Քաղաքական հանգուցալուծում՝ ներքին ու արտաքին բազմաշերտ հարցականներով.- Ո՞վ սպանեց ոստիկանին… Ալեքը ձերբակալվեց, Ալբերտը փոխվեց… Բոլորն էլ հորդորում էին ժողովրդին… Փող չունեք՝ տեղերում հավաքվեք… Տարբերակներ՝ զարմանազան ու զանազան… Ի՞նչ բալասան էր բերել Բալասանյանը… Ո՞վ էր իրական բեմադրիչը… Ո՞վ ու՞մ էր խաբել եւ ու՞մ սցենարով… Տղաների մահը պե՞տք էր ինչ-որ մեկին…

«Լուսանցք»-ը շարունակում է հնարավորինս ընդարձակ լուսաբանել ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման եւ դրա հետ կապված հետագա ծավալումները: Կփորձենք նաեւ որոշակի տեսակետ հայտնել տեղեկատվության ներկայացումից հետո, ինչպես մեր նախորդ թողարկումներում (թիվ 25 եւ 26): Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել տարբեր տեսակետների, միայն թե դրանք ատելություն չքարոզեն:

http://www.hayary.org/wph/?p=5720Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…

http://www.hayary.org/wph/?p=5710Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

Ո՞վ սպանեց ոստիկանին

Նախորդ թողարկումում մենք ցանկություն հայտնեցինք, որ հարցը տեսնենք հանգուցալուծված եւ առանց արյունահեղության, ինչը, ցավոք, տեղի չունեցավ լիարժեք: Հարցը հանգուցալուծվեց, բայց նոր վիրավորներ եղան եւ էլի մեկ ոստիկան զոհվեց դիպուկահարի կրակոցից: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մ հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: Զինյալները հերքեցին, որ իրենք են սպանել ոստիկանին: «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել»,- ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, եւ հավելել, որ տվյալ վայրը իրենց համար տեսանելի չէ եւ «ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից, չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»:

Տարբեր վնասվածքներ ստացան նաեւ ոստիկանության տասնյակ ծառայողներ ու ցուցարարներ՝ հերթական բախումների հետեւանքով: Երբ ցուցարարների երթը հասավ Բաղրամյան պողոտա, մի դաժան ինքնասպանության փորձ եղավ այնտեղ՝ Քաջիկ Գրիգորյանը ինքնակիզման փորձի դիմեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, սակայն Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնեցին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, եւ որոշ ժամանակ անց այրված տղամարդը մահացավ: Նրա ճանաչողները պնդում էին, որ այս ամենը կապ չունի ցույցերի հետ եւ այս մարդուն տնից դուրս են արել եւ նա իր բողոքը խառնել էր ընդհանուր բողոքի հետ: Հետո ավելի վտանգավոր հայտարարություն արեց բժշկական կենտրոնը, որ մահացածի արյան հետազոտումից պարզվել է, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է ու ովքեր փորձել են օգնել նրան, լավ կլինի, որ հետազոտվեն:…

Այս ընթացքում ՊՊԾ գնդի տարածքեց հաջողեցին փախչել պատանդ վերցրած շտապ օգնության աշխատակիցները եւ 2 զինյալներ, ովքեր պնդում են, որ իրենք ու եւս մի քանի հոգի տեղյակ չեն եղել այս հարձակման մասին եւ եկել են Երեւան՝ ցույցի մասնակցելու համար, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն:

Իսկ ոստիկանությունը նոր հայտարարություն էր տարածել, որպեսզի դադարեցնեն անօրինական հանրահավաքներն ու երթերը, այլապես կդիմեն կտրուկ միջոցների, ինչն էլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ոստիկանությունը պահանջել էր հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել Խորենացի փողոցից մեկ այլ վայր, որտեղ «խաղաղ հավաքներին աջակցելու ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»:  

Հակառակ դեպքում ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը:

Սակայն հանրահավաքները շարունակվեցին, ինչը նոր բախումների ու ձերբակալությունների հանգեցրեց: Ձերբակալվեցին Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ով արդեն անժամկետ հացադուլ է հայտարարել: Նույն խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանն ու «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրանց եւս նույն մեղադրանքը ներկայացվեց, չնայած վերջինիս համար 15 պատգամավորներ էին ստորագրել՝ չկալանավորելու խնդրանքով: Ձերբակալվեց նաեւ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով մեղադրվում էր ապօրինի սառը զենք պահելու համար, սակայն հետո նա ազատ արձակվեց՝ ի տարբերություն վերոնշյալների, ովքեր կալանավորվեցին 2 ամսով: Ցույցերին ակտիվ էր նաեւ երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը, ում եւս ձերբակալեցին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով»: Այլ ձերբակալություններ եւս եղան, սակայն կարճ քննությունից հետո հիմնականում ազատ էին արձակվում բերման ենթարկվածները:

Ալեքը ձերբակալվեց, Ալբերտը փոխվեց

Այս ամենը գուցե շարունակվեր, եթե նոր բանակցությունները արդյունավետ չավարտվեին: Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը նշում էր. «Մենք վստահ ենք, որ ոստիկանական բռնությունը ոչ մեկին չի վախեցրել, հակառակն ասեմ, բոլոր նրանց, ում երեկ երեկոյան բերման էին ենթարկել, վերադարձան Ազատության հրապարակ՝ ավելի վճռական, ավելի համոզված արդեն, որ ինչ անում են, ճիշտ են անում»: Սակայն, երբ ձերբակալվեց նաեւ նախկին ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարներից Ալեք Ենիգոմշյանը, Ալբերտ Բաղդասարյանը հայտարարություն տարածեց, որ «համարում է աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաեւ անօգտակար՝ իր կողմից «Սասնա ծռեր»-ի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:»…

Իսկ Արցախից վերադարձած գեներալ Վիտալի Բալասանյանը կրկին ՊՊԾ գնդում էր եւ բանակցում էր:

Բոլորն էլ հորդորում էին ժողովրդին

Բայց մինչ այդ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.«Սասնա Ծռեր» ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը եւ բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ եւ ընդունել նաեւ նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միեւնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու եւ անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»։

Հիմնադիր խորհրդարանը հրապարակեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի հողորդագրությունը, որում ասվում է. «Անցած օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված եւ հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ եւ մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ եւ իր մեջ: Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է: Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը»:

Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետեւանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ինքը շատ ցավում է, որովհետեւ «Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել…Եվ ուրեմն, այսօր Հայաստանում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»:

Փող չունեք՝ տեղերում հավաքվեք

Սակայն ինչպես այս, այնպես էլ այլ հայտարարություններն ու հաղորդագրությունները չփոխեցին իշխանությունների այլեւս վերջնագրային կարծիքը, չփոխեցին նաեւ մարդկանց վերաբերմունքը, որոնց թվաքանակը այդպես էլ չհասավ «կրիտիկական» սահմանին…

Եվ «Սասնա ծռեր» խումբը նոր ուղերձ հղեց ՀՀ քաղաքացիներին. «Այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ մարզերում, գյուղերում, սա ուղարկեք նրանց: Թող կատարեն այնտեղ այս բողոքի գործողությունները, թող փակեն ճանապարհներ: Հիշեք Գառնին: Գառնու նախադեպը կրկնեք: Էլ չասեք՝ գումար չունենք հասնենք Երեւան: Ձեզ մոտ արեք: Ժողովուրդը պետք է ապակենտրոնացնի իր գործողությունները: Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի անհնազանդության ապստամբական գործողություններ: Պետք է ապակենտրոնացնել, տարալուծելու համար ռեժիմին ծառա ոստիկանական ուժերը ու մաշեցնել: Նրանք չպետք է կարողանան հասկանալ, թե որ օրը, որ պահին, որտեղից սպասել հերթական «անակնկալը»: Այդ նպատակի իրագործման համար. Ամեն բնակատեղում նույն ժամին, ինչ Երեւանում, այսինքն՝ երեկոյան ժամը 19:00-ից հավաքվել գյուղամիջի հավաքատեղիում, կամ մշակութային օջախի հարեւանությամբ: Կարգախոսը՝ ի աջակցություն Սասնա ծռերի ու նրանց պահանջների: Պահանջները «Սասնա ծռեր»-ը ձեւակերպել են: Այն բոլորինդ է: Իրականությունն է այն ձեւակերպել»:

Բայց սա կարծես մի վերջին ճիչ էր՝ ժողովրդին համոզելու, որ ոտքի կանգնեն: Այլեւս ակնհայտ էր, որ Հիմնադիր խորհրդարանը սխալվել է՝ կարծելով, թե ժողովրդի ատելությունն այնքա՛ն ուժգին է իշխանությունների նկատմամբ, որ հարկավոր է մի ապստամբության, հեղափոխության կամ հեղաշրջման փորձ եւ հարյուր հազարավոր մարդիկ կհայտնվեն նախագահական նստավայրում…

Տարբերակներ՝ զարմանազան ու զանազան

Ինչեւէ, նոր փորձեր եւս եղան զինյալների գործողությունները քաղաքական դաշտ տեղափոխելու եւ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը փորձելով վերլուծել Հայաստանում ստեղծված աննախադեպ իրավիճակը, հայտնեց իր տեսակետները. «Այստեղ 3 տարբերակ կա, 1. մարդասիրական տարբերակ՝ եւ՛ տղաները, եւ՛ ոստիկանները չեն ցանկանում, որ որեւէ մեկը զոհվի, ու պետք է այս վիճակն ինչ-որ կերպ հանգուցալուծվի, 2. այս տարբերակը պայմանականորեն անվանենք քաղաքական, որովհետեւ զինված խումբը գրավել է այդ ոստիկանական տարածքը լարված մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի քաղաքական գործընթացներ սկսվեն. եթե իրենց նպատակը դա է, ապա պետք է քաղաքական գործընթացներ սկսվեն, հարցադրումներ արվեն եւ ինչ-որ զարգացումներ լինեն: 3. վերջին տեսակետի համաձայն՝ այս ամեն ինչը կապված է Ղարաբաղի հետ, ինչը պետք է հիմնավորումներ ու հավաստիացումներ ստանա…»:

Փաստորեն իշխանությունները հավաստիացնում էին, որ չկա հողերի հանձնման խնդիր, իսկ որոշ կուսակցություններ էլ ընտրեցին քաղաքական գործընթացը, որը կարող էր «զինված խմբին դարձնել լեգիտիմ, իսկ եթե քաղաքական

գործընթացներ չսկսվեն, զինված խմբի գործողությունները կլինեն դեստրուկտիվ, կհամարվեն ապօրինաբար կատարված»: Բանախոսի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 2-րդ տարբերակն էր ընտրել ի սկզբանե, իսկ ահա նախագահ Սերժ Սարգսյանը այսպես խոսեց Արցախի հարցով. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի եւ, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերեւս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլեւ կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»: Այս խոսքերը հնչեցին նախագահի նստավայրում, երբ երկրի ղեկավարը հանդիպում էր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւը շտապեց մեկնաբանել օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը: «Վաղ թե ուշ Ադրբեջանի ինքնավարությունը լիովին կվերականգնվի: Թող ոչ ոք չկասկածի»,- ասել է նա, ապա հավելել, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական եւ անբաժանելի մասն է»:

Ի՞նչ բալասան էր բերել Բալասանյանը

Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը այս անգամ հաջողությամբ ավարտեց իր բանակցությունը: Նախ՝ հանդիպեց բանտարկված Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի հասկանա պատրաստ են հանձնվե՞լ, թե՞ շարունակել: Քանի որ ԱԱԾ-ն արդեն վերջնագիր էր ներկայացրել եւ ժամկետն անցել էր: Բոլորը հասկանում էին, որ «Սասնա ծռեր»-ին ահաբեկչության մեջ պաշտոնապես մեղադրելուց հետո, հատուկ ջոկատայինները գրոհի իրավունք էին ստանալու այլեւս:

Եվ ահա ՊՊԾ-ից զանգահարում է Վարուժան Ավետիսյանն ու ասում, որ  երկշաբաթյա առճակատումից հետո վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանություններին: «Ունենք 2 տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության եւ այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, ովքեր քիչ առնչություն ունեն ռեժիմի հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը»,- ասել է «Սասնա ծռեր»-ի անդամը: Հանձնվելու «արարողությունը» անցավ առանց բարդությունների:

ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որում ասված էր. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետեւողական ու համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»:

ԱԱԾ մամուլի կենտրոնը եւս տարածեց հայտարարություն. «Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման  փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 եւ 235 հոդվածներով: Հետաքրքիր է, որ «Սասնա ծռեր»-ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել:

Օգոստոսի 1-ին ԱԱԾ քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ: Գլխավոր դատախազը ԱԱԾ-ից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար: ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները)1-ին եւ 2-րդ մասերով հարուցված քրեական գործը եւս՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ եւ ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ:

Կշարունակվեն դեռ մեկը մյուսին հակասող կամ լրացնող տեսակետներ արտահայտել, գործը նախաքննության փուլում է դեռ, սակայն արդեն համացանցում շրջում է տեսակետ, որ զինված տղաները հանձնվեցին, որովհետեւ հասկացան, որ իրենց օգտագործում են: Այս թեզը որսաց նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով վերջերս պարբերաբար հանդես էր գալիս «դե ֆակտո» պետական մեկնաբանություններով: Ամփոփելով վերջին 15 օրերը՝ ՊՊԾ գունդը գրավելուց ի վեր, նրա խոսքով՝ իրավապահ մարմինները օր ու գիշեր ամեն ինչ արեցին, որ արյունահեղություն չլինի: Որեւէ նախադեպ չունի այդ դեպքը, երբ զինված խումբը մտնում է պետական նշանակության զինվորական տարածք», գրավում է այն, 15 օր դադարեցնում պետական մարմինների աշխատանքը, բայց այդ պետական մարմիններն արեցին ամեն ինչ, որ զոհ չլինի»: Եվ զինյալները մի քանի անգամ պատանդներ վերցնելուց եւ բաց թողելուց հետո հասկացան, որ իշխանությունները վճռական են տրամադրված:

Հատկապես վերջնագիրը զինյալներին դրդեց գնալ խաղաղ ճանապարհով ու հանձնվել, որովհետեւ կասկածներ կան, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ Հիմնադիր խորհրդարանի այլ անդամներ այս ամենը իրենց մեծ ծրագրի շրջանակներում՝ խաղարկել են ընդամենը: Անգամ զրույցներ կան, որ կալանավորված տղաներից մի քանիսը ճշտումներ են անում իրենց ընկերների ծրագրերի մասով…

Ո՞վ էր իրական բեմադրիչը

«Այս ամենն ի սկզբանե եղել է բեմադրություն, բայց «Սասնա ծռեր»-ի տղաները տեղյակ չեն եղել դրա մասին»,- սա էլ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի տեսակետն է: Իրադարձությունների իրավական հետեւանքների մասին նա չի խոսել, ասել է՝ վաղ է, բայց  կատարվածում փաստաբանը տեսնում է նաեւ բեմադրություն. «Սա ինչ-որ մի պատվեր էր։ Իմ կարծիքով՝ ապրիլյան դեպքերից հետո մեր տարածաշրջանի խաղացողները չէին հաշվարկել մեր ազգային ոգին, ու ինձ թվում է՝ սա ապրիլյան երեւույթների»:

Ըստ նրա, «Սասնա ծռերի» տղաները տեղյակ չեն եղել դրա մասին: Դրա մասին տեղյակ չեն եղել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտոնյաներ: Այդ ամբողջ ընթացքում մենք չտեսանք ոստիկանապետին, գլխավոր դատախազին, երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ կազմին: Բժիշկներին պատանդ պահելը եւս ինչ-որ քարոզչություն էր, որովհետեւ նրանք նշում են, որ դուրս են եկել այն ժամանակ, երբ տղաները քնած էին»:՞վ ու՞մ էր խաբել եւ ու՞մ սցենարով

Կա տեսակետ նաեւ, որ «Սասնա ծռեր»-ին խաբել են: Ըստ որոշ վերլուծաբանների, հուլիսի 17-31-ը տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց հանգուցալուծումը մի շարք հարցեր են առաջացրել: Շատերին է զարմացրել, որ զինված ապստամբության առաջին հայտարարության մեջ ասվում էր, թե ապստամբներին են միացել ոստիկանության ու բանակի մի շարք ստորաբաժանումներ եւ էլի նման բաներ, անգամ հայտարարել են, թե մի գունդ չեն գրավել, այլ տարբեր ու զինվորական պետական տարածքներ… Եվ իսկապես հավատացել են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, ժողովրդական զանգվածների հետ Ժիրայր Սեֆիլյանին կհանեն բանտից ու ժամանակավոր կառավարության կազմավորումը օրակարգ կմտնի:

Ամենատարածված տեսակետն է, որ ՊՊԾ գնդի գրավումը նպատակ ուներ արթնացնել ժողովրդին, ընդվզման ալիք բարձրացնել եւ իսկապես ապստամբել, թեկուզ զինված:

Հիշենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն իր վերջին ելույթում, որից հետո զինված խումբը վայր դրեց զենքը, ասում էր, որ հենց դա չստացվեց, ժողովուրդը դանդաղ շարժվեց:

Բայց զինված ապստամբությունն ունի իր կանոններն ու տրամաբանությունը, եւ այստեղ ժողովրդական ընդվզում ասածը առաջնային դեր չուներ, պարզապես զինյալները անծրագիր էին մտել այս խաղի մեջ: Կամ էլ եղել են մարդիկ, որ հավատացրել են, թե կա քայլ առ քայլ ծրագիր… դա արդեն իրենք կիմանան:

Հախուռն էր նաեւ զինյալների եւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունների բնույթը, երբեմն համահունչ չէր լինում: Զինված խմբի անդամները հայտարարում էին, որ «միայն իրենց հրամանատար Սեֆիլյանը կարող է իրենց հրամայել վայր դնել զենքը», իսկ  Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում էր, որ՝ ինքներդ որոշեք… Նրա գլխավոր միտքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն էր, ինչը նրա կարծիքով կապացուցեր, որ նախագահը խուճապի մեջ է եւ դիմում է իրեն՝ որպեսզի զինված խումբը վայր դնի զենքը: Գուցե ինչ-որ մեկն էլ նրա՞ն էր սուտ տեղեկություն տվել, թե ամեն բան շատ հանգիստ է լինելու…

Ինչեւէ հուլիսի 31-ին տեղի ունեցավ հանգուցալուծումը: Ընդ որում, այս ընթացքում հակասական՝ Ժիրայր Սեֆիլյանը արագ տարածեց հայտարարություն, որում հանված էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը եւ շարադրված էին այն պայմաններն ու առաջարկները, որի դեպքում ինքը կարող է հանդիպել զինված խմբին եւ համոզել վայր դնել զենքը: Սակայն բանը բանից անցել էր, զինյալները  ահաբեկիչներ էին որակվել եւ հասկացան, որ ԱԱԾ հայտարարությունից անմիջապես պետք է վայր դնեն զենքը: Այդ որակումը ոչ միայն քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ, այլեւ տնտեսական, «ահաբեկիչ» որակումը լուրջ հարված կարող է դառնալ նաեւ ՀՀ տնտեսությունում նոր ներդրումների համար:

Տղաների մահը պե՞տք էր ինչ-որ մեկին

Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ի իր ելույթում նույնպես ակնարկեց, որ եղել են մարդիկ, ովքեր փորձել են խմբին օգտագործելով «սողոսկել դեպի աթոռ»: Ապա, այս օրերի, այսպես ասենք, պետակամ մեկնաբան Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ տղաները հասկացել են, որ իրենց օգտագործում են, տղաների մահը պետք էր ինչ-որ մեկին, որ լիներ այլ շարունակություն…

Կպարզվե՞ն այս մանրամասները, կտրվե՞ն անուններ, թե պետք է սպասել նոր իշխանափոխության, որ ստիպված հնչի այդ ամենը՝ որպես նախազգուշացում:

Ճիշտը ասելն է, որ զեղումների ականատես չդառնանք: Եվ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նման մեկը չհայտարարի, թե նախագահը պիտի «ինչպես միշտ լսի իրեն», հրաժարական տա եւ ասի Հայրիկյան Պարույր՝ ձեւավորիր խնդրեմ որ կառավարությունը…

Կամ էլ՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նման մեկը հայտարարի, թե՝ «Եթե նորմալ քաղաքական գործընթացներով չի կարող հարց լուծվել, այդ ժամանակ կծնվեն Սասնա ծռերը… Մենք կունենանք նոր Սասնա ծռեր, եւ այդ ծռերից մեկը կարող եմ լինել ես»…

Արման Դավթյան եւ Արտակ Հայոցյան

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=5719http://www.hayary.org/wph/?p=5719Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

http://www.hayary.org/wph/?p=5718Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

http://www.hayary.org/wph/?p=5709Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

«Լուսանցք» թիվ 27 (417), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։