Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Կրթա-մշակութային

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն էhttp://www.a1plus.am/1433769.html

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ  փետրվարի 5 -ին  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի  է հաղթահարված համարել նաեւ մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա  տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է կրել մեսրոպատառ հայերեն: Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ եւս կոչ ենք անում բոլոր անհատներին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, ինչպես նաեւ բանավոր զգուշացումներով կամ համապատասխան բովանդակության շրջաբերականներով  խորհուրդ տալ նման կերպ վարվել նաեւ իրենց ենթականերին: Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու եւ հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած մեծ աջակցության համար:

Փարաջանովի ֆիլմերը՝ Հարվարդի համալսարանի պարտադիր դիտման ցանկում

Սերգեյ Փարաջանովի 2 ֆիլմ ընդգրկվել է Հարվարդի համալսարանի՝ պարտադիր կինոդիտման ցանկում, որը նախատեսված է կինոոլորտի թեկնածուների համար. տեղեկացնում է god-kino2016.ru-ն: Դրանք են՝ «Նռան գույնը» (1969) եւ «Մոռացված նախնիների ստվերները» (1964):

Ընդհանուր թվով, ցուցակում ընդգրկված է համաշխարհային կինոյի 800 անուն, որոնք ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմեր են: Դրանցից 20-ը ռուսական ֆիլմեր են:

Որոշվեցին 2015 թ. լավագույն պետական դպրոցներն ու վարժարանները

Որոշվել են նախորդ տարվա Հայաստանի լավագույն պետական ավագ դպրոցներն ու վարժարանները՝ ըստ ԿԳ նախարարության։ Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը եւ համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները`դպրոցները բաժանվել խմբերի են հետեւյալ չափանիշներով`

ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական եւ ոչ պետական, բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային եւ գյուղական, գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ եւ ավագ, վարժարան, դ/ ըստ սովորողների թվի – մեծ, միջին եւ փոքր:

ՀՀ-ում պետական տարրական եւ ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով: Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվել են պետական եւ ոչ պետական, մարզային, ինչպես նաեւ հանրապետական դպրոցների կտրվածքով: ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի կայքը այսուհետ հասանելի է նաեւ անգլերեն ու ռուսերեն լեզուներով:

Շաբաթվա մարզական կյանքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայ ըմբիշների հարուստ ավարը՝ Բուլղարիայում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները գերազանց հանդես եկան Բուլղարիայում «Դան Կոլով – Նիկոլա Պետրով» անվանումը կրող միջազգային ավանդական մրցաշարում: Մեր 3 ըմբիշները՝ 71 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարան բոլոր գոտեմարտերում եւ գրավեցին 1-ին տեղը: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը նույնպես հասավ մինչեւ եզրափակիչ, սակայն վերջին մրցամարտում զիջեց իր մրցակցին եւ բավարարվեց 2-րդ տեղով՝ արծաթե մեդալով: Էդգար Խաչատրյանը (130 կգ) չնայած պարտվեց նախնական փուլում, սակայն մասնակցեց սփոփման մրցաշարին եւ բրոնզե մեդալ նվաճեց: Մրցումների վերջին օրը 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը ու Արթուր Շահինյանն համապատասխանաբար վաստակեցին արծաթե եւ բրոնզե մռդալներ: Մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Արսեն Ջուլֆալակյանի ոսկե մեդալը՝ Ստամբուլում

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Թուրքիայում կայացած Վեհբի Էմրեի եւ Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում դարձավ հաղթող: Մինչ եզրափակիչ փուլը հայ ըմբիշը 8:0, 4:0 եւ 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում նրա մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթեց 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջեց ադրբեջանցի ըմբիշին:

Բրոնզ՝ Իրանում կայացած Թախթիի գավաթում

Թեհրանում անցկացվող ըմբշամարտի ամենամյա միջազգային խոշոր մրցաշարում, որը նվիրված է Իրանի առաջին ըմբշամարտիկ օլիմպիական չեմպիոն Ղոլամրեզա Թախթիի հիշատակին, Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են 1 մեդալ: 61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը չնայած հանդես է եկել իր համար անսովոր 57 կգ կարգում, սակայն զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի:

Մեր մյուս ըմբիշներից համեմատաբար հաջող են հանդես եկել 57 կգ քաշային Հմայակ Աղաջանյանն ու 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը, ովքեր չեն կարողացել հաղթահարել 3-րդ տեղի համար պայքարի վերջին արգելքը եւ բավարարվել են 5-րդ տեղով:

Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտել են մրցելույթները Մինսկում կայացած Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը կիսաեզրափակիչում չի կարողացել հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին եւ բավարարվել է բրոնզե մեդալով:

Իսկ ահա մեր մյուս բռնցքամարտիկները՝ Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Ռաֆայել Սիմոնյանը, Հենրիկ Սարգսյանը (91կգ), չեն կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ ժամանակից շուտ դուրս են մնացել մեդալների համար պայքարից:

Հայկական ակումբները վերադառնում են Հայաստան

Մեր ֆուտբոլային ակումբները շարունակում են նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը եւ իրենց մարզումներն ու ընկերական խաղերն անցկացնում են արտերկրում: Գյումրիի «Շիրակ»-ը ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի ֆուտբոլի ուժեղագույն խմբում հանդես եկող «Լոս Անջելես Գալաքսի»-ին: Հանդիպումը կայացել է Կարսոն քաղաքի «Ստաբհաբ Ցենտր» մարզադաշտում: Նշենք նաեւ, որ ամերիկյան ակումբի կազմում հանդես եկան մեծ թվով հայտնի ֆուտբոլիստներ, մասնավորապես անգլիացի Ստիվ Ջերարդը, իռլանդացի Ռոբի Քինը, մեքսիկացի Ջիովանի դոս Սանթոսը:

Ռուսաստանում, Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլային թիմերը եւս ստուգողական հանդիպումներն են անցկացրել: Երեւանի «Արարատ»-ը մրցել է Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող «ԲՄԱ Էներգիա»-ի հետ եւ պարտվել 0:1 հաշվով: Մրցակցի կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը: Երեւանի մեկ այլ ակումբ՝ «Բանանց»ը, 6:1 հաշվով ջախջախել է տեղի «Սոչի»-ին: Մեր թիմից աչքի են ընկել Նաիրի Մինասյանը, Պետրոս Ավետիսյանը, Միգել Լոպեսը, Էդգար Մովսիսյանը, Ացամազ Բուրաեւը եւ Զավեն Բադոյանը: «Արարատ»-ը մեկ այլ խաղից հրաժարվել է քաղաքական նկատառումներով: Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ ընկերական հանդիպումը պետք է կայանար Աբխազիայի մայրրաքաղաք Սուխումում: Սակայն Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Անջինջալը նշել է, որ այդ հանդիպումը չի կայանալու քաղաքական նկատառումով: «Արարատ»-ի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի ԱԳՆ-ն արգելել է ընկերական խաղ անցկացնել Աբխազիայում, քանի որ Վրաստանի ԱԳՆ-ն ցանկալի չի համարում հայ ֆուտբոլիստների ժամանումը Սուխումի: Հայկական ակումբը որոշել է նորից ստուգողական խաղ անցկացնել «ԲՄԱ-Էներգիա»-ի հետ, բայց դա էլ չի կայացել ձյան սաստիկ տեղումների պատճառով:

Հ.Գ. – «Շիրակը» Կիպրոսի փոխարեն կմեկնի Ռուսաստան – Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը փոխել է իր նախապատրաստական ծրագիրը: Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 4-րդ տեղի թիմը ուսումնամարզական 2-րդ հավաքը նախատեսել էր անցկացնել Կիպրոսում, սակայն ակումբի ղեկավարությունն այն հետաձգել է 3 օրով, բացի այդ տեղափոխել Ռուսաստան:

«Շիրակ»-ը փետրվարի 17-ին կմեկնի Սոչի, որտեղ կմարզվի մինչեւ մարտի 2-ը: Ի դեպ, այդ օրը մեկնարկելու է Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի 2-րդ հատվածը, սակայն դա չի անդրադառնա շիրակցիների նախապատրաստության վրա, քանի որ նրանց առաջին մրցակիցը՝ Երեւանի «Ուլիս»-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հանվել է առաջնությունից եւ չի խաղալու այդ օրը:

ՖՖ-ն հետ կանչեց «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ ՈՒԵՖԱ-ի եւ ազգային արտոնագրերը

ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) արտահերթ նիստը: Նիստի ընթացքում քննության էր դրվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի եւ ազգային արտոնագրերը հետ կանչելու հարցը։ 2015թ. մարտի 13-ին եւ ապրիլի 20-ին «Ուլիս» ՖԱ-ին շնորհվել էր համապատասխանաբար ազգային եւ ՈՒԵՖԱ արտոնագիր 2015/2016 մրցաշրջանի համար: Նշված արտոնագրերը «Ուլիս» ՖԱ-ի առաջին թիմին իրավունք էին ընձեռել մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ՝ 2015/2016 մրցաշրջանի առաջնությանը եւ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ընթացիկ 2015/2016 մրցաշրջանի խաղարկությանը: Արտոնագրերի շնորհման պահին Ուլիս ՖԱ-ն բավարարել էր ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2014թ. խմբագրություն) պահանջները։

Սակայն հոկտեմբեր ամսից սկսած, հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի կողմից ստացված զեկույցները, համաձայն որոնց «Ուլիս» ՖԱ-ն կասկածվում էր պայմանավորված խաղերի եւ ապօրինի խաղադրույքների մեջ ներգրավված լինելու մեջ, ՀՖՖ Արտոնագրման համակարգի մարմինները, ՀՖՖ այլ մարմինների կողմից սկսած հետաքննություններին զուգահեռ, սկսեցին ուսումնասիրել «Ուլիս» ՖԱ-ի կողմից Արտոնագրային պարտավորությունների կատարման ընթացքը։

Մի շարք ստուգումներով հայտնաբերված արտոնագրային պահանջների անհամապատասխանության խնդիրները լուծելու նպատակով ակումբի ղեկավարության եւ աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում ակումբը պաշտոնապես ժամանակ խնդրեց, որը, սակայն, եւս խախտվեց:

Արդյունքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաեւ ակումբի աշխատակիցների ու սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային եւ վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը, ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի եւ ազգային արտոնագրերը։

Միեւնույն ժամանակ ու համաձայն նույն որոշման՝ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն դիմել է ՀՖՖ կարգապահական կոմիտե՝ «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու նպատակով։

Պատրաստվում են նաեւ ազգային հավաքականները

Հայաստանի հավաքականը մարտին առայժմ նախատեսել է 1 ընկերական հանդիպում՝ Բելառուսի ընտրանու հետ: Իսկ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Ռումինիայի ընտրանին մարտին նախատեսել է ընկերական 2 հանդիպում, Վիլնյուսում՝ Լիտվայի, Բուխարեստում՝ Իսպանիայի հավաքականների հետ:

Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես տեղափոխվեց Իսպանիա

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը առաջիկա ամիսներին հանդես կգա «Ռայո Վալյեկանո»-ում, պաշտոնապես տեղեկացրել է իսպանական ակումբի կայքը. «Արաս Օզբիլիսը պաշտոնապես դարձել է «Ռայո Վալեկանո»-ի նոր ֆուտբոլիստը «Բեշիկթաշ»-ի հետ հաջող գործարքի արդյունքում»: 25-ամյա հայազգի կիսապաշտպանը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա իսպանական Լա լիգան ներկայացնող մադրիդյան թիմում, նրան բաժին է հասել 16 համարի մարզաշապիկը:

Հայ հրաձիգները վերադարձան Գերմանիայից

Հայաստանի հրաձգության հավաքականն ավարտեց ելույթները գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է մասնակիցների արդյունքներից: «Մյունխենի այս միջազգային մրցաշարին սովորաբար մասնակցում են ուժեղագույն հրաձիգներ: Սա նույնպես բացառություն չէր: Իմ կարծիքով՝ հավաքականը բավական լավ է հանդես եկել: Եվրոպայի առաջնությունից առաջ սա նախապատրաստական առաջին փուլն էր: Մյունխենի մրցաշարը ցույց տվեց, որ պատրաստ ենք Եվրոպայի առաջնությանը: Ես լիահույս եմ՝ Եվրոպայի առաջնությունից կվերադառնանք վարկանիշով»,- Սեյրան Նիկողոսյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի հրաձգության հավաքականը մինչեւ Եվրոպայի առաջնությունը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում, փետրվարի 8-ից 22-ը:

Մարգարիտա Գասպարյանը պարտվեց աշխարհի թիվ 1 ռակետին

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը մասնակցեց Մելբուռնում կայացած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը: Նա 2 հաղթանակից հետո՝ 1/8 եզրափակիչում հանդիպեց աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: Դժվար էր դիմադրություն ցույց տալ փորձառու ամերիկուհուն եւ նա պարտվեց երկու խաղափուլում՝ 2:6, 1:6:

Հայաստանի ներկայացուցիչը 2-րդն է Անթալիայում

Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը 2-րդ տեղը գրավեց Անթալիայում ավարտված միջազգային մրցաշարում:

Մեր 23-ամյա մարզուհին հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները՝ մտավ եզրափակիչ: Նախ պայքարից դուրս էր բերել շվեյցարացի Չիարա Գրիմին (6-4, 6-0), մակեդոնացի Լինա Գյորչեսկային (6-3, 3-6, 6-1) եւ հունգարուհի Վանդա Լուկաշին (6-3, 6-4): Կիսաեզրափակիչում Անին 2 խաղափուլում հաղթեց Թուրքիայի պատվիրակ Այլա Ակսուին՝ 6-3, 6-3, բայց եզրափակիչում այդ երկրի մյուս ներկայացուցիչ Բասակ Էրայդինի հետ խաղում մեր մարզուհին պարտվեց, չնայած առաջին խաղափուլում առավելության էր հասավ 6:3 հաշվով: Անհաջողության մատնվեց հաջորդ 2 խաղափուլերում՝ 2:6, 4:6:

16-ամյա հայ գեղասահորդուհին ցնցեց Եվրոպան

Բրատիսլավայում ավարտված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակներին չհաջողվեղ մեդալ նվաճել, բայց Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան իր ելույթով ցնցեց բոլորին: 16-ամյա գեղասահորդուհին առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, միանգամից նվաճել է չեմպիոնի կոչումը: Մինչ այդ նա հաղթել էր Ռուսաստանի առաջնությունում, ինչպես նաեւ 2015թ. գեղասահքի Մեծ մրցանակի մրցաշարում: Եվգենիա Մեդվեդեւան հայկական արմատներ ունի, նրա հայրը Արման Բաբասյանն է, մայրը՝ նախկին գեղասահորդուհի է: Ծնողների ապահարզանից հետո Եվգենիան կրում է մոր ազգանունը:

Մրցումային վերջին օրը լավագույններին որոշեցին պարային զույգերը: Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը, որը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղով որակավորվել էր ազատ ծրագրի համար, Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ վաստակելով 125,19 միավոր: Մենասահորդների արդյունքներն այսպիսին էին՝ Անաստասիա Գալուստյանը գրավեց 15-րդ հորիզոնականը, իսկ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրից հետո 31-րդ տեղում էր:

Ինչպես «շախմատի Դեւիդ Բեքհեմը» դարձավ ազգի հերոս

CNN-ը անդրադարձել է Լեւոն Արոնյանին: «Երբ նա քայլում է իր հայրենի Հայաստանի փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին զավակներին անվանում են նրա անունով: Նա դերասան չէ եւ ոչ էլ ակտիվիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է‘4-րդն աշխարհում: Եվ այս փոքր, հետխորհրդային, շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»:

Այսպես է սկսել հոդվածը Լեւոն Արոնյանի մասին հայտնի CNN լրատվականը: Անվանելով Լեւոնին «Հայաստանի Դեւիդ Բեքհեմ»՝ լրատվամիջոցը ներկայացնում է հայ շախմատիստի պատմությունն այն մասին, թե ինչպես են նրան բենզալցակայանում սպասարկել անվճար: «Երբ առաջին անգամ իմ հարսնացուն ժամանեց Հայաստան, մենք կանգ առանք բենզալցակայանում եւ այստեղ ինձ ասացին. «Մենք չենք պատրաստվում Ձեզնից գումար վերցնել»: Հարսնացուիս համար դա շոկային էր, սակայն դա պատահում է անընդհատ»,- մեջբերել է Լեւոնի խոսքերը CNN-ը: Նշվում է, որ շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի բոլոր դպրոցներում: «Այստեղ անգամ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ունենալով 3 միլիոն բնակչություն՝ Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թվով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հավաքականը կուռքի՝ Լեւոն Արոնյանի գլխավորությամբ հաղթել է 3 անգամ»,- գրում է լրատվականը:

CNN-ը պատմում է, որ Հայաստանում շախմատի նկատմամբ ձեւավորված ջերմ զգացմունքների «պատասխանատուն» 1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: «Բուռն պատմություն ունեցող երկրի համար, որը տեսել է 20-րդ դարի ամենասարսափելի կոտորածներից մեկը, շախմատը դարձել է հայկական ազգային հպարտության կարեւոր աղբյուր»,- գրում է լրատվամիջոցը: «Մենք ուղղակի ազգ չենք, որի ներկայացուցիչները միայն պայքարում են ու կռվում: Մենք նաեւ այնպիսի ազգ ենք, որի ներկայացուցիչները կարող են վերադառնալ հետ՝ դեպի փառքի ժամանակաշրջանը, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ դու ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես վանքեր, համալսարաններ, որոնք ավելի քան 1500 տարվա հնության են, եւ քեզ մի զգացում է պատում, որ «սա հենց այն է, ինչ մենք կանք»: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի հսկայական ինտելեկտուալ կարողություն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտական ազգ ենք եղել»,- եզրափակել է Լեւոն Արոնյանը:

Հայ անվանի շախմատիստը 2005թ. աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011թ. աշխարհի եւ 1999թ. Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 եւ 2014), 2009 եւ 2013 թթ. Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009թ. աշխարհի չեմպիոն, 2006 եւ 2007 թթ. Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010թ. կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002թ. Հայաստանի չեմպիոն։ 2011թ. Մոնակոյում նա մասնակցեց «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին ու դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլեւս չի անցկացվելու): 2 տարի անընդմեջ՝ 2005 եւ 2006 թթ. մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհում 4-րդն է (2792):

Հովհաննես Գաբուզյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին

Հայաստանի շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում են պայքարել Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի մեդալների համար: Նախավերջին փուլում մեր 2 պատվիրակները հաղթանակ տարան: Հովհաննես Գաբուզյանը սեւերով առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովի նկատմամբ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով պարտության մատնեց իրանցի միջազգային վարպետ Մասուդ Մոսադեղպուրին:

8 փուլից հետո մեր շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը: Նրանք ընդամենը կես բալով են ետ մնում մրցաշարի 2 առաջատարներից՝ Պավել Մալետինից եւ Մաքսիմ Չիգարեւից:

Սամուել Սեւյանը իր խաղաոճի զոհը դարձավ

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը չնայած համեստ արդյունք ցույց տվեց հոլանդական Վեյք ան Զեեի խոշոր մրցաշարում, սակայն բավական լավ տպավորություն թողեց տեղի շախմատասերների վրա: 15-ամյա գրոսմայստերն առաջին անգամ հանդես եկավ 2-րդ խմբի մրցաշարում: Նա 13 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 6-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով եզրափակեց առաջին տասնյակը: Սամուել Սեւյանը բավականին ետ մնաց մրցաշարի 3 առաջատարներից, որոնք վաստակեցին 9-ական միավոր:

Սակայն նա Վեյք ան Զեեում ցույց տվեց ամենադիտարժան շախմատը: Սամուել Սեւյանը բոլոր պարտիաներում ձգտում էր միմիայն հաղթանակի, անընդհատ դիմում էր ռիսկի, զոհաբերություններ էր անում, ցանկանում էր տպավորիչ հաղթանակներ տոնել: Այդ իսկ պատճառով նա հաճախ հայտնվում էր իր իսկ կողմից նյութած թակարդում եւ ցավալի պարտություններ էր կրում:

Հատկապես դա զգացնել տվեց վերջնամասում, երբ 3 անընդմեջ հաղթանակից հետո պատանի շախմատիստը 3 խաղում 2,5 միավոր կորցրեց: Հակառակ դեպքում նա տեղ կզբաղեցներ առաջին եռյակում, քանի որ նա պարտվեց հենց առաջատարներին:

Սամուել Սեւյանը մինչեւ 16 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Ի դեպ, նա առայժմ զիջում է իր երկու հայրենակիցներին՝ Ջեֆրի Սյոնգին եւ Ջոն Բուրկին: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ում այժմ բավական խոստումնալից շախմատային սերունդ է աճում:

Արսեն Պետրոսյան

Հ.Գ. – Հովհաննես Դավթյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը – Հայաստանի ձյուդոյիստները մեդալ չեն նվաճել Փարիզում մեկնարկած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի առաջին օրը: Մեր հավաքականի անդամներից առավել հաջող է հանդես եկել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Նա 4 անընմեջ հաղթանակ է տարել եւ մտել է կիսաեզրափակիչ, որտեղ լարված պայքարում պարտվել է ճապոնացի Տորու Շիշիմեին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովհաննես Դավթյանը տանուլ է տվել հարավկորեացի Վոն Ջին Կիմին՝ զիջելով միայն նկատողություններով: Սակայն մեր մարզիկը վաստակել է վարկանիշային 100 միավոր եւ զբաղեցրել 5-րդ տեղը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը տարել է 2 հաղթանակ եւ կրել 1 պարտություն՝ ձեռք բերելով վարկանիշային 48 միավոր:

Կանանց մրցաշարում հայտավորված մեր միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը, մեկնարկային գոտեմարտում զիջել է կանադացի Եկատերինա Գուիչային, որը իպոն է վաստակել արդեն 2-րդ րոպեին եւ մաքուր հաղթանակ է տարել: Այսօր Փարիզում հանդես կգա մեր հավաքականի նորեկ, 100կգ քաշային Միխայիլ Մինչինը: Նա առաջին փուլում կմրցի խորվաթ Զլատկո Կումրիչի հետ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։