Ազգաթալանի պատժելիությունն անժամանցելի է՝ ինչպես ցեղասպանությունը.- Նախ օրենք՝ հիշողության ապօրինի կորստի եւ օրինական վերականգնման համար – Իսկ մինչ 2017-ի 2-րդ կեսը ապօրինի հարստացածները կշարունակեն վայելել ու ավելացնել հարստությունը – Չէ՞ որ նրանց «արդեն օրինական» ունեցվածքի վրա հեշտ է լինելու ապացուցել հերթական միլիոնի ավելացումը…

Ազգային ժողովն ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրան կողմ քվեարկեց 101 պատգմավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ: Փաստորեն, պատգամավորներն առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին, այն էլ հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին: Անգամ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զարմացավ եւ նշեց, որ առաջին անգամ է, երբ հարկային օրենսգրքի հետ կապված հարցին միասնաբար կողմ են քվեարկում, ուստի՝ պետք է լավատես լինել:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ սա ոչ թե հարկային համաներման, այլ դրան մոտ՝ անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է: Նշեց, որ դա տույժ ու տուգանքների մոտ 5%-ն է ներկայացնում: «Պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք 130 մլրդ. դրամի մայր պարտքեր եւ մոտ 65 մլրդ. դրամ տույժ ու տուգանքներ: Իսկ այս նախագծով ընդամենը 3 մլրդ.-ի մասին է խոսքը: Ասեմ՝ դատարաններում հերթ է սնանկացման վարույթների մասով: Մենք պետք է կարողանանք ճիշտ համաներման քաղաքականություն վարել»,- ասել է պատգամավորը:

Հասկանալի է, որ հարկային մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունները անմիջական կապ ունեն նախկինում եւ այսօր էլ առկա ապօրինի հարստացման հարցի հետ, որի քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց ԱԺ-ում: Եվ այդ նախագիծը ավելի ծավալուն քննարկումների թեմա դարձավ:

Կառավարության նիստում գործադիրը հավանություն էր տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որի համաձայն, քրեականացվում է ապօրինի հարստացումը: Սա եւս ԱԺ-ն հաստատեց: Ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, այսպիսով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Ըստ ներկայացված նախագծի, ավելանում է նոր՝ 310.1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:

Եվ այսպես՝ «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:  

«Լուսանցք»-ն այս խնդրին անդրադարձել է եւ հիշեցնենք, որ նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017թ. հուլիսի 1-ից։ Այսպես՝ թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձին՝ ծնողը, կինը կամ ամուսինը, եւ նրա հետ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը:

Մինչեւ խորհրդարանական քննարկումները որոշ իրավաբաններ մտահոգություններ են հայտնել եւ առաջարկներ արել, մասնավորապես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ով ուսումնասիրել է 2 տասնյակից ավելի երկրների փորձը, ներկայացրել է առաջարկներ եւ հայտնել, որ ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ:

Նա նշել է, որ «Հայաստանում շատ են դեպքերը, երբ գնումներին մասնակցում են կազմակերպություններ, ընկերություններ, որոնք չեն բացահայտում իրենց իրական սեփականատերերին, գրանցված են օֆշորային գոտիներում (Հայաստանը եւս զերծ չմնաց օֆշորային սկանդալներից…,- խմբ.), եւ սեփականատերերը ցույց են տալիս իրավաբանական ընկերություններ, որոնք նույնպես գրանցված են այլ օֆշորային գոտիներում, իսկ իրական սեփականատերը չի երեւում»: Առաջարկել են, որպեսզի օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեն եւ պարտադիր պայման լինի, որ պետական գնումներին մասնակցող ընկերությունները բացահայտեն իրենց իրական սեփականատերերին՝ ոչ միայն բացահայտեն գնումներ իրականացնող մարմնին, այլեւ այդ տեղեկատվությունը բաց լինի ու հանրությանը հասանելի: Մյուս հարցը եւս ուսումնասիրվել է նշյալ ՀԿ-ի կողմից, առաջարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին հակակոռուպցիան անկախ մարմին ստեղծել, այդ մարմինը պետք է իրականացնի 3 գործառույթ՝ կրթել, իրազեկել կոռուպցիայի մասին, կանխարգելել կոռուպցիան եւ իրականացնել քննչական գործողություններ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ: Այս մարմնի վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելիս հաշվի է առնվել 35 երկրների փորձ, իսկ մի քանի պետություններ, օրինակ՝ Լատվիան, Մոլդովան, Ուկրաինան, արդեն ստեղծել են այդպիսի մարմիններ:

Բացի այդ, եթե քրեականացվում է ապօրինի հարստացումը, ապա ապօրինի հարստացման չբացահայտման պարագայում ՄԱԿ-ի կոնվենցիան համապատասխան լուծումներ է առաջարկում: «Դրա էությունն այն է, որ իրավապահ մարմինը կոնկրետ պետք է հիմնավորի, պաշտոնատար անձի, հանրային ծառայողի հայտարարագրված գույքի եւ եկամուտների, ինչպեսեւ իր իրական օրինական գույքի ու եկամուտների անհամապատասխանությունը, իսկ արդեն կոնկրետ դրա օրինականությունը պետք է ապացուցի ենթադրյալ մեղադրյալը, պաշտոնատար անձը: Եթե օրինակ, մեղադրվում է 100 մլն. ապօրինի հաստացման մեջ, ինքը պետք է ծագումը ապացուցի»,- նշել է Կարեն Զադոյանը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինները կարող են իրենք իրենց նախաձեռնությամբ համապատասխան քրեական գործ հարուցել եւ քննել, բայց շատ կարեւոր է տեղեկատվություն հայտնողների ինստիտուտը, որոնք համապատասխան տեղեկատվություն են տալիս իրավապահ մարմիններին՝ այս կամ այն պաշտոնյայի ապօրինի հարստացման դեպքերի մասին: Տեղեկատվություն տրամադրող անձանց հետ կապված ինստիտուտը Հայաստանում դեռեւս չի գործում, դա նույնպես ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջ էր:

Առաջարկ է եղել, որ հանրային վերահսկողության ավելի արդյունավետ մեթոդներ կիրառվեն Հայաստանում ու քաղաքացիական հասարակության ու պետական մարմինների արդյունավետ համագործակցություն լինի վարչական կոռուպցիայի հաղթահարման հարցերում: «Վստահ ենք, որ Հայաստանը ոչնչով պակաս չէ հարեւան Վրաստանից: Եթե լինի համապատասխան կամք, հանրային պահանջ եւ մոբիլիզացվեն քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների ու պատկան մարմինների ներուժը կարելի է նաեւ վարչական կոռուպցիայի հաղթահարման հարցում առաջիկա 2-3 տարիներին լուրջ արդյունքներ գրանցել: Մի խոսքով, մենք տեսնում ենք ավելի համալիր մոտեցումներ: Մենք, չհանդիսանալով հակակոռուպցիոն խորհրդի անդամ, կառավարության հետ եկել ենք երկխոսության եւ փորձում ենք առաջ գնալ»:

«Կան ռիսկեր, որոնք հաշվի ենք առել ու փակել ենք այդ ռիսկերը՝ անմեղության կանխավարկածի խնդիր կա, սեփականության իրավունքի պաշտպանության խնդիր կա, եւ նոր Սահմանադրությունն այս հարցերին լուծում տվել է: Այստեղ խոսքը ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման մասին է: Իսկ քաղաքական հետապնդումներ չեն կարող լինել, քանի որ օրենքը խստացնող է եւ հետադարձ ուժ չի կարող ունենալ, այսինք՝ եթե որոշվի, որ այն ուժի մեջ է մտնում ասենք 2017թ.-ից, բնականաբար այս բաժանարար գիծը գծվելու է այդ թվականին եւ չեմ կարծում, որ դա նաեւ իշխանության շահերից չի բխում: Ու նրանք կսկսեն նոր կյանք: Բոլոր երկրներն էլ այս ճանապարհը անցնում են»,- ամփոփել է միտքը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը:

Նախագիծը խորհրդարանում լուրջ քննարկումների ենթարկվեց, հետաքրքիր է, որ «Լուսանցք»-ին հուզող հարցը, թե մինչեւ այս օրենքի ընդունումը թալանով զբաղվածները արդյո՞ք չեն պատժվելու, արծարծեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարցնելով. «Մինչեւ 2017-ի հունիսի 1-ը ապօրինի հարստացողները կազատվե՞ն պատժից»…

«Թաքնված են քաղաքական մոտիվներ, ընտրություններից առաջ միգուցե ուզում եք խուսափել հնարավոր գործընթացներից, բացահայտումներից եւ այլն եւ այլն: Ի՞նչն է խանգարում, որ օրենքը հենց ստորագրվելուց հետո մտնի ուժի մեջ»,- Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց տվեց Լեւոն Զուրաբյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ ժամանակին, երբ ՀԱԿ-ը ներկայացրել էր Տարոն Մարգարյանի եկամուտների եւ գույքի անհամապատասխանության խնդիրը, ներկայացված հաշվարկներով մոտ 10 մլն դրամի չափով, դատախազությունը պատասխանել է, որ հանցակազմ չկա: «Եթե հիմա քրեականացումը մտցվում է, դատախազությունը ստիպված կլինի՞ պատասխանել, որ հանցակազմ կա եւ քրեական գործ հարուցել եւ առաջ գնալ։ Բայց ստացվում է մեկ ուրիշ բան, քանի որ ասում եք՝ օրենքը հետադարձ ուժ չունի: Կարծում եմ, որ կարելի  է հետադարձ ազդեցության ուրիշ  մեխանիզմներ գտնել»,- ասել է Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ եթե օրենքը հետադարձ ուժ չի նախատեսում, ստացվում է, որ ով մինչ այդ է հանցանքը կատարել է, ազատվում է պատժից:

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ պետք է գործընթաց լինի, աշխատանքի պատշաճ սպասարկում պետք է իրականացվի եւ հակակոռուպցիոն մյուս գործիքները լինեն: Նախարարը հավելեց, որ կիսատ բան չկա նախագծում, այն, ինչ բերված է, բավարար է՝ օրենքն ինքնաբավ անվանելու համար:

Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ական կամ նախկին ՀՀՇ-ական ներկայացուցիչները առանց ամոթի զգացողության խոսում են «հետադարձ ազդեցության ուրիշ մեխանիզմներ գտնելու», այլոց են թիրախ ընտրում իրենց օրինակներում, սակայն ափսոս, որ որեւէ պատգամավոր «չկարողացավ» 1990-ականների ՀՀՇ-ական ալան-թալանի պատմության մասին գոնե ակնարկել… Թե ինչպես էին սովի ու ցրտի ճիրաններում հայտնված տասնյակ հազարավոր մարդիկ անլույս բնակարաններում սպասում մի բարի լուրի, մինչդեռ երկրի տնտեսությունն ու դրամական միջոցները մեջ-մեջ էին արվում… Կամավորականները մարտնչում էին հայրենիքի ազատության ու պաշտպանության համար, իսկ իշխանավորները իրենց կալվածքներն ու բանկային հաշիվները մեծացնելու…

Ստիպված ենք մեկ անգամ էլ կրկնել, արդյո՞ք այս խնդրին երբեւէ չի անդրադառնալու երկրի օրենքը: Եվ այն, որ այս պահի դրությամբ չի անդրադառնալու, առաջին հերթին հենց ՀԱԿ-ի շահից է բխում:

Ազգահալած քաղաքականության սկիզբը դրվեց հենց ՀՀՇ-ական իշխանության օրոք: Նժդեհի բնութագրած «ազգի տականքների» կոհորտան հենց այդ ժամանակներից է գալիս ու շուրջ 25 տարի վայելքների մեջ է, անկախ այն հանգամանքից՝ իշխանություն է, թե ընդդիմություն:

Պատասխանատվության կենթարկվե՞ն սրանք, որոնց մեծ մասը այսօրվա պաշտոնյաներ ու գործարարներ են դեռ: Թալանի խոստովանություն ոչ մեկը չի անի ինքնակամ, պետք է օրենքով սահմանել «իմանալու ուժը» եւ ամեն բան վերադարձնել ազգին:

Մեր երկրի բյուջեն ոմանց կարողություններից քիչ է, այս մասին պետք է մտածել եւ հաստատ Հայաստանի բյուջեն կարող է ավելանալ բավականաչափ, այնքան, որ տնտեսական հրաշք ասվածը նաեւ հայկական տարբերակը կունենա…

Իր առաջամարտիկ Լեւոն Զուրաբյանից հետ չմնաց նաեւ ՀՀ 1-ին նախագահ (ալան-թալանի նախակարապետ) Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հավաստել է, թե պատրաստ է առաջինը անցնել ստուգումը: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ «Ապօրինի հարստացման քրեականացման օրենքը  հետադարձ ուժ պետք է ունենա եւ այդ մեխանիզմը պետք է տարածել բոլոր պաշտոնյաների վրա՝ ընդ  որում 1991թ-ից սկսած: Որ ոչ-ոք չկարծի, թե չենք  ուզում, որ դա վերաբերի մեզ: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից հայտարարում եմ, ինքը պատրաստ է առաջինը անցնել այդ ստուգումը: Թող փորձեն գտնել որեւէ անհամապատասխանություն իր եկամուտների եւ ունեցվածքի միջեւ՝ չեն գտնի: Բագրատյանի եկամուտների եւ ունեցվածքի մեջ էլ չեն գտնի»:

Այստեղ չենք կարող կրկին չհիշել «Լուսանցք»-ի հրապարակումներից մեկը, որտեղ նշված է, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչպես չիրականացրեց իր խոստումը, եւ ՀՀ նախագահին կից ստեղծված «Քաղաքական խորհրդի» ուսումնասիրություններն ինչպես չհրապարակեց… Մեզ հայտնի է, որ այդ ստուգումների արդյունքում հարյուրավոր քրեական գործեր էին կազմվել, սակայն ՀՀ 2-րդ նախագահը ՀՀ 1-ին նախագահի հետ ինչ-ինչ բանակցություններից հետո՝ «փակեց թեման»… Բայց վստահ ենք, այդ գործը կլինի արխիվում եւ պետք է վեր հանել ու այս խեղկատակությանը վերջ տալ… Չկա մի ընտանիք, որ զգացած չլինի ՀՀՇ-ականների ալան-թալանի շունչը:

«Լեւոն, հեռացի՛ր» վանկարկումների մեջ ժամանակին մեծ ցավ կար, հուսախաբվելու եւ հիասթափվելու: Բայց 2008-ին «Լեւոն, նախագահ» գոռացողները իրավունք տվեցին ՀՀՇ-ական վերնախավին այսօր այսպես՝ առանց վախի գործելու եւ հայտարարություններ անելու:

ՀՀՇ-ից ավելի առաջ անցավ ՕԵԿ-ը, որն իրեն «Հայկական վերածնունդ» է հռչակել: Օրենքների երկիրը սարքեց վերջացրեց՝ հիմա էլ վերածնունդն է ապահովում…

«Մեր երկրում բոլոր ուղղություններով վխտում է կոռուպցիան, կաշառակերությունը, ապօրինի փողերը»,- ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Մի՞թե այս պատգամավորի հիշողությունն էլ է վնասվել, իսկապե՞ս չի հիշում, որ իր անզուգական ղեկավար Արթուր Բաղդասարյանը իշխանության մաս է եղել ՀՀ 3 նախագահների օրոք էլ: Եվ նրա թալանի նախերգանքը եւս գալիս է հեռու՝ 1990-ականներից, երբ տակավին երիտասարտ ու խոստումնալից Արթուր Բաղդասարյան քաղաքական գործիչը կատարեց մի աննախադեպ եւ ցայսօր անգերազանցելի քծնանքի արարողություն՝ հատուկ գիրք գրեց իր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրահատուկ լինելու եւ նրա հանդեպ իր անսահման սիրո մասին… Հենց սա էլ իր «անցողիկ թուղթն» էր՝ երկրի տնտեսական ձեռնարկությունների սեփականացման տարիներին:

Իսկ Հեղինե Բիշարյանը այս մասին լավ գիտի, բայց բաց աչքերով միայն այլոց հափշտակածն է է նկատում եւ ասում, թե «այսօր կոռուպցիոն ռիսկեր են պարունակում նաեւ բարեգործությունները (այստեղ մի շարք պատգամավոր եւ այլ «բարեգործների հետ» վստահաբար ակնարկվում է նաեւ քաղաքական դաշտ վերադառնալու տենդով պարուրված Գագիկ Ծառուկյանը, ով իսկապես թալանի ակնառու առաջատարներից մեկը եղավ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, հետո ավելի «զարգացրեց» իր «թալանի տեսությունը՝ բարեգործության համապատկերում» աշխատաոճով…

Դե պարզ է, որ ԲՀԿ-ն էլ պիտի բարգավաճեր, ինչը դադարել է որոշակիորեն (բոլորին հայտնի եւ հասկանալի պատճառով), բայց ենթադրում ենք, որ հեռանկարում վերաբարգավաճման հույս ունեն ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք եւս չեն հիշում իրենց նախկին, բայց հավերժ ղեկավարի անցյալը… եւ անվախ թրատում են մյուսներին:

Իսկ ՕԵԿ պատգամավորը շարունակել է՝ «Մեկը միլիոններով փող է թափում, մյուսը չի ասում՝ մի հատ արի տեսնեմ, այդ ո՞ր փողերից ես բաժանում… Վաղը ռեյտինգային թեկնածուները բերելու են ու մեշոկներով փողերը բաժանելու են»… ՕԵԿ խմբակցության ղեկավարին զարմացնում է նաեւ Մոնումենտում կառուցված տների շքեղությունը. «Ներքին հարդարանքները, վարպետները դուրս են գալիս, կիլոյով ոսկի են օգտագործում պատերը ներսից զարդարելու համար: Ի՞նչ է, հետները տանելու են այն աշխա՞րհ, ի՞նչ են անելու, այս որտեղից»… Նա նույն բաց աչքերով անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի մեծահարուստների ծնողներին՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր չէ գումարը նրանցից ժառանգած լինեին. «Այդ ո՞ւմ պապաներն են գումար տվել, որ չենք ճանաչել իրենց պապաներին, թրիքից այն կողմ բան չէին տեսել իրենց պապաները: Հիմա իրենց երեխաները միլիարդատեր են, միլիոնատեր չեն: Հիմա այդ մարդիկ եկել են եւ սովորեցնում են, որ օրենքներով պետք է առաջ գնան»:

Այս պատգամավորը իսկապես նախկինը չտեսնելու ռեկորդ սահմանեց (այս առումով գերազանցելով իր ղեկավարին) եւ իր խոսքը շռնդալից ավարտեց շատ ափսոսալով, որ օրենքի փոփոխություն ներկայացնողը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, իր տեսակով եւ որակով որեւէ կապ չունի այս որակի հետ:

Երեւի որպես այս ամենի պատասխան  հնչեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքը՝ նա ցանկացավ, որ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը  չդառնա հերթական չգործող օրենքը»:

Իսկ սա այսպիսի ձեւակերպմամբ պիտի դիտարկել՝ 2017թ. տարվա 2-րդ կեսից հետո ապօրինի հարստացած մարդիկ կդատապարտվեն 3-6 տարվա ազատազրկման: Իսկ մինչ այդ ապօրինի հարստացածները կշարունակեն վայելել ու ավելացնել հարստությունը: Չէ՞ որ նրանց «արդեն օրինական» ունեցվածքի վրա հեշտ է լինելու ապացուցել հերթական միլիոնի ավելացումը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։