Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵՏՄ, այլ նաեւ թյուրքալեզու պետությունների անդամ է եւ հասկանալի է, թե ինչու է ԵՏՄ անդամ պետություններից մեկը ցանկություն հայտնել, որ գագաթաժողովը հետաձգվի, իսկ քանի որ առանց անդամ երկրներից որեւէ մեկի մասնակցության հնարավոր չէր գագաթաժողով անցկացնել, ապա այն հետաձգվել է: Սա Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունն է, թե ինչու ԵՏՄ անդամ պետությունների վարչապետերի գագաթաժողովը չեղարկվեց:
Ղազախստանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ինչի ականատեսը եղել ենք ոչ մեկ անգամ: Իսկ այն, որ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, թե Ղազախստանը շատ դաշինքների մեջ է, բայց ամենակարեւորը Աստանայի համար համաթուրքական դաշինքն է՝ «1 ազգ՝ 6 պետությունում», պիտի Հայաստանին արդեն իսկ ահազանգի, որ ԵՏՄ-ն ձեւավորած ԱՊՀ-ն այլեւս սլավոնա-թյուրքական միավորում է, այն էլ ընդգծված հակահայկական մղումներով: Այսինքն՝ այս կառույցի բոլոր հարցերում Հայաստանը պիտի հանդես գա որպես քավության նոխազ:
Անկախ ղարաբաղյան հակամարտությունից, մի բան հասկանալի է, Ռուսաստանը ամեն բան գործածում է իր շահերը այս կամ այն տարածաշրջանում ծավալելու համար, սակայն մոռանում է, որ ավելի լավ է դա անել տվյալ տարածաշրջանի դաշնակցի միջոցով: Բայց չէ, վաղուց այնպես է ստացվել, որ Կովկասում Հայաստանի շահերի հաշվին Ռուսաստանը միշտ իր նպատակներն է իրականացրել եւ փորձում է չշեղվել իր այս ձեւից:
Բայց եւ իրավիճակն է այլ այսօր տարածաշրջանում, եւ Հայաստանն այլեւս այն Հայաստանը չէ՝ ռուսի փոքր եղբայր կարգավիճակով…
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա հայկական կողմի ակնկալիքն այն էր, որ դիրքորոշումները լինեն առնվազն չեզոք: «Բելառուսի դեպքում դրա խախտումը եղել է, մենք դրա մասին տեղեկացրել ենք՝ այդ օրն իրենց հայտարարությունը շտկել են»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ն պասիվ է եղել, նա նշել է. «Ուղղակի անհնար է թվարկել, թե ինչքան խոսակցություններ են եղել նախարարի կողմից, ինչքան հանդիպումներ են եղել»: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Նա մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բելառուսի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա կողմերին երկխոսության կոչ է արել:
Բելառուսը, ինչպես Ռուսաստանը, չլինելով թյուրքական երկիր, այնուամենայնիվ մեծ ծավալների զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Բելառուսի ու Ռուսաստանի հետ Հայաստանը նաեւ ՀԱՊԿ-ի անդամ է: Այսպես՝ Հայաստանից անպակաս են խայտառակ «դաշնակիցները», ինչը եւ Սերժ Սարգսյանին ստիպեց բարձրաձայնել, որ Հայաստանը մեծ եղբայր կամ հովանավոր չունի: Եթե շուտ հասնեինք այս մտածողությանը, երեւի այլ իրավիճակում լինեինք:
Արտակ Հայոցյան
* * *
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նա հանձնարարել է պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի գծով Հայաստանի այս դաշնակիցը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի հարձակումներից անմիջապես հետո զանգահարել էր այդ երկրի նախագահին եւ հետաքրքրվել, թե ինչ է կատարվում: Նա նաեւ իր զորակցությունն էր հայտնել եղբայր Իլհամին:
Ուշագրավ է, որ ՀԱՊԿ վերջին հավաքում Սերժ Սարգսյանը դրա անդամներին կշտամբեց այն բանի համար, որ երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմաններին, ՀԱՊԿ «դաշնակիցներից» ոչ ոք հեռախոսը չի վերցնում ու չի զանգում՝ հետաքրքրվելով իրավիճակից: Նախագահ Լուկաշենկոն յուրատեսակ պատասխան է տվել Սերժ Սարգսյանին՝ հեռախոսը վերցնելով ու զանգելով ագրեսոր երկրի ղեկավարին:
Դա բնական է: Նախ, նա բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է, եւ երկրորդ, Ռուսաստանից հետո Բելառուսն Ադրբեջանին զենքի ամենամեծ մատակարարներից է: Հաշվի առնելով Ադրբեջանի կորուստները՝ մեր «դաշնակից» ու «բարեկամ» Լուկաշենկոյի համար զենքի առեւտրի նոր հնարավորություն է բացվում: Ինչպես նաեւ իր ավագ եղբայր Ռուսաստանի համար: Հայկական արյան հաշվին:
* * *
…Ղազախստանի տարածքի մի հսկայական մասում բնակվում է ռուսախոս բնակչություն: Այս տարածքները (5 շրջաններ) խորհրդային իշխանության տարիներին, անջատվելով ներկայիս Ռուսաստանի տարածքից, միացվել են սկզբում ղազախական ինքնավար, իսկ 1936թ.-ից՝ միութենական հանրապետությանը: Խորհրդային քաղաքականությանը բնորոշ սահմանների ձեւախեղման այս գիծը առաջ է տարվել գլխավորապես քաղաքական նպատակներով՝ առանց հաշվի առնելու էթնիկական եւ պատմական գործոնները: 1991թ.-ից հետո ինչպես նախկին միութենական այլ հանրապետություններում, Ղազախստանում նույնպես ծառացավ այս լուրջ հիմնախնդիրը:
Անկախություն ձեռք բերելուց հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շատ ջանքեր է գործադրել ռուսալեզու բնակչությունը մինիմումի (թյուրքական ձեւն է) հասցնելու եւ ապառուսաֆիկացման քաղաքական գիծը հաջողությամբ իրագործելու համար: Նա արձանագրել է որոշակի հաջողություններ:
Բայց տեսնելով Ղրիմի հետ կատարվածը՝ ինչպես ղազախստանյան, այնպես էլ ռուսական վերլուծական կենտրոնները հանդես եկան հոդվածների ու վերլուծականների տարափով՝ համեմատականներ անցկացնելով Ղրիմի ու հյուսիսային Ղազախստանի միջեւ:
Մինչ օրս շրջանառվում է այն միտքը, որ Ղրիմին հաջորդելու է հյուսիսային Ղազախստանը: Տվյալ իրադրության պայմաններում նախագահ Նազարբաեւին մնում էր արցախյան հակամարտության «հաշվին» արձանագրել, որ բոլոր երկրները պետք է Մաքսային միություն մտնեն միմիայն ամրագրված սահմաններով՝ քաղաքական առաջանցիկություն ապահովելով Հեյդար Ալիեւի, բայց որ ամենակարեւորն է, հենց Ղազախստանի տարածքային ամբողջականության համար:
«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: