«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարին (թիվ 40-44, 2015թ. եւ թիվ 1-2, 2016թ.) առաջինը պատրաստակամությամբ արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ արձագանքը կորզեցինք բնապահպանության նախարարությունից: Մեզ ներկայացված պատասխանը տպագրում ենք ստորեւ՝ առանց որեւէ (անգամ կետադրական) փոփոխությունների:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձկան վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն է տվել: Իսկ այդ գործարանը «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի «տիրույթում» է: Այսպիսով, իբրեւ պատասխան, «Լուսանցք»-ին է տրամադրվել փորձաքննական եզրակացությունը՝ հաստատված բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից 10.08.2015թ.:
* * *
«Ձկան վերամշակման գործարանը նախատեսվում է կազմակերպել «Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող ձկան արտադրության եւ իրացման գործընթացները ներառում են հետեւյալ 4 փուլերը՝ մանրաձկան արտադրության գործարան, ցանցավանդակային տնտեսություններ, ձկան վերամշակման գործարան: Սույն նախագիծը, որը մշակվել է «Սեւանի իշխան» ՓԲԸ պատվերով, «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից նպատակաուղղված է իրականացնելու ձկան վերամշակումը: «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն իրականացնում է «գեղարքունի» եւ «ամառային իշխանի» արտադրական ամբողջ շղթան՝ մայրական կազմի ձեւավորումից եւ մանրաձկան արտադրությունից մինչեւ բուծում, վերամշակում եւ իրացում: Արտադրությունից ստացված հասույթն ուղղվելու է հիմնականում Սեւանա լճի ավազանի հիմնախնդիրների լուծմանը եւ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների վերականգնմանը:
Համաձայն ներկայացված նախագծի՝ ջրի փակ շրջանառությամբ, նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նախատեսվում է կազմակերպել ձկան վերամշակման տնտեսություն՝ տարեկան շուրջ 6000 տ ձկնամթերքի արտադրողականությամբ: «Սեւանի Իիշխան» ՓԲ ընկերությանը ձկան վերամշակման տնտեսության կազմակերպման համար ՀՀ կառավարության 4 սեպտեմբերի 2014թ. N 972-Ա որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է հողատարածք: Տրամադրվող տարածքը գտնվում է «Սեւան» ազգային պարկի Վարդենիսի տեղամասի Կարճաղբյուրի տնտեսական գոտու տարածքում:
Նախագծված ձկան վերամշակման գործարանի արտադրական գործընթացները ներառում են՝ ապրանքային ձկան, ձկան շշմեցման եւ մորթի, ձկան ֆիլեավորման, ծխեցման, ձկան պրեսերվների եւ կիսապատրաստուկների, փաթեթավորման օղակները, ինչպես նաեւ արտադրական գործընթացների ընթացքում առաջացած թափոնների վերամշակման հանգույցը: Ամբողջ արտադրական գործնթացը նախագծվել է բարձր էներգախնայողությամբ եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ: Տնտեսության աշխատանքը համարվում է անթափոն:
Նախագծված տարածքի մակերեւույթի բացարձակ նիշերը տատանվում են 1907,8-1908,6մ սահմաններում: Տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում (a=0.3g): Դիտարկվող տարածքին բնորոշ են՝ ժամանակակից լճա-գետային նստվածքների վրա ձեւավորված կոպճային եւ ավազակոպճային հողագրունտների տիպերը, որտեղ տարածված են տափաստանային եւ լճի ջրերից ազատված համալիրներ՝ թփուտային բուսականության տեսքով: Համաձայն նախագծային տեղեկատվության՝ գործունեության համար ընտրված տարածքներում բացակայում են էնդեմիկ, հազվադեպ հանդիպող եւ անհետացած ՀՀ բույսերի Կարմիր Գրքում (2010թ.) գրանցված բուսատեսակները:
Տարածքի ստորգետնյա ջրերն ունեն համատարած հորիզոն եւ տեղադրված են 0,7-1,8մ խորություններում: Ձկան վերամշակման գործարանի համար որպես ջրաղբյուր նախատեսվում է օգտագործել տարածքի «Կարճաղբյուր» կոչվող աղբյուրի ջուրը՝ 180լ/վրկ ծախսով, որի ձկնատնտեսական նպատակով ջրօգտագործումն իրականացվելու է՝ թիվ 000123 տրվ. 01.06.2015թ. ջրօգտագործման թույլտվությամբ: Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման՝ արտադրական գործընթացների համակարգում օգտագործվող ջրի 95-97%-ը շրջանառվում է, մաքրվում եւ կրկին հետ մղվում տնտեսություն:
Գործարանի արտադրողականությունը կազմում է 23000կգ/օր (կամ 6000տ/տարի), որից՝ ձկնամթերքի արտադրությունը կազմում է 15000 կգ/օր, իսկ վերամշակման արդյունքում ստացված ձկան ալյուրի եւ յուղի արտադրողականությունը կազմում է 8000 կգ /օր: Գործարանն աշխատելու է մեկ հերթափոխային գրաֆիկով՝ օրվա ընթացքում 8 ժամ: Համակարգում էլեկտրաէներգիայի սպառումը հաշվարկված է մոտ 500 կվտ: Որպես պահուստային էլեկտրաէներգիայի աղբյուր նախատեսվում է տեղադրել գեներատոր:
Ձկան վերամշակման գործարանի շենքի կառուցապատման մակերեսը կկազմի 2336,3 մ2, իսկ ապրանքային ձկան ավազանների կառուցման համար տրամադրվող տարածքը՝ 13800 մ2 մակերես: Կառուցապատումից ազատ մակերեսում նախատեսված է կանաչապատման աշխատանքներ՝ ծառերի եւ թփերի տեսքով:
Ապրանքային ձկան մասը բաղկացած է 2 բաժիններից: Առաջին բաժինը ներառում է 42 շրջանաձեւ ավազաններ, իսկ երկրորդ բաժինը՝ 128 ուղղանկյուն ավազաններ: Ավազաններից ջուրն անցնելով մեխանիկական ֆիլտրերով, ուղղվում է դեպի կենսաբանական ֆիլտրեր, որից հետո պոմպով կրկին մղվում է ավազաններ՝ ապահովելով ջրի փակ շրջանառու համակարգ:
Հիմնական տեխնոլոգիական գործընթացներն իրականացվելու են փակ շինության մեջ: Հումքը, օգտագործվող նյութերը եւ արտադրատեսակները պահեստավորվելու են առանձին սենյակներում՝ շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ տեխնոլոգիական շղթայի այլ տեղամասերի համար ազդեցությունները բացառելու նպատակով: Ձկան վերամշակման գործարանը հագեցված է սննդի անվտանգության համար անհրաժեշտ սանիտարահիգենիկ սարքավորումներով:
Արտադրական գործընթացը սկսվում է ձկան ավազաններ ապրանքային ձկան մատակարարումով: Կենդանի ձուկը ավազաններ է տեղափոխվում ձկնաբուծական տնտեսություններից եւ Սեւանա լճում տեղակայված ցանցավանդակներից: Ավազաններում կապահովվի վերամշակվող ձկան թարմությունը: Ավազաններից ձկները խմբաքանակներով տեղափոխվում են շշմեցման բլոկ, որից հետո պետք է մորթվեն եւ տեսակավորվեն: Խմբաքանակի մի մասը անցնում է ձկան ամբողջական սառեցման բլոկ, որտեղ մշակվում, սառեցվում, փաթեթավորվում եւ պահեստավորվում է: Իսկ մյուս մասը տեղափոխվում է ֆիլեավորման բլոկ, որտեղից մշակված ֆիլեն ուղղվում է ծխեցման, պահածոյացման կամ սառեցված ֆիլեի բլոկներ, որտեղից անցնելուց հետո ձկան ֆիլեն փաթեթավորվում եւ պահեստավորվում է:
Արտադրական գործընթացներում, ձկան վերամշակումից առաջացող թափոնների մշակման համար նախատեսվում է EU 1774/2002 ստանդարտին համապատասխանող ձկան ալյուրի եւ յուղի ստացման կայան, որում կիրականացվեն հետեւյալ գործընթացները.
– Մնացորդների հավաքում եւ նախապատրաստում (աղում) հետագա մշակման համար (200 լիտր տարողությամբ բունկերում)
– Թափոնների մակարդում (մինչեւ 90oC-ում, 2000 լ/ժ հզորությամբ).
– Թափոնների ստերիլիզացիա (133,3oC-ում, նվազագույնը 20 ր.).
– Չոր զանգվածի եւ ջրի առանձնացում (որը կատարվում է 3 փուլերով՝ կարծր մասի, ճարպի, հեղուկի առանձնացում՝ 500 լիտրանոց բաքում եւ 100 oC պայմաններում).
– Թափոնների չորացում (2200 մմ բարձրությամբ):
Այս համակարգն ամբողջովին փակ եւ անմնացորդ է, արտադրողականությունը կարող է հասնել մինչեւ 4000 կգ/ժ:
Ձկան վերամշակման տնտեսության կազմակերպման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցություններ կարող են առաջանալ ինչպես շինարարական աշխատանքների ընթացքում, այնպես էլ շահագործման փուլում: Ներկայացված հաշվետվությունում երկու փուլերի համար գնահատվել է նախատեսվող գործունեության ազդեցությունը: Շինարարական աշխատանքների ընթացքում վնասակար նյութերի արտանետումներ են առաջանում ավազանների եւ շինությունների հիմքերի փորման, հողային զանգվածների բեռնման, բեռնաթափման եւ տեղափոխման ժամանակ, շինարարական տեխնիկայի շարժիչների աշխատանքի ժամանակ, դիզելային վառելիքի այրման արդյունքում: Քանի որ շինհրապարակը բնակավայրից գտնվում է զգալի հեռավորության վրա, արտանետումների քանակները փոքր են եւ կարճաժամկետ, հետեւաբար շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն չի կանխատեսվում: Շինարարության փուլում, շրջակա միջավայրի բաղադրիչների վրա (հողային եւ ջրային ռեսուրսներ, մթնոլորտային օդ, կենսաբազմազանություն) hնարավոր ազդեցությունների կանխարգելման, կամ նվազեցման համար նախատեսվող միջոցառումների մասին տեղեկատվությունն ամփոփվել է բնապահպանական կառավարման պլանում (ԲԿՊ), որը ներառում է՝ դրանց կատարողներին, պատասխանատուներին եւ բնապահպանական մոնիթորինգը: Բնապահպանական միջոցառումների իրականացման ծախսերը հայտում գնահատվել են՝ 12420 հազ.դրամ:
Շինարարական աշխատանքների ժամանակ ջուրն օգտագործվելու է աշխատողների կենցաղային, տնտեսական կարիքների եւ շինարարական հրապարակների ջրցանի համար: Շինարարության փուլում կտեղադրվի «Ցիկլոն» տիպի մոդուլային կենսաբանական մաքրման կայան, որում կմաքրվեն կենցաղային կեղտաջրերը: Մաքրված ջրերն ուղղվելու են ջրի շրջանառու համակարգ:
Ձկան վերամշակման գործարանի շահագործման փուլում մթնոլորտի աղտոտման աղբյուր են հանդիսանում ժամանակակից եվրոպական արտադրության «Viessmann Vitomax» 2 կաթսաները, որոնց դրվածքային հզորությունները կազմում են՝ 700-2000 կՎտ/ եւ վթարային անջատումների համար նախատեսված գեներատորը, որի դրվածքային հզորությունը կազմում է 60կՎտ: Ջերմային էներգիայի առավելագույն հաշվարկային պահանջը կազմում է 1390 կվտ.ժամ: Մթնոլորտն աղտոտող նյութերի ընդհանուր քանակը հաշվարկվել է եւ կազմում է NOx-0,097 գ/վրկ, կամ 3,07 տ/տարի, CO -0,042 գ/վրկ, կամ 1,31 տ/տարի:
Տնտեսության շահագործման ժամանակ ջուրն օգտագործվում է ձկան մշակման, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմի կենցաղային կարիքների համար: Տնտեսության գործարկման համար կպահանջվի 60մ3/ժ ջրաքանակ: Տեխնոլոգիական ջրօգտագործումն (որի համար օգտագործվում է աղբյուրի ջուր) իրականացվելու է շրջանառու համակարգով, արտադրական գործընթացներում հոսքաջրեր չեն առաջանում: Շրջանառու համակարգում ջրի ծավալը կազմում է՝ 2180 մ3/օր: Նախատեսված է արտահոսքերի երկփուլ՝ մեխանիկական եւ կենսաբանական մաքրում /որն ապահովելու է «Billund BioRefinery» մակնիշի կենսաֆիլտրով կենսաբանական մաքրման կայանը): Ջրի մաքրումն ապահովվելու է շարժվող, ֆիքսված եւ կաթիլային տարբեր խցիկներով կենսաբանական ֆիլտրերի օգնությամբ:
Կենցաղային կեղտաջրերը շահագործման փուլում կմաքրվեն տարածքում տեղադրված կենսաբանական մաքրման կայանում եւ կուղղվեն ջրի շրջանառու համակարգի ընդունիչ:
Ջրերի մաքրման արդյունքում առաջացող նստվածքը (որը ելնելով նույնանման տնտեսությունների միջազգային փորձից պիտանի է օգտագործելու որպես պարարտանյութ) ջրազրկվելուց հետո, առանց պահեստավորման պետք է տրամադրվի ֆերմերներին: Արտադրական գործընթացում ձկան վերամշակումից առաջացող կենդանական մնացորդները, արտադրական ստանդարտների չհամապատասխանող ձկներն անմիջապես ուղղվում են արտադրության կազմում գործող ձկան ալյուրի եւ յուղի ստացման կայան վերամշակման:
Տնտեսության աշխատանքի համար անհրաժեշտ քիմիական նյութերի, կերի եւ այլ նյութերի պահեստավորումը նախատեսված է փակ բետոնածածկ հատակով շինություններում՝ բացառելու համար հողային ծածկույթի վրա այդ նյութերի տարածումը:
Նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 30.08.2015թ. Կարճաղբյուր համայնքում անցկացվել են հանրային քննարկումներ, որի ընթացքում մասնակիցների կողմից նախագծի իրականացումն արժանացել է հավանության:
Փորձաքննության գործընթացում հաշվի են առնվել՝ ՀՀ ԳԱԱ «Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի», ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կարծիքները եւ առաջարկությունները:
Նախագծի իրականացումը Կարճաղբյուր բնակավայրի համար կարող է ունենալ նաեւ կարեւոր սոցիալ-տնտեսական նշանակություն՝ ստեղծելով աշխատատեղերի հնարավորություն:
Այսպիսով, ամփոփելով եւ վերլուծելով հաշվետվությունում գնահատված բնապահպանական ազդեցությունները, կարելի է եզրահանգել, որ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, որն իրականացվել է շինարարության եւ շահագործման փուլերի համար, հանգեցնում է այն համոզմանը, որ նախագծում ներկայացված արդիական տեխնոլոգիան լուծումների եւ սարքավորումների կիրառման ինչպես նաեւ բոլոր արտադրական մոդուլների ճիշտ գործարկման պարագայում, կապահովվի ձկան վերամշակման գործարանի կայուն, անվտանգ շահագործումը՝ բացառելով Սեւանա լճի ավազանի եւ շրջակա տարածքների վրա հնարավոր վնասակար ազդեցությունները:
Գործարանի առանձին մոդուլներում կիրառվող երկփուլ՝ մեխանիկական եւ կենսաբանական մաքրման համակարգերը եւ կենցաղային կեղտաջրերի մոդուլային կենսաբանական մաքրման կայանը կապահովեն ջրի մաքրումը բոլոր տեսակ մնացորդներից, արգասիքներից: Միեւնույն ժամանակ ջրի փակ շրջանառու համակարգի կիրառումը կխնայի քաղցրահամ ջրի պաշարների զգալի քանակություն եւ կբացառի արտահոսքը: Նորագույն տեխնոլոգիական լուծումների եւ սարքավորումների հնարավորություն կտան էներգիայի եւ ռեսուրսների ծախսը հասցնելու նվազագույնի, ինչպես նաեւ ստանալ բարձր որակի արտադրանք:
Փորձաքննական պահանջներ
- Նախատեսվող մոդուլային կենսաբանական մաքրման կայանում մաքրված ջրերի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 27 հունվարի 2011թ. N75-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների համար սահմանված գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերին (Հավելված 15):
- Մինչեւ արտադության գործարկումն անհրաժեշտ է սահմանված կարգով ստանալ ձկան վերամշակումից առաջացած թափոնների (ոչ լավորակ սառեցված ձուկ, ձկան թեփուկ, ձկան վերամշակման թափոններ) եւ մաքրման կայանում առաջացող տիղմի եւ նստվածքի հետագա հեռացման, օգտագործման, կամ համապատասխան ձեռնարկություններին հանձնման համապատասխան համաձայնեցումները՝ բացառելու համար վերջիններիս կուտակումները տարածքում:
- Անհրաժեշտ է կանաչապատման համար նախատեսվող ծառաթփուտային բուսականության տեսակները եւ քանակը համաձայնեցնել «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ:
4.Շահագործման փուլում որպես կարեւորագույն պայմաններ անհրաժեշտ է ապահովել՝
– Կարճաղբյուրի հիդրոերկրաբանական մշտադիտարկումների իրականացումը,
– մաքրման կայանում մաքրված արտահոսքի նորմատիվային որակը:
Եզրակացություն
«Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից ներկայացված ձկան վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն՝ վերը նշված փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով:
Փորձագետ՝ Հ. Մկրտչյան»
(Լուսանկարը Արմենուհի Մելքոնյանի պահոցից է՝ «Մի կտոր Սեւան»)
http://www.hayary.org/wph/?p=5421 – Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…
http://www.hayary.org/wph/?p=5356 – Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)… http://www.hayary.org/wph/?p=5342 – Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5271 – Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…
http://www.hayary.org/wph/?p=5242 – Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում… http://www.hayary.org/wph/?p=5228 –Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ–ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…
http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…
«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



