Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում հնարավորնս հանգամանալից ներկայացրել է իրենց «Հիմնադիր խորհրդարան»-ին ենթակա, Ժիրայր Սեֆիլյանին հրամանատար ընդունած եւ իրենց էլ «Սասնա ծռեր» հռչակած զինված խմբի կողմից Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստերը՝ ներկայացնելով երկկողմանի տեղեկատվություն ու համակողմանի մեկնաբանություն: Իհարկե, ներկայացրել ենք նաեւ մեր տեսակերը կատարվածի մասին:

http://www.hayary.org/wph/?p=5719Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

http://www.hayary.org/wph/?p=5718Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=5711 –  Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)… 

http://www.hayary.org/wph/?p=5710Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

Շարունակելով ներկայացնել դեպքերի զարգացումը՝ նշենք, որ մի զարմանալի պարբերականությամբ Խորենացի փողոցում երեկոյան ժամերին հավաքվում էր սարիթաղցիների մի խումբ, որը գալիս էր բացառապես ոստիկանների հետ բախվելու, քարեր ու փայտեր նետելու, հայհոյանքներ տեղալու եւ նման այլ բաների համար: Պետք է առնվազն կույր լինել չնկատելու այն իրողությունը, որ այս մարդկանց խմբերը հիմնականում «ձգում» են հարբեցողների ու թմրամոլների կարգավիճակին եւ ամեն օր նույն ժամին նույն հստակ ծրագիրն են իրականացնում եւ ապա հեռանում, երբ ոստիկանները դիմում էին պատասխան քայլերի… Ցավոք, այսպես վարկաբեկվում էր այն մարդկանց մասնակցությունը, որոնք արդարացիորեն դժգոհ երկրի սոցիալական վիճակից եւ այլ խնդիրներից, մասնակցոմ են հանրահավաքների եւ ցույցերի: Նրանցից շատերի համար գլխավորը այնքան «Սասնա ծռերին» աջակցելը չէ, որքան նախագահի հրաժարականը կամ բարեփոխումներ պահանջելը, որ գոնե այդպիսով բարձրաձայնեն ու տեղ հասցնեն իրենց բողոքն ու հուսահատ կանչը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, բացի աշխարհիկ իշխանավորներից մեղադրում է նաեւ երկրի հոգեւոր հայրերին՝ այս ամենից հեռու մնալու եւ միակողմանի հանդես գալու համար: Առավելապես մեղադրում է ճանապարհ չհարթել համար, որը թույլ կտար սնունդ հասցնել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր»-ին:  

Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են

Խորենացի փողոցում երեկոյից հետո կամաց-կամաց մարդկանց թիվը նվազում է: Սա եւս պարբերական է դարձել: Լեւոն Բարսեղյանը նկատելով հերթական նոսրացման ընթացքը, հայտարարեց, թե որքան շատ մարդ հավաքվի, այնքան ապահով կզգան տղաները. «Այդ դեպքում «Սասնա ծռեր»-ին հաղթել հնարավոր չէ, նրանց ընդհանրապես հնարավոր չէ հաղթել: Հող չենք զիջելու: Չխեղճանաք, չնահանջեք ու չզիջեք երբեք» («Սասնա ծռերը» մի կողմ, Լ. Բարսեղյանը հաստա՜տ հող զիջող չէ, իմացած լինեք): Ալեք Ենիգոմշյանը, մինչեւ ձերբակալումը, հայտարարեց. «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը դարձավ հայ ժողովրդի ապստամբություն, հաղթանակի պահը մոտենում է»: Նա կոչ արեց հաջորդ օրը երեկոյան հավաքվել այս հրապարակում՝ 50.000 մարդու ակնկալիքով: Իսկ մինչ այդ, մինչեւ առավոտյան ժամը 9-ը նորից ժամանակ տրվեց իշխանություններին. առավոտյան ժողովուրդը սնունդ պետք է բերի Խորենացի փողոց: Իսկ այն փոխանցելու հարցում ոստիկանների հետ բանակցություն պետք է վարի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ոստիկանությունը մերժեց սննդի փոխամցման բոլոր առաջարկները:

Ինչ մնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, նա առաջին օրից փորձեց հարթել իրավիճակը՝ ակամա դառնալով բանակցող կողմ զինյալների եւ իշխանությունների միջեւ: Անգամ նկարահանեց տարածքը եւ զինյալների խոսքը հասցրեց իշխանությանն ու զլմ-ներին: Բայց «Սասնա ծռեր»-ի անդամ եւ «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք այլեւս չեն վստահում Նիկոլ Փաշինյանին եւ նա այսուհետ չի կարող հանդես գալ որպես միջնորդ կողմ:

«Փաստորեն, առանց երկմտելու կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար, ինչը դատապարտելի երեւույթ է: Հուսով եմ այսուհետ նա ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց»,- ասել էր ՀԽ խոսնակը: Հետո հայտնել էր, որ «տեղեկություններ կան, թե կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ, ճիշտ կանի, որ հրաժարական տա, «ապա նոր կառավարությունը պետք է ձեւավորվի ոչ թե Հանրապետական տականքից կամ իրենց սպառած կուսակցություններից, կամ լիդերներից, որոնցից արդեն բոլորս զզվել ենք, այլ ժողովրդի վստահության կառավարություն պետք է ձեւավորվի, ամբողջական արմատական փոփոխությունների մանդանտով եւ վստահության կառավարությունով»:

Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպին, բայց նախ ողջունեց ԱԺ պատգամավորի ներկայությունը եւ կատարած հրաշալի գործը, ապա նշեց, որ «նա մեկ սխալ է թույլ տվել՝ ասելով, որ միակ ընդդիմությունը իրենք են, բայց դա էլ հասկանալի է, քանի որ նոր քաղաքական գործիչների մոտ նման բարդույթներ լինում են»… Անդրադառնալով վերջին օրերին տեղի ուենցած «Սասնա ծռերի» գործողություններին, նշեց, որ մեր երկրի իշխանությունները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, որպեսզի մարդիկ չընդվզեն. «Խորենացու կիզակետում հավաքված մարդկանց նպատակը մեկն է, բոլոր հայերս այսօր մի մտահոգություն ունենք՝ առիթ չտալ նոր արյունահեղության, հիմնական պատասխանատուն հասկանալի է՝ իշխանություններն են»։

Հաջորդ հանրահավաքին Նիլոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամների հետ հարթակում էր եւ հայտարարեց, որ ինքն ամեն բան արել է բացահայտ ու բաց տեքստով եւ համաձայն չէ իրականությանը չհամապատասխանող հնչած մտքերի հետ, սակայն կդադարեցնիւ իր մասնակցությունը առժամանակ, որպեսզի խնդիրներ չառաջանան եւ խոսափողը հանձնեց Ալեք Ենիգոմշյանին: Վերջինս էլ հրատապ հայտարարեց, թե բոլոր պատանդների ազատ արձակումից հետո ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տեղակայման շենքը գրաված «Սասնա ծռերի» պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների բողոքի ցույց պիտի անել շտապ. քանի որ «շուտով 48 ժամ կանի, որ տղաները չունեն ոչ սնունդ, ոչ էլեկտրական հոսանք, ոչ բժշկական ծառայություն, չնայած ներսում գտնվող վիրավոր երիտասարդ տղայի, չունեն հեռահաղորդակցության միջոցներ: Բայց դա բացարձակապես չի ազդում տղաների ոգու, մնացած ամեն ինչի վրա»: Նա նշեց, որ չնայած նախօրեին հայտարարվել է նոր բանագնացի մասին («Սասնա ծռեր» խմբի եւ իշխանությունների միջեւ միջնորդի դեր ստանձնած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին ՊՊԾ գունդը գրաված զինյալների կամքով փոխարինել է ազատամարտիկ, Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը), բայց մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում:

Վիտալին ի՛նքը չի ուզում

Նախորդ միջնորդ Վիտալի Բալասանյանի կտրուկ պահվածքը լրագրողների հետ եւ ինքնավստահ կեցվածքը դուր չէր եկել զինյալներին եւ նրանք հայտարարել էին, որ հրաժարվում են Արցախի հերոսի միջնորդական ջանքերից: Չնայած պետք է նշել, որ հենց այս միջնորդի շնորհիվ կայացավ բոլոր պատանդների ազատ արձակումը, ինչը զինյալների վրայից հանեց ահաբեկիչ համարվելու վտանգը… Ապա կազմակերպեց բանակցությունները զինյալների եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, որից հետո կայացավ «Սասնա ծռերի» պահանջած մամուլի ասուլիսը: Սակայն այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը խախտեցին եւ լրագրողները եւ զինյալները: Առաջինները անցան այն տարածք, որտեղ թույլատրված չէր, իսկ երկրորդները ասուլիսին մասնակցեցին զենքերով, ինչը պիտի տեղի չունենար: Սա էլ զայրացրել էր Վիտալի Բալասանյանին, ով հայտարարեց, որ այդ ինքն է հրաժարվում այլեւս բանակցել, քանի որ ակամա խախտվում են պայմանավորվածությունները եւ զինյալների եւ Ժիրայր Սեֆիլյանի կողմից: Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ զինյալների կողմից նաեւ կրակոցներ են հնչեցվել: Եվ դա եղել է ուղիղ եթերի ժամանակ:

Նախագահը պատրաստ է հիմնավորել

Իսկ միջնորդի այն հայտարարությունից հետո, թե հանդիպման ընթացքում պարզաբանումներից հետո «Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, հանկարծ հերքվեց Ալեք Ենիգոմշյանի կողմից, ապաեւ՝ Ժիրայր Սեֆիլյանի…

Իսկ «Սասնա ծռեր»-ի Պավլիկ Մանուկյանն էլ հերքելով բանակցությունների միջոցով պատանդների ազատումը, հայտարարեց, թե «պատանդների ազատ արձակումը նպատակ ունի, որպեսզի նրանք կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն»: Այնուամենայնիվ, Վիտալի Բալասանյանը լավատեսորեն էր տրամադրված. «Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ տղաները կընդունեն իշխանությունների առաջարկները»: Նա նաեւ պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել եւ «իրենց հետ տարել են բժշկական խումբ ու պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել, այնտեղ 2 վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված՝ Սմբատը (ազգանունը չէր հիշում) եւ մյուսը` Մխիթար Ավետիսյանն է»:

«Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձեւավորում, սակայն ամենակարեւոր հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին եւ գտնվում է օրակարգային ամենակարեւոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին: Այս մասով արցախցի միջնորդը  նշել է, որ «քաղբանտարկյալ» բառը չի ուզում օգտագործել, «որովհետեւ քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա», բայց չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը եւս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել: Անգամ նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ այն կարծիքին են եկել, որ Հայաստանում կան այլախոհներ, բայց ոչ՝ քաղբանտարկյալներ:

«ՀՀ նախագահի հրաժարականի պահանջումը պայմանավորում են իբր հող հանձնելու մտադրությամբ,-  շարունակել է Վիտալի Բալասանյանը,- ԼՂՀ ՀՀ նախագահի կատարած վերջին այցի ընթացքում հող հանձնելու տարբերակ չի քննարկվել: Այդպիսի հարց չի բարձրացվել: Սերժ Սարգսյանը հանդիպել է 4-5 խմբի հետ, վերջին խումբը եղել ենք մենք, կարող եմ մեկ առ մեկ ասել՝ ովքեր են մասնակցել»: Քննարկումների մասնակիցներից են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը՝ Պարգեւ Սրբազանը, Արկադի Կարապետյանը, Ժաննա Գալստյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Համլետ Գրիգորյանը, Օլեգ Եսայանը, Արկադի Ղուկասյանը եւ այլք:

Այս հավաստիացումներից հետո Ժիրայր Սեֆիլյանն ու զինված խմբի անդամների մի մասը, ըստ Վիտալի Բալասանյանի, արդեն չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի»,- զինված խմբի կողմից զավթած ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասել էր Արցախի ազգային հերոսը: Նա խոսքը եզրափակեց այն մտքով, որ եթե զինյալները վայր դնեն զենքերը եւ հանձնվեն իշխանություններին, ապա նախագահը կընդունի իրենց կալանավորված ղեկավարին եւ կբացատրի Արցախի խնդրի հետ կապված որոշ մանրամասներ, ինչը կհիմնավորի, որ Արցախի  կամ ազատագրված տարածքները չեն հանձնվելու թշնամուն:

Երեքնուկով՝ ստում է-չի ստում

Գառնիկ Իսագուլյանը, որ Արցախի ներկայացուցիչն է Հայաստանում, նշել է, որ «Ժիրայր Սէֆիլյանի եւ Վիտալի Բալասանյանի բանակցություններն արձանագրված են, ինչը հավաստում է Վիտալի Բալասանյանի խոսքերը»: «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Սասնա ծռերի» հատարարությունը, որ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին ազատում են բանակցությունները վարողի՝ միջնորդության դերակատարումից, ստելու համար, իրականության հետ կապ չունեն»: Նա հիշեցրել է, որ այդ դերակատարումը տրվել էր բոլոր կողմերի՝ զինված խմբի, Ժիրայր Սեֆիլյանի եւ իշխանությունների համաձայնությամբ, որը նա շատ արդյունավետ իրականացնում էր: Նաեւ այդ միջնորդության արդյունքում ՊՊԾ գնդում որեւէ պատանդ չկա զինյալ խմբի մոտ, եւ բանակցությունները շարունակվում են, որպեսզի որեւէ արյունահեղություն չլինի»,- նշել է Գառնիկ Իսագուլյանը, ապա հավելել. «Գեներալ Վիտալի Բալասանյանը ռազմի մարդ է, նա ուղիղ եւ պարզ է հասկանում ամեն ինչ եւ ուղիղ ու պարզ էլ ամեն ինչ ասում է: Ժիրայրր Սեֆիլյյանն էլ՝ որպես ռազմական գործիչ, վստահ եմ՝ հենց այդպես էլ ամեն ինչ ասում է: Թե Ալեք Ենիգոմշյանն ինչպե՞ս է հասկացել, ի՞նչ ենթատեքստեր է տեսել՝ դա իր խնդիրն է: Նրանց երեքի հանդիպում-զրույցն արձանագրվել է, եւ Ժիրայրն այդ արձանագրությունը տեսել է»:

Աշոտ Մինասյանի՝ բանակցությունները վարելու փաստը, որի մասին հայտարարել էր զինյալ խմբի անդամ Պավել Մանուկյանը, զարմացրել է Գառնիկ Իսագուլյանին, «Սիսական» ջոկատի հրամանատարի փոխարեն ես չեմ կարող որեւէ բան ասել, իրավասու էլ չեմ, բայց Աշոտը մշտապես Վիտալիի հետ միասին մասնակցել է ՊՊԾ տարածքում գտնվող տղաների հետ հանդիպումներին»: Սակայն, ըստ բանախոսի, իրենց միջնորդը եղել ու մնում է գեներալ Բալասանյանը:

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ եւ մեկ անգամ եւս հայտնել, թե «Ժիրայրը շատ կարճ խնդրեց փոխանցեմ հետեւյալը, որ Վիտալի Բալասանյանը ստում է…», ապա հավելեց, թե մոտ ժամանակահատվածում նա ավելի մանրամասն հայտարարություն կանի:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով միջնորդի դեր էր կատարում «Սասնա ծռեր» խմբավորման եւ Հայաստանի իշխանությունների միջեւ ու այդ շրջանակներում հանդիպել էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի հետ, տարածել էր իր հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի հետ միասին, որին ներկա էր նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ ու քննարկել ենք տարբեր հարցեր: Նա այդ պահի դրությամբ որեւէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է նախագահի հրաժարականի պահանջից: Ապա բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել հանրապետության նախագահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաեւ նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց եւ հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին եւ բացատրելու իրականությունն ու հեռանկարները»:

Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում

Բայց զինյալները կրկին սկսեցին պնդել, թե իրենց նախնական պահանջները մնում են ուժի մեջ: Որեւե քայլ, որը կտաներ առաջ բանակցությունները, անմիջապես մերժվում է զինյալների կողմից: Սա մի բան կարող է հիմնավորել, այն ինչ պնդում են շատերը՝ զինյալ խումբը չունի հետագա գործողությունների ծրագիր եւ ամեն անգամ ետքայլ է անում, որպեսզի դոփի տեղում՝ իր նախնական դիրքում մնա, որին արդեն սովորել է Ժիրայր Սեֆիլյանը եւս. որեւէ ծրագիր չի հրապարակում, թե ինչ պիտի լինի, եթե ասենք՝  նախագահը հրաժարական տա: Ի՞նչ քաղաքական ու տնտեսական ծրագրեր կան, ովքեր են հնարավոր կառավարության անդամները եւ այլն: Սա վերջնականապես հաստատում է զինյալների հեռանկարային հստակ ծրագիր չունենալու փաստը: Նրանց պարզապես թվացել է, թե բավական է զինված գործողության դիմեն, եւ ժողովուրդը ոտքի կկանգնի ու ապստամբությունը պատրաստ է… Դե իրենք էլ ժողովրդի թեւերի վրա բարձրացած կգնան նախագահական նստավայր… Ցավալի է, որ այսքան պարզամիտ ծրագրի համար այսքան մարդ տուժեց եւ երկրի պատվի հետ խաղ արվեց…

Այս ամենի վերահաստատումը հաջորդող քայլերն էին, զինված խումբն կրկին բանակցային քայլերից հեռացավ ու սկսեց այրել ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաները, թվով՝ 4՝ «Շեվրոլե» ավտոբուս, «ԳԱԶել», «Սամանդ» մակնիշի պարեկային մեքենա, նաեւ փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ եւ այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են արել խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի ու առողջության համար, նյութական վնաս են պատճառում եւ լարում են մթնոլորտը:

Տարօրինակ է, բայց զինյալները, ովքեր հանդես եկան որպես մահապարտներ, որոնք չեն հեռանալու ու պատրաստ են զոհվելու, սկսեցին պահանջներ (որ ավելի շուտ դիմել էր ընկալվում, որը ցուցարարներն էլ մարդասիրական քայլ էին որակում հետո) դնել այն կողմի վրա՝ ում պատրաստվում են հեռացնել իշխանությունից ու պատժել: Սա եւս անհասկանալի է: Ինչու՞ պիտի նման դեպքում հակառակ կողմը սնունդ եւ կենցաղային այլ պարագաներ տրամադրի իրեն մահ ցանկացողին, ինչու՞ պետք է կապ, հոսանք եւ այլ հարմարություններ ստեղծի իրեն տապալելու համար եւ այսպես շարունակ:

Կամ՝ ո՞ր մի երկրում է իշխանությունը աջակցում իշխանափոխության ելածներին, այն էլ զենքի ուժով…

Ավելի զարմանալի էր աիմաժառանգական կուսակցական եւ դրամաշնորհային սնուցմամբ գործող հասարակական կամ հանրային այլ կառույցների այնպիսի մոտեցումները, թե Մարդու իրավապաշտպանն ինքը պիտի այցելի զինյալներին եւ սնունդ տանի, պիտի ամեն օր բուժկետ եւ սնման կետեր լինեն… 

Թեեւ այստեղ հարմար չի, բայց չեմ կարող չասել՝ զինյալները հանգստյան տու՞ն էին եկել, թե՝ օր առաջ իշխանափոխություն անելու: Եվ հասկանալի է կրկին, որ զինված խումբը չունի իր վերջնական ծրագիրը, ուստի ամեն քայլի դիմում է, այսպես կոչված պայքարը երկարաձգելու համար, հույսով, որ ժողովուրդը ոտքի կկանգնի, քանի որ «չի սիրում Սերժ Սարգսյանին»…

Իսկ ժողովուրդն արդյո՞ք իրենց կամ մեկ այլ ուժի սիրում է, դա արդեն այլ հարց է եւ այլ մեկնաբանությունների կարիք կա:

Արման Դավթյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։