Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են – ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը… Ռուսաստանը եւս հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին – կան եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուևտքի կողմնակիցներ…

ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը նույնպես անդրադարձել է Հայաստանում կայացած ընտրություններին: Ըստ նրա՝ «ընտրությունների արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանի կայունությունը վտանգի տակ չէ»: Նա կարեւոր է համարել, որ բացառվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը. «Այդ առումով պետք է շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ հիմա ավելի շատ ժամանակ կունենան ներքին գործերով զբաղվելու»:

Հետընտրական սրացումներ եւս քաղաքագետը չի կանխատեսում, չնայած հիշեցնում է, որ նախընտրական փուլում եղան ուժեր, որոնք հանդես եկան նման հայտարարություններով, սակայն «ընդդիմությունը, մասնավորաբար, խորհրդարան մտած ուժերը, շահագրգռված չեն, որ երկրում լինեն հետընտրական սրացումներ, ինչը կարեւոր է, քանի որ Հայաստանը, ինչպես նաեւ այլ ԱՊՀ երկրներն այնպիսի վիճակում չեն, որ իրենց թույլ տան գնալ նման ճգնաժամային իրավիճակների առաջացման ու երկրի կայունության խաթարման»: Ռուս դիվանագետը նշել է, որ այս ընտրություններով Հայաստանում ազդարարվեց խորհրդարանական համակարգի անցման սկիզբը, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է. «Այժմ իշխանությունն ու իր կողմնակիցները, ինչպեսեւ նրա հակառակորդները պատրաստվելու են հաջորդ փուլին, որը կսկսվի 2018-ին, երբ նախագահական լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը»: Մեր օրենսդրությանը քաջատեղյակ քաղաքագետը ասել է, որ նախ խորհրդարանը պիտի ընտրի նոր նախագահ ու նոր կառավարություն ձեւավորի, ինչին էլ ավելի լավ կպատրաստվեն բոլորը՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը…   

Կոնստանտին Զատուլինը տեղեկացրել է, թե ընտրական այս նոր օրենսգրքով հետաքրքրված էին ոչ միայն Հայաստանի հասարակական, քաղաքական շրջանակները, այլեւ Ռուսաստանը. «Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք Հայաստանի նոր օրենսդրությունը, որի նպատակն է բացառել ամեն տեսակ կեղծարարություն ու կասկածներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Չնայած ընտրության օրը եղան նաեւ որոշ թերություններ, այդ թվում որոշակի կուտակումներ՝ մեծ հոսքի հետ կապված, բայց դրանք չեն կարող ազդել ընդհանուր արդյունքի վրա»: Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի ունենա, բայց հաշվի առնելով, որ մինչ ընտրություններն առկա էր ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը, չի բացառել, որ այն կշարունակի գործել:

Դիվանագետը անընդունելի է համարել «ռուսամետ, արեւմտամետ» ուժեր ձեւակերպումը՝ նկատելով, թե իր համար մերժելի են այդ «կլիշեները», հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, ուր «ներքին քաղաքական զարգացումները պայմանավորված են ոչ թե արտաքին քաղաքական կուրսով, այլ ներքին խնդիրներով, քաղաքական էլիտայի ներսում առկա հարաբերություններով»: Նա այն համոզմունքին է, որ Հայաստանի նոր խորհրդարան մտած բոլոր կուսակցությունների հիմնական բնութագրիչը հետեւյալն է, նրանք բոլորը հայամետ ուժեր են:

Բայց դա չի նշանակում, թե նոր խորհրդարանում չկան հայ-ռուսական հարբերությունները մերժող ուժեր: Նկատեց, թե ընդդիմադիր «Ծառուկյան դաշինք»-ի կողմից երբեք չի լսել հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված որեւէ խոսք կամ քննադատություն: Բայց հիշեցրել է, որ կան ուժեր, որոնք էլ կարծում են, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը անդամակցեր ՆԱՏՕ-ին: Ըստ քաղաքագետի, ի վերջո բոլորը ուշադիր կնայեն քարտեզը ու մեկ անգամ էլ կտեսնեն, թե որտեղ է գտնվում Հայաստանն ու ինչ հարեւաններով է շրջափակված եւ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա:

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։