ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը-2007թ.

  Ահմադինեջադ

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը-2007թ.


Հանուն Ողորմած եւ Բարեգութ Աստծո

Հարգարժան ռեկտոր, սիրելի համալսարանականներ, դասախոսներ եւ ուսանողներ:
Նախ ողջունում եմ բոլորիդ եւ երախտապարտ եմ Իմաստնագույն Տիրոջը, որ ինձ բախտ վիճակեց ներկայանալ մի գիտական միջավայրում եւ ճշմարտություն որոնողների ու գիտության ու ճանաչողության ոլորտի հետազոտող շրջանակներին:

Ցանկանում եմ այս թանկագին նիստում Ձեզ հետ խոսել գիտության ու գիտնականի (իմաստուն մարդու) մասին:

Դասախոսներն ու իմաստունները այն լուսավոր ճրագներն են, որոնցից յուրաքանչյուրը լուսարձակում է տվյալ ոլորտը, լուսավորում մութ ու խուլ արահետները եւ մարդուն փրկում մոլորությունից ու տգիտությունից:

Աշխարհի իրողությունների ընկալման բանալին գիտություն որոնողների ու իմաստություն փնտրողների ձեռքերում է:

Չբացահայտված բնագավառները, աներեւույթ աշխարհներն ու անհասանելի գիտությունները անսահման են եւ փակ պատուհանները գիտնականների աշխատանքով ու ջանքերով են բացվում դեպի ճշմարտություն:

Յուրաքանչյուր փորձով մի դուռ է բացվում եւ մի ճշմարտություն բացահայտվում:

Ցանկացած շրջանում, երբ պահպանվել են գիտության ու իմաստության վեհ արժանիքները եւ հարգանքի ու մեծարման արժանացել գիտնականներն ու հետազոտողները, մարդը մեծ քայլեր է ձեռնարկել նյութական ու հոգեւոր կատարելագործման ու զարգացման ճանապարհին եւ հակառակը, ցանկացած շրջանում, երբ գիտությունն ու գիտնականը զայրույթի ու ատելության են արժանացել, այդ ժամանակաշրջանները մարդկային պատմության մեջ խավարի շրջան են եղել, եւ մարդկությունը բանտարկված է եղել իր տգիտության ու անիրազեկության շրջանակներում:

Եթե չլիներ մարդու բնությունը, որը ճշմարտության փնտրտուքի հարատեւման եւ ճշմարտության բացահայտմանն ուղղված ձգտումի գաղտնիքն է, մարդը շարունակ կմնար տգիտության գերին եւ չէին բացվի մարդու երջանկության ուղիները:

Բնույթը Բարձրյալ Տիրոջ կողմից մարդու էության մեջ հավերժ պահ դրված պարգեւ է:

Նույն այն Տիրոջ, Ով արարեց մարկությունը եւ ճանաչողությունը ներկայացրեց, որպես Իր կողմից առաջին ու մեծագույն նվերը նրան, որպեսզի մարդը կարողանա Նրան ճանաչել:

Ադամի մասին առակում հրեշտակների ու Աստծո միջեւ փաստերի արծարծմամբ երկխոսություն ծագեց: Նրանք մարդուն համարեցին արյունարբու ու արկածախնդիր էակ եւ Աստծու մոտ բողոքով հանդես եկան: Եվ այսպիսին էր պատասխանը. «Ես գիտեմ այն, ինչ դուք չգիտեք»: Ապա Աստված Ադամին ուսուցանեց աշխարհի ճշմարտությունները եւ նա Աստծո հրամանով դրանք ներկայացրեց հրեշտակներին:

Նրանք ի զորու չեղան ճշմարտությունն ընկալել, ապա Աստված ասաց. «Մի՞թե չասացի, որ Ես եմ երկնքի ու երկրի անհայտների գիտակը»: Եվ այսպես, հրեշտակները երկրպագեցին Ադամին:

Աստծո կողմից առաքված բոլոր մարգարեների առաքելության մեջ առաջին խոսքը եղել է Տիրոջ արտահայտությունների ու նշանների ընթերցումն ու Ս. Գրքի ու իմաստնության ուսուցումը՝ առաքինությամբ ու անաղարտությամբ. Քրիստոսի մասին գրված է. «Նրան ուսուցանում է Ս. Գիրքն ու իմաստությունը ու Հին Ուխտն ու Նոր Ուխտը եւ Նա մարգարե է առաքված Իսրայելի ժողովրդին. «Իրապես ես Աստծո կողմից նշան եմ բերել»:

Ս. Ղորանի սուրաներից մեկում (Ալաղ սուրայում) առաջին խոսքը, որ իջավ իսլամի մարգարեի համար, պատվիրում էր կարդալ. «Կարդա՛ քո Տիրոջ անունով, Ով քեզ արարեց», ապա շարունակվեց. «Կարդա՛ քո Տիրոջ անունով, Ով Փառավոր է: Նա, Ով գրչով ուսուցանեց եւ մարդուն ուսուցանեց այն, ինչ չգիտէր»:

Ինչպես նկատում եք, իսլամի մարգարեին առաջին անգամ ներկայացված մի քանի այաներում (համարներում) խոսքը ընթերցելու, ուսուցման ու գրչի մասին է եւ այս այաները Աստծուն ներկայացնում է, որպես մարդու ուսուցիչը. ուսուցիչ, որը մարդուն ուսուցանեց այն, ինչ չգիտեր:

Այլ դրվագում իսլամի մարգարեի առաքելությունը այսպես է ներկայացվել, որ նա է, ում սովորական մարդկանց միջից, հենց իրենցից ոտքի հանեց, որպեսզի նրանց մաքրագործի մտավոր ու գաղափարային ու բարոյական ամբարտավանությունից եւ նրանց ուսուցանի Ս. Գիրքն ու իմաստություն:

Աստծո կողմից առաքված մարգարեների խոսքն ու պատգամները ամբողջությամբ կայանում են մարդուն տգիտության խավարից, սնոտիապաշտության անիրազեկությունից, ամբարտավան վարքից ու սխալ մտքերից դեպի գիտություն, ճանաչողություն, լույս ու ճիշտ վարքագիծ առաջնորդելու մեջ:

Գիտությունը մեկնաբանել ու սահմանել են որպես լույս: Գիտությունը նշանակում է լույս, եւ ճշմարիտ գիտությունը այն գիտությունն է, որ մարդուն փրկում է մոլորությունից եւ նրա համար շահեկան է:

Մեծերի ձեւակերպումներից մեկում նշվում է, որ գիտությունը այն լույսն է, որ Աստված առաջացնում է նրանց սրտերում, ում ցանկանա: Այս մեկնաբանության մեջ գիտությունը Աստվածատուր պարգեւ եւ սիրտը այդ պարգեւի տեղն է ներկայացված:

Եթե ընդունենք, որ գիտությունը նշանակում է լույս, ապա դրա շրջանակները փորձառական գիտությունների տիրույթից այն կողմ կգնա եւ կընդգրկի ցանկացած հայտնի ու անհայտ ճշմարտություն:

Գիտությանն ուղղված մեծ հալածանքներից մեկը դրա շրջանակները փորձառական գիտություններով սահմանափակելն է եղել, մինչդեռ գիտության տիրույթը շատ ավելի ընդարձակ է: Աշխարհի ճշմարտությունները չեն սահմանափակվում նյութական ճշմարտություններով եւ նյութը (մատերիան) մի շտրիխ վեր է ճշմարտությունից, եւ նյութական արարումը աշխարհի արարման ընդամենը մի շերտն է:

Մարդը արարչագործության մի նմուշն է, որը նյութի ու հոգու գումարն է, եւ մարդկային հոգին ու էությունը գերակայում է նյութականին ու մարմնին:

Մյուս խիստ կարեւոր կետը գիտության կապն է հոգու, կյանքի, վարքագծի ու բնավորության հետ: Աստծո կողմից առաքված մարգարեների ուսմունքում մի ճշմարտություն պետք է շարունակ գիտությանը հաղորդակից լինի, այսինքն՝ ուղեկցի նրան. այն է՝ հոգու առաքինությունն ու լավ վարքագիծը:

Գիտությունն ու ճանաչողությունը այն ընդարձակ իմաստով, որ ներկայացրի, մի անարատ ու վճիտ ճշմարտություն է: Գիտությունը լույս է, բացահայտում: Եվ այդ ճշմարտությունը այն գիտնականի ու հետազոտողի համար է կարող հասանելի լինել, որը եւս առաքինի է ու անարատ, եւ սխալ մտքերն ու պատկերացումներն ու սնոտիապաշտությունը, կամ նյութական կախյալությունն ու ինքնահավանությունը չխոչընդոտեն, որպեսզի նա ընկալի ու ընդունի բացահայտվող ճշմարտությունները:

Սիրելի ընկերներ, հարգարժան մտավորականներ եւ ներկաներ,

Գիտությունն ու ճանաչողությունը ունեն նաեւ ախտանիշներ:

Թերեւս սովորելու, ուսուցման, մտածողության ու հետազոտության ամենամեծ ախտանիշը ինքնահավանություններն ու նյութական կախվածություններն ու անձնական շահերն են:

Նյութական հրապուրանքները մարդուն ի հայտ են բերում աշխարհի ճշմարտությունների հակառակ կողմում: Ախտահարված ու կախյալ մարդը դիմադրում է ճշմարտության ընդունման հանդեպ, եւ նույնիսկ եթե այն ընդունի, դրան չի ենթարկվի:

Բազմաթիվ են այն գիտնականները, որոնք գիտեն ճշմարտությունը, սակայն դրանց չեն հավատում եւ նրանց ինքնահավանությունը թույլ չի տալիս ընդունեն ճշմարտությունը:

Արդյո՞ք նրանք, ովքեր մարդկության պատմության ընթացքում պարտադրել են պատերազմները, անկարող են եղել ընկալել այս ճշմարտությունը, որ հարգանքի են արժանի մարդկանց կյանքն ու ունեցվածքն ու երկիրն ու իրավունքները, թե՞ գիտեին, բայց դրան չեն հավատացել ու չեն ենթարկվել:

Մինչ այն ժամանակ, որ մարդու սիրտը չձերբազատվի թշնամանքից, նախանձից ու ինքնահավանությունից, նա չի ենթարկվի ճշմարտությանը, լուսավորությանն ու գիտությանը:

Գիտությունը այն լույսն է, որի կրողը պետք է արդար ու առաքինի լինի:

Եթե մարդկությունը ձեռք բերի նյութական ու հոգեւոր բարձրագույն գիտությունները, սակայն գիտնականներն ու իմաստունները առաքինի չլինեն, այն չեն տրամադրի մարդկությանը, ապա հնարավոր է հետեւյալ մի քանի դեպքերի ականատեսը լինենք.

1. Միայն ճշմարտության այն հատվածը, որն իրենց համար շահավետ է, տրամադրում են ժողովրդին եւ քողարկում նրա որոշակի հատվածները: Ընդ որում, նույնիսկ միաստվածության կրոնների որոշ իմաստուններ անցյալում այդպես են առաջնորդվել: Եվ ցավոք, այսօր եւս որոշ հետազոտողներ ու գիտնականներ մարդկանցից թաքցնում են որոշակի ճշմարտություններ:

2. Գիտությունն ու գիտնականը ծառայում են անձնական, խմբակային ու կուսակցական շահերին: Ցավոք սրտի, ներկայի աշխարհում բռնարար ուժերը իրենց տրամադրության տակ են վերցրել գիտնականներից շատերին ու տարբեր գիտություններ, որպեսզի թալանեն ազգերին ու բոլոր առիթները սեփականացնեն: Դուք տեսնում եք, որ՝

- Օգտվելով գիտական գործիքներից ու միջոցներից, խաբում են ազգերին, արդարացնում իրենց քայլերը, նրանց համար ստեղծում ենթադրական թշնամիներ, անապահով միջավայր եւ վախ, որպեսզի հանուն անապահովության ու ահաբեկչության դեմ պայքարի, վերահսկեն բոլոր գործերը:

Ոտնահարում են նաեւ սեփական ազգի անհատական ու սոցիալական ազատությունները եւ նույնիսկ չեն հարգում անհատների անձնական շրջանակը, ունկնդրում են հեռախոսազրույցները, վերահսկում անցուդարձերը, ստեղծում հոգեկան անապահովություն եւ, օգտվելով նման մթնոլորտից, արդարացնում իրենց ռազմատենչ նախաձեռնությունները աշխարհի տարբեր վայրերում:

- Օգտվելով գիտական ու ճշգրիտ միջոցներից ու պլանավորումներից՝ հարձակման են ենթարկում տեղական մշակույթները, որոնք արդյունքն են ազգերի հազարավոր տարիների ջանքերի, փոխգործակցության, ստեղծագործության ու արվեստի:

Փորձում են դրանք ոչնչացնելով՝ մարդկանց զրկել կարգավիճակից եւ խզել նրանց կապը սեփական պատմության ու արժեքների հետ: Ներշնչելով այնպիսի առանձնահատկություններ ու ձեւեր, որոնք ազգերին ուղղորդում են դեպի նմանակման ու սպառողականության, գերիշխանությանը ենթարկվելու, վախի ստորությանն ու արհամարհանքի ու անկարողության զգացմունքը, հիմք են ստեղծում նրանց նյութական ու հոգեւոր ռեսուրսների թալանման համար:

- Ատոմային, բիոլոգիական եւ քիմիական կործանարար ռումբերի ու զենքերի պատրաստումը եւս գիտահետազոտական ոլորտի նկատմամբ մեծ տերությունների կողմից ոտնձգության արդյունք է: Եթե չլինեին որոշ գիտնականների ու հետազոտողների համագործակցությունը, չէին արտադրվի ատոմային, բիոլոգիական, քիմիական ու նեյտրոնային ռումբերի տարբեր տեսականին:

Արդյո՞ք նշյալ զենքերը համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու նպատակով են: Ատոմային մշտական սպառնալիքի հովանոցի բացելը ի՞նչ ձեռքբերում է խոստանում մարդկության համար:

Եթե ատոմային պատերազմ սկսվի ուժերի միջեւ, ի՞նչ մարդկային ողբերգություն է տեղի ունենալու:

Նագասակիի ու Հիրոսիմայի ռումբերի ճառագայթման հետեւանքները դիտվում են նաեւ այդ վայրերի բնակիչների նոր սերունդների մոտ եւ հայտնի չէ դեռեւս քանի սերունդների է այն սպառնալու:

Իրաքում պատերազմի սկզբում օգտագործված աղքատացրած ուրանի ճառագայթումների հետեւանքները մարդկանց վրա կարող են հետազոտության ու ուսումնասիրության առարկա հանդիսանալ:

Այս մարդկային ողբերգությունները այն ժամանակ են տեղի ունենում, երբ գիտնականների գիտությունը ծառայում է բռնակալներին:

Հարգելի համալսարանականներ,

Աստված արդարներին, մարգարեներին ու ազնիվներին արժանի համարեց գիտության ու ճանաչողության ձեռք բերման համար, քանի որ գիտեր այն, որ գիտությունը թե՛ առաջնորդելու ու լույսի եւ մարդկությանը ծառայելու միջոց է, թե՛ կարող է դառնալ մարդկության դեմ զենք, ուստի պատվիրեց, որպեսզի ուսմանն ուղեկցի առաքինությունն ու ազնվությունը:

Մարգարեների առաքելության մեջ ներդրեց ե՛ւ մաքրագործումն ու առաքինությունն ու ինքնահավանության ու աշխարհատենչության դրսեւորումներից ձերբազատումը ե՛ւ Ս. Գրքի ու գիտության ու իմաստության քարոզչությունը:

Եթե գիտությունն ու առաքինությունը համատեղվեն, թե՛ գիտնականը ավելի լավ կստանա գիտությունը, թե՛ մարդիկ ճիշտ ձեւով կօգտվեն նրա գիտությունից:

Դիտարկեք պատմությունը, թե ինչքան բարիք է հասել մարդկությանը. առաքինի գիտնականների կողմից է ստացվել: Նույն այն մարդիկ, ովքեր իրենց գիտությունն ու ճանաչողությունը ծառայեցրել են մարդկությանը եւ որոնց նպատակը ճանապարհը լուսավորելը, ճշմարտությունների բացահայտումն ու մարդկության կատարելագործմանն ու երջանկությանն ուղղված օժանդակությունն է եղել:

Այս գիտնականները ինչքան ավելի են առաջացել գիտության ասպարեզում, այնքան ավելի խոնարհ են գտնվել մարդկանց նկատմամբ ու ավելի վեհ բարոյականությամբ օժտվել:

Սովորաբար առաքինի վարքով ու բարոյականությամբ օժտված գիտնականները եղել են նաեւ մարդկության մտավոր առաջնորդներն ու բարոյականության ուսուցիչներն ու խաղաղարարները:

Մարդկության բոլոր խաղաղարարները սկզբում եղել են լավ գիտնականներ ու ուսուցիչներ: Հոգեւոր մեծերի մասին պատմող առակներից մեկում նշվել է. այն ժամանակ, երբ գիտնականը բարոյալքվի, աշխարհը կբարոյալքվի, եւ եթե գիտնականը առաքինի լինի, աշխարհը կկանգնի ճշմարիտ ուղու վրա:

Գիտությունը պատուհան է դեպի Աստված, որի արգասիքը գործն է: Գիտնականները պետք է իրենց գիտության դիմաց պատասխանատվություն զգան: Անգործ գիտնականները նման են անպտուղ ծառի. ճշմարիտ գիտնականները չեն լռում ամբարշտության, անարդարության ու տառապանքների նկատմամբ եւ իրենց գիտությունը ներկայացնում ու մարդկանց իրազեկ են պահում:

Գիտնականները ոտքի են կանգնում բռնակալների ու հալածողների դեմ եւ թույլ չեն տալիս, որպեսզի տգետները խոսեն, խաբեն մարդկանց ու ոտնահարեն նրանց իրավունքները:

Գիտության բնագավառը սուրբ է ու Աստվածային եւ գիտությունը աշխարհի Արարչի կողմից ի պահ դրված պարգեւ է: Անարդարների մուտքը այս բնագավառ հալածանք է մարդկության նկատմամբ:

Բռնակալ ուժերը թե՛ գիտությունն են բռնազավթում իրենց ագահությունից ելնելով, թե՛ բռնությանը ապավինելով թույլ չեն տալիս գիտնականներն ու մտավորականները մուտք գործեն այն բնագավառներ, որտեղ ճշմարտության բացահայտումը խայտառակելու է նրանց: Ամոթալի է, որ այնպիսի օրենքներ են հաստատվում, համաձայն որոնց, արգելվում է պատմական որոշ իրադարձությունների մասին ուսումնասիրությունը եւ այն հետազոտողները, որոնք մուտք են գործում այդ բնագավառները, հանցագործ են համարվում եւ դատապարտվում ազատազրկման կամ տուգանքի վճարման:

Աշխարհի ամենամեծ ու ամենահստակ ճշմարտությունը Աստվածն է: Ամբողջ աշխարհն ու այն ամենը, ինչ նրա մեջ է, Նրա մասին են վկայում եւ այդուհանդերձ Աստծո բուն էության մասին ուսումնասիրության ու հետազոտության համար մշտապես բաց է ուղին եւ ոչ մեկին չեն դատապարտում ու ազատազրկում Աստծո լինել-չլինելու մասին ուսումնասիրելու ու հետազոտելու մեղադրանքով եւ բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ուսումնասիրությամբ ու հետազոտությամբ հավատում են Բարձրյալ Աստծուն:

Իսլամական դավանանքում նշվում է, որ կասկածը համոզմունքի նախաբանն է, պայմանով, որ մարդը դրանում կանգ չառնի, ուստի ի՞նչ վնաս կա դրանում, որ թույլ տան ուսումնասիրվեն ու հետազոտվեն նաեւ պատմական իրադարձությունները, որպեսզի իրողությունների կողմերն առավել թափանցիկ դառնան:

Պատճառը փնտրելու եւ հարցնելու առանձնահատկությունը ընդմիշտ ուղեկցելու են մարդուն, քանի որ հակառակ դեպքում կատարելագործում ու առաջընթաց չի արձանագրվի:

Մյուս կողմից ցավալի է, որ գիտության բնագավառում որոշ մեծ ուժեր մենաշնորհ են ստեղծում եւ նույնիսկ այլոց գիտական առաջընթացի դեմ առարկում:

Սա էլ է մեր դարաշրջանի հրաշալիքներից, որ որոշ մեծ ուժեր չեն կամենում ականատեսը լինել այլ ազգերի առաջընթացին եւ քաղաքական ու տնտեսական հազար ու մի պատճառաբանությամբ, զրպարտանքով ու ճնշումներով խոչընդոտում են այլոց գիտական առաջընթացը: Այս ամենը ելնում է նրանից, որ նրանք հեռու են մարդկային ու բարոյական արժեքներից ու Աստծո կողմից առաքված մարգարեների ուսմունքից. նրանք չեն դաստիարակվել մարդկությանը ծառայելու համար:

Հարգարժան գիտնականներ ու մտավորականներ:

Մի խոսքով, գիտությունն ու ճանաչողությունը Աստծո կողմից մարդուն տրված մեծագույն պարգեւն է եւ մարդու մոտ դեպի կատարելություն ու ճշմարտություն ձգտող բնույթը միշտ նրան պահել է գիտություն սերտելու եւ ճշմարտությունները բացահայտելու որոնումների մեջ:

Գիտությանը պետք է ուղեկցի բարոյականությունն ու առաքինությունը, որպեսզի թե՛ գիտնականն ու հետազոտողը այն ճիշտ ընկալի, թե՛ մարդկությունը այն լավագույնս եւ ճիշտ օգտագործի: Առաքինի գիտնականները ոչ միայն լուսավորչական ճրագներ են, այլեւ՝ մարդկության խաղաղարարները:

Չպետք է թույլ տալ, որպեսզի բռնակալ ուժերը ոտնձգություն կատարեն գիտության բնագավառ, գիտությունը զավթեն եւ այն ծառայեցնեն իրենց ագահությանը՝ մարդկության դեմ, եւ կամ սահմանափակեն ու շրջափակեն հետազոտության բնագավառները:

Գիտության բնագավառը սուրբ է, որը պետք է առաքինի մնա: Աստված տեղյակ է բոլոր ճշմարտություններին եւ սիրում է գիտնականներին, ուսուցիչներին ու հետազոտողներին:

Հուսանք, որ կգա այն օրը, երբ աշխարհի իշխանավորները կլինեն բարեպաշտ գիտնականները, եւ գլխավոր խաղաղարարը, որը արդար է եւ միաստվածության ուղղության իմաստուն, Քրիստոսի հետ միասին իշխանություն կհաստատեն աշխարհում:


ԱՄՆ Կոլոմբիայի համալսարանում ուսանողության հարցերը ուղղված ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադին եւ դրանց տրված պատասխանները -2007թ.


- Իսրայելի ոչնչացումը

Հարց – Պրն. նախագահ, Ձեր այսօրվա եւ անցյալի հայտարարությունները բազում հարցեր են առաջացնում, այդ թվում՝ արդյո՞ք Ձեր կառավարությունը կամ Դուք հետապնդում եք Իսրայելի, որպես հրեական մի պետության, ոչնչացման գաղափարը:

Պատասխան – Մենք սիրում ենք բոլոր ազգերին, մենք բարեկամ ենք բոլոր հրեաների հետ: Բազում հրեաներ Իրանում ապրում են խաղաղ ու անվտանգ պայմաններում: Պետք է նկատած լինեք, որ համաձայն մեր օրենսդրությանն ու Սահմանադրությանը, յուրաքանչյուր 150 հազար հոգի բնակչության հաշվին խորհրդարանի մի պատգամավոր է ընտրվում: Սակայն հրեական համայնքի անդամները, որոնց թիվը Իրանում այդ թվի մեկ հինգերորդն է կազմում, ունեն առանձին պատգամավոր: Ուստի մեր առաջարկը Պաղեստինի խնդրի հետ կապված, մարդկային ու ժողովրդավարական մի առաջարկ է: Այն, ինչ մենք ենք ասում, այս 60 տարվա վաղեմության խնդրի լուծումն է: Մենք պետք է Պաղեստինի ժողովրդին թույլ տանք, որպեսզի իրենք որոշում կայացնեն իրենց ապագայի համար եւ սա միանշանակ հիմնված է ՄԱԿ-ի պրիզմայի եւ նրա հիմնական սկզբունքների վրա: Մենք պետք է Պաղեստինի հրեաներին, Պաղեստինի մուսուլմաններին ու Պաղեստինի քրիստոնյաներին թույլ տանք, որ իրենք ազատ հանրաքվեի միջոցով որոշում կայացնեն իրենց ճակատագրի մասին եւ այն, ինչ նրանք որպես մի ազգ որոշեն, պետք է հարգելի համարվի, եւ բոլորը այն ընդունեն: Որեւեէ մեկը չպետք է տասնյակ միլիարդ դոլար սարքավորումներ ու զենք տրամադրի այնտեղ ինչ-որ մի խմբավորման: Մենք ասում ենք, որ Պաղեստինի ժողովուրդը ինքը պետք է իր ապագայի համար որոշում կայացնի եւ օժտված լինի իր ճակատագիրը որոշելու իրավունքով, եւ սա’ է Իրանի ժողովրդի խոսքը:

- Պաղեստինի հարցը

Հարց – Ներկաներն ուզում են հստակ լսեն այս հարցի պատասխանը: Արդյո՞ք Դուք կամ Ձեր կառավարությունը հետապնդում է Իսրայելի, որպես մի հրեական պետության, ոչնչացման գաղափարը: Եթե հնարավոր է պատասխանեք՝ այո կամ ոչ:

Պատասխան – Դուք հարց տվեցիք բայց ցանկանում եք պատասխանը լսել այնպես, ինչպես ցանկանում եք: Սա չի համարվում տեղեկատվություն ձեռք բերելու ազատություն: Ես միայն իմ դիրքորոշումն եմ ներկայացնում եւ ձեզնից հարցնում՝ արդյո՞ք Պաղեստինի հարցը մի միջազգային կարեւոր հարց է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք՝ այո կամ ոչ:

Հարցը ներկայացրած ուսանողը – Այո:

Պատասխան – Շնորհակալ եմ ձեր համագործակցության համար: Մենք այս խնդիրը, որը 60 տարի շարունակ արծարծված է եղել, ընդունեցինք եւ ահա ամեն մարդ իր լուծումն ունի, եւ մեր լուծումը ազատ հանրաքվեի անցկացումն է: Եթե այս հանրաքվեն իրականանա, դուք արդյունքի ականատեսը կլինեք: Թույլ տվեք Պաղեստինի ժողովուրդը ազատորեն որոշում կայացնի, թե ինչ են կամենում անել իրենց ապագայի համար: Ապա այն, ինչ դուք նկատի ունեք, կիրականանա եւ տեղի կունենա:

- Օժանդակություն՝ ահաբեկիչներին

Հարց – Ինչո՞ւ է Ձեր կառավարությունն օժանդակում ահաբեկիչներին: Արդյո՞ք կհրաժարվեք այս պահվածքից եւ թույլ կտաք միջազգային դիտորդները հաստատեն այս հարցը:

Պատասխան – Ձեզ մի հարց ուղղեմ. եթե ինչ-որ մեկը գա եւ ձեր կողքին մի ռումբ պայթեցնի, սպառնա նախագահին ու կառավարության անդամներին եւ սպանի Սենատի ու Կոնգրեսի անդամներին, դուք ինչպե՞ս կվերաբերվեք նրանց: Արդյո՞ք նրանց կպարգեւատրեք, թե՞ նրանց կանվանեք ահաբեկիչների խումբ: Պարզ է, որ նրանց կանվանեք ահաբեկիչ:

Սիրելի ընկերներ, Իրանի ժողովուրդը ահաբեկչության զոհ է դարձել: 26 տարի առաջ իմ աշխատավայրին շատ մոտ, մի խումբ ահաբեկիչներ ռումբի պայթյունի հետեւանքով, սպանեցին ժողովրդի կողմից ընտրված նախագահին ու վարչապետին եւ նրանց մոխրի վերածեցին: Նախագահն ավելացրեց, որ մեկ ամիս դրանից առաջ եւս մի այլ ահաբեկչական գործողության հետեւանքով, խորհրդարանի 72 անդամ եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 4 նախարար ու 8 փոխնախարար, պատառ պատառ դարձան: Վեց ամսվա ընթացքում Իրանի ժողովրդից 4000 հոգի ահաբեկչական գործողությունների զոհ դարձան: Այս բոլորը ահաբեկիչների մի խմբի կողմից իրականացավ եւ ցավոք սրտի, այս խումբը այսօր ձեր երկրում աշխատում է ԱՄՆ կառավարության հովանավորության ներքո, ազատ հայտարարություններ է անում եւ նրանց ճամբարները Իրաքում ԱՄՆ կառավարության կողմից են աջակցություն ստանում: Նրանց աջակցում է ԱՄՆ կառավարությունը: Մեր ազգը տուժել է ահաբեկչական գործողությունների հետեւանքով, եւ մենք առաջին երկիրն ենք, որ բողոքել է ահաբեկչության դեմ եւ արծարծել ահաբեկչության դեմ պատերազմելու անհրաժեշտությունը: Մենք պետք է պարզենք ահաբեկչության արմատները եւ արմատախիլ անենք նրա արմատական պատճառները: Մենք ապրում ենք Միջին Արեւելքում եւ մեզ համար միանշանակ ակնհայտ է, թե ո՞ր ուժերն են ստեղծում ահաբեկչությունը եւ դրանց աջակցում ու Ֆինանսավորում: Գիտենք, որ մեր ազգը պատմության ընթացքում միշտ օգնության ձեռք է մեկնել այլ երկրներին: Մենք մշակույթ ունեցող երկիր ենք: Մենք ահաբեկչության կարիքը չունենք, քանի որ ինքներս ահաբեկչության զոհն ենք:

- Հոլոքոստի մերժումը

Հարց – Մի շարք հարցեր են արծարծվել հոլոքոստի հետ կապված, ըստ որոնց փաստվել են այս իրողությունները նացիստական կառավարության գործողությունների հետեւանքով՝ 1940 թվականից ի վեր: Ինչո՞ւ եք Դուք ավելի շատ հետազոտություններ պահանջում: Թվում է, թե որեւէ պատճառ չկա այս գործի համար, միթե այն դեպքում, որ ինչ-որ հարց արծարծված լինի առ այն, որ ընդհանրապես այս իրողությունը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ: Արդյո՞ք կարող եք ասել, թե այս հետազոտությունները ինչո՞ւ են անհրաժեշտ:

Պատասխան – Շնորհակալ եմ ձեր հարցի համար: Ես համալսարանական եմ: Կարո՞ղ եք ասել, որ այս երեւույթի մասին հետազոտությունները մեկընդմիշտ ավարտվել են: Կարո՞ղ ենք գրքերը մի պատմական իրողության համար մեկընդմիշտ փակել: Յուրաքանչյուր հետազոտության հետ կապված տարբեր տեսակետներ են նկատվում: Ինչո՞ւ ընդհանրապես հետազոտությունները դադարեցնենք: Ինչո՞ւ պետք է գիտության ու իմացության առաջընթացը դադարեցնենք: Դուք չպետք է այդ հարցը ինձ ուղղեք: Դուք պետք է ձեզնից հարցնեք, թե ինչո՞ւ եք մտածում, որ դա հնարավոր է հարցնել: Եվ արդյո՞ք դուք ցանկանում եք կանխել գիտության ու իմացության առաջընթացը: Արդյո՞ք Ֆիզիկայում որեւէ բացարձակ բան գոյություն ունի: Մենք մաթեմատիկայում այնպիսի սկզբունքներ ունենք, որոնք ավելի քան 800 տարի ընդունվել են, որպես բացարձակություն, սակայն նոր գիտությունները մերժել են այդ բացարձակ արժեքներից ոմանց եւ ի հայտ են եկել նոր տրամաբանություններ մաթեմատիկայի համար: Ուրեմն մենք պետք է մեր հետազոտողներին ու գիտնականներին թույլ տանք, որպեսզի ցանկացած երեւույթ հետազոտեն: Ինչո՞ւ պետք է նրանց խոչընդոտենք: Ես չեմ ասում, թե ընդհանրապես տեղի չի ունեցել, ես դատողություն չեմ անում: Ես իմ երկրորդ հարցում ասացի, որ ենթադրենք իրականացել է, բայց ինչո՞ւ պետք է Պաղեստինի ժողովուրդը դրա դիմաց հատուցի եւ սա լուրջ հարց է, այն երկու կողմ ունի:

Միջոցառման հաղորդավարը – Գիտական հետազոտությունների համար առնվազն մեկ հիմք գոյություն ունի: Ուստի, հստակ ճշմարտությունների մասին հետազոտության պահանջարկը ցույց է տալիս, որ Եվրոպայում տեղի ունեցածի մերժման հարցն է արծարծվում:

Պատասխան – Տեսեք: Վերջին հաշվով դուք ազատ եք իմ խոսքերից եզրակացնեք այն, ինչ կամենաք: Բայց այն, ինչ ես եմ հստակորեն նշում, այն է, թե առաջին հարցում ես իրականում Եվրոպայի հետազոտողների իրավունքն եմ ներկայացնում: Գիտության ու հետազոտության բնագավառում հարցնում եմ, որ դրանում ոչինչ բացարձակ չէ եւ ոչինչ բավարար չափով չի իրականացել եւ նույնիսկ Ֆիզիկայում էլ այդպիսին չէ: Ֆիզիկայի մասին իրականացված ուսումնասիրությունները հոլոքոստի մասին կատարվածից ավելին են, սակայն դեռեւս շարունակում ենք հետազոտությունները Ֆիզիկայում: Ի՞նչ խնդիր կա, եթե այն իրականանա: Սա մարդու ցանկությունն է: Նրանք ուզում են մի հարցի տարբեր տեսանկյուններից դիտեն: Գիտնականները սա են ցանկանում, հատկապես, որ այս հարցը դարձել է անցյալ 60 տարվա ընթացքում Միջին Արեւելքում բազում քաղաքական զարգացումների հիմքը: Ինչո՞ւ այն ամբողջությամբ դադարեցնենք, դուք պետք է հիմնավոր պատճառ ունենաք դրա համար: Եվ այս իրողությունը, որ բավականին ուսումնասիրվել է, ինձ համար բավարար հիմնավորում չէ:

- Կանանց իրավունքները

Հարց – Իրանի կանայք չունեն մարդկային նախնական իրավունքները եւ Ձեր կառավարությունը խիստ պատիժներ է սահմանում համասեռամոլների նկատմամբ: Ինչո՞ւ եք այդպես վարվում: Եվ ինչո՞ւ է Իրանում կիրառվում մահապատիժը:

Պատասխան – Իրանում ազատությունը ճշմարիտ եւ իրական ազատություն է: Իրանի ժողովուրդը ազատ են եւ կանայք Իրանում ամենաբարձր մակարդակի ազատությունն ունեն: Մենք նախագահի երկու կին տեղակալներ ունենք: Կանայք ներկա են մասնագիտական բարձր մակարդակներում՝ խորհրդարանում, կառավարությունում եւ համալսարաններում: Բիոտեխնոլոգիայի եւ այլ տեխնոլոգիաների բնագավառներում հարյուրավոր կին գիտնականներ ակտիվ աշխատում են: Սա ճիշտ չէ, որ երբ մի կառավարություն այլ կառավարության դեմ է, մի շարք կեղծիքներ է տարածում, որպեսզի իրականությունը այլ կերպ ներկայացնի: Մեր ազգը ազատ է, ամենաբարձր ցուցանիշն ունի ընտրություններում մասնակցելու առումով, 80-90 տոկոսը մասնակցում են ընտրություններում, որոնցից կեսը կանայք են: Ինչպե՞ս եք ասում, որ մեր կանայք ազատ չեն: Արդյո՞ք սա ամբողջ իրականությունն է:

- Իրանում զանգվածային կախաղանները

Պատասխան – Այդ կախաղանների հետ կապված երկու հարց է արծարծված. եթե ինչ-որ մեկը թմրանյութ ներմուծի երկիր եւ ոչնչացնի Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի երիտասարդներին, նրան կպարգեւատրե՞ք: Չպետք է կարեկցել նրանց, ովքեր ոչնչացնում են աշխարհում, այդ թվում՝ Իրանում, հարյուրավոր միլիոն երիտասարդների: Դուք ԱՄՆ-ում մահապատիժ չունե՞ք: Ունեք: Իրանում եւս մահմապատիժը կիրառվում է նրանց համար, ովքեր զբաղվում են թմրաբիզնեսով եւ ոտնահարում մարդկանց իրավունքները: Եթե ինչ-որ մեկը զենքով մտնի մի բնակարան եւ սպանի մի խումբ մարդկանց եւ ապա մարդկանց առեւանգի, որպեսզի փրկագին ստանա, ԱՄՆ-ում ինչպե՞ս կվերաբերվեք նման մարդու հետ: Արյո՞ք նրան կպարգեւատրեք: Արդյո՞ք մի բժիշկ կարող է մանրեներին թույլ տալ, որպեսզի ամբողջ երկրով մեկ տարածվեն: Մենք օրենք ունենք, նրանք, ովքեր զենքով ոտնահարեն մարդկանց իրավունքները եւ մարդ սպանեն, անապահովության մթնոլորտ ստեղծեն, թմրանյութ վաճառեն կամ մեծ մասշտաբով այն ցրեն, մահապատժի կենթարկվեն:

- Համասեռամոլներ

Հարց – Պրն. նախագահ, հարցը համասեռամոլների ու կանանց մասին էր:

Պատասխան – Մենք մեր երկրում ձեր երկրի պես համասեռամոլ չունենք: Մեր երկրում համասեռամոլ գոյություն չունի: Այս երեւույթը Իրանում գոյություն չունի: Ո՞վ է ձեզ ասել, որ գոյություն ունի:

- Կանանց հարցերը

Պատասխան – Կանանց մասին միգուցե մտածեք, որ կին լինելը հանցանք է: Ո՛չ, կին լինելը հանցանք չէ, կանայք Աստծո լավագույն արարածներն են, նրանք բարության ու գեղեցկության կերպար են եւ Աստված է նրանց օժտել այդ պարգեւներով: Կանայք Իրանում հարգված են: Իրանում յուրաքանչյուր իրանցի ընտանիք, որը դուստր զավակ է ունենում տասն անգամ ավելին է ուրախանում, քան որդի ունենալու դեպքում: Իրանում կանայք առավել մեծ հարգանքի են արժանանում, քան տղամարդիկ: Նրանք ազատվում են օրենսդրական բազում պատասխանատվություններից, որոնք տղամարդկանց ուսերին են: Նրանք ապագայի մայրերն են: Իրանական մշակույթում տղամարդիկ, տղաները եւ աղջիկները միշտ համբուրում են իրենց մայրերի ձեռքը, որը նրանց հարգանքի նշանն է կնոջ հանդեպ, եւ մենք հպարտանում ենք այս մշակույթով:

- Սեպտեմբերի 11-ի դեպքի վայր այցելության մասին

Հարց – Այսօրվա Կոլոմբիա կատարած Ձեր այցից ի՞նչ արդյունք քաղելու հույս ունեք: Ձեր կարծիքը այն մասին, որ Ձեզ չթուլատրեցին այցելել սեպտեմբերի 11-ի ողբերգության վայր:

Պատասխան – Ես ձեր հյուրն եմ: Ինձ պաշտոնապես հրավիրեցին գալ Կոլումբիա, բայց ուզում եմ մի բան ասել: Իրանում, երբ մենք որեւէ մեկին հյուր ենք հրավիրում, նրան հարգում ենք, սա մեր ավանդույթն է եւ գիտեմ, որ ԱՄՆ ժողովուրդը եւս այսպիսի ավանդույթ ունի: Անցյալ տարի ուզում էի գնալ սեպտեմբերի 11-ի ողբերգության վայր, զոհերի հիշատակը հարգել եւ նրանց ընտանիքներին կարեկցել, սակայն մեր այցի ծրագրերը երկարաձգվեցին եւ մինչեւ կեսգիշեր բանակցություններով ու հանդիպումներով էինք զբաղված եւ չստացվեց այցելել այդ վայրը: Ընկերներին ասացի, որ հաջորդ տարի դա պլանավորեք, որպեսզի իմ հարգանքի տուրքը մատուցեմ: Ցավոք սրտի, խմբերից ոմանք շատ խիստ եւ տհաճ վերաբերմունք դրսեւորեցին: Արդյո՞ք դա տհաճ չէ, որ արգելում են, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի այդ ողբերգության զոհերի ընտանիքներին: Իմ կողմից հարգանքի տուրք է: Մի հոգի ասաց, որ դա անարգանք է, ես ասացի, որ դա վկայում է իմ հարգանքի մասին, ինչո՞ւ եք այդպես մտածում: Այսպիսի մտածելակերպով ինչպե՞ս եք ակնկալում, որ կառավարեք աշխարհը եւ աշխարհի գործերը: Չե՞ք կարծում, որ աշխարհի մեծ մաս խնդիրների պատճառը հարցերի նկատմամբ հենց այսպիսի վերաբերմունքն է ու մտածելակերպը: Ժողովրդի մեծ մասի նկատմամբ այս հոռետեսական վարքի պատճառը ինքնահավանությունն ու եսակենտրոն լինելն է, որից պետք է հրաժարվել, որպեսզի կարողանանք բոլորին հարգել եւ զարգանա ընկերական մթնոլորտը եւ բոլոր ազգերը կարողանան միմյանց հետ զրուցել եւ քայլ վերցնել դեպի խաղաղություն: Ուզում էի լրագրողների հետ զրուցել սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին: Սա ահռելի դեպք էր: Մեծ մաս դեպքերը դրան հաջորդեցին: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՖղանստանը, ապա Իրաքը գրավվեցին: Վեց տարի է, ինչ մեր տարածաշրջանը անապահովության, ահաբեկչության ու սարսափի է ենթարկվել: Եթե ուշադիր ուսումնասիրվեն սեպտեմբերի 11-ի պատճառները, եւ այն, թե ինչո՞ւ այդ դեպքը տեղի ունեցավ, եւ ի՞նչ հանգամանքներ դրան հանգեցրին, եւ որոշակիորեն ո՞ւմ մատն էր դրանում խառը, ապա բոլորը կանդրադառնան, թե ինչպե՞ս կանխեն Իրաքի ճգնաժամը եւ միասին լուծեն ԱՖղանստանի ու Իրաքի խնդիրը:

- Միջուկային հարց

Հարց – Հարցեր են ներկայացվել Ձեր ատոմային ծրագրի շուրջ: Ինչո՞ւ է Ձեր կառավարությունը ցանկանում հարստացնել այն ուրանը, որը օգտագործվում է միջուկային զենքեր պատրաստելու նպատակով: Արդյո՞ք կհրաժարվեք այս գործից:

Պատասխան – Նախ, որ մեր միջուկային ծրագիրը ամբողջովին օրենքի շրջանակներում է աշխատում: Երկրորդը՝ մենք ՄԱԳԱՏԵ-ի հսկողության տակ ենք աշխատում: Երրորդ. այս ծրագիրը միանշանակ խաղաղ նպատակներով է: Ուրանի հարստացման տեխնոլոգիան, որը մեր տրամադրության տակ է, միայն կարող է կիրառվել 5 տոկոսից ոչ ավել չափաքանակի հարստացման համար: Գործակալության հաճախակի զեկույցները հստակորեն վկայում են այն մասին, որ որեւէ հիմք չկա, որ փաստի, թե Իրանը միջուկային խաղաղ նպատակով ծրագիրը խախտել է: Մենք բոլորս գիտենք, որ Իրանի միջուկային դոսիեն իրավական հարց չէ, այլ՝ քաղաքական: ՄԱԳԱՏԵ-ն հաստատել է մեր խաղաղ նպատակով աշխատանքները եւ միայն երկու կամ երեք ուժ են, որ կարծում են իրավունք ունեն գիտությունը մենաշնորհի կարգով իրենց տրամադրության տակ ունենալ: Նրանք ակնկալում են, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ուրիշներին դիմեն եւ նրանցից միջուկային վառելիք ձեռք բերեն, այն գիտությունը, որ իրենք ունեն, ուրիշներից վերցնեն եւ իրենց նվաստացնեն, եւ իհարկե հետագայում (նրանք) հրաժարվեն այն տրամադրելուց: Ուստի մենք գիտենք, որ ինչ ենք ուզում: Դուք, որ ստեղծել եք ատոմային ռումբերի հինգերորդ սերունդը եւ դրանց փորձարկման շրջանում եք, ի՞նչ իրավունք ունեք այլոց միջուկային խաղաղ նպատակները՝ էներգիա արտադրելու համար հարցականի տակ դնել: Մենք հավատք չենք ընծայում միջուկայն զենքի նկատմամբ, այսքանը: Սա մարդկային սկզբունքներին դեմ է: Թույլ տվեք մի կատակ անել ձեզ հետ: Յուրաքանչյուր քաղաքագետ, ով միջուկային զենքի հետեւից է գնում, քաղաքական առումով մտավոր հետամնացությամբ է տառապում:

- ԱՄՆ կառավարության հետ երկխոսություն

Հարց – Արդյո՞ք Իրանը պատրաստ է երկխոսել ԱՄՆ կառավարության հետ: Այդ երկխոսությունից ի՞նչ է ակնկալում: Ինչպե՞ս կլուծվեն ԱՄՆ եւ Իրանի միջեւ խնդիրները:

Պատասխան – Մենք սկզբից հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցել բոլոր երկրների հետ: 28 տարի առաջ, երբ մեր հեղափոխությունը հաղթանակ գրանցեց, մենք մի կողմ դրեցինք արեւմուտքի աջակցությունը վայելող բռնատիրական կարգերը եւ ձեռք բերեցինք ժողովրդավարություն ու ազատություն: Այդ ժամանակվանից մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք երկու երկրների միջեւ երկխոսության համար: Մենք պատրաստ ենք աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերություններ եւ երկխոսություն ունենալ: Այն ժամանակ միայն Հարավային ԱՖրիկայի ապարտեիդ (սեւ-սպիտակ մաշկի գույնի պատկանող անհատների միջեւ խտրականություն որդեգրող-թարգմ.) եւ սիոնական վարչակարգերն էին բացառություն կազմում, որ արդեն ապարտեիդը վերացել է: Աշխարհում մյուսներին հայտարարում ենք, որ մենք կողմնակից ենք բարեկամական ու եղբայրական հարաբերությունների: Իրանի ժողովուրդը մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող ազգ է եւ երկխոսության ու բանակցության կողմնակից: Մենք հավատում ենք բանակցությանն ու երկխոսությանը եւ բոլոր հարցերը կարող են հեշտությամբ լուծվել, որեւէ սպառնալիքի, զենքի ու ռումբի անհրաժեշտության չկա, եւ եթե երկխոսություն սկսենք, ընդհարման կարիք չի զգացվի: Մենք հստակ տրամաբանություն ունենք այս կապակցությամբ: Մենք աշխարհի կառավարման եղանակը հարցականի տակ ենք դնում եւ գտնում ենք, որ ներկա ձեւը չի հանգեցնում աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը, եւ այն լուծումները, որ մենք ունենք, հիմնված են արժեքների ու երկրների միջեւ մարդկային հարաբերությունների վրա: Կբանակցենք նաեւ ԱՄՆ կառավարության հետ, որեւէ խնդիր չունենք, բայց այն հանգամանքներում, որ փոխադարձ հարգանքը երկու կողմերի համար էլ հաշվի առնվեն: Դուք տեսաք, որ Իրաքի անվտանգությանը օգնելու նպատակով երեք անգամ բանակցեցինք ամերիկացիների հետ եւ անցյալ տարի մինչ Նյու Յուրք այցելելը, պատրաստակամություն հայտնեցի, որպեսզի ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բուշի հետ բանավիճենք միջազգային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Սա վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք երկխոսության: Պատրաստ ենք բանավեճի՝ բոլորի ներկայությամբ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, թյուրիմացությունը վերանա եւ ճանապարհ բացվի բարեկամական ու եղբայրական հարաբերությունների համար: Կարծում եմ, եթե ԱՄՆ կառավարությունը մի կողմ թողնի անցյալի վարքագիծը, կարող է մեզ համար լավ բարեկամ դառնալ: 28 տարի է, ինչ նրանք շարունակ մեզ սպառնում են, վարկաբեկում, կանխում մեր գիտական զարգացումը: Դուք գիտեք, որ բռնապետ Սադամին Իրանի վրա կատարած հարձակման հարցում աջակցում էին ԱՄՆ կառավարությունն ու եվրոպական պետությունները: Նա 8 տարի շարունակեց հանցագործության բնույթի պատերազմը եւ 200 հազար իրանցիներ զոհվեցին այդ պատերազմում եւ 600 հազար հոգի վիրավորվեցին: Նա օգտագործեց քիմիական զենքեր: Հազարավոր իրանցիներ քիմիական զենքերի զոհ դարձան: Պրն. Նոբավեն, որը մեր պաշտոնական ու միջազգային լրագրողն է եւ ՄԱԿ-ում տարիներ շարունակ այդ կազմակերպության լրահոսն էր ապահովում, ինքը եւս Իրաքի կողմից մեր դեմ օգտագործված քիմիական զենքերի զոհն է: Այն ժամանակաշրջանից մենք տարբեր քարոզչությունների ներքո շրջափակված ենք եղել տնտեսապես եւ մեր նկատմամբ տնտեսական ու քաղաքական սահմանափակումներ են կիրառվել: Ինչո՞ւ: Որովհետեւ ազատվել ենք մի բռնապետի ձեռքից եւ ցանկանում ենք մեզ համար ունենալ ազատություն եւ ժողովրդավարություն: Սա ինձ համար անհասկանալի է: Ըստ մեզ, եթե ԱՄՆ կառավարությունը ճանաչի Իրանի ժողովրդի իրավունքները, հարգի երկրների ամբողջականությունը, բարեկամության ձեռք մեկնի բոլոր իրանցիների կողմը, կտեսնեն, որ իրանցիները նրանց լավագույն բարեկամներն են:

- Կոլոմբիայի դասախոսներին ու ուսանողներին ուղղված հրավեր

Պատասխան – Իսկ Կոլոմբիայի դասախոսներին ու ուսանողներին ուղղված հրավերի հետ կապված, հենց այս պահին բոլոր դասախոսներին ու ուսանողներին հրավիրում եմ ժամանեն Իրան եւ զրուցեն ուսանողների հետ. դուք պաշտոնապես հրավիրված եք: Դասախոսներն ու ուսանողները կարող են գնալ ցանկացած համալսարան կամ ուսանողական միություն, որը կկամենան: Ձեզ կտրամադրենք համալսարանների անվանացանկը: Ավելի քան 400 համալսարան են գործում մեր երկրում եւ կարող եք ընտրություն կատարել: Մենք ձեզ ամբիոն կտրամադրենք ելույթի համար եւ ձեզ 100 տոկոսով կհարգենք: Ուսանողներից կխնդրենք, որ գան եւ լսեն ձեր ելույթները: Ներկա պահին օրական հարյուրավոր այսպիսի հավաքներ են կազմակերպվում մեր համալսարաններում:

Շնորհակալ եմ Կոլոմբիայի համալսարանից: Գիտեմ, որ Ամերիկայի քաղաքագետներից շատերն են բողոքել այս հանդիպման համար, սակայն ժողովրդից շատերն էլ հավատում են խոսքի ազատությանը:

Հարց ու պատասխանի վերջում, նախագահը երախտագիտություն հայտնելով դասախոսներին ու ուսանողներին, նաեւ պատասխանեց Կոլոմբիայի համալսարանի ռեկտորի անսովոր արտահայտություններին, եւ այդ պատասխանը եւս ներկաների բուռն խրախուսանքին արժանացավ:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։