն էլ հաշվարկված է իբր թե «Քրիստոսի ծնունդի» օրից: Միջնադարում  հայերն օգտագործել են «Տոմարական թվարկություն հայոց», ըստ որի՝ այժմ 1455 թիվն է: «Հայոց փոքր թվական», ըստ որի՝ այժմ 922 թիվն է և «Հայոց բուն թվարկություն», ըստ որի՝ օգոստոսի 11-ից 4499 թվականն է: Կարևոր է այն, որ հայերը մինչև 18-րդ դարը  չօգտագործեցին Քրիստոսի ծննդից հաշվառվող օրացույցը՝  պահպանելով սեփականը, որի հետ էլ պահպանվեցին և մեր նախնիների ազգային դեմքն ու մշակութային արժեքները, որոնց թվում և Վահագն աստծո ծննդից հաշվարկվող թվարկությունը, ըստ որի՝ 2006թ. մարտի 21-ից 9590 թվականն է։

ՄԻՀՐ
Հայոց դիցարանում Միհրն Արամազդի որդին է. Արեգակի, լույսի, ճշմարտության, համաձայնության աստվածը: Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Արևմտյան Հայաստանում, Դերջան գավառի Բագայառիճ (պահլավերեն «աստծո պահպանմունք») գյուղում: Նրան է նվիրված նաև  Գառնի հեթանոսական տաճարը:
Արևային աստվածություն կար նաև Իրանում, և մըյհըր պահլավերենով նշանակում է «արև»: Հին արիական լեզվով «Միհրը» նույնանուն է «ուխտ», «համաձայնություն», «դաշինք» բառերին և այդ բովանդակությամբ էլ միավորում էր արիական ժողովուրդներին՝ տարածվելով Հայաստանից Իրան,  Հնդկաստան, իսկ Հռոմեական կայսրության միջոցով՝ նաև Եվրոպա:
Հայկյան տոմարի ամիսների յուրաքանչյուր ութերորդ օրը կոչվում է Միհր: Այդ անունից է ծագում նաև  հայոց  սրբավայրերի անվանումը՝ մեհյան:
Միհրը լայն տարածում է ունեցել հայերի մեջ, և հետագայում նրա անունն ու արարքները մտել են «Սասնա ծռեր» դյուցազներգի մեջ՝ Մեծ և Փոքր Մհերների միջոցով:
Միհրի ծնունդը նշվել է Արևագալի օրը՝ դեկտեմբերի 22-ին, երբ ցերեկն սկսում է երկարել, ավետելով տիեզերական գարունը կամ տիեզերակարգի օրացույցով՝ Նոր Տարին:

ԱՐԱՑ
Հայոց անշարժ տոմարի 6-րդ ամիսը կոչվում է Արաց և տևում է հունվարի 8-ից փետրվարի 6-ը: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Արացը առաջացել է  արանք-տղամարդիկ բառից, նկատի ունենալով, որ լեռնային ճանապարհները ձմեռը կարող են անցել միայն տղամարդիկ: Ըստ Էդ.Աղայանի՝ արք-ը այր ձևի հոգնակին է, և արաց-ը նույնպես ստուգաբանվում է իբրև արուների ամիս:
Սակայն կարծիքներ կան նաև, որ արաց-ը ծագել  արև բառից՝ ար  արիական տարր + ա ձայնավոր՝ Արևի՝ արա հին անվանումից:
Արևի հայոց աստված Միհրի ծննդյան՝ Արևագալի հետ Հունվար ամսանունը կապված է հետևյալ կերպ. Հռոմեական կայսրությունում տարվա սկիզբը հունվարի 1-ից հաշվարկվել է Հուլիոս Կեսարի կողմից այս թվարկությունից 46 տարի առաջ, երբ  միհրականությունը մեծ տարածում ուներ, իսկ Արևագալի օրերը տոնվելով մեծ շուքով՝ ձեռք էին բերում նոր տարվա իմաստ: Հունվար կոչվել է լույսի և արևի լատինական աստված Յանուսի անվամբ: Լատիներեն «յանուա» նշանակում է  դուռ՝ խորհրդանշելով երկնային դռները, որոնք, բացվելով,. թույլ են տալիս, որ  Արևի լույսն ու ջերմությունը հասնեն Երկիր:  Տեսակետ կա, որ դա արևապաշտ հայերի մոտ գոյություն ունեցող «Մհերի դուռ» բառակապակցության ուղղակի թարգմանությունն է:

ԱՐԱՄԱԶԴ
Արամազդը հայոց աստվածների հայրն է: Հայերն Արամազդին մեծարում էին  հետևյալ խոսքերով. «Մեծն արին Արամազդ, արարիչ երկնի և երկրի, լիության և պարարտության, արարիչ աստվածների,  ամպրոպային պատկերն Արամազդի»:
Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի քաղաքում: Արամազդի մեհյան եղել է նաև Վասպուրականի Անձևացյաց գավառի մեջ, Պաղատ լեռան վրա և կոչվել է «Տուն Արամազդի և Աստղիկի»: Արամազդի տաճարին կից եղել են իջևանատներ հեռուներից եկած ուխտավորների համար:  Արամազդին նվիրված տոնը նշվել է «Նավասարդյան խաղերի» ժամանակ, նման հունական օլիմպիական խաղերին, որ նվիրված էին լինում Զևս աստծուն: Տոնն անցնում էր թատերական և կրկեսային ներկայացումներով, զինական և մարտական մրցումներով, երգ ու պարերի ուղեկցությամբ:

ԱՐԵՎԽԱՉ
Շատ վկայություններ կան, որոնք ապացուցում են, որ խաչը քրիստոնեության ընդունումից դարեր առաջ հայերի համար ունեցել է  խորհրդապաշտական նշանակություն: Բրոնզի դարերում այն ստացել է մի այլ ձև, երբ խաչի 4 թևերի բոլոր ծայրերն ուղիղ անկյունով ծռվում էին դեպի աջ կամ ձախ: Հայկական լեռնաշխարհում պեղումների ժամանակ հաճախ են  հայտնաբերվում այդպիսի նկարներ և ժայռապատկերներ, իսկ հնադարյան դամբարաններում գտնվել են բրոնզից պատրաստված կրծքանշաններ: Տարբեր ժողովուրդների մոտ այս խորհրդանշանն ունեցել է  տարբեր անուններ: Գիտության մեջ  գործածական է սվաստիկա բառը, որը սանսկրիտերեն  նշանակում է «լավ լինելիություն»: Հայերեն օգտագործվել է կեռխաչ, արևխաչ և խաչ պատերազմի («Սասնա ծռեր») ձևերով: Կրոնական նշանակությամբ այն կապված է կրակի և արևի պաշտամունքի հետ: Քանի որ արևն է կյանքի ու պտղաբերության ակունքը, արևխաչն էլ դառնում է դրա խորհրդանիշը:
1933-ից ֆաշիստական Գերմանիան օգտագործելով արիական կեռխաչը, ցավոք այն վարկաբեկեց.  դրա արարման իմաստը հասարակական գիտակցության մեջ մեծամասնության համար ընկալվեց որպես չարի և ավերումների խորհրդանիշ:
Հայերի մեջ այժմ արևխաչը մեծ տարածում է ստացել աջ կամ ձախ ուղղությամբ պտտական շարժման վիճակում,  հաճախ պարզապես կոչվելով հավերժության նշան:

ՄԵՀԵԿԱՆ
Մեհեկանը բուն Հայկյան անշարժ տոմարի 7-րդ ամիսն է, որն ընկնում է փետրվարի 7-ից մարտի 8-ը:
Ըստ Վանական Վարդապետի՝ Մեհեկան անվանումը մահ բառից է, նկատի ունենալով, որ այդ ամսին բույսերն ու տնկիները ձյունածածկ են և կարծես մեռյալ վիճակում լինեն: Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգոր Տաթևացու՝ Մեհեկանը Հայկ նահապետի 7 որդիներից մեկն է:
Ղևոնդ Ալիշանը պնդում է, որ Մեհեկանը ծագում է մահիկ-նորալուսին բառից, որովհետև նախորդում է Արեգ (արև բառից)-հունվար ամսին:
Ըստ Գր.Ղափանցյանի և Էդ.Աղայանի՝ Մեհեկանն ստուգաբանվում է հայոց աստված Միհրի անունից:
Հայերի մեջ փետրվար ամսանունը օգտագործվում է Գրիգորյան տոմարի մուտք գործելուց հետո: Այն ծագել է հին հռոմեական ստորգետնյա թագավորության աստված Պլուտոնի Ֆեբրուոս մականունից:

ՏՐՆԴԵԶ
Տրնդեզը կրակին նվիրված ազգային տոն է, որ նշվում է փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և, ըստ հին հայերի պատկերացումների, վառվող կրակի բոցերը կարող են ավելի  ջերմացնել արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը: Հայերն իրենց համարելով  Արևի որդիներ՝  հրածիններ, պաշտել են նաև  արևի երկրային տեսակը՝  հուր–կրակը: Կրակն ամրագրվում է ապրելու համար կարևորագույն բոլոր արժեքներով՝ ծնունդ, օջախ, սնունդ և այլն:
Տրնդեզ նշանակում է դիզված կրակ: Այն առաջացել է ատր–կրակ բառից, որից ծագել են նաև աթար, ատրճանակ, ատրուշան բառերը, և  դեզ-կուտակում, դարսում բառից: Իսկ  Մ.Օրմանյանի կարծիքով՝ այն ծագել է Տիր աստծու անունից և նվիրված է նրան, քանի որ այդ օրը տարբեր գուշակություններ են արվում:
Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին բնության  տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում, կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ, կարծես  մինչև ծնվելը  հայերին հրածին մկրտելու իմաստ է հաղորդում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։