Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-ում

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 1… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

…Մի խորհուրդ խորին կա այն կազուսի մեջ, որ վերջին անվանաշարն ակամա ավարտել ենք բարդագույն մարզաձեւում միակ օլիմպիական եռաչեմպիոնին «ըստ պատկերի յուրում» կերտած հոգելույս  Հակոբ Կերսելյանով: Ահավադիկ, ամեն Հակոբ-Հաղթակոփ՝ զուգարժեք բառալիցքով (1. հաղթանակներ կոփող, 2. հաղթանակներից կոփված), որպես մեծ սպորտից էլ մեծ՝ Օլիմպիական գալակտիկայի արտոնյալ, արտորում է հենց յուրովսանն ճշգրտել ու վավերացնել հանրահայտ թե պեղակարոտ, բայց հավե՜րժ ողջ (1. կենդանի, 2. ամբողջ) մարզչական աստղասփյուռի համանվագային նախերգանքը. իրենց պատմադաստիարակչական տեղն ու դերը թերագնահատողը (եթե այդպիսին դեռ հածում է արեւի տակ) իրոք ծայրահեղ անարդար է եւ ծանրամեղ ապերախտ, իսկ դրանք գերագնահատելը՝ սկզբունքորեն անհնար: Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է, իսկ նրա ճառագած լույսը՝ միայն ուժգնանում ու ավելի հեռահարում:  

Այսպես՝ դեռ հարկ է ընդլայնել նախորդիվ արդեն իսկ մեծարված Արմենակ (Արամ) Յալտիրյանի՝ ա) կենսագրության այբի եւ քեի (1914-1999) հայաշեշտերը.  ծննդավայրն ու վախճանավայրը Ռուսաստանի Ղրիմ գյուղն էր (այժմ՝ Ռոստովի մարզի տարածքում), որի, ինչպես նաեւ պատմական Նոր Նախիջեւան քաղաքի եւ համապատասխան ամբողջ հայահամայնքի հիմնումն ու զարգացումը պայմանավորված են 1778-1779թթ. սկզբնանուն Ղրիմի թերակղզուց (Օսմանյան կայսրության թրքաթաթարական վասալ) հնգանիշ թվով հայ բնակչության անկորուստ տեղափոխմամբ՝ առնվազն մոր տոհմաճյուղով հայազգի գեներալ-պորուչիկ Ալեքսանդր Վասիլիի Սուվորովի (1729-1800) մարշալավայել «մականի ներքո».  հետագա 20 տարիների ընթացքում պիտի արժանանար ամբողջ երե՛ք պետությունների ֆելդմարշալի հենց զինվորական կոչման եւ անգամ գեներալիսսիմուսի գերաստիճանին, առավել ավելին. ցօրս մնում է աշխարհի մեծագույն զորավարապետը (չեմ կարող առանց երախտագիտության հիշատակել, որ 2011թ. հուլիսին «Լուսանցք»-ը տպագրել եւ տարածել է «Սուվորովյան գեներալանի» հոդվածս՝ նվիրված պակաս քան 2 դարում (1725-1913, մորական պապ Ֆեդոսեյ Մանուկովից սկսյալ) Մեծն Սուվորովի այդ աննմանունակ դինաստիան կազմող՝ բարձրագույն սպայական կոչման տեր 10 նախնիներին եւ հետնորդներին). բ) բուն «ծառայողական ցուցակը». հազարամյակների եւ միլիոնների մարզաձեւի կառավարման բուրգի գագաթին շուրջ 20 տարվա անընդմեջ օգտընծա ներկայությունը 1972թ. արդի  20-րդ օլիմպիադայում պսակվեց ազատ ոճի  ըմբշամարտի ԽՍՀՄ հավաքականի աննախադեպ, բայցեւ, որ հույժ է բնորոշ, հաջորդ հայի «կնքահայրությամբ» նոր եւ արդեն անգերազանցելի թռիչք նախապատրաստող տրիումֆով (10 հնարավորից՝ 5 ոսկի, համամարզիչ):

  1. Յուրի Ավանեսի Շախմուրադով ( ծնվել է 1942թ. փետրվարի 27-ին, Ջեբրաիլ, նախկին Ադրբեջանական ԽՍՀ, ԼՂԻՄ-ի Հին Թաղլար գյուղից տեղափոխված հայերի ընտանիքում. ինչպե՞ս չհատկանշել, որ Ջեբրաիլ շրջկենտրոնը , այժմ՝ Արաքսավան, ազատագրվել է արցախյան բախտամարտի բովում, 1993թ. օգոստոսի 23-ին), օլիմպիական դիպլոմակիր (1968թ., 6-րդ տեղ, ազատ ոճի ըմբշամարտ, մինչեւ 78 կգ), աշխարհի չեմպիոն (1970), մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մենապայքարային ձեւերում առավել բեղմնավոր մարզիչը, ընդսմին՝ առավել իսկ չափումներով (դարերի, երկրների, սեռերի):

1972-1981թթ. լինելով ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ՝ «դիզել» է ամենահարուստ ավարը. 5 ոսկի 1976թ., 7 ոսկի՝ 1980թ. օլիմպիադաներում: 1991-1993թթ. Թուրքիայի, 1993-1995թթ. Իտալիայի ազատ ոճայինների ազգային ընտրանիների գլխավոր մարզիչ: 1995-1996թթ. ըմբշամարտի  Ռուսաստանի Դաշնության հավաքականի մարզչական շտաբի ղեկավար. 1996թ. օլիմպիական 3 ոսկի ազատ ոճում, 1 ոսկի ՝ հունահռոմեականում (հ/հ), 1996-2002թթ. նույն հավաքականի ավագ  մարզիչ. 2000թ. օլիմպիական 4 ոսկի ազատ ոճում, 2 ոսկի հ/հ-ում, այդ թվում՝ հայակից Վարդերես Վարդերեսի  Սամուրղաշեւի (ծնվ. 1979թ. սեպտեմբերի 13-ին, Դոնի Ռոստով) ոսկին (հ/հ, մինչեւ 63 կգ):

2002-2012թթ. ՌԴ Դաղստանի Հանրապետության Օլիմպիական պատրաստման կենտրոնի տնօրեն: Վերջին 4 տարիներին՝ ՌԴ կանանց ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ. նրա ղեկավարությամբ ձեռք է բերվել  այդ  հավաքականի  պատմության առաջին օլիմպիական ոսկին (2012թ., Նատալյա Վորոբյովա, ազատ ոճ, մինչեւ 72կգ):

  1. Իգոր Արամի Տեր-Հովհաննիսյան (ծնվել է 1938թ. մայիսի 19-ին, Կիեւ, Ուկրաինական ԽՍՀ), մեծահռչակ հեռացատկորդ եւ մարզիչ, ամենաշատ (թվով 5) օլիմպիադաներին մասնակցած հայ մարզիկը (1956, 1960՝ բրոնզ, 1964՝ բրոնզ, 1968՝ 4-րդ տեղ, օլիմպիական դիպլոմ, 1972):

Մարզաշխարհի թագուհին համարվող թեթեւ ատլետիկայի մրցաձեւերի գծով Հայաստանում սահմանված առաջին համաշխարհային անդրանիշի հեղինակը (1962, Երեւան, 8.31 մետր):

1980թ. մոսկովյան օլիմպիադայում 15 ոսկե մեդալներ նվաճած ՝թեթեւ ատլետիկայի ԽՍՀՄ հավաքականի մարզչական խմբի անդամ. անձամբ նախապատրաստել է կանանց հեռացատկում օլիմպիական անդրանիշով հաղթած Տատյանա Կոլպակովային:

1983-1989թթ. թեթեւ ատլետիկայի ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ. նրա ղեկավարությամբ՝ խորհրդային կայսրության ամենաբազմանդամ  ընտրանին, վերջին անգամ մասնակցելով օլիմպիական խաղերին, 1988թ. վաստակել է 10 ոսկե մեդալ: Ուշագրավ է,  որ նրա իսկ բարեբեր աջի ներքո հայաստանցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը հայրենի Ծաղկաձորում նույնարմատ աջ > հաջողությամբ սահմանեց Եվրոպայի ցօրս անմատչելի անդրանիշը (8.86 մետր, 1987թ.): Մինչեւ 1994թ.՝ ՌԴ սպորտկոմիտեի հավաքական թիմերի գլխավոր մարզչական խորհրդի նախագահ:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր:

«Արդար խաղ» (Fair Play) միջազգային կոմիտեի եւ Սիրողական ատլետիկայի միջազգային դաշնության (IAAF) համատեղ Fair Play հատուկ մրցանակի ասպետ (2013):

IAAF-ի կենտրոնական խորհրդի անդամ (1991-ից):

  1. Վ. Կիրկորով, 1980 թ. «տնային» օլիմպիադայում բռնցքամարտի ԽՍՀՄ հավաքականին միակ ոսկե մեդալը պարգեւած Շամիլ Սաբիրովի (մինչեւ 48կգ) անձնական մարզիչ: Հավելյալ տեղեկություններ, ցավոք, առայժմ չի հաջողվել հայթայթել:
  2. Ալբերտ Ալեքսանդրի Բագիյանց (1934-1994), Ուկրաինական ԽՍՀ, նույն՝ 1980թ. օլիմպիադայում, 4000 մետր հետապնդմամբ թիմային (քառանդամ) հեծանվարշավում 1-ին տեղ գրաված ԽՍՀՄ թիմի առաջատար Վալերի Մովչանի անձնական մարզիչ:
  3. Ն. Նավասարտ (Ռումինիա), երկտեղանի կանոեի 1000 մետր թիավարության գծով 1980թ. եւ 1984թ. կրկնակի օլիմպակալ, նախորդիվ ներկայացված թեական հայարմատներով Թոմա Սիմյոնովի անձնական մարզիչ:
  4. Նորայր Արամի Նուրիկյան (ծնվել է 1948թ. հուլիսի 26-ին, Սլիվեն, Բուլղարիա) դե յուրե երկրի հերոս ծանրորդ, օլիմպիական կրկնաչեմպիոն (1972, 1976), 1980թ. եւ 1988թ. օլիմպիադաներում 2-ական ոսկե մեդալներ վաստակած Բուլղարիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի (Իվան Աբաջիեւ) օգնական: 1990-1992թթ. նույն հավաքականի գլխավոր մարզիչ. նրա անմիջական հովանու ներքո Իվան Իվանովը (մինչեւ 52 կգ) դարձել է 1992թ. օլիմպիական չեմպիոն:

Ծանրամարտի միջազգային դաշնության փոխնախագահ (2000), պատվավոր նախագահ (2005-ից): Անունն ընդգրկված է Ծանրամարտի փառքի սրահում (1994):

  1. Ադամ Գարիի Կրիկորյան (ծնվել է 1974թ. հուլիսի 22-ին, ԱՄՆ), 2012թ. եւ 2016թ. օլիմպիական կրկնաչեմպիոն՝ ջրագնդակի ԱՄՆ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ:

Հիրավի՝ ի՞նչ երեքը, ի՞նչ չորսը… անհավատալիության աստիճան բազմաբազում արժանիքներ՝ մեկի մեջ. ջահել տարիքով եւ ջահակրի առաքելությամբ զուգորդուն վառ անհատականությունն ու քանքարեղ մասնագետը, հմտաշատ կազմակերպիչն ու ճկուն մարտավարը (տակտիկ), ճարտար հռետորն ու մեթոդիստ մանկավարժը, մատաղատի կույսերի առեղծվածաթվա հոգիների թե հասուն արամբիների ամենաըմբուռ  ուղեղների հավասարազոր նրբագիտակը՝ դեռ մի բան էլ համազդազանց (սիներգիկ) ու բազմապատկական (մուլտիպլիկատիվ) էֆեկտներով միանձնավորված, տեղնիտեղոք հոմանշվում են Ոսկի Տղա (բայց ո՛չ, թեկուզ դույզն իսկ, երեսառու արու) թեւավոր շրջասույթին. նրա հրամանատարած «ծովահարսերի» ամերիկյան երազաթիմը,-յուրատիպար միջմարզաձեւային ու միջսեռային «կախարդական» փոխանցափայտիկով փոխառելով անցյալ դարավերջի ԱՄՆ տղամարդկանց բասկետբոլի օլիմպիական հավաքականի «Դրիմ թիմ» պատվանունից,- ըստ էության, մոլորակն ի բոլոր ընդգոգող թոփ-մրցաշարերի ջրավազաններում այլ բան չի որսացել, քան՝ մեկը մյուսից արժեքավոր «ոսկե ձկնիկներ». համաամերիկյան խաղերի հաղթորդ (2011), Լողի միջազգային սիրողական դաշնության (FINA) աշխարհի գավաթի կրկնակի տիրակալ (2010, 2014), աշխարհի կրկնակի չեմպիոն (2009, 2015)…

  1. Ռուդոլֆ Բաբոյան (ծնվել է 1955թ. հունվարի 1-ին, Վալե, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ), Ռիո- 2016-ում Ռուսաստանին առաջին ոսկե մեդալը պարգեւած, ազգությամբ կաբարդին Բեսլան Մուդրանովի (ձյուդո, մինչեւ 60կգ) անձնական մարզիչ: Սամբոյի աշխարհի չեմպիոն (1981): 1992-ից՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցի տնօրեն: Սամբոյի համառուսաստանյան դաշնության փոխնախագահ:
  2. Լեւոն Հովհաննեսի Հակոբյան (ծնվել է 1944թ. նոյեմբերի 7-ին, Թեհրան, Իրան), Ռիո-2016-ում Ռուսաստանի միակ ոսկեշնորհ խաղաթիմային եւ, դրանով իսկ, ամենահնչեղ հաղթաշարն էացրած (8 խաղ=8 հաղթանակ) կանանց ձեռնագնդակի հավաքականի մարզիչ (գլխավոր մարզիչ՝ Եվգենի Տրեֆիլով), 1995-1996թթ.՝ հիշյալ հավաքականի գլխավոր մարզիչ. 1996թ. օլիմպիադայի եզրափակիչ մրցաշար, սակայն, չի կարողացել դուրս բերել:
  3. Պավել Ալեքի Սուքիասյանց (ծնվել է 1962թ. հունվարի 14-ին, Կրասնոդար), 2016թ. նույն օլիմպիական չեմպիոն՝ ձեռնագնդակի կանանց ՌԴ հավաքականի դարպասապահների մարզիչ: ԱՊՀ միացյալ թիմի ձեռնագնդակի տղամարդկանց հավաքականի (1992) եւ ՌԴ համապատասխան հավաքականի (2000) 2-րդ դարպասապահ, բայցեւ վերոհիշյալ հավաքականների կազմերում 2 անգամն էլ նվաճել է օլիմպիական չեմպիոնի կոչումը: Եզակիացել է զարմանացունց մարզական երկարակեցությամբ. արհեստավարժ հիմունքներով խաղացել է ընդհուպ մինչեւ 54 տարեկանը:
  4. Ինչպես արդեն նշել էինք, հոր «երեսից» ազգանվանափոխ դարձած հայազգի օլիմպիական չեմպիոն (2004) Գեորգի Լեոնիդի Ասանիձե (ծնվել է 1975թ. օգոստոսի 30-ին), Ռիո-2016-ում Վրաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, ում առաջնորդությամբ Լաշա Տալախաձեն օծվեց օլիմպիական չեմպիոն, ընդ որում՝ ոչ միայն 2 համաշխարհային անդրանիշերով (պոկում՝ 215կգ, երկամարտի պոկում + հրում գումարը՝ 473կգ), այլեւ՝ ամենափառաբեր՝ գերծանր քաշակարգում (+ 105կգ): Եվ այդ պահից եւեթ ուսուցիչն էլ, սանն էլ երկուսով մեկեն հռչակվեցին ազգային հերոսներ: Ուսուցիչը՝ նույնիսկ «կրկնակի հերոս», քանզի դեռ 2004թ. էր հերոսացել օլիմպիական ոսկեզօծմամբ:

Ավանդաբար, թեեւ ոչ պաշտոնապես, գերծանր քաշի գահակալը հռչակվում է «ամենաուժեղ մարդ»: Այստեղ էլ, սակայն, ի՞նչն է հայահայտիչ.

2016թ. հուլիսին բոլոր 6 աշխարհամասերում հեռարձակվող CNN հեռուստաալիքի՝ Նորին զորությանը ներբողված հաղորդումը գոնե մեր մամուլում «Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է» վերնագրով բազմաթիվ հրապարակումներ ու «լայք»-եր առթեց: Իսկ Նորին զորությունը դեռ 2011թ. «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը նվաճած Պատրիկ Բաբումյանն է (ծնվ. 1979թ., Աբադան, Իրան)՝ մասնագիտությամբ հոգեբան, մարմնամշակույթի (բոդիբիլդինգ, նախկինում՝ կուլտուրիզմ) զուգիմաստ գերտիտան (1.,2.), ով, ի լրումն էլ, մոլորակի միակ բուսակեր (մսամերժ) բոդիբիլդերն է՝ իր ամբողջ կյանքով ապացուցած, որ մկանային արտադրողականությունն օպտիմալորեն ապահովվում է նաեւ, եթե ոչ՝ նախ ու առավելագույնս, բուսական սննդակարգով, եւ, ինչպես հասկանում եք, բնավ իսկ ոչ պատահականորեն՝ Կենդանիների իրավունքների պաշտպանության PETA ընկերության եւ «Խոտաճարակներ»  կազմակերպության բրենդային դեմքը:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։