Ժողովրդավարությունը՝ համաշխարհայնացման խայծ

Ժողովրդավարություն

Ժողովրդի իշխանության հաստատումը կամ ժողովրդավարությունը պետական կառավարման ձեւ, նաեւ քաղաքակրթական հասարակական համակարգ է, ինչն առաջանում եւ գոյատեւում է ազգային արժեքների դերի նվազման կամ նվազեցման ժամանակ, հաճախ՝ նաեւ անտեսման հաշվին: Ազգային արժեքների նվազեցման դեպքում ժողովրդավարությունը վերածվում է կենտրոնաձիգ ամբոխավարության, քանզի բնական ու բնականոն ուրույն ազգային դիմագծով էությանն ու մտածողությանը հետզհետե գերակշռում է անդեմ զանգվածի՝ ամբոխի հոգեբանությունը, վարվելակարգը: Իսկ ազգային արժեքների անտեսման պարագայում, ժողովրդավարությունը վեր է ածվում միջազգային համապարփակեցմանն սպասարկող գաղափարաբանության, մարդու ազատությունները ազգատյացությամբ սանձարձակեցնող քաղաքականության:

Ժողովրդավարությունը կարող է գործուն համակարգ լինել բազմազգ եւ ապազգային բնույթի պետության մեջ, որում չկա բնօրրանատեր ազգ կամ՝ լինելուց էլ թույլ են նրա դիրքերը: Ժողովրդավարությունը հասարակական համակարգ է, քանզի հասարակների համակարգ է, որին մխիթարելու նպատակով ստեղծել են քաղաքացիական համակարգ անունը: Ստացվում է գյուղացիներն էլ քաղաքացիներ են, բայց այդ մասին միայն մամուլից են իմանում…

Կա պարզ հասկացողություն՝ բնակիչ: Եվ Հայաստանում բնակվողները, անկախ սեռական, կրոնական, կուսակցական ու ազգային պատկանելիությունից, ՀՀ բնակիչներ են, կլինեն նրանք՝ հայեր, եզդիներ, ասորիներ, հրեաներ, թե այլք: Կոտայք գյուղի բնակիչը չի կարող ՀՀ քաղաքացի կոչվել, իսկ Կապան քաղաքի քաղաքացին՝ ՀՀ քաղաքացի: Սա ե’ւ անտրամաբանական է, ե’ւ ծիծաղելի: Բայց, քանի որ միջազգային հասկացողության անմիջական թարգմանությունն է, ապա ո՞վ իրավունք ունի քննադատելու ժողովրդավարության հիմնասյուն հասկացողություններից մեկը, հետամնաց կերեւա անմիջապես:

Մենք «հետամնաց» երեւալու գայթակղությանը չդիմանալով հանդերձ նշենք, որ «հասարակություն» կան «ընդհանրություն» (ինչպես ռուսերենում՝ ՏոքպրՑՉՏ) համակարգերը միշտ էլ կցորդի դերակատարում են ունենալու առավել հզոր, «հատուկություն» որդեգրած համակարգերի նկատմամբ: Եվ սա պարզապես բառախաղային տեսություն չէ, ակնհայտ իրականություն է, որն այնքա~ն տեսանելի է մեր օրերում:

Ազգային միատարր պետություններին, որոնք դեռեւս ազգային էություն ու բնույթ չունեն, միջազգային «հատուկ-ություն»-ը նույնպես պարտադրում է ժողովրդավարական «հասարակ-ություն»: Իսկ քանի որ միատարր երկրներում, այնուամենայնիվ, գիտակցորեն, թե ենթագիտակցորեն կա «հատուկ-ություն» կամ դրա դրսեւորման ինչ-որ կերպ, ապա ժողովրդավարությունը ձեռք է բերում էթնիկ կերպավորումներ: Այսինքն՝ առաջանում է ասենք՝ հայկական ժողովրդավարություն: Եվ քանի որ սա ոչ ժողովրդավարության դասական ապազգային բնույթն ունի, ոչ էլ ազգային իշխանական համակարգ է, ապա դառնում է «ախպերություն»-ժողովրդավարություն:

Ամփոփելով այս թեման, մի քաչ մանրամասնենք, եթե ժողովրդավարություն ասելով ի նկատի ունենք ժողովրդաիշխանությունը, ապա առաջին ձեւակերպումը նույնպես լավագույնը չէ, ժողովուրդ-հանրությունն ինքը չի վարում պետական գործերը, այլ՝ իր ձեւավորած իշխանությունը, ուստի տեղին կլինի օգտագործել ժողովրդաիշխանություն եզրը: Իսկ եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ է ժողովրդաիշխանությունը, ապա պետք չէ թմբկահարել ամերիկյան կամ եվրոպական փորձերը, որոնք իրականում փորձանք են այլոց գլխին: Պարզապես պետք է ուսումնասիրել հին Հայաստանում «ժողովրդական ժողովների» ընթացակարգն ու ձեւավորման գործառույթները, թե ինչ է իրականում նշանակում՝ «ձայն բազմաց՝ ձայն աստծո»-ն եւ այլեւս կաշկանդված չենք լինի եվրապարտադրանքներով:

Ինչ մնում է քաղաքացի կամ քաղաքացիական հասարակարգ հասկացողությանը, ապա գուցե թե հետաքրքիր լինի ոմանց, երբ իրենց թանկագին ժամանակը մի քիչ կտրեն արեւմտյան բարբաջանքներից եւ ուսումնասիրեն հին Հայաստանի, Հռոմի (Հռոմի քաղաքացի հասկացողությունը պետք չէ շփոթել Հռոմեական կայսրության չգոյ քաղաքացու հետ) կամ Հունաստանի «քաղաքային ինքնավարություններ»-ի համակարգը եւ քաղաքացի հասկացողությունը հասկանան հենց էության մեջ, առանց ձեւախեղումների ու «արդիականացման»:

Ազգային-ժողովրդավարներ

Սա վերը նշած՝ էթնիկ կերպարանք ստացած ժողովրդավարության ելեւէջն է: Առավել վտանգավոր է, երբ ժողովրդավարները ցուցադրաբար են ներկայանում իբրեւ ազգային-ժողովրդավարներ. այս պարագայում հայտնվում է քաղաքական մի խառնուրդ, որը «գենետիկ» շեղման, երկվության մեջ գտնվելով, ինքնաբերաբար ընդարձակում է քաղաքական «շիզոֆրենիկների» դաշտը, ինչը խեղում է ե’ւ ժողովրդավարությունը, ե’ւ ազգայինը: Ամեն ինչից կարծեցյալ ամենալավն ընտրելը հանգեցնում է ոչ թե նոր լավ ձեւի ստեղծմանը, այլ՝ լավ «հիբրիդի»՝ ասենք՝ «ջորու» առաջացմանը, որը թվացյալ օգտակար լինելով տվյալ պահին, այնուամենայնիվ «անպտուղ» է եւ, հետագայում, բնականորեն ընթացքի մեջ մտնելով՝ դառնում է հակազդեցության, հակաբնական միջամտության պարարտ հող ազգային բոլոր երեւույթների դեմ…

Ազգային-ժողովրդավարները փորձում են արհեստականորեն միացնել երկու տարբեր համակարգեր, որոնք բացահայտորեն հակադիր են: Ժողովրդավարական համակարգի ստեղծած սանձարձակ անհատը՝ քաղաքացին (ով իրականում գեղցի է, չշփոթենք պատվարժան գյուղացու՝ հողի մշակի հետ), երբեք չի կարող գոյատեւել ազգային համակարգի պահպանողական միջավայրում, որտեղ հակառակ ժողովրդավարական սկզբունքների՝ գործում են ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի, ազգայնականության որդեգրած սրբազան իշխանության (հիերարխիա) բնական կանոնները, եւ այստեղ ազգի իրավունքներն օրինաչափորեն վեր են անհատին տրված իրավասություններից, քանզի դրանք նույն անհատի ինքնությունն ու գոյն են պահպանում: Անժխտելի է, որ ազգի շահը՝ ինքնատիպության պահպանման եւ այդպիսով հարատեւման խնդիրը, չի կարող ստորադասվել անհատի քմահաճույքներին, ներմուծված բարոյազուրկ ազատություններին, ու «ոսկե միջին» այս պարագայում գոյություն չունի. ցանկացած փոքր շեղումն անգամ խեղաթյուրում է այդ յուրօրինակ եւ ոչ համադրելի համակարգերը…

Պահպանողական-ժողովրդավարներ

Սրանք էթնիկ ժողովրդավարության մեկ այլ ելեւէջ են: Բայց գրեթե նույն արժեքային համակարգում են, որը դավանում են ազգային-ժողովրդավարները: Պարզապես փափկացրել ու նրբացրել են ազգային հնչեղ եզրը, որ այսպես կոչված միջազգային հանրությունն ավելի բարի աչքով նայի իրենց:

Եթե եվրոպացիները պահպանողական են իրենց ե’ւ անցյալի (ընդհուպ՝ թագավորական հարստության, ուրեմնեւ գենետիկ մաքրության պահպանման), ե’ւ ներկա հզորության նկատմամբ, ապա մեր պահպանողական-ժողովրդավարները պահպանողական են աշխարհի ներկյիս հզորների արժեքային համակարգի նկատմամբ:

Ստացվում է մեր ազգային կերպը զիջեցինք, այսինքն՝ կյանքը տվեցինք «մարդկության փրկչին» փրկելու համար, ով չէր էլ թաքցնում, որ եկել է հիվանդներին ու մեղավորներին փրկելու (թե մենք ինչ կապ ունեինք…), հետո՝ հարեւան երկրներին հզորացնելու համար, հետո՝ օսմանյան կայսրությունում ազատություն-հավասարություն-եղբայրություն հաստատելու համար, հետո՝ համաշխարհային հեղափոխության համար, հետո՝ այդ հեղափոխությամբ ծնված երկիրը քանդելու համար, հիմա էլ՝ մութ ուժերի համաշխարհայնացման, օտարի արժեքները պահպանելու՞ համար տանք կյանքներս… Արժե՞: Հերիք չէ՞ սրա-նրա համար դոշ ծեծենք, իսկ մեր ազգային արժեքների մասին խոսելուց խրտնենք ինչպես թշնամի…

Սրա փոքր-ինչ կարծր տեսակը՝ ներկայիս ցեղակրոն-ժողովրդավարներն են, ովքեր իբր փորձում են քայլել «համաշխարհային գործընթացներին համընթաց», բայց պահպանելով ազգային դեմքը: Սա ժամանակավոր երեւույթ է եւ հետզհետե կմարի: Ցեղակրոն հայը չի կարող ապազգային դեմքով ժողովրդավար լինել: Սա էլ անպտուղ «հիբրիդ» է:

Քրիստոնյա-ժողովրդավարներ

Ի տարբերություն էթնիկ ժողովրդավարության, սա ժողովրդավարական «աղանդ» է, կրոնական՝ քրիստոնեական հիւմքով: Սա ավելի վտանգավոր է, քան էթնիկ ժողովրդավարությունը, որովհետեւ ներառում է երկու համաշխարհայնացում- գլոբալացում:

Եթե ազգային-ժողովրդավարները որոշակիորեն ներառված են ազգային իղձերի մեջ, ապա քրիստոնյա-ժողովրդավարները ջատագովն են համաշխարհային կրոնի ու համաշխարհային պետության ստեղծման, անդեմ կամ միադեմ մարդկության ձեւավորման: Նման հասարակարգի ստեղծումը կբերի հենց նույն քրիստոնյաների՝ վախով սպասվող «աշխարհի վերջին»:

Զարմանալի է, թե հավատքի մեջ զուսպ քրիստոնյաներն ինչպես են հանդուրժելու այլասերված «ազատագրված» հասարակությանը, այդ ինչ գաղափարներ են միացնելու նրանց, ինչպես են ապրելու կողք կողքի…

Մեզանում դեռ թույլ է այս քաղաքական «աղանդ»-ը, բայց Հայ առաքելական եկեղեցու (եւ մյուս հայկական եկեղեցիների)՝ էկումենիկ շարժմանը միանալը հաստատապես կխթանի քրիստոնյա-ժողովրդավարների ներթափանցմանը Հայաստան:

Ժողովրդավարությունը որպես հակաբնական համակարգ

Տիեզերքում եւ Բնության մեջ կան արարչադիր օրենքներ, որոնք ի վերուստ են ու անխախտ են: Տիեզերքում չկա բացարձակ հավասարություն, չկա բացարձակ անկախություն եւ չկա բացարձակ ոչինչ՝ բացի Արարչից:

Տիեզերքը շա~տ քիչ ուսումնասիրողներն էլ դա կհասկանան անմիջապես: Ուստի արարչադիր օրենքները խախտողները հակաստվածային ու հակաբնական մղումներ ունեն: Ուրեմն նրանց նպատակները չար են ու աշխարհակործան: Ամեն ինչ ու ամեն բան իր տեղն ու դերն ունի, աստվածային համակարգը՝ իր, ոգիներինը՝ իր, մարդկայինը՝ իր: Մարդը չի կարող իրեն բացարձակ անկախ ու ազատ հռչակել ու մերժել անմերժելին՝ արարչադիրը… Մարդն ուզի էլ, ի զորու չէ փոխել Տիեզերակագը: Չի կարող, եթե գիտակցի, բայց կարող է փորձել ու… գալ փորձանքի, ինչպես եղել է նախկինում: Սակայն ամեն փորձանք չէ, որ փորձով է ավարտվում միայն…

Արարիչը ամեն բան ստեղծել է իր կերպով ու առաքելությամբ, տիեզերքին տվել է բազմազանություն, երանգներ եւ դա «գլոբալացնող» ու բազմազանությունը վերացնող մարդկային տեսակը պարզապես մեր միջի տականքն է, աղբը: Իսկ աղբի հետ վարվում են ինչպես աղբի հետ: Եթե մարդկությունը, ազգը չկարողացավ վերացնել այդ աղբը, ապա տիեզերական գործընթացներում դրանք անպատճառ կվերենան, բայց գուցե դա բոլորիս համար լինի ճակատագրական…

Հանուն համաշխարհային ժողովրդավարության՝ ազգային վեհ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, հավիտենարժեք հասկացությունները նույնացվում են մեծապետական եւ անձնապաշտական նկրտումների, դրսեւորումների հետ, ինչն էլ իր հերթին այսպես կոչված իրական ժողովրդավարությունը (դեմոկրատիա) վերածում է ամբոխավարական անսահմանափակ բռնակալական իշխանության (դիկտատուրա) կամ ծայրահեղական ժողովրդավարության, ինչը համաշխարհային չարիքի բուն է:

«Լուսանցք»-ի էջերում արդեն ասել ենք, որ ինչպես այսպես կոչված իրական ժողովրդավարությունը, այնպես էլ դրա վերոնշյալ «աղանդները» առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ, որտեղ «իշխում եւ թագավորում» է անձը, եւ անհատը բացահայտորեն շատ իրավունքներ ունի, քան ժողովուրդը: Ստացվում է նաեւ ժողովրդավարության ինքնահակասում՝ ընդհանուրի շահը զիջում է անհատավարությանը: Կամ գալիս ենք մեր վերլուծականի՝ «հասարակ-ություն» հասկացությանը, որում հասարակությունը տրորվում է «հատուկ-ություն» ձեւավորածների կողմից…

Ուստի, ժողովրդավարությունը շղարշ է եւ անձի իրավունքների բացարձակեցումը հանգեցնում է անհատավարության, ոչ թե՝ ժողովրդավարության: Ժողովուրդը մի աներեւույթ զանգվածի տպավորություն է թողնում, որի լծակները (ժողովրդական, հասարակական, հանրային) գործածվում են որպես ճնշման միջոց մի խումբ իշխանավորների համար եւ «օրենքի առաջ բոլորն են հավասար» դրույթը չի իրականացվում…

Ժողովրդավարության ներդրումը նշված ձեւերով ողբալի է դարձնում ազգի, ազգային անհատի վիճակը, քանզի ազգայինը ամենուր ծայրահեղականի կամ հետադիմականի անվամբ մերժվում ու հալածվում է: Ազգերի ինքնորոշման իրավունքը փշրվում է՝ զարկվելով մերօրյա զավթարարների հռչակած, այսպես կոչված տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին, եւ ազգերն իրականում զրկված են իրենց հիմնական, կենսական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (ինքնորոշվել, իրենց բնորոշմամբ, նշանակում է ուղղակի ձեռք բերել մշակութային կամ կրոնական-հավատամքային անկախություն): Այս ամենի հովանավորը՝ ՄԱԿ-ը, դարձել է մի քանի հզոր տերությունների խաղերի թատերաբեմ, որտեղ բազմաքանակ ազգերը մշտապես գրում են դերեր՝ փոքրաքանակ ազգերի եւ թույլ, դեռեւս ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետությունների համար՝ ցինիկորեն տնօրինելով նրանց ճակատագրերը՝ համապարփակեցման (գլոբալիզացիա) ներդրմամբ: «Ուժն ու արդարությունն են ծնում իրավունք» կարգախոսից «ժողովրդավարա(սիրա)բար» դուրս է շպրտվել «արդարություն» բառը, եւ աշխարհում իշխում է բիրտ ուժը: Իսկ ժողովրդավարությունն այս պարագայում ազդեցիկ ու «անմեղ» միջոց է խոսքի, հավատքի ու խղճի ազատության անվան տակ ներխուժել որեւէ պետության տարածք՝ հակազգային քարոզներով մասնատելով ու բարոյալքելով նրա բնակիչներին՝ այդ երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերին «հիմնավոր» կերպով միջամտելու պայման ստեղծելով: Այս տեսանկյունից ամենաարդար ազգային-ազատագրական կամ ինքնապաշտպանական պայքարն անգամ կարող է «վերածվել» ծայրահեղականների, կամ հեղափոխականների (հեղաշրջում անողների իմաստով) շարժման, իսկ տվյալ ազգի նվիրյալները, ովքեր սրբազան պայքարի են դուրս եկել իրենց ազգի եւ երկրի ազատության համար, կարող են գրչի մի հարվածով, ՄԱԿ-ի ընդամենը մի որոշմամբ դառնալ ո’չ միայն իրենց ազգի, այլեւ՝ մոլորակի ու մարդկության թշնամիները…

Եվ զարմանալի չէ, թե մարդու իրավունքներն ինչու են այդքան անսահմանափակ: Այդպիսով ժողովրդավարությունն աննկատ թելադրում է անհատին՝ առաջնորդվել սեփական «ես»-ի բավարարման պահանջներով՝ անմարդկային եւ անբարոյական ազատությունների շահարկմամբ, որ բնական մարդկային ու ազգային դիմագիծը կորցնելով՝ հանգում է անասնական, ավելին՝ հակաբնական եւ ինքնակործան պահվածքի ու վիճակի…

Բոլոր ազգերն էլ ունեն Ինքնություն, Առաքելություն ու Բնօրրան, եւ դրանց պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, եւ այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Համամարդկային հանդեսում յուրաքանչյուր ազգ պետք է ներկայանա իր սեփական եսով իսկ միջազգային ասպարեզում՝ իր ուրույն մշակույթով, արվեստով, գիտությամբ, արհեստներով, ավանդույթներով եւ այլ արժեքներով: Այսպես ձեւավորվում է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, եւ եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից ու շարժվեն կեղծ համամարդկայինով, ապա այն, հետզհետե սպառվելով, կոչնչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ ու մշտադալար արմատներից: Եթե համամարդկայինը սեփականացվի որեւէ ազգի կողմից, ապա այն ստիպված է լինելու փոփոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երեւույթ է: Այս պարագայում հայի ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձեւը ժամանակին համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը ընդօրինակելը), որը, սակայն, չի ակնկալում որեւէ էական, սկզբունքային շեղում Հայարիական ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, եւ սա է Հայ Տեսակի գոյատեւման, զարգացման ու հարատեւման գրավականը:

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։