Հայոց խորհրդանիշերի համակարգը

Խորհրդանիշ

Խորհրդանիշն էության, ինքնության, մտածողության, գաղափարի, կեցության կառույցների ոգեղեն կամ նյութական արժեքի արտահայտությունն է:

Ազգը ծագում եւ էություն է, ունի առաքելություն ու իր գոյության ընթացքում ստեղծում է խորհրդանիշերի համակարգ:

Խորհրդանիշերն ըստ բնույթի լինում են հավատամքային-ծինաբանական, բարոյակերպարային, պատմական-աշխարհագրական, ազգային եւ պետական: Լինում են նաեւ տոտեմական՝ ինչը հայրենի բնության մեջ ապրող կենդանիների հանդեպ սիրո (որոշակիորեն նաեւ պաշտամունքի) դրսեւորում է: Դրանցից են՝ առյուծը, արծիվը, այծը, խոյը, որոնք բնորոշում են հզորություն եւ համառություն՝ կամք: Այստեղ սա դիտարկում ենք առանձին խնդիր, թեեւ կարող է եւ տեղավորվել Հայոց խորհրդանիշերի համակարգում:

Հայոց արարչաբնույթ նկարագրի հավատամքային-ծինաբանական խորհրդանիշներն են՝ տեսակի ծագումը, լեզուն ու արարչական հավատքը՝ իր առաքելությամբ ու աստվածային համակարգով (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր…), իսկ բարոյականության հատկանիշներ կրող խորհրդանիշերն են՝ կեռխաչը, մաշտոցյան այբուբենը (ինչը վերարտադրվել է, քանզի ավելի հին ծագում ունի), «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը, հայկական մշակույթի դասական այլ արժեքներ, նաեւ սրբացած, հերոսացած անհատներ (հայ թագավորներ ու սպարապետեր, Հայկ Նահապետ, Արա Գեղեցիկ, Նարեկացի, Նժդեհ, Անդրանիկ…):

Ազգային նկարագիրը բնութագրող խորհրդանիշերը ոգեղեն են՝ իմաստավորված տեսակի ժառանգական հիշողությամբ: Պատմական-աշխարհագրական խորհրդանիշը (մտապատկերային եւ առարկայական) արտացոլում է ազգի անցած ճանապարհը, վավերագրում եւ’ հաղթանակներ, եւ’ պարտություններ: Մտապատկերային խորհրդանիշը լեզվի, լեզվամտածողության տարր է եւ լեզվահիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ: Առարկայական խորհրդանիշը նյութականացված արժեք է, որ վերացարկվում է գիտակցականում (սար, լեռ ու լիճ, Ճառընտիր, Նարեկ, խաչքար ու կոթող…), պատմում անցյալի լավ ու վատ անցքերի մասին, արտահայտում ազգի նկաագրի բյուրեղացման աստիճանը:

Պետական խորհրդանիշերը երկակի բնույթ ունեն, նաեւ՝ երկակի չափանիշ՝ ազգային եւ միջազգային: Դրանք, տվյալ պետության առանձնահատկությունը նշելուց զատ, պետք է համապատասխանեն նաեւ միջպետական հարաբերությունների զուտ առարկայական պահանջներին: Պետականության բնութագրման եւ ճանաչման խորհրդանիշ-տարրերն են՝ Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, նաեւ՝ Դրամը:

Իշխանության հավաստման պետական-պատմական խորհրդանիշեր են՝ Թագը, Գահը եւ Գայիսոնը:

Խորհրդանիշերն ընկալող եւ դրանցով կրթվող անձը լինում է ցեղահաղորդ, ցեղաճանաչ ու ցեղահավատ, բացահայտում է ժառանգականությամբ պայմանավորված իր նկարագիրը եւ զորանում ազգի ոգով: Երբ հոգին սկսում է ընկալել խորհրդանիշը՝ անհատի առջեւ հայտնվում են զգացողության, հասկացության պատկերացումներ, որոնք անհասանելի են մաքուր տրամաբանությանն ու մտքին:

Ակնհայտ է, որ խորհրդանիշերի համակարգը պետք է լինի նաեւ կրթամշակութային քաղաքականության եւ քարոզչամիջոցների գործունեության ուղենիշ:

Մի քննախույզ հայացք գցենք գործող ու անտեսված խորհրդանիշերին եւ որոշենք մեր ազգային ներուժի օգտագործման չափը:

1. Հավատամքային-ծինաբանական խորհրդանիշ

Արյուն (ծին-գեն)

Ազգային արյունը մեր հավերժահեղուկն է, ինչը մեզ կապում է մեր ծագման, ներկայի ու ապագայի հետ: Արյունը նաեւ մեր կապն է բնության, արարչական երեւույթների հետ: Ուստի արյան պղծումը հանգեցնում է գենետիկ երկվության, շեղման, ինչն էլ վերջնահաշվում հանգեցնում է ծինաբանական աղետի, տեսակի ոչնչացման, քանզի ծին-գենը մեր արմատ-ակունքն է, ասել է թե՝ հենց ազգն է՝ ազգի հավաքական ծածկագիրը:

Լեզու (լեզվամտածողություն)

Հայոց լեզուն հին է այնքան, որքան հայ ցեղը, եւ որպես ամենահնագույն լեզու՝ նախալեզուն է՝ մայր-լեզուն մարդկային բոլոր լեզուների: Հայերենը աստվածային լեզու է եւ՝ ոչ միայն Հայ Աստվածների համար: Հայերենը կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն ու մտածողություն, ուստի մեր լեզուն հայոց գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ասել է թե՝ հենց գենն է, եւ լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է, քանզի հայեցի լեզվամտածողությամբ է պայմանավորված ազգային արժեքային համակարգի ընկալումն ու զարգացումը:

Հավատք

Ազգային հավատքը ցեղային հավատքի մասնավոր արտահայտություն է: Հայոց հին հավատքը արարչաբնույթ է ու բնապաշտական: Մեր ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատքը ներքին զգացողությամբ վերապրված բնական խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, ազգային հավատքը սերտորեն կապված է ազգային լեզվին՝ լեզվամտածողությանը: Եթե ազգային լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա ազգային հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ ազգի եւ անհատի հարաբերությունը:

Ազգային հավատքը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, բնության ու բնօրրանի հետ, նախնիների, անցյալի ու ապագայի հետ, ծագման ու արյան հետ:

2. Բարոյակերպարային խորհրդանիշ

Կեռխաչ

Կեռխաչը կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության ու բարեբախտության խորհուրդ: Ութաթեւ կեռխաչը հայոց հավերժության խորհրդանիշն է եւ մեզ ուղեկցում է անհիշելի ժամանակներից: Ցեղահաղորդ արի հայը կեռխաչը նույնացնում է արեւի, կյանքի ու երջանկության հետ: Եվ արեւապաշտությունը (երկրի վրա դրա արտացոլանք՝ կրակապաշտությունը) պարուրված են խորիմաստ խորհուրդներով: Մեր օրերում «Սվաստիկա» անունով կեռխաչը տհաճություն է պատճառում, երբեմն էլ՝ սարսափեցնում արմատներից կտրված անձանց: Պատճառը Գերմանիայի մղած անփառունակ պատերազմի հիշողությունն է: Հիտլերը իր վայրագ հրոսակախմբով պղծեց արիականության (հայ-արիականության) խորհուրդը: Մենք հայոց արժեքներից շատ բան ենք տվել այլոց եւ «մոռացել»՝ համարել իրենցը: Բայց հրաժարվել հազարամյակների պատմությունից եւ մեր արմատական խորհրդանիշերից մեկը զիջել գերմանացի անհաջողակներին, չենք կարող: Այն մեզ համար խորքային գիտակցության շերտ է ու կենսաուժի աղբյուր՝ դրոշմված մեր հոգում, նաեւ՝ մեր ժայռերին: Այն մեր խաչ-պատերազմին է՝ դաջված սասնա Դավթի աջ բազկին: Կեռխաչը արի հայի համար հավերժելու գաղափարագիր է:

Այբուբեն

Մաշտոցյան այբուբենը մեր էության արտահայտություն, ազգային խորհրդանիշերի ավիշն է, մտքի թռիչքը: Մաշտոցի մեծագույն առաքելությունը մեր այբուբենի վերարտադրումն էր, ինչը չհաջողվեց ոչնչացնել՝ ինչպես մեր տաճարներն ու հնագույն մատյանները:

Ասել, թե Մաշտոցն այն ստեղծեց 5-րդ դարում, նշանակում է չտարբերել սկիզբն ու ընթացքը. Մաշտոցն իր տիեզերական զորությամբ գտավ մեր կորցրածը եւ կատարելագործեց ունեցածը, ինչն ամենեւին չի նսեմացնում մեծ հայի գործը, ինչպես ոմանք փորձում են մեկնաբանել…:

Որ հայոց գիրը զուտ գրանշան չէ, այլ տիեզերակարգ պարունակող համակարգ, աշխարհաճանաչողության գաղտնագիր, շատ է ասվել ու գրվել: Սակայն Մաշտոցյան այբուբենը մենք օգտագործում ենք փոփոխված՝ «ւ»-ի փոխարեն «ու» եւ ավելացրած 3 տառ՝ «և», «օ», «ֆ»: Լեզվաբաններից մեծ մասի կարծիքով՝ փոփոխություններն օրինաչափ են եւ ընդունելի: Թե որքանով են «օրինաչափ» եւ «ընդունելի», դատեք ինքներդ:

Այս փոփոխություններից մեկը՝ «ւ»-ի փոխարինումը «ու»-ով, խախտել է այբուբենի թվային համակարգը: Անգամ եթե գաղտնագրված օրինաչափությունները, այսինքն՝ այբուբենի խորհուրդը չի ընկալվում, գոնե թվային համակարգի խախտումը տեսանելի է, եւ այս փաստը շրջանցել չենք կարող: Կորուստն առավել տեսանելի կլիներ, եթե մեզ պարատադրված չլինեին (չգիտեմ՝ ինչպե՞ս եւ ինչու՞) արաբական կոչվող թվերը:

Այբուբենում «և» խցկելը ոչ մի բացատրություն չունի: Դա տառ չէ, այլ՝ բառ (կցագիր) եւ կարծես թե մեր հարգարժան լեզվաբաններն էլ ընդունեցին, որ «և»-ը այբուբենում հայտնվել է թյուրիմացաբար: «Օ»-ն ներմուծվել է 12-րդ դարում եւ առաջացրել ուղղագրական խառնաշփոթ: Նշենք, որ «օ»-ն առանձնանում է Մաշտոցյան այբուբենի տառերի համակարգից. Մաշտոցյան այբուբենը փակ տառ չունի: Փակ օղակ ունեցող տառերը՝ ճ, ջ, գ, ծ եւ այլն, ունեն նաեւ բացող մասնիկներ: «Օ»-ն փակվում է ու չի բացվում; Իսկ «ֆ»-ի պաշտպանների կռվանն այն է, որ մաքուր հնչյուն է եւ, եթե մենք չունենք, կարող ենք ավելացնել: Բայց միշտ չէ, որ քանակը որակ է տալիս: Կենսաբանական փորձերը ցույց են տվել, որ «ֆ» հնչյունը հայ տեսակին ներդաշնակ չէ: Այբուբենի բոլոր տառերի հնչեցումը դրական հույզեր եւ կենսահոսանքներ է առաջացնում, իսկ «ֆ»-ինը՝ բացասական: Այսինքն՝ այն ոչ միայն ավելորդ է, այլեւ՝ վնասակար: Նույնիսկ տեսակետ կա, որ մեր ազգային ոգու անկումը սկսվել է այն ժամանակ, երբ մենք մեր աստվածատուր այբուբենը փակել ենք բացասական՝ անհաջողություն բերող «ֆ» տառով (կենաց ծառին փաթաթված օձի տեսքով): Պատահակա՞ն է, արդյոք, որ մեր այբուբենի տառերի թիվը 36 է՝ ո’չ ավել, ո’չ պակաս: Պարզվում է՝ հենց 36-ն է, որ տիեզերակարգի գաղտնագիր, կենսաբանական ծրագիր, աշխարհընկալման օրինաչափություններ է պարունակում: Լեզուն բանական համակարգ է, եւ տառերի թիվը փոխելը խախտում է լեզվակիր անհատի կամ ազգի կենսաբանական ներդաշնակությունը: Յուրաքանչյուր հայ պետք է լսի-տեսնի-հասկանա հայերենով: Հայոց 36 տառյա այբուբենը տիեզերքը կարդալու եւ չափելու ծածկագիր է, որը պիտի մնա անխախտ:

Խոսքը արարում է ինչպես անհատի հոգին, այնպես էլ՝ ազգի ոգին: Ուրեմն՝ յուրաքանչյուր ազգի լեզու իր լինելիության պայմանն է՝ որպես բարոյակերպարային արարիչ, իմաստության որոշակի աստիճան:

«Սասնա Ծռեր» դյուցազնավեպը

Սերնդակրթական, հայ անհատի ձեւավորման համար շատ կարեւոր է ազգային արժեքներն ուսումնական ծրագրերի առանցք համարելը: Կրթահամակարգում ուսումնական ծրագրերի բարեփոխում անվան ներքո իրագործվում է հայոց արժեքային համակարգի նսեմացում, անգամ՝ վարկաբեկում «Սասնա Ծռեր» վիպերգն էլ չի խուսափել այս քայքայիչ նորացումից: Եթե տեր չկանգնենք մեր ժառանգությանը եւ շարունակենք կրթվել օտարի ծրագրով, ապա ստիպված կլինենք համակերպվել նաեւ նրանց՝ մեզ համար նախատեսած ապագային:

« Սասնա Ծռեր»-ն այն ստեղծագործությունն է, որը պետք է ուղեկցի հայ մարդուն ողջ կյանքի ընթացքում: Էպոսը ո’չ միայն ազգի նկարագրի, անցած ուղու վավերագրումն է, այլեւ նրա ցանկությունների, ձգտումների, նպատակների արտահայտությունը: Յուրաքանչյուր հայ իր նկարագրով մի Սանասար ու Բաղդասար, Դավիթ, Մեծ ու Փոքր Մհեր է ու կռվի կելնի, երբ դանակը ոսկորին հասնի, թշնամուն մեծահոգաբար զարկ կբաշխի, բայց կհաղթի, որովհետեւ ուժեղ է, ազնիվ ու ազատատենչ: Վիպերգը խոհեմ, զգոն լինելու, թշնամու դավերից խուսափելու խորհուրդ է, հայրական ժառանգությամբ հզորանալու, ցեղի մաքրության պատգամ: «Սասնա Ծռեր»-ը նաեւ հավատամքային ու տիեզերագիտական խորհուրդներ ունի՝ բանահյուսական պատումներով պարուրված: Այն է իրական Հայոց Աստվածաշունչը:

Հայ ազգագրագետները, պատմաբանները եւ գրականագետներն ազգային անվտանգության, հայի նկարագրի, առաքինության ու առաքելության, նաեւ պատմական ճշմարտության տեսակետից « Սասնա Ծռեր»-ը վերլուծելու, ուսումնական ծրագրերում նրա տեղն ու դերը որոշելու խնդիր ունեն:

3. Պատմական, աշխարհագրական խորհրդանիշ

Պատմա-աշխարհագրական խորհրդանիշերն են, որ ստեղծում են Հայրենիքի անկրկնելիության, ազգային պատկանելության զգացողություն:

Երկգագաթ Մասիսը աշխարհագրական խորհրդանիշ է եւ հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր անհատի սրրբությունը, հոգու կանչը: Հայք ու Հայրենիք ասելիս, առաջին հերթին, պատկերացնում ենք Արեւի շողերով ողողված Մեծ ու Փոքր Մասիսները: Եվ իզուր չէ, որ այն եղել է եւ է մեր նկարիչների, բանաստեղծների, երաժիշտների ոգեւորության աղբյուր, զինանշանի եւ օրհներգի հիմնական բաղադրիչ:

Խաչքարն ու ցայտաղբյուրը պատմական առարկայացած խորհրդանիշեր են՝ հայի ստեղծագործ ոգու, ուրույն նկարագրի վավերագիր, ջրի ու քարի համադրության, ներդաշնակության արտահայտություն: Ուրիշ ոչ մի ազգ խաչքար ու ցայտաղբյուր չի ստեղծել: Պատահական չէր, որ շուկայական հարաբերությունների ներդրման առաջին արտահայտություններից մեկը եղավ ցայտաղբյուրները քանդելու՝ Երեւանի քաղաքապետի որոշումը: Զայրույթի պոռթկումը պահեց դրանցից մի քանիսը, այդ թվում՝ Հանրապետության հրապարակինը: Այսինքն՝ օտարը ձեռք է բարձրացնում մեր նկարագիրը բացահայտող, մեր ոգին ամրացնող խորհրդանիշերի վրա՝ անգամ մեր երկրում: Օտարը նաեւ իր լեզվամտածողությունն է պարտադրում փողոցային հսկայածաված գովազդային պաստառների ու ցուցանակների տեսքով: Սրանք երբեք մանրուքներ չեն, իսկ ում հասու չեն… դա արդեն այլ խնդիր է:

Պատմա-աշխարհագրական խորհրդանիշերն են նաու մեր այլ լեռներ, լճեր ու գետեր, ինչպես մայր-Արաքսը, Վանա լիճը կամ Մարութա սարը:

4. Ազգային խորհրդանիշ

Ազգ

Ազգը տեսակի մարմնական-հոգեւոր ամբողջությունն է՝ բնախոսական հավաքական դրսեւորումներով: Ազգը անհատի մայր-ծնողն է՝ մայր-ծինը, ինչը արարչական որակներ է տալիս նրան, եւ ազգայինի գերակայությունը անհատի համար ինքնատիպ եւ ինքնուրույն գոյատեւելու առաջին նախապայմանն է:

Ազգը բնական-արարչածին երեւույթ է, ունի ծագում, լեզու, հավատք, մշակույթ, ավանդույթ, կեցական համակարգ եւ բնօրրան-հայրենիք՝ արարման վայր: Բնական ազգը ունի անցյալ-ներկա-ապագա, անբնական ազգը՝ միայն ներկա…

Հայրենիք

Հայրենիքը ազգի արարչական բնօրրանն է, որը տրվում է ի վերուստ եւ սակարկման ենթակա չէ որեւէ սերնդի կողմից: Հայրենիքը հանրաքվեով կամ որեւէ ազգային կամ օտաազգի խմբի կողմից նվիրատվությամբ չի տրվել եւ նման ձեւով էլ չի կարող օտարվել բուն ազգից: Հայրենիք-բնօրրանը ազգի բնականոն զարգացման, առաքինի կենսակերպով սեփական առաքելությանը հասնելու միակ կենսատարածքն է, ինչի միասնականության պահպանումը բոլոր սերունդների սրբազան պարտականությունն է: Հայրենիքը մեկն է, ինչպես ազգային պատկանելությունը, այն չի կարելի շփոթել ծննդավայրի (հաճախ երկրորդ հայրենիք կոչելով) կամ նույնացնել պետականության, պետության եւ որ ավելի նսեմացուցիչ է՝ իշխանության հետ: Այլաբանորեն Հայրենիքը հայոց մարմինն է, ազգը՝ հոգին: Եվ առանց մեկը մյուսի գոյատեւել չեն կարող… Հայոց արարչատուր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է՝ բարձրավանդակը, ինչն էլ բնականից պաշտպանված է լեռնային սահմաններով:

Ընտանիք

Հայ ընտանիքը ԱրԷգԱկ-ի գիտակցությամբ ստեղծված միություն է՝ այր եւ կին կազմով: Հայ ընտանիքը չի գործում հայրիշխանության կամ մայրիշխանության դրսեւորումներով եւ ի սկզբանե գործել է ԱրԷգԱկ-ի՝ Արական եւ Է(Ի)գական Ակունքի գիտակցությամբ, այսինքն՝ ընտանիքում եղել է գիտակցության իշխանություն, ինչը չի ենթադրում սեռական տարբերակում: Հայ ընտանիքի, գերդաստանի կառուցվածքը պետական կառուցվածքի նախահիմքն է, ինչի առկայությունն արդեն հզոր ու արարչադիր օրենքներով ապրելու նախապայման է: Հայ ընտանիքի սկզբունքը կառուցված է սիրո, համերաշխության եւ ազատության նախահիմքի վրա: Այսօրվա բոլոր կռապաշտական դրսեւորումները ձեռքբերովի են եւ մերժելի: Հայ-արիական ընտանիքում երբեւիցե չեն գործել հարսի չխոսկանության կամ դեմքը ծածկելու եւ նմանատիպ այլ սնահավատ ու ձեռքբերովի կանոնները: Փոխհարաբերություններում իշխել են սերը, հարգանքը, ազատ խոսքն ու գիտակցության գնահատումը:

Հայ մարդ

Մարդը բնական արարած է, որը եռակառույց է, ունի մարմին, բանականություն եւ հոգի, նաեւ՝ ազգային պատկանելություն, ինչը նրա բնածին պաշտպանական թաղանթն է: Սա արարչադիր որակ ու նաեւ պայման է: Հայ մարդը չի կարող ապրել այս պայմանից դուրս եւ որակազրկված: Պայմանից դուրս ապրող մարդը պարզապես անհատ է՝ անդեմ ու անապագա, որի մարմինը դառնում է գոյություն քարշ տվող զանգված, իսկ հոգին չի ունենում հանգրվան տիեզերքում եւ անհույս թափառական է դառնում՝ մեռյալների ցածրագույն համակարգում:

Հայ մարդը որքան ազգային, նույնքան էլ համամարդ է, որքան հայրենապաշտ, այնքան էլ՝ մոլորակասեր ու տիեզերաճանաչ է: Հայ մարդը չի մոռանում, որ նաեւ մարդ է՝ իր Աստվածների պատկերով մարդ…

Ազատություն եւ անկախություն

Այս արժեքները բնական են, ուստի նաեւ ազգային են ու պարտադիր, չնայած, հասկանալի է, որ տիեզերքում հարաբերական արժեքներ են, քանզի ամեն բան փոխշաղկապված է ու կախված մեկը մյուսից… Արդար մարդուն ազատությունից, բնական ազգին անկախությունից զրկելը մեծագույն հանցագործություն է եւ անպատիժ չի մնում:

5. Պետական խորհրդանիշ

ՀՀ Սահմանադրությունում նշված է. «Հայաստանի Հանրապետության Դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով, Հայաստանի Հանրապետության Զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվն ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սար, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն, Հայաստանի Հանրապետության Օրհներգը «Մեր Հայրենիքն» է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է»:

Ասենք, որ Սահմանադրության այս հոդվածը թերի է (ձեւակերպումներն անորոշ են, անմշակ. տրված չէ դրոշի եւ զինանշանի պատկերը), որը բազմաթիվ աղավաղումների հնարավորություն է ստեղծում, դրանից էլ օգտվել են մեր պետականության թշնամիները:

Դրոշ

Մեր եռագույնի մասին այսպիսի մի քառատող կա՝

Արյունից ծորած երիզ մի կարմիր,

Երկնքից պոկված կտոր մի կապույտ,

Հասուն արտերի շող ծիրանագույն,

Եվ վեց դարերի խավարի վրա՝ դրոշ եռագույն:

Այս քառատողը ավելի հստակ է պատկերում մեր դրոշը, քան՝ Սահմանադրության համապատասխան նկարագրությունը: Ծիրանագույնը հայկական մտածելակերպում զուգորդվում է արեւի, ծիրանի, ծով-ծիրանի կամ ցորենի հասկի հետ: Թե ինչո՞ւ է արեւապաշտ հայի դրոշի ծիրանագույնը կամ ոսկե դեղինը դարձել նարնջագույն՝ կարծում եմ՝ մեկնաբանման կարիք չունի… Իսկ առհասարակ հայոց դրոշը կարող է լինել պարզապես ծիրանագույն՝ խորհրդանշելով Հայքն ու հային:

Զինանշան

1992թ. ապրիլի 19-ին հաստատվել է «ՀՀ օրենքը Հայաստանի Հանարպետության զինանշանի մասին»: Համաձայն այս օրենքի՝ 1920թ. հուլիսին ընդունված ճարտարապետ Ալ. Թամանյանի եւ նկարիչ Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանն ընդունվել է ՀՀ պետական զինանշան: Այնուհետեւ ձեւակերպվել է ՀՀ Սահմանադրությունում ներկայացված նկարագրությունը: Թվում է, թե օրենքով հաստատվածն ու Սահմանադրությամբ ամրագրվածը չպետք է տարբերվեն եւ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը պետք է լինի: Դիտողունակ մարդիկ համեմատել են 1920թ. զինանշանը ՀՀ այսօրվա զինանշանի հետ եւ արձանագրել 23 փոփոխություն («Երկիր», 26.05.2001թ.):

Հայկականության թշնամիները խմբագրել են ազգ-անհատ, անհատ-ազգ կապն ապահովող մեր խորհրդանիշերից մեկը եւ այն դարձրել անուժ, անզոր: Նրանք փորձում են զրկել մեզ մեր պատմական հիշողությունից՝ այլասերելով ազգի ժառանգականությունը:

Նախ՝ ուշադրություն դարձրեք զինանշանի սահմանադրական ձեւակերպման վերջին տողին՝ «…պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն»:

Ինչպե՞ս է պատահել, որ պետության զինանշանի բաղադրիչ են նշվել շղթան եւ ժապավենը՝ առանց հստակեցնելու դրանց խորհուրդը, այսինքն՝ չի տրվել համապատասխան պատկերը (շղթան, եթե կտրտված չէ, կարող է շղթայել, ժապավենն էլ՝ եթե չի միացնում, ամբողջացնում, դառնում է անիմաստ): Ի՞նչ տրամաբանությամբ է գրիչը փոխարինվել ճյուղով: Գիրն ու ուսումն այդքան չարժեւորող ազգ ե՞նք, որ մարմին զորացնող երկու տարր է գրանցվել զիանանշանի համար, բայց ոչ մեկը՝ մտքի ու հոգու: «Հասկերի խուրձ» արտահայտությունն էլ տարօրինակ է հնչում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է զինանշանի վրա հասկերի խուրձ պատկերվի, որ խոտի խրձին չնույնանա: Ձեւակերպողները, հավանաբար, խուրձն ու փունջը չեն տարբերել: Այսքանը՝ ասվածի, ամրագրվածի մասին: Մնացյալը կատարվեց հետո. օգտվելով Սահմանադրության հոդվածի թերասացությունից՝ զինանշանը զրկեցին ոգուց՝ հայկականությունից, եւ այն մեզ համար դարձրին «գերբ»: Նշենք անաղմուկ կատարված այս փոփոխություններից մի քանիսը:

Մռնչացող, բերանը բաց, լեզուն հանած, թշնամիներին հոշոտելու պատրաստ առյուծը դարձել է բերանփակ, հեզ ու խոնարհ: Պատահական չէ, որ այսօր հեռուստաեթերից հնչեցվում է արյուծ, մրնչալ, կարավարություն, բայց՝ Գեռմանիա, գռանդ, դպռոց…

Իսկ մեր պետականությանն սպառնացողներին ծվատելու, քրքրելու սպառնալիքն աչքերում, իր հզոր թեւով զինանշանը գրկած արծիվը մեզ հրամցվող տարբերակում ետնապատկեր է: Նրան մեր պետականությունը պաշտպանելու թույլտվություն չի տրվել…

Ջրհեղեղի ժամանակներն անցել են, բայց Մասիսի ստորոտում (ըստ որում՝ ձեւակերպման մեջ Մասիսը «Արարատ» է կոչվում) պատկերված ջուրը հավանաբար մեզ նորից ջրհեղեղով է սպառնում: Եվ ամենակարեւորը՝ զինանշանի վրա գրված չէ «Հայաստանի Հանրապետություն» կամ որ ավելի ճիշտ է՝ «Հայաստանի Արեւելյան Հանրապետություն»՝ հավաստելով, որ ունենք նաեւ Արեւմտյան Հայաստան: Այսինքն՝ մեր զինանշանն անհասցե է. ով ուզենա՝ տեր կկանգնի, եթե, իհարկե, որեւէ մեկին գրավի այս ապազգայնացնող հակասությունների փունջը:

Ինչ մնում է Արարատ գաղափարագրին, որի արժեքը փոքրացրել են ու նույնացրել մեր Մասիսի հետ, ապա սա էլ աննպատակ չի արված: ԱրԱրատը մեր տեսակի արարման վայրն է՝ Հայկական կամ Արարատյան լեռնաշխարհն է՝ Հայոց բնօրրանը:

Օրհներգ

Պետական օրհներգին առաջադրվող պահանջներն են՝ ազգային, վեհացնող երաժշտություն, անցյալը, ներկան, եւ ապագան կապող՝ հայրենասիրության, նվիրումի մղող եւ լուսավոր ապագայի հույս ներշնչող շարադրանք:

ՀՀ օրհներգը, բազմաթիվ կարկատաններով, աղքատի հագուստի տպավորություն է թողնում: Զավեշտ է. անկախություն ձեռք բերեցինք, իսկ օրհներգ ստեղծել չկարողացանք եւ «Իտալացի աղջկա երգի» անունը դրեցինք «Օրհներգ», կամ էլ «Հիմն», որն իր կաղ հանգերով, անտրամաբանական շարադրանքով, անհարթ ոճով շփոթության է մատնում իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդու:

Առաջին քառատողը տարակուսանք է առաջացնում՝

«Մեր հայրենիք, Ազատ, Անկախ

Որ ապրել է դարեդար

Յուր որդիքը արդ կանչում է

Ազատ, Անկախ Հայաստան»:

Բոլորիս է հայտնի, որ մեր հայրենիքը վերջին հազարամյակում «դարեդար» ազատ ու անկախ չի ապրել եւ դրա համար մաքառել ու պայքարել է: Եթե «ազատ ու անկախ»-ը այսօրվան է վերաբերում, այդ դեպքում ինչու՞ է մեր հայրենիքի ապրելու փաստն անցյալ կատարյալով նշվում, իսկ որդիքը՝ հայրենիքից հեռու: Խոսքը վստահաբար Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախածների մասին չէ:

Երկրորդ քառատողը դրոշի մասին՝ օրհներգի բնույթին անհարիր, ողբերգության երանգով զեղում է: Հաջորդ քառատողը նորից դրոշի մասին է՝ անգրագետ շարադրանքով: Իսկ վերջին քառատողը հուսահատվածի խոհափիլիսոփայական մխիթարանք է. օրհներգն ավարտվում է «զոհվել» բառով, իսկ ապրելու, բարգավաճելու, հայրենիք շենացնելու մասին՝ ո’չ մի խոսք: Մնում է ենթադրել, որ թշնամու (տգետն էլ թշնամի է) մատը խառն է այս գործին: Բացակայում է Հայոց առաքելության ու հավերժելու ձգտումը…

Դրամ

Դրամը տնտեսությունը կազմակերպելու միջոց է, որը հասարակական-պետական հարաբերություններում խիստ կարեւորվել է եւ միջոցից վերածվել նպատակի: Ոմանց համար նաեւ աստված է դարձել: Դրամը պետականության խորհրդանիշ կարող էր եւ չհամարվել, բայց աշխարհը, ցավոք, դարձել է նյութապաշտ, հասարակական ու պետական հարաբերությունների հոգեբանությունն էլ՝ դրամին գերի: «Դրամը» մեր լեզվամտածողությամբ հավաքական իմաստ արտահայտող բառ է, եւ փողի միավոր դարձնելը ճիշտ չէր: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է հարմարվել այն մտքին, որ «լուման» դրամ չէ ու մեր դրամը դրամն է:

Պետության համար սեփական փողի շրջանառության տարածք ունենալն անկախ, ինքնավար լինելու անհրաժեշտ պայման է, եւ միայն այդքանով դրամը պետք է տեղ զբաղեցնի պետական խորհրդանիշերի շարքում:

Խորհրդանիշերի համակարգն անաղարտ պահելը, դրանցով սերունդ կրթելն ու դաստիարակելն ազգային դիմագիծը չկորցնելու, հարատեւելու լավագույն միջոցն է: Ներկայումս մեր պետության ո’չ ներքին, ո’չ էլ արտաքին քաղաքականության մեջ Հայոց խորհրդանիշերի համակարգը լիարժեք չի գործում: Եղածը, ընդամենը, մեր ունեցածի ծաղրանկարն է: Կարելի է ասել, որ խաթարված է ազգային ներուժի բացահայտման, իրացման բնականոն ընթացքը, ինչը կվերականգնվի միայն մեր խորհրդանիշների համակարգի ընկալմանը համարժեք կերպով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» շաբաթաթերթ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։