Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

Հեղափոխությունները, հեղաշրջումները, ի վերջո ահաբեկչությունները վաղուց ապացուցել են, որ հաճախ ավարտվում են՝ ծնունդ տալով հակահեղափոխության, հակահեղաշրջման կամ հակաահաբեկչության: Եթե առաջին երկուսը միանգամայն պարզ են իրենց ձեւակերպումների բնույթով, ապա վերջինը՝ ահաբեկչությունը, ունի նաեւ մեկ այլ նրբերանգ՝ վրիժառություն, որը ոչ միայն նրբերանգով է տարբերվում ահաբեկչությունից, այլեւ բուն բնույթով: Վրիժառությունն այլ թեմա է եւ վերոթվարկվածների հետ ամենեւին կապ չունի:

http://www.hayary.org/wph/?p=5719Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

http://www.hayary.org/wph/?p=5718Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=5711 –  Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)… 

http://www.hayary.org/wph/?p=5710Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

Հեղափոխությունները, հեղաշրջումները եւ ահաբեկչությունները վաղուց գունաբաժանումներ կամ ինչ-ինչ պիտակավորումներ են ստացել, որոնք կիրառվում են մարդկանց բուն թեմայից շեղելու համար: Հեղափոխություններին վարդերի կամ կակաչների անուն տալով եւ այդ ծաղիկներով հանրահավաքներ սկսելով՝ դրանք հաճախ ավարտվում են հեղաշրջմամբ: Նույնն էր վերջին՝ «արաբական գարնան» հեղափոխությունների շարքի դեպքում… Իսկ հեղաշրջումների փուլն էլ երբեմն ավարտվում է ահաբեկչությամբ… երբ ոչնչացվում են երկրների նախագահներ ու այլ պաշտոնատար անձինք, քաղաքական դեմքեր…

Այս ամենի փորձերն էլ եղել են Հայաստանում ու կլինեն, քանի դեռ պետությունը չի դարձել իսկապես ազգային, իսկ սահմանադրական սկզբունքներն էլ՝ համազգային: Սա նշանակում է՝ պետության ներսում չի կարող գերակա լինել որեւէ միջազգային հասկացողություն, գաղափար կամ արժեք, իսկ իրավական ոլորտում չի կարող գերիշխել որեւէ միջազգային օրենք: Սա նաեւ նշանակում է, որ ազգային պետությունն ու գործող օրենսդրությունը իրապես պաշտպանն են յուրաքանչյուր հայի ու Հայաստանի այլազգի բնակչի՝ անհատական հարցերում, ինչպեսեւ՝ պաշտպանն են ազգային արժեհամակարգի՝ միջազգային ճնշումների պարագայում:

Հայաստանում շատ դժվար է իրականացնել վերոթվարկյալ երեւույթները, քանի որ մեր երկիրը թերեւս եզակի է իր տեսակով՝ միատարրությամբ: Հայաստանի բնակչության 98%-ից ավելին հայեր են, եւ օտարները դժվարությամբ են հասնում հակահայ դրսեւորումների ներդրմանը: Հակաիշխանական դրսեւորումները պետք չէ շփոթել ասվածի հետ, չնայած այստեղ էլ օտարները մեծ հաջողություններ չունեն:

Մնում է պատկերացնել, թե ինչպիսի ամուր ու անառիկ պետություն կունենանք՝ ազգովի պաշտպան կանգնելով, ինչպես կլինենք  ազգը պաշտպանած, եթե իսկապես հայկական՝ հայահիմք, հայամետ ու հայաշունչ պետություն կերտենք, բոլոր չափորոշիչներին համապատասխան:

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է ինչպես այս, այնպես էլ այս ամենին խոչընդոտող թեմաներին: Մեզ համար անընդունելի է հայրենքի դավաճանությունը կամ ազգադավությունը՝ ինչ պատճառաբանություններով էլ այն պիտակավորվի: Անցած տարեվերջին բոլորիս ցնցեց այն փաստը, որ մի խումբ հայեր ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել մեր երկրում: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեծ գումարներ եւ այլ միջոցներ էին ներդրված այդ գործում, հասկանալի է դառնում, որ բացի այն, որ մեր երկրում կան նմաններին գաղտնի սատարողներ, ուրեմն՝ նմաններին ոչ միայն աջակցողներ, այլեւ ղեկավարողներ կան դրսից՝ օտարների կողմից: Վերջին դեպքի քննությունը դեռ ընթանում է, բայց ականատես եղանք նոր մի միջադեպի:  

Իմիջիայլոց, նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործը եզրափակիչ փուլ է գնացել: Գործով կալանավորված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս հնարավոր է գործն ուղարկվի դատարան: «Ըստ իս՝ Գառնիկ Մարգարյանի մասով չպետք է գնա դատարան: Նրան մեղադրում են հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, ինչը սին հոդված է եւ արհեստածին է: Այդ առաքինի մարդու նկատմամբ արկածախնդրություն է տեղի ունենում»,- «Ա1+»-ին ասել է պաշտպանը: Հիշեցնենք, որ 72-ամյա Գառնիկ Մարգարյանը հունվարի 14-ից անազատության մեջ է: Ա նազատության մեջ է նաեւ նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով այս ընթացքում լուրջ առողջական խնդիրներ ունեցավ:

ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ

Դառնալով օրվա խնդրին՝ նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու» մեղադրանքով կալանավորվեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Իմիջիայլոց, նրան եւ «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների հեռահար մեղադրում էին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործին առնչվելու մեջ: Սակայն, ազգային անվտանգության ու ոստիկանության պատասխանատուները բանավոր խոսքից առաջ չանցան: Նշեցին, որ հարցեր կան, դեռ ուսումնասիրվում են, պարզաբանվում են նաեւ, թե ովքեր որտեղից եւ ինչ անելու համար, նաեւ այլ երկրներից, ինչքան գումարներ են ստացել:

Համացանցում էլ տեղեկատվություն տարածվեց, թե «Նաիրի Հունանյանը խորհրդարանը գրավելուց հետո զանգել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանին ու ասել, որ ժողովրդին հավաքի՝ օգնության գա…»: Ֆեյսբուքի օգտատերերից է նաեւ Կարմեն Դավթյանը, նա էլ է ֆեյսբուքյան իր էջում գրել այս մասին. «Կարդացե՛ք Նաիրիի ցուցմունքները: Հետո Ժիրոն է նրան զանգել՝ իմանալու, ինչ անի»… Իհարկե, այս ամենը պետք է հանգամանալից ճշգրտվի:

Դառնալով նոր իրադարձություններին՝ նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը չնդունեց իր մեղքը եւ դիմեց «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարներից Գարեգին Չուգասզյանին, որում գրված է. «Բաց նամակ զինակից ընկերոջս՝ Գարեգին Չուգասզյանին: Տեղյակ եմ, որ դու մեր ընկերների հետ միասին շարունակում ես Ազգային դիմադրության շարժում ձեւավորելու գործը, որ միասին նախաձեռնել էինք: Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում է այդ ծրագրին: Ուստի, նրա հիմնական խնդիրը պետք է լինի կանխել հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության հասունացող ընդվզումը:

Ըստ այդմ՝ մեր հիմնական խնդիրը պիտի լինի օր առաջ ձեւավորել Ազգային դիմադրության շարժման համակարգող մարմին, որպեսզի հնարավոր լինի ժողովրդական ընդվզումը պահել քաղաքակիրթ հունի մեջ ու հասցնել պետականաշինության նավահանգիստ: Հակառակ պարագայում ընդվզումը կարող է լինել հախուռն եւ ցնցումներով: Կուսակցական դաշտի վրա չենք կարող հույս դնել: Վարչախումբը քաղաքական ու տնտեսական մենաշնորհացման, կուսակցությունների սնանկացման եւ ավտորիտար համակարգի հաստատման միջոցով վաղուց արդեն փոշիացրել է կուսակցական դաշտը, իսկ դրա մնացորդներն օգտագործում է իր ապազգային նպատակների համար: Այդ պատճառով նշված մարմինը կարող է ձեւավորվել միայն մաքուր կենսագրություն եւ հասարակական հեղինակություն ունեցող այնպիսի անհատներից, ովքեր «ոչ մի թիզ հող հակառակորդին» գաղափարի ջատագով են եւ կարող են դրա շուրջ համախմբել ու ոտքի հանել ժողովրդին»:

Նամակի վերջում համոզմունք կա, որ զինակից ընկերը հաջողելու է եւ ինքն էլ միանալու է պայքարին: Գարեգին Չուգասզյանը հայտարարություն տարածեց, որում ասված է. «Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի եւ Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու եւ ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա Ծռեր» ջոկատի բոլոր ապստամբ տղաների… Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, եւ պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, եւ իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին»…

Իսկ մինչ այս ամենը, «Հիմնադիր խորհրդարանը» դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ ՇԱԳԱՄ-ի կամավորներով սահման մեկնելու համար, մերժվել էր, ապա հայտարարել, թե ՇԱԳԱՄ-ականներն այժմ պատրաստվում են զորավարժություններ անցկացնել եւ անհրաժեշտության դեպքում, առանց հրահանգի սպասելու, կմեկնեն սահման… Սեյրան Օհանյանը դեմ է եղել նրանց նաեւ այս նախաձեռնությանը: Սակայն Պավել Մանուկյանը այս մերժումը այլ կերպ գնահատեց՝ մեղադրելով իշխանություններին, թե «այս անգլուխ ձիավորները պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին, այս ձեռնոցը մենք պարտավոր ենք վերցնել»: Իսկ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ զորավարժությունների մասնակիցները համապատասխան կազմակերպություններում են մասնակցելու դասընթացների. «Կուրսերը լինելու են սպայական, դասընթացների անցնելու են բոլորը՝ անկախ սեռից, ծանոթացնելու են ժամանակակից զենք-զինամթերքին, օգտվելու եւ զգուշանալու կանոններին: Լինելու է ԴՕՍԱՖ-ում»: Նպատակը «ոչ միայն հողերը հետ վերցնելն է: Մենք ասում ենք՝ կանգնելու ենք պատերազմը վերջացնելու: Հողերը հետ վերցնելը նվազագույն ծրագիրն է, պատրաստ ենք պատերազմը տանել շատ խորք՝ մինչեւ հակառակորդին ծնկի ենք բերելու»:

Այն մտավախությանը, թե ստացվում է՝ այլընտրանքային բանա՞կ եք ստեղծելու՝ պատասխան եղավ՝ բանակի հետ միասին ենք անելու… Ինչպե՞ս, եթե բանակը համաձայն չի եղել այս նախաձեռնությանը, Սեյրան Օհանյանը մերժել է հանդիպել: Ըստ Պավել Մանուկյանի. «Եթե նախարարը մերժել է, նշանակում է մենք պետք է հրաժարվե՞նք ապրելուց, թե՞ նախարարն է բանակը ստեղծել: Ուզում ենք ապրե՞լ, թե՞ մեռնել ենք ուզում…»:

Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված

Եվ ահա «Սասնա ծռեր» խմբավորումը տարածում է մի այսպիսի հայտարարություն, որում կարծես թե խոսում են արդեն իշխանությունը վերցրած մարդիկ, ինչը ապացուցում է, որ նրանք իսկապես հավատացել են, թե ժողովուրդը կկանգնի իրենց կողքին… Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական եւ քաղաքական պայքարի ընկերներն ենք… Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել եւ ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլեւս չունի երկարատեւ ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը: Ուստի ազգի եւ Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձեւով իրականացվող ժողովրդային ընդվզումն է: Մենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր եւ մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը եւ այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության: «Մենք արդեն գրավել ենք Երեւան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաեւ մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երեւանի Էրեբունի թաղամասը եւ դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ (սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը,- խմբ.):

Համայն հայությանը եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի եւ օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու եւ համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն: Ունեւոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի եւ այլ անհրաժեշտ կարիքները: Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:

Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա եւ իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի, եւ նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով:

Դիմում ենք Հայկական բանակին.‘

Սահմանային զորամասերի զինծառայողները պետք է մնան իրենց տեղերում եւ շարունակեն ծառայությունը առավելագույն զգոնությամբ ու ջանասիրությամբ: Իսկ ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը եւ իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Դիմում ենք Արցախի ղեկավարությանը.

Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության եւ արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում եւ համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման:

Դիմում ենք ոստիկանության ծառայողներին.

Ձեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու եւ որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը եւ չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել եւս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ եւ կչեզոքացվեն: Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ եւ իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ եւ օրինակ կդառնան ապագա իրավապահների համար:

Դիմում ենք ազգային անվտանգության մարմինների ծառայողներին.

Դուք պետք է մնաք ձեր ծառայության վայրերում եւ կատարեք ձեր պարտականությունները արտաքին հետախուզության եւ հակահետախուզության ուղղությամբ: Ժողովրդի դեմ որեւէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ եւ կչեզոքացվեք: Եկել է ազատության, արժանապատվության, արդարության եւ իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի»:

 

Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն

Ապստամբած խմբավորման անդամները զգուշացրել էին ոստիկաններին, որ իրենք չեն բանակցում: Եվ առայժմ պահանջում են Ժիրայր Սէեֆիլյանին: Մյուս պահանջը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա եւ իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը (ովքե՞ր են այդ կառավարության կազմում կամ ովքեր են հավակնում՝ հայտնի չէ,- խմբ.):

Ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները փակեցին ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին եւս արգելեցին անցնել կամ նկարահանումներ իրականացնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ իրենք պարբերաբար հայտարարությամբ հանդես կգան:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ իրենք ապստամբություն են սկսել եւ «որքան ուշացնում են Ժիրայր Սեֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք, մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սեֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սեֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ՝ ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը:

Հասկանալի էր, որ այսօրինակ տարօրինակ գործելաոճը եւ ՊՊԾ ծառայողների (թե ինչու ՊՊԾ՝ բոլորովին անհասկանալի է, եթե հարցը նախագահի հրաժարականի մասին է- խմբ.) պատանդ վերցնելը չէր հանգեցնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Ինչպես պարզաբանել է ՀՀԿ-ն, «Երեւանում մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք եւ բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Նրանց պահանջը «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ասել է. «Բնականբար չի լինի, ինչի՞ մասին է խոսքը: Ես սա գնահատում եմ, որպես արկածախնդրություն, որը ոչ մի տեղ չտանող գործողություն է: Չգիտեմ՝ այդ մարդիկ ինչ են մտածում այդպիսի քայլերի դիմելով, ամեն դեպքում չափազանց բացասական իրադարձություն է:  Հիմա ամենաճիշտ մոտեցումը կլինի համապատասխան մարմիններին թույլ տալ իրենց աշխատանքը կատարել, բանակցել այդ արկածախնդիրերի հետ, որպեսզի մարդկային զոհեր չլինեն եւ խաղաղ ճանապարհով այս հարցը լուծվի: Բայց, որ այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, այստեղ երկու կարծիք չկա: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը տարակուսել է. «Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Սերժ Սարգսյանին ժողովուրդն է ձայն տվել եւ իշխանությունը ժողովրդի կողմից ձեւավորված իշանություն է: Եթե 2017-ին այդ ժողովուրդը այլ քաղաքական ուժի կընտրի իրեն որպես իշխանություն, թող այդ ժամանակ ընտրի: Հիմա զինված մի քանի հոգի պետք է ինչ- որ բա՞ն անեն, պարտադիր պետք է բռնություն գործադրեն, անմեղ մարդիկ տուժեն այդ բռնության արդյունքում, ասեն իշխանություն տվեք: Իշխանությունը հո՞ խաղալիք չէ. մեկը մյուսին՝ ով երբ ուզի հանձնի, վերցնի: Դատապարտելի իրադարձություն է: Ես չեմ կարծում, որ բռնության տարբերակը ամենաճիշտ տարբերակն է ինչ-որ հարցեր լուծելու համար: Առաջին հերթին, ովքեր ձեռնարկել են այդ բռնությունը, խոհեմ գտնվեն, որպեսզի մարդիկ չտուժեն, փորձեն բանակցությունների արդյունքում այդ խնդիրը լուծել: Այդ ժամանակները անցել են, որ բռնությունով հարցեր լուծվի»: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ կարճել է. «Իրադարձությունների հետ կապված մեկնաբանություն կա: Ես ուրիշ բան չունեմ ասելու»: Այլ ՀՀԿ-ականների կարծիքը եւս այսպիսին էր, որ Սերժ Սարգսյանը չի կատարի զինված խմբի պահանջները եւ հրաժարական չի տա:

 

Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու…

Ընդդիմադիր ուժերը հիմնականում եւս չեն ողջունում այս քայլը՝ համարելով, որ ճիշտը քաղաքական պայքարն է եւ կոչեր են հնչում դադարեցնել պատանդների պահելը եւ հանձնվել իշխանություններին: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարողացավ պայմանավորվել ապստամբների հետ եւ, լինելով նրանց մոտ, նկարահանեց իրավիճակը: Իր հեռախոսով նկարել էր նաեւ պատանդներին: Բայց դա ընդամենը տեղեկատվական քայլ էր, քանի որ որեւէ բանակցություն չի եղել: Պատգամավորը տեսանկահարահանել էր բազայի ներսը, որտեղից ակնհայտ էր, որ թվով 7 պատանդների մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: Խմբավորումն ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի արյան ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել, եւ նա հոսպիտալացվել է: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, խմբի անդամները «Ուրալ» մեքենայով հարվածել են բազայի դարպասներին, որտեղ՝ բազայի դարպասների մոտ, եղել են մոտ 6 ոստիկան: Խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում:

 

Հովվի ասածը հոտի պետքը չէ

Կոչով դիմեց նաեւ եկեղեցին. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը՝ այդ թվում նաեւ հարձակում իրականացրած անձանցից, ստացել են մարմնական վնասվածքներ, կան պատանդներ: Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը եւ միասնականությունը կենսական են եւ հրամայական՝ մեր երկրի սահմաններն անառիկ պահելու եւ հայոց պետականությունն ամուր եւ ապահով պահպանելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց՝ հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ խուսափելու համար մարդկային նոր կորուստներից»:

 

Մեղավորը ոստիկաներն են, որ կան

ՄԻՊ-ը կոչ է արել զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց: Մարդու իրավունքների պաշտպանը հետեւում է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին. «Կարեւորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվութան միջոցներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց: Կարեւորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ պարբերական եւ համակարգված տեղեկությունների մատուցումը: Մարդու կյանքը եւ առողջությունը

բարձրագույն արժեքներ են: Բռնության ցանկացած դրսեւորում կամ դրա սպառնալիք ոտնձգություն է այդ արժեքների դեմ եւ դատապարտելի է»:

Փաստաբանների պալատը կոչով դիմել է ոստիկանության ծառայողներին, որում նշվում է հետեւալը. «Հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը՝ ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին. 1. ապահովել քաղաքացիների ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը. 2. չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։ Փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտների հանդիպելիս կարող են դիմել՝ փաստաբանների պալատի Արագ արձագանքման հանձնախմբին (հեռախոս՝ 077 00-77-92, փաստաբան Գ. Մկրտչյան).- ՀՀ փաստաբանների պալատի եւ ՀՀ ոստիկանության միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրով հանձնախմբին (հեռախոս՝ 091 43-42-10, փաստաբան Ն.Հարությունյան)»։

Իսկ «Ժառանգություն»-ը դատապարտել է խոշտանգումները ոստիկանության կողմից. «Կուսակցությունը դատապարտում է վերջին 3 օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Այսպիսով, ոստիկանությունը օրենքի պահապանից դարձել է անօրինականության պահապան»:

Միայն պաշտոնական տեղեկատվությունից օգտվելու կոչով դիմեցին նաեւ ազգային անվտանգության եւ ոստիկանության մարմինները, որպեսզի խմբավորման կեղծ տեղեկատվությունը նոր բարդությունների պատճառ չդառնա:

 

Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին

Հետաքրքիր էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» որոշ անդամներ սկսեցին հեռու պահել իրենց այս իրավիճակից: «Մենք պետք է լինեինք միասին, բայց ոչ թե ոստիկանանան բաժին գրավելուց՝ չկարողացա համոզել ընկերներիս…»,- ասել է Տիգրան Խզմալյանը:

«Մենք ոչ թե ոստիկանության հետ պետք է կռվենք, այլ ԱԱԾ-ի, եւ դա միայն օրինական, սահմանադրական, քաղաքական միջոցներով է հնարավոր, այլապես՝ ինչպես որ պատերազմն է քաղաքականության պարտությունը, այդպես էլ ռազմական հեղաշրջման փորձը պարտության է մատնվում, երբ չի հավաքում շուրջը սահմանադրական, քաղաքական, քաղաքակրթական գաղափարով ոգեւորված հանրություն: Ավաղ, ես դրանում չկարողացա համոզել ընկերներիս եւ դառնությամբ ու ցավով եմ նայում, թե ինչպես է իրականանում այն, ինչի մասին ես նրանց 2 տարի շարունակ զգուշացնում էի: Մենք պետք է լինեինք միասին, բայց ոչ թե ոստիկանանան բաժին գրավելուց… Ես մեղավոր եմ, որ չհամոզեցի: Իմն է մեղքը»,- նշել է նա:

Անդրիաս Ղուկասյանն էլ հայտարարություն տարածեց, թե «ինձ համար, ինչպես եւ ձեզ համար, անակնկալ էր այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները:

Ըստ նրա, փաստերը վկայում են, որ. 1. ապստամբները գրավել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասը եւ կազմակերպել ամուր պաշտպանություն, 2. Սերժ Սարգսյանը ընդունեց, որ զինված ապստամբությունը ուղղված է անձամբ իր դեմ եւ զերծ մնաց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու իր իրավունքից, 3. ոստիկանությունը պատրաստվում է գրոհել ապստամբներին եւ ցանկացած գնով հետ վերադարձնել զորամասի նկատմամբ վերահսկողությունը:

Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու եւ մարտնչելու են մինչեւ վերջին փամփուշտը: Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով:

Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պիտի շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու եւ ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով»:

Այո, ապստամբները հայտարարում էին, որ չեն հանձնվելու եւ մարտնչելու են մինչեւ վերջին փամփուշտը, բայց զարմանալի էր, որ մեղմ ասած, նեղսրտել էին, որ ոստիկանությունը կրակ է բացել իրենց վրա, ինչին նրանք ստիպված պատասխանել են:

Սա հաստատ «մահապարտի» տրամաբանություն չէ, բողոքել, որ կրակում են իրենց վրա, երբ իրենք անօրինական կերպով ու զենքերով ներխուժում են պետական վերահսկվող տարածք…

 

Ի զեն ներսու՞մ

Ավելի զարմանալի էր ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանի խոսքը, ով «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, թե իշխանությունները խոստացել են գիշերվա ընթացքում ոչինչ չանել եւ սպասել մինչեւ լուսաբաց:

Մի՞թե սա էր չհանձնվող ու մինչեւ վերջին փամփուշտը մարտնչողների նպատակը… Որ գիշերը հանգի՞ստ անցնի…

Իհարկե, շատ լավ է, որ հանգիստ է անցել, բայց եթե պիտի այս ամենն արվեր ու նոր միայն հետ քայլերի մասին մտածվեր, ընդամենը 1 օր անց, ի՞նչ իմաստ ուներ զոհ եւ վիրավորներ տալը, Հայաստանի վարկի հետ խաղալը միջազգային ասպարեզում եւ էլի նման հարցեր:

Այնուհետեւ, Վարուժան Ավետիսյանը նորից, հանգիստ գիշերից հետո, անցնում է նոր կտրուկ խոսքի (այսօրինակ տրամադրություններն ու կտրուկ փոփոխությունները հավաստում են, որ հոգեբանական ծանր իրավիճա՞կ է ապստամբություն ստանձնած խմբի մոտ,- խմբ), ըստ երեւույթին հասկանալով, որ ոստիկանները հրաման չունեն գրոհով մտնել՝ նոր զոհերի գնով. եւ հայտարարում է, թե՝ նախապես պլանավորված էր, գիտակցաբար արված. «Գիտակցաբար ենք դա արել եւ շատ ճիշտ ենք արել, որ արել ենք, եւ կոչ ենք անում, որ մեր ամբողջ ժողովուրդը զենք վերցնի եւ ոչնչացնի այս ապազգային եւ հակամարդ ռեժիմը: Դա ժողովրդի սրբազան իրավունքն է՝ դիմել ապստամբության՝ կեղեքիչներից եւ իշխանությունը յուրացնողներից ազատվելու համար: Նաեւ ազգային անվտանգության խնդիր է, այլ ոչ միայն անձի արժանապատվության խնդիր, որովհետեւ այս ռեժիմը ոչ միայն կեղեքիչ է, այլ նաեւ ցեղասպանության է ենթարկում մեր ժողովրդին, ստիպում իր գործողություններով արտագաղթել, ծայրահեղ աղքատության վիճակի է հասցրել եւ ուղղակի արդարության ճգնաժամ է ձեւավորել երկրում: Ինչ ուզում՝ անում են մարդկանց հետ: Եվ այս ամենին գումարվեց նաեւ Արցախի խնդրի այս չարաբաստիկ տարբերակով նորացումը, որ, փաստորեն, ազատագրված տարածքները հանձնելու դիմաց Սերժիկ Սարգսյանն ուզում է իր փտած աթոռը պահել…

«Հրապարակ»-ը հեռախոսով հարց էր տվել, թե զինվա՞ծ են մուտք գործել ոստիկանություն, եւ որտեղի՞ց այդ զենքերը:

Փաստորեն, երբ ժամանակ առաջ Ժիրայր Սեֆիլյանին եւ ձեր մյուս համախոհ ընկերներին ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ կապված մեղադրանք առաջադրվեց, դա այնքա՞ն էլ հիմնազուրկ չէր:

«Անշուշտ, զինված ենք եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից, ասեմ հետեւյալը՝ եթե այս բանդայի եւ մյուս ակնհայտ բանդիտների զենքերի վերաբերյալ հարցերը լուծվեն, եւ որոշվի, բացահայտվի, թե որտեղից նրանց եւ մյուս սրիկա հանցագործներին այդքան զենք, այդ ժամանակ մենք այդ հարցի պատասխանը կտանք:

Մենք մեր հայրենիքն ազատագրելու հարցն ենք լուծում, լավ ենք արել, շատ ճիշտ ենք արել, որտեղից որ հնարավոր է եղել, ճարել ենք, հայթայթել ենք եւ արել ենք: Եվ կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին, որ բոլոր հնարավոր միջոցներով զենք ձեռք բերեն եւ դուրս գան այս ռեժիմի դեմ»,-հնչել էր պատասխանը:

 

Խմորը ջուր է ուզում

Եթե այս ամենին էլ հավելենք այն փաստը, որ արձանագրվեց երեկ, ապա լուրջ հարցականներ են առաջ գալիս ապստամբության իրական գաղափարների ու նպատակների առումով:

Իսկ երեկ զինված խմբավորման մի քանի տղաների ծնողներ դիմել էին ոստիկանությանը՝ ասուլիս հրավիրելու եւ իրենց զավակներին զլմ-ների միջոցով փորձանքից ազատելու եւ տուն կանչելու համար (համենայնդեպս, ասացին, որ ոստիկանությունն իրենց չի ստիպել)…

Երկու ծնողի խոսքից պարզվեց, որ իրենց զավակները նոր են եկել Ռուսաստանից, անձնագիրը փոխելու կամ մեկ այլ առիթով եւ թե ինչպես են հայտնվել խմբավորման մեջ եւ գնացել այս քայլին՝ անհայտ է իրենց… Հատկապես, որ պատրաստվել են Ռուսաստան վերադառնալ:

Փաստորեն, դեռ շատ բան է պարզվելու-պարզաբանվելու:

Վահագն Նանյան եւ Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։