Իրանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրները 21-րդ դարում

1979թ. Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի հասարակությունը եւ իշխանության եկած կրոնաքաղաքական վերնախավը հայտնվեց միջազգային քաղաքական եւ տնտեսական մեկուսացվածության մեջ: Քաղաքակրթությունների պայքարի հերթական փուլում Իրանում հաղթանակ տարած իսլամական քաղաքակրթությունը եկավ ո՛չ ասելու 1970-ական թթ. լայն թափ ստացած Իրանի արեւմտականացման գործընթացին եւ հեղափոխության առաջնորդ էմամ Խոմեյնու շուրթերով առաջ քաշեց Իրանի զարգացման, այսպես կոչված, երրորդ ուղին, այսինքն՝ ո՛չ դեպի արեւելք (սոցիալիզմ), ո՛չ՝ արեւմուտք (կապիտալիզմ), այլ՝ դեպի իսլամ: 1979թ. սկսած Իրանի նոր կրոնական վարչակարգը ձեռնամուխ եղավ երկրի իսլամականացմանը: Է. Խոմեյնու գաղափարաքաղաքական հիմնատարրերը՝ վելայաթե ֆաղիհը, որը ներառում էր այդ երրորդ ուղու հիմնադրույթները, դարձան Իրանի ներքին (կենցաղում, մշակույթում, տնտեսությունում, գիտության եւ կրթական, քաղաքական եւ պետական համակարգերում) եւ արտաքին (իսլամական հեղափոխության արտահանումն ամբողջ աշխարհում) քաղաքականության հիմնաքարերը: Սակայն, հեղափոխությանը հաջորդած առաջին տարիները, երբ ընթանում էր իրանա-իրաքյան պատերազմը, գործնականում ցույց տվեցին, որ երրորդ ուղին անհնար է ի կատար ածել միայն հոգեւոր ոլորտին ապավինելով, հատկապես՝ դրա արտաքին հիմնադրույթները: Բացի Իրանից, որեւէ այլ մահմեդական երկրում իսլամական հեղափոխություն տեղի չունեցավ, իսկ Իրանի ներսում առաջ քաշված խիստ իսլամական կարգի տնտեսության ծրագիրն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում խորացրին երկրի տնտեսական ճգնաժամը: Եվ ահա, 1980-ական թթ. վերջից – 90-ական թթ. սկզբից արդեն Իրանի քաղաքական ղեկավարությունը եւ՛ արտաքին, եւ՛ ներքին քաղաքականությունում որդեգրեց խիստ չափավոր ազատականացման ուղի, որն ավելի առարկայական դարձավ 1997թ.-ից, երբ երկրի նախագահ ընտրվեց բարեփոխական Մուհամմադ Խաթամին: Մինչ այդ Իրանը հրաժարվել էր իսլամական հեղափոխության արտահանման ռազմավարությունից եւ որդեգրել տարածաշրջանային համագործակցության ռազմավարություն՝ աշխուժացնելով իր անդրկովկասյան եւ կենտրոնասիական քաղաքականությունը: Երկրի ներքին կյանքում նույնպես կատարվեցին ազատականացման որոշակի քայլեր

:


Վերոնշյալին մենք համառոտ անդրադարձել ենք «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում: Այժմ, երբ թեւակոխել ենք 21-րդ դար, տեսնում ենք, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Իրանի առջեւ դրված են մի շարք ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներ, որոնք անպայման պետք է ստանան լուծումներ: Ներկայացնենք այդ հիմնախնդիրները եւ փորձենք տալ դրանց լուծման մեր պատկերացումները՝ հասկանալով հանդերձ, որ կանխատեսում անելը անշնորհակալ գործ է:

Անդրադառնալով 21-րդ դարում Իրանի առջեւ գոյացած ներքաղաքական հիմնահարցերին՝ անհրաժեշտ է նշել, որ երկրում իրականացվող ներքին չափավոր բարեփոխումները, բնականաբար, դրական ազդեցություն ունեցան Իրանի ներքաղաքական եւ տնտեսական զարգացումների վրա: Բարեփոխումները բխում են իրանցիների պետական շահերից, քանզի դրանք նպաստում են երկրի համապարփակ զարգացմանը: Այսուհետ էլ պետության ներքին կյանքում օրակարգի հարց պետք է դառնան հետեւյալ հիմնախնդիրները.

1. Տնտեսության ազատականացում եւ օտարերկրյա ներդրումների խթանում՝ առանց ազգային շահերը վնասելու:

Ներկայումս Իրանի տնտեսությունը արտաքին մեծածավալ ներդրումների կարիք ունի, հատկապես՝ նավթաարդյունաբերության բնագավառը: Վերջինիս տեխնոլոգիաները արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու կարիք են զգում, որպեսզի երկրի նավթի որակը պահպանի իր մակարդակը՝ միջազգային շուկայում իր կայուն գները պահպանելու համար: Տնտեսական փորձագետների հաշվարկներով, եթե նավթաարդյունաբերության ոլորտում չիրականացվեն մեծ ներդրումներ, ապա Իրանը ստիպված կլինի իր ներքին կարիքները հոգալու համար նավթ ներմուծել: Մեծածավալ ներդրումների խնդիրն առկա է նաեւ Իրանի տնտեսության այլ ոլորտներում: Իսկ դա կարելի է իրականացնել նաեւ Եվրամիության օգնությամբ, որն Իրանի նկատմամբ տնտեսական մեծ հետաքրքրություններ ունի: Իրանի տնտեսական խոշոր գործընկերներ են համարվում Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնց տնտեսական ներդրումներն Իրանում կազմում են ավելի քան մեկ տասնյակ մլրդ. դոլար, որն աճելու միտում ունի: Արտաքին ներդրումներին էապես խոչընդոտում են 1979-80թթ.-ից ի վեր Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանած տնտեսական պատժամիջոցները: Վաշինգտոնում Թեհրանի ոչ պաշտոնական ներկայացուցիչը նշում է, որ մոտ 500 ամերիկյան ընկերություններ Իրանի հանդեպ տնտեսական արգելանքի վերացման դեպքում, պատրաստ են վերաբացել իրենց մասնաճյուղերը եւ սկսել մեծածավալ անմիջական առեւտուր՝ Իրան բազմաթիվ ապրանքներ ներկրելու եւ արտահանելու համար: Այս խմբավորումը նույնիսկ լոբբիստական խմբեր ունի ԱՄՆ Կոնգրեսում: Ուստի կարող ենք արձանագրել, որ իրանա-ամերիկյան առեւտրա-տնտեսական անմիջական կապերի վերականգնումը Իրանի համար պետք է դառնա օրակարգային հարց, պետք է օգտագործվեն ներամերիկյան քաղաքական ազդեցիկ լծակները, քանզի երկկողմանի առեւտրատնտեսական սերտ կապերի վերականգնումը բխում է երկու երկրների ազգային շահերից:

2. Ազգային գաղափարախոսության (կրոնականից բացի) վերհանում եւ եռանդուն քարոզչություն՝ երկրի անվտանգության շահերի դիտարկմամբ:

Յուրաքանչյուր պետության ներքին քաղաքականությունում ազգային գաղափարախոսությունը կարեւոր դիրք է գրավում: Այս խնդիրն ավելի հրատապ է Իրանի նման բազմազգ պետության պարագայում, երբ կենտրոնախույս տրամադրությունները պարարտ հող կարող են ունենալ այնտեղ: Իրանում ազգային գաղափարախոսության ձեւավորման որոշակի քայլեր արվեցին Ռեզա շահ Փահլավիի օրոք (1925-1941թթ.), սակայն հետագայում այս ուղղությամբ լուրջ քայլեր չտարվեցին… Իսկ ներկայիս վարչակարգը հետամուտ չէ այդ գործին: Մեր կարծիքով, իսլամական շիա ուղղության կրոնը երբեք չի կարող փոխարինող լինել իրանցիների ազգային-պետական գաղափարախոսությանը, քանզի կրոնը չէ որ կարող է միավորել Իրանի տարակրոն ազգերին, ինչպեսեւ՝ աշխարհի բոլոր իրանալեզու ժողովուրդներին: Կրոնի միավորիչ դերը վաղ թե ուշ իրեն սպառելու է, մանավանդ ներկա պայմաններում, երբ աշխարհում առաջնային են համարվում աշխարհիկ արժեքները: Այս մթնոլորտում Իրանը բացառություն չէ: Իրապես եկել է այս խնդրին ուշադրություն դարձնելու ժամանակը: Ազգային գաղափարախոսությունը կարեւորվում է մեկ այլ խնդրի հետ առնչվելով, դա Իրանի գլխին կախված արտաքին (ոչ միայն տարածաշրջանային) վտանգներն են: Տարածաշրջանային առումով արեւմուտքից Իրանին սպառնում է պանթյուրքիզմը, իսկ հարավից՝ պանարաբիզմը, որոնք նկրտումներ ունեն Իրանի հյուսիսային ու հարավային տարածքների հանդեպ: Իսկ սրանց Իրանը պետք է հակազդի եւ սանձի իրանցիների ազգային գաղափարախոսությամբ՝ պանիրանիզմով, որի տարածումը եւ քարոզը մեծ թափ էր ստացել Ռեզա շահի օրոք, որի դրդապատճառներից մեկը հենց Թուրքիայի տարածքային հավակնություններն էին հյուսիսային Իրանի հանդեպ: Սակայն, ի տարբերություն պանթյուրքիզմի եւ պանարաբիզմի, որոնց ներքին խնդիրները այս կամ այն կերպ հարթվում են, պանիրանիզմը դեռ պետք է կայանա, այսինքն՝ ամրապնդվի նախ Իրանի տարածքում, հետո նոր տարածվի երկրի սահմաններից դուրս: Սակայն այս ծրագիրն անհնար է իրագործել, քանի դեռ առաջնային դիրքում է կրոնական արմատականությունը: Բերենք մի հիմնավոր օրինակ. Իրանին հարեւան Պակիստանում (բելուջներ), Աֆղանստանում (փուշտուներ եւ այլ էթնոսներ), Կենտրոնական Ասիայում (տաջիկներ), Կովկասում եւ Ադրբեջանում (օսեր, թաթեր, թալիշներ), Թուրքիայում (քրդեր) բնակվող իրանալեզու ժողովուրդները մեծամասամբ իսլամի սուննի դավանանքի հետեւորդներ են եւ այստեղ արդեն իսկ կրոնական հակասություն կա Իրանի շիաների եւ դրանից դուրս բնակվող իրանալեզու սուննիների միջեւ: Ահա այս կրոնական գործոնն է, որ պառակտում է իրանալեզու ժողովուրդներին (իհարկե, սա որոշակիորեն առկա է նաեւ պանարաբիզմի եւ պանթյուրքիզմի դեպքում):

Բուն Թուրքիայում այդպիսի խոչընդոտ չկա, եւ դրա շնորհիվ վերջինս ձգտում է առաջատար դիրք գրավել թյուրքական աշխարհում՝ դառնալով թուրքալեզու ժողովուրդների առաջատարը: Իսկ Իրանը, ցավոք, դեռեւս չի կարող այդպիսի ծրագրեր ունենալ, քանզի պանիրանիզմը պետք է ամրապնդվի նախ եւ առաջ Իրանում, ուստի այս ուղղությամբ երկրի ղեկավարության թիվ մեկ խնդիրը իրանալեզուների համատարած պարսկականացումը պետք է լինի, այսինքն՝ Իրանում բնակվող բոլոր իրանական էթնոսների դանդաղ եւ ծրագրավորված ձուլումը: Արդյունքում կվերաձեւավորվի միասնական պարսկական էթնոսը կամ այն նոր անվանում ձեռք կբերի՝ իրանական ազգ՝ իրանցիներ: Ոչ իրանական էթնոսների հետ (դիցուկ՝ հայերի) կարելի է հարաբերվել պանարիականության (ինչը պանիրանիզմին չի հակասի ու հակադրվի) հիմքով, քանզի միեւնույնն է՝ կրոնական առումով համագործակցություն նման դեպքերում այսպես թե այնպես հնարավոր չէ:

Բացի այս հիմնախնդիրներից Իրանի ներքաղաքական ներկապնակում ուշադրության պետք է արժանանան նաեւ գլոբալիզացիայի հետեւանքները, ներկայումս Իրանի ղեկավարությունը այս հարցում չունի հստակ քաղաքականություն: Հասարակությանն արտաքին աշխարհից փակ պահելը հարցի լավագույն լուծումը չէ: Դա ավելի է խորացնում Իրանի մեկուսացվածությունը: Կրոնական իշխանությունները կարծում են, թե ինտերնետ-ցանցի տարածումը երկրում ոտնահարում է իսլամական արժեքները, այս հարցում հատկապես մեծ է անհանգստությունը «մշակութային սպառնալիքների» հետ կապված: Իհարկե, այստեղ որոշակի ճշմարտություն կա (ինչպես ասենք՝ արբանյակային ալեհավաքով աշխատող հեռուստացույցների պարագայում), սակայն այս վտանգը նույնպես կարգավորվող է: Մշակութային գլոբալացումը ենթադրում է միակողմանի ազդեցություն, բայց բազմամշակույթ աշխարհը հակված չէ դրան, այլ կողմ է փոխազդեցության, փոխհամալրման: Հարուստ մշակութային ժառանգություն եւ պատմական փառավոր անցյալ ունեցող ազգերը, այդ թվում եւ իրանցիները, կարող են արտահանել իրենց մշակութային եւ ազգային արժեքները: Ըստ այդմ, գլոբալացումը չի նշանակում միայն արեւմտյան արժեքների գերակայություն ամբողջ աշխարհում, դա առ այսօր հնարավոր չի եղել ու հնարավոր չի էլ լինելու, քանզի աշխարհում կան նաեւ այլ խոշոր քաղաքակրթություններ, որոնք ճիշտ է, որոշակիորեն կրում են արեւմտյան կոչված մշակույթի ազդեցությունը, սակայն, իրենք էլ իրենց հերթին կարող են արտահանել մշակութային արժեքները, որոնց առանցքային մասը աշխարհի շատ ժողովուրդներ կընդունեն:

Կարող ենք ասել, որ գլոբալացումը կարող է ընթանալ ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի կամ բազմակողմանի, ինչն այլ խաղի կանոններ է ենթադրում: Ուստի, կրկին հանգում ենք ինտեգրման գաղափարին: Իրանը պատկանում է այն պետությունների թվին, որոնք իրենց հասարակությունը բաց պահելու դեպքում որեւէ լուրջ մշակութային աղետի չեն ենթարկվի: Այո՛, Իրանի հասարակությունն իր վրա կկրի օտար մշակույթի ազդեցությունը, սակայն, սա կարելի է չեզոքացնել, եթե իրանցիներն իրենց հարուստ մշակույթը պահպանեն եւ արտահանեն այլ երկրներ, քանզի Իրանը մեծ մշակութային ժառանգություն եւ այն արտահանելու կարողություններ ունի: Աշխարհում խառնածին եւ ուրույն մշակույթ չունեցող ազգերն են, որ հիմնովին ընկղմվում են մշակութային գլոբալացման հորձանուտում, քանզի չունեն սեփական մշակույթ: Զորօրինակ՝ թյուրքերը, որոնք չունենալով որեւէ մշակութային ինքնություն եւ լինելով խառնածին տեսակ, շատ արագորեն կարող են ձուլվել այլ ազգերի, ուստի՝ նրանց բիրտ պահվածքը, մյուսներին բռնի կոտորելու եւ ձուլելու մոլուցքը բխում է այս տրամաբանությունից: Աշխարհի խոշոր խառնածինների գլոբալացման մոլուցքն էլ է բխում այս տրամաբանությունից, նրանք պետք է մտահոգ լինեն իրենց ապագայով: Իսկ հայերի կամ պարսիկների նման ազգերը, որոնց մշակութային ժառանգությունը մեծ ազդեցություն ունի եւ դեռ ունենալու է հետագայում, նաեւ՝ աշխարհի մի շարք ժողովուրդների վրա, չունեն ավելորդ մոլուցքի բարդույթ… Այսօր, առանց ագրեսիվության, հայկական դուդուկի հնչյունները համակել են ամբողջ աշխարհը, մենք մեր մշակութային արժեքներից մեկն արդեն իսկ դարձրել ենք համաշխարհային, իսկ աշխարհը ընդունում է, որ դուդուկը զուտ հայկական երեւույթ է: Կան էլի օրինակներ այլ ոլորտներում: Ի՞նչ է, պարսիկները չե՞ն կարող իրենց ազգային արժեքներն արտահանել ու համաշխարհային նշանակության դարձնել, կարծում ենք՝ կարող են: Ուղղակի Իրանի իշխանությունները պետք է մշակեն համապատասխան մշակութային քաղաքականություն, զարգացնեն մշակութային արտաքին կապեր եւ ոչ թե հասարակությունը փակ պահեն արտաքին աշխարհից, ոչ թե սեփական ժողովրդին քարոզեն միայն կրոնական արմատական արժեքներ… Ի դեպ, նշենք, որ իրանական մշակույթ ասելով մենք նկատի չունենք ներկայիս իսլամական շրջանակների մեջ գոյություն ունեցող մշակույթը, որին խորթ են նախաիսլամական արիական Իրանի փառահեղ մշակույթն ու բարքերը:

Իրանի ներքաղաքական խնդիրներում կարեւորվում է նաեւ երկրի զինված ուժերի կառուցվածքի եւ մարտունակության բարձրացումը: Այստեղ իրոք հպարտանալու իրավունք ունեն ինչպես շահական Իրանի, այնպես էլ ներկայիս Իրանի իշխանությունները: Նշենք, որ 70-ական թթ. Իրանի բանակը ամերիկյան ռազմական օգնությամբ (ԱՄՆ-ի կողմից Իրանին զենք վաճառելու շնորհիվ) դարձավ ամենահզոր եւ ամենամարտունակ բանակը Մերձավոր եւ Միջին Արեւելքում (կա տեսակետ, որ՝ Իսրայելից հետո): Իսլամական հեղափոխությունից հետո երկրի զինված ուժերը սկզբնական շրջանում քայքայվեցին, մասնատվեցին: Բանակից անջատ ստեղծվեց հեղափոխական գվարդիա, որն անմիջականորեն ենթարկվում է ոչ թե պաշտպանության նախարարությանը, այլ՝ Իսլամական Հեղափոխության Պահապանների Խորհրդին (ԻՀՊԽ): Իհարկե այս իրողությունը սկզբում վատ անդրադարձավ բանակի կազմակերպվածությանը, քանզի վերացավ միասնական հրամանատարությունը: Սակայն, կարծես հետզհետե պետական համակարգը «սովորում» է այս տարբերակին: Իրանական զինված ուժերի մարտունակությունը նույնպես վերականգնվում է, որը որոշակիորեն խաթարվել էր Իրաքի հետ պատերազմում (Իրանի կորուստներն աննախադեպ էին, մեծ էին նաեւ մարդկային կորուստները՝ մոտ 3 մլն.): Եթե նույն պատերազմը լիներ 70-ական թթ., ապա Իրանը արագ կհաղթեր եւ գուցե գրավեր Իրաքը: Ներկայումս մեծ գործեր են արվում Իրանի բանակի վերակառուցման հարցում, բայց կարծում ենք, առաջին հերթին, զինուժի գլխավոր հրամանատարությունը պետք է լինի միասնական եւ հոգեւոր առաջնորդից փոխանցվի երկրի նախագահին: Անհրաժեշտ է վերացնել ԻՀՊԽ-ն, եւ դրա տրամադրության տակ գտնվող զորքերը պետք է մտնեն ընդհանուր բանակի կազմ: Անհրաժեշտ է սկսել բանակի պրոֆեսիոնալացումը, որը մարտունակության գրավականն է, դրա համար պետք է մեծացվի բանակի բյուջեի չափը, իսկ զինուժի քանակը կարելի է նույնիսկ կրճատել, որը ներկայումս ահռելի մեծ չափերի է հասնում (7-8 մլն.): Նշենք, որ Թուրքիայի բանակի թվակազմը 700-800 հզ. է, սակայն թուրքական կառավարությունն ավելի մեծ դրամական միջոցներ է հատկացնում իր բանակին, քան Իրանի կառավարությունն իր 8 մլն.-անոց բանակին: Արդյունքում՝ թուրքերն ունեն քանակապես քիչ, բայց մարտունակ ու գերժամանակակից զինված բանակ: Բանակի վերակառուցման խնդիրը պետք է գտնվի Իրանի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Վերոհիշյալ ներքաղաքական եւ դրանից բխող արտաքին քաղաքական խնդիրները Իրանի ներկայիս կրոնական վարչակազմը դժվար թե կարողանա հիմնավորապես լուծել, քանզի ներքին եւ արտաքին քաղաքականությունում առաջնային է համարում կրոնական եւ ոչ թե էթնիկ գործոնը: Ազգային գաղափարախոսությանը համապատասխան՝ ներքին ու արտաքին քաղաքականություն կարող է վարել Իրանի ներկայիս նախագահ Մ. Ահմադինեջադը, ով հոգեւոր եւ ազգային-պետական ոլորտներում հիանալի զուգադրումներ է անում, իսկ արտաքին քաղաքականությունում հայտնի է իր կոշտ, բայց պատասխանատու դիրքորոշումներով: Նա կարող է նաեւ համախմբել իրանյան ընդդիմությանը, այդ թվում վտարանդի Ազգային Ճակատի ղեկավարությանը, որոնցից շատերին Իրանի հոգեւոր այրերն արտաքսեցին երկրից: Սակայն, այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ Իրանի ազգային գաղափարախոսության մեջ շիիզմին կարեւոր տեղ պիտի տրվի այն պարզ պատճառով, որ Իրանի ներկայիս բնակչության մեծամասնությունը շիադավան է:

Ամփոփելով նշենք, որ Իրանում ազգային գաղափարախոսությունը պետական քաղաքականություն դարձնելը բխում է նաեւ Իրանի ռազմավարական դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի ազգային շահերից: Եթե Հայաստանում նույնպես ազգային գաղափարախոսությունը հռչակվի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնաքար, ապա երկու արիական դաշնակից հնագույն ազգերն էլ արդյունավետորեն կարող են դիմակայել թե՛ թյուրքական, եւ թե՛ արաբական կամ հրեական աշխարհներից սպառնացող բազմաբնույթ մարտահրավերներին: Ի դեպ, Իրանը ոչ միայն կարող է դիմակայել, այլեւ՝ սկսել իր լեզվամշակութային, դրամա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական ծավալումը թե՛ դեպի Արեւելք, թե՛ դեպի Արեւմուտք:

Անդրադառնալով արտաքին քաղաքական հիմնախնդիրներին՝ նշենք, որ դրանք շատ բազմաբնույթ են: Նախ՝ փորձենք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձություններն Իրանի շուրջ այն պայմաններում, երբ երկիրը շրջապատված է արեւմտամետ վարչակարգերով (այսինքն՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, աֆղանական եւ իրաքյան պատերազմներից հետո ԱՄՆ-ի կողմից հաստատված վարչակարգերը բոլորն էլ արեւմտամետ են): Այս դեպքում մեծանում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունների հավանականությունը: Եվ, բնականաբար, ԱՄՆ-ի համար շահավետ է փոխել նաեւ Իրանի ներկայիս վարչակարգը, սակայն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով: Մեր կարծիքով՝ Իրանի վարչակարգը փոխելու երեք ճանապարհ կա.

ա/ ԱՄՆ-ի կողմից լայնամասշտաբ պատերազմի սկսում Իրանի դեմ

Այս դեպքում ԱՄՆ-ն միանշանակ տանուլ կտա, նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Եվրամիությունը հավանություն տան դրան, ինչն անհավանական է: Իսկ ինչու՞ է ԱՄՆ-ն տանուլ տալու պատերազմը: Կան մի քանի պատճառներ. նախ՝ Իրանը Աֆղանստան կամ Իրաք չէ՝ ոչ իր տարածքով, ոչ բնակչության թվով: Եթե ԱՄՆ-ն կարողացավ գրավել Աֆղանստանը եւ Իրաքը (չնայած այդ գրավումները կարելի է մասամբ համարել), ապա Իրանի դեպքում, որի տարածքը 1 մլն. 648 հզ. կմ2 է, ԱՄՆ-ն բառացիորեն մխրճվելու է այնտեղ: Նույնիսկ եթե իր զինուժը Իրան ներխուժի միաժամանակ Աֆղանստանից, Իրաքից, Պարսից ծոցից եւ նույնիսկ Ադրբեջանից, ապա միեւնույնն է, նրա բանակը «թաղվելու» է այնտեղ: Նույնիսկ եթե մայրաքաղաքն էլ գրավվի, ԱՄՆ-ի բանակը իր հետեւում կթողնի մի մեծ ապստամբ երկիր՝ շուրջ 75 մլն. բնակչությամբ: Գուցե այդ բնակչության մի զգալի մասը դեմ լինեն կրոնական վարչակարգին, սակայն նրանք երբեք չեն հանդուրժի օտարերկրյա ռազմական ներկայություն. լինի դա ամերիկյան, ռուսական կամ մեկ այլ: Սկսվելու է խոշորամասշտաբ պարտիզանական պատերազմ, որի հետեւանքները շատ ծանր կլինեն ԱՄՆ-ի համար: Եթե իրաքյան պատերազմում ԱՄՆ-ն կենտրոնացրել էր 400-450 հզ. զինուժ՝ համապատասխան տեխնիկայով, եւ պատերազմից հետո այդ բանակը տեղակայվել է Իրաքի քաղաքներում, ապա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի կենտրոնացնել մոտ 800-850 հզ. բանակ, իսկ սկսվելիք պատերազմի ծախսերը 2-3 անգամ ավելի են լինելու, քան Իրաքի դեպքում: ԱՄՆ-ի հասարակությունը եւ օրենսդիրները դժվար համաձայնեն այս ծրագրի հետ, որի իրականացման դեպքում ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամն ավելի կխորանա: Իրաք, Աֆղանստան եւ Իրան երեք ճակատով պատերազմելը կկործանի ԱՄՆ-ն: Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը հազիվ թե համարձակվի պատերազմ սկսել Իրանի դեմ: Այսպիսով, կարող ենք արձանագրել՝ Իրանի դեպքում լայնածավալ պատերազմն անհավանական է, գուցե հնարավոր լինի պարզապես ռմբահարել Իրանի տարածքը օդից ու ծովից, սակայն դա էլ չի կարող երկար տեւել ու կարժանանա Իրանի համարժեք հակահարվածին, նաեւ ԱՄՆ-ի եւ այդ երկրին աջակցող երկրների տարածքներում:

բ/ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջում Իրանում եւ դրա հետեւանքով աշխարհիկ իշխանությունների ձեւավորում այնտեղ

Սա առավել հավանական է մի քանի պատճառներով: Ի տարբերություն Իրաքի, որի ընդդիմությունը լիովին գտնվում էր վտարանդիության մեջ եւ երկրում չուներ լուրջ համախոհներ, Իրանի ընդդիմությունը նույնպես գտնվելով արտերկրում, այնուամենայնիվ, ունի իր համակիրները երկրում: Եվ թեկուզ այնտեղ կազմակերպված ընդդիմություն չկա, բայց ազատական հայացքներով ուսանողությունը որոշակի քաղաքական կշիռ ներկայացնում է: Հիշենք, որ իսլամական հեղափոխությունը եւս սկսեցին ուսանողները: Կա նաեւ մեկ այլ հանգամանք. Իրանի մտավորականության եւ բարձրաստիճան զինվորականության մեջ այժմ կան այնպիսիները, ովքեր արտաքուստ չեզոք դիրք գրավելով իշխանությունների հանդեպ, ներքուստ այնքան էլ չեն համակրում իսլամական պահպանողականությունը: Բավական է հիշել, որ 1980-ական թթ. սկզբներին Իրանի իրավապահները բացահայտեցին զինվորականության կողմից կազմակերպվող մի դավադրություն՝ ուղղված հոգեւորականության դեմ: Մտավորականության եւ զինվորականության այս հատվածները կարող են ուղղորդվել ԿՀՎ-ի կամ ՄՈՍԱԴ-ի կողմից՝ որպես հեղաշրջում իրականացնողներ: Նշենք նաեւ, որ 1953թ. օգոստոսի 19-ի հեղաշրջումը ԱՄՆ-ն իրականացրեց հենվելով Իրանի բանակի հրամանատարության մի հատվածին: Հարկ է նշել, որ հեղաշրջման ծրագիրը ԱՄՆ-ից զգալիորեն ավելի քիչ ծախսեր կպահանջի, քան՝ պատերազմը: Եվ այս դեպքում ԱՄՆ-ին հարկ չի լինի բացահայտ առճակատման գնալ Եվրամիության եւ Ռուսաստանի հետ: Որոշ քաղաքական վերլուծաբաններ նույնիսկ այնպիսի կանխատեսում են անում, որ հերիք է միայն ԱՄՆ-ի բանակը Պարսից Ծոցի կողմից ափ իջնի Իրանի տարածք, եւ բնակչությունը մայրաքաղաքում կտապալի կրոնապետական ռեժիմը, սա իհարկե շատ չափազանցված է եւ պարզապես քարոզչություն կարելի է համարել: Այսպիսով կարող ենք ասել, որ եթե ԱՄՆ-ն ձգտի տապալել Իրանի ներկայիս վարչակարգը, ապա ամենայն հավանականությամբ նա կիրագործի հեղաշրջման ծրագիրը, գուցե միաժամանակ արտաքնապես պատերազմ սկսելու տպավորություն ստեղծելով, որպեսզի ոտքի հանի եւ քաջալերի հեղափոխության ձգտող ներքին ուժերին:

գ/ Հոգեւորական դասի կողմից իրականացվող բարեփոխումների խորացում եւ դրա արդյունքում իշխանության խաղաղ փոխանցում աշխարհիկ քաղաքական գործիչներին (նման այն երեւույթին, որ կատարվեց Չինաստանում 20-րդ դարի վերջին 25 տարում)

Իրանի ներկայիս իշխանությունները արդյո՞ք կցուցաբերեն այդպիսի կամք հենց իրենք (կամ գոնե որոշակիորեն կզատեն հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները)՝ երկիրը զերծ պահելով խոշոր ցնցումներից, ցույց կտա ապագան: Այսպիսի զարգացումը շահավետ է եւ՛ Իրանի ժողովրդի եւ՛ անմիջական հարեւանների, մասնավորապես՝ Հայաստանի համար: Ճիշտ է, Իրանի քաղաքական կայունությունը, այնտեղ գոյություն ունեցող յուրաքանչյուր վարչակարգի դեպքում էլ, բխում է Հայաստանի ազգային շահերից, բայց արիադավան եւ իրանիզմի գաղափարներով առաջնորդվող Իրանն ավելի բաց կլինի համագործակցության առումով՝ զերծ իսլամական աշխարհի սահմանափակումներից:

Ի՞նչ ընթացք կունենան հայ-իրանական հարաբերություններն այնտեղ հնարավոր քաղաքական փոփոխություններից հետո: Նախեւառաջ պետք է նշենք, որ վարչակարգի փոփոխությունից հետո էլ Հայաստանը շարունակելու է մնալ Իրանի ռազմավարական դաշնակիցը: Իրանը շարունակելու է բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի հետ: Իրանն իր դիրքորոշումը չի փոխի Արցախյան խնդրի հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է թուրք-իրանական հարաբերություններին, ապա հիշեցնենք, որ այս հարցում Իրան-Թուրան դարավոր գաղափարական հակամարտությունը եղել է, կա եւ շարունակվելու է ընդմիշտ: Չպետք է կարծել, որ 1979 թ. հետո թուրք-իրանական հարաբերությունները որոշակիորեն սառեցին, քանզի Թուրքիան աշխարհիկ պետություն էր: Երկկողմանի հակասությունները ավելի երկար պատմություն ունեն եւ ավելի խորքային են, քան թվում է: Նախ Օսմանյան, հետո Քեմալական Թուրքիան 19-20-րդ. դդ.-ում էլ հավակնություն են ունեցել իրանական Ադրբեջանի երկու հատվածների նկատմամբ: Հիմա էլ, չնայած հարաբերությունների թվացյալ ջերմացման միտումներին, Թուրքիա-Իրան համագործակցությունը կասկածելի է:

Ազգային անվտանգության ի՞նչ հայեցակարգ պետք է ունենա Իրանը 21-րդ դարում: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի անվտանգության հիմնաքարն այն էր, որ իշխանությունները հեղափոխությունը պիտի արտահանեին հարեւան երկրներ եւ դրանով Իրանը շրջապատեին կրոնապետական վարչակարգերով: Դա չհաջողվեց 20-րդ դարավերջին 20-ամյակում, այդ բանն առավել քան անհնար է այժմ, երբ Իրանը շրջապատված է արեւմտամետ դիրքորոշում ունեցող պետություններով: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում մշակել անվտանգության նոր հայեցակարգ, որը բոլորովին տարբեր պիտի լինի այդ հայեցակարգից: 21-րդ դարում Իրանի անվտանգության հայեցակարգը, ինչպես վերը նշեցինք, պետք է հիմնվի ազգային գաղափարախոսության վրա: Տարածաշրջանային քաղաքականության հիմքում ոչ թե պետք է դրվի իսլամական հեղափոխության արտահանման ծրագիրը կամ ընդհանրապես կրոնական որեւէ գործոն, այլ՝ Իրանը Թուրքիայի նման պետք է ամենասերտ տնտեսական, քաղաքական եւ այլ տիպի հարաբերություններ ունենա իրանալեզու բոլոր պետությունների եւ ազգերի հետ, այսինքն ճիշտ այնպես, ինչպես անում է Թուրքիան Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

Իրանալեզու պետությունների եւ ազգերի հետ տնտեսական, մշակութային, հետո նաեւ ռազմա-քաղաքական ինտեգրումը պետք է լինի Իրանի անվտանգության հիմնաքարը: Ճիշտ է, Իրանն էլ այսօր լայն տարածաշրջանային համագործակցություն է ծավալել եւ փորձում է որոշակի ներկայություն ունենալ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այս տարածաշրջան ներթափանցման համար Իրանը փորձում է օգտագործել կրոնական գործոնը, սակայն ազդելու այսպիսի լծակը, մեր կարծիքով, այնքան էլ արդյունավետ չէ, եւ դա նկատելի է այս տարիների ընթացքում (նույնն է մեր դեպքում՝ քրիստոնեության պարագայում): Կենտրոնական Ասիայի պետությունները եւ նրանց հասարակությունները այնքան էլ մեծ համակրանք չունեն կրոնական արմատական ուսմունքների նկատմամբ: Ուստի, Իրանին մնում է որպես ազդեցության լծակ օգտագործել ազգային գաղափարախոսության ամենաազդեցիկ լծակը՝ լեզվամշակութային գործոնը: Կենտրոնական Ասիայում միայն Տաջիկստանը եւ Ուզբեկստանի մի մասն է, որ ունեն իրանալեզու բնակչություն, սակայն Իրանի քաղաքական եւ մշակութային ազդեցությունը Կենտրոնաասիական ժողովուրդների վրա ավելի քան 1000 տարի է, եւ այդ ժողովուրդները կապված են իրանական մշակույթին: Այս կարեւոր հանգամանքը բացակայում է Թուրքիայի դեպքում, իսկ Կենտրոնաասիական ժողովուրդները այնքան էլ ոգեւորված չեն պանթուրքիստական գաղափարներով: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային կարգերի հաստատումից հետո թյուրքական լեզուները ճանաչվեցին պետական-պաշտոնական, պարսկերենն այս տարածաշրջանում եղել եւ մնում է մշակութային հաղորդակցության լեզու: Կենտրոնաասիական ժողովուրդների մեծ մասն ավանդաբար սովորում էր պարսկերեն լեզուն եւ հիմա էլ տիրապետում է: Մյուս կողմից էլ աշխարհագրորեն մոտ լինելն է նպաստել, որ պարսկական մշակույթն ու լեզուն դարձել են «բնական» Կենտրոնական Ասիայում: Կենտրոնաասիական այնպիսի քաղաքներ՝ ինչպիսիք են Բուխարան, Սամարղանդը, Խորեզմը, Բարխը, Մարին, Խիվան եւ այլն, իրանական մշակույթի կենտրոններ են: Վերոհիշյալ փաստերը ցույց են տալիս իրանական մշակույթի բազմադարյա ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Այս ամենից բխում է, որ Իրանը կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, եթե տարածաշրջան ներթափանցի ոչ թե իսլամական արմատականության քարոզներով, այլ՝ որպես ազդեցության լծակ օգտագործի վերոհիշյալ առավելությունները: Հետաքրքիր է, որ արիականության հանդեպ հետաքրքրություն կա ոչ միայն իրանալեզու Տաջիկստանում, այլեւ՝ Թուրքմենստանում եւ Ղազախստանում: Ներկայումս Կենտրոնական Ասիայում ազդեցիկ դիրքեր ունենալու համար Իրանին խանգարում է ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած, այսպես կոչված, Դþամատոյի օրենքը, որն ընդհանրապես արգելում է նավթի եւ գազի որեւէ խողովակ Կենտրոնական Ասիայից անցկացնել Իրանով: Բայց սա լուծելի խնդիր է գաղափարական մերձեցման դեպքում: Լեզվամշակութային գործոնը Իրանը կարող է օգտագործել նաեւ Հարավային Կովկասում: Այստեղ հատկապես պետք է կարեւորվի Ադրբեջանի թալիշների դերը, ոչ միայն որպես Իրանի կարեւորագույն հենակետ, այլեւ՝ որպես Ադրբեջանի կողմից Հյուսիսային Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններին հակակշիռ գործոն: Այս ծրագիրը բխում է նաեւ Հայաստանի անվտանգության շահերից, ուստի՝ եւ՛ Հայաստանի եւ՛ Իրանի հատուկ ծառայությունները համատեղ պետք է կազմակերպեն Ադրբեջանի թալիշների անջատողական շարժումներ…

Աշխարհաքաղաքական ինչ կարեւորություն կստանա Իրանը 21-րդ դարում գերտերությունների համար:

Նախ եւ առաջ անհրաժեշտ է նշել, որ Իրանը հարմար աշխարհագրական դիրքում է, այն Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը Պարսից ծոցով հարավային եւ հարավ-արեւելյան Ասիային կապող ամենակարճ ճանապարհն է, ինչպես նաեւ՝ Եվրոպան Հնդկաստանի եւ Չինաստանի հետ կապող ամենակարճ ուղին, այսինքն՝ «Մետաքսի ճանապարհի» մի կարեւոր մասը: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ գերտերությունների հետաքրքրությունը Իրանի նկատմամբ հետզհետե կմեծանա եւ, բնականաբար, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրամիությունն ու Ռուսաստանը կձգտեն Իրանին «դարձնել» կայուն գործընկեր տարածաշրջանում: Այս հարցում շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Եվրամիությունը, որը փորձում է կայանալ որպես առանձին աշխարհաքաղաքական բեւեռ: Եվրամիությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում Իրանին ցանկանում է տեսնել որպես իր ռազմավարական դաշնակից եւ հուսալի հենարան տարածաշրջանում: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիան չի կարող այդպիսի հենարանի դեր խաղալ, նույնիսկ եթե մտնի Եվրամիություն: Կարող ենք նշել նաեւ, որ Իրանի հզորացումը բխում է Եվրամիության շահերից, քանզի նախ՝ կարող է անմիջական ցամաքային կապ ստեղծել Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ եւ հետո՝ Եվրամիությունն Իրանի միջոցով արդյունավետ կարող է դիմակայել թուրք-ամերկյան տնտեսական ներթափանցմանը Կենտրոնական Ասիա: Սակայն, դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն այստեղ ունի մեկ առավելություն. դա ամերիկյան ռազմական ներկայությունն է Կենտրոնական Ասիայում եւ Պարսից ծոցում: Իրան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության դեպքում, ամենայն հավանականությամբ, այդ առավելությունը կնվազեցվի: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե Եվրոպան Իրանին քննադատում է այնտեղ մարդու իրավունքների ոտնահարման եւ ատոմակայանի կառուցման հետ կապված, ապա դա արվում է հանրությանը ցույց տալու համար, որ Եվրամիությունը հետամուտ է իր սկզբունքներին: Եվրամիության շահերի ոլորտ կդառնա նաեւ Հայաստանը, որը տարանցիկ երկիր կարող է լինել Իրանի եւ Եվրամիության միջեւ՝ հատկապես ռուս-վրացական վերջին հակամարտությունից հետո:

Այս պայմաններում, երբ շարունակվում է Ռուսաստանի եւ Եվրամիության մերձեցումը, Եվրամիության հետ մերձենալով՝ Իրանը որեւէ խնդիր չի ունենա իր մյուս ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ: Իրանի հարմար աշխարհագրական դիրքը մեծ ուշադրության է արժանանում նաեւ ԱՄՆ-ի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ իսլամական հեղափոխությունից հետո դադարեցվեցին երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները, այնուամենայնիվ, երկու երկրները շարունակեցին շփումները գաղտնի պայմաններում (Իրանգեյթի հայտնի աղմուկը): Ներկա պայմաններում Իրանի ռազմավարական կարեւորությունը ԱՄՆ-ի համար ավելի քան մեծ է: Սառը պատերազմի տարիներին եւ՛ Իրանը եւ՛ Թուրքիան արգելափակում էին ԽՍՀՄ ներթափանցումը դեպի Մերձավոր Արեւելք եւ Հարավային «տաք» ջրեր: Սակայն, «սառը» պատերազմից հետո, եթե Թուրքիան կորցրեց իր ռազմավարական կարեւորությունը ԱՄՆ-ի համար, ապա Իրանը պահպանեց եւ հիմա էլ պահպանում է իր կարեւորությունն ԱՄՆ-ի համար: Իրանը թեկուզ եւ խզեց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, սակայն մինչ «սառը» պակերազմի ավարտը, ամերիկացիներին հանգստացնում էր այն հանգամանքը, որ խորհրդային ներթափանցումն Իրան անհնար է: Ներկայումս էլ կան մի շարք հանգամանքներ, որոնք հիմնավորում են վերոհիշյալը: Նախ եւ առաջ Իրանը ԱՄՆ-ի համար կարեւորություն է ստանում որպես Արեւելք-Արեւմուտք խոշոր առեւտրական ճանապարհների խաչմերուկներից մեկը: Նշեցինք, որ այն Արեւմուտքը Կենտրոնական Ասիային կապող ամենակարճ ճանապարհն է, այսինքն՝ սա ԱՄՆ-ին մեծ հնարավորություններ է տալիս տնտեսապես ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում: Թուրքիան ի զորու չէ իրականացնել այս խնդիրը, որովհետեւ աշխարհագրորեն հեռու է տարածաշրջանից եւ, բացի այդ, Թուրքիան ինքն է ուզում տնտեսական հզոր լծակներ ունենալ այնտեղ եւ բնականաբար շահագրգռված չի լինի այդ հարցում օգնել իր «մեծ եղբորը», որին աջակցում է՝ մշտապես ինչ-որ բաներ պահանջելով, ինչը հոգնեցրել է ԱՄՆ-ին: Իրանը նաեւ ամենահարմար ուղին է այդ տարածաշրջանի նավթն ու գազը արեւմուտք արտահանելու համար: Ուստի, դեռ պայքար է ծավալվելու Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ Իրանի ճանապարհներին տիրելու համար: Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի համար Իրանի կարեւորությունը մի քանի այլ կողմեր եւս ունի: Մինչ 1979թ. Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն էր, եւ այն ժամանակ էլ կարեւորվում էր Իրանի կայունացնող դերը տարածաշրջանում: Եվ դրանով էին պայմանավորված ԱՄՆ-ի մեծաքանակ ռազմական օգնություններն ու զենքի վաճառքն Իրանին, որի շնորհիվ վերջինս դարձավ տարածաշրջանային գերտերություն: Ներկայումս էլ ԱՄՆ-ն կցանկանար Իրանին տեսնել որպես կայունացնող եւ հավասարակշռող երկիր տարածաշրջանում, սակայն հասկանալի է, թե ինչու հիմա այդպես չէ… Թուրքիան ձգտում է Իրանին փոխարինողի դեր կատարել, սակայն նա ի զորու չէ դրան: Շարունակելով մնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից՝ Թուրքիան փորձում է խաղի իր կանոնները հաստատել տարածաշրջանում, դա ցայտուն երեւաց իրաքյան 2-րդ պատերազմում: Ինչ խոսք, սա ամենեւին էլ չի բխում ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերից, եթե սրան էլ ավելացնենք Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը, որի իրականացման հետեւանքով նա հավանաբար կձեւավորի առանձին աշխարհաքաղաքական բեւեռ եւ դուրս կգա ԱՄՆ-ի վերահսկողությունից, ապա պարզ է դառնում, որ թուրք-ամերիկյան գործակցությունը ճեղքեր է տալու: Սրան կնպաստի նաեւ քրդական հարցը: Եվ ահա Թուրքիայի այս ձգտումներին կարող է հակակշռել տնտեսապես եւ ռազմականապես հզոր Իրանը, ահա այստեղ էլ ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը համընկնում են: Իրանի հակաշռող եւ հավասարակշռող դերը կարեւորվում է եւս մեկ կողմով: Դա Իրան-արաբական աշխարհ գաղափարական հակասություններն են: Հայտնի է, որ Մերձավոր Արեւելքում որոշ արաբական երկրներ (Եգիպտոս, Հորդանան, Պարսից ծոցի երկրներ) ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն են: Սակայն, վերոհիշյալ երկրները վստահելի գործընկերներ չեն կարող լինել, եւ սա մի շարք պատճառներով է բացատրվում. նախ՝ այդ երկրները չունեն այնպիսի խոշոր ռազմական եւ տնտեսական ներուժ, որ որպես դաշնակից փոխարինեն Իրանին, մյուս դեպքում էլ՝ շատ հնարավոր է, որ այս պետությունները հետագայում մյուս արաբական երկրների հետ ձեռնարկեն լայն տնտեսական եւ քաղաքական պանարաբական ինտեգրում: Այսինքն՝ Մերձավոր Արեւելքում սկսի թափ առնել արաբական ազգայնականությունը՝ պանարաբիզմը: Այսպիսի զարգացումների դեպքում ԱՄՆ-ն կկորցնի վերահսկողությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ի եւ Իրանի համար հնարավոր վտանգ է ներկայացնում հատկապես Սաուդյան Արաբիան (նաեւ իսլամական վահաբիզմի ուղղությամբ), որը հետեւողականորեն մերձենում է Պակիստանի հետ: Այդ ճանապարհով Սաուդյան Արաբիան ձգտում է գերակա դիրքեր գրավել արաբական եւ իսլամական աշխարհներում: Այս դեպքում Իրանը կարող է հակակշռել արաբական աշխարհին եւ դրա պանարաբական եւ պանիսլամական առավել արմատական ձգտումներին: Սաուդյան Արաբիան եւ, ընդհանրապես, արաբական աշխարհը մեծ վտանգ են ներկայացնում Իրանի համար, մասնավորապես Պարսից Ծոցի երկրները լուրջ տարածքային հավակնություններ ունեն Իրանի՝ արաբներով բնակեցված եւ նավթահանքերով հարուստ հարավային տարածքների վրա: Բնականաբար, այս հակասությունների մթնոլորտում կարեւորվում են Իրան-Իսրայել առնչությունները: Չնայած Իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում Իսրայելի ներկայացուցչությունը փակվեց, երկու երկրները շարունակեցին առեւտրական եւ այլ տեսակի հարաբերությունները: Մինչ այժմ էլ Իրանը շարունակում է նավթ մատակարարել Իսրայելին՝ նրանից գնելով ամերիկյան եւ իսրայելական զենք ու զինամթերք: Իհարկե, այդ ամենն արվում է երրորդ երկրի միջնորդությամբ: Պաշտոնապես քննադատելով Իսրայելի քաղաքականությունը, Իրանը շարունակում է զարգացնել բազմաբնույթ հարաբերություններ (հնարավոր համագործակցության մասին նայել «Լուսանցք»-ի այս տարվա 32, 33 թողարկումները, «Հայ-իրանական հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները 21-րդ դարում» հոդվածը): Մինչ իսլամական հեղափոխությունը ԱՄՆ-ն Իրանին, Իսրայելին եւ որոշ չափով նաեւ Եգիպտոսին համարում էր Մերձավոր Արեւելքում իր 3 «ոտքերը»: Հավանական ենք համարում, որ հետագայում եւս ԱՄՆ-ն վերադառնալու է վերոհիշյալ ռազմավարությանը, գուցե՝ առանց Եգիպտոսի: Եթե հաշվի առնենք, որ Իրան-Իսրայել հակասությունները ներկայումս քաղաքական են, ապա հնարավոր է, որ ժամանակի ընթացքում դրանք նաեւ հարթվեն: Իսկ Իրան-արաբական աշխարհ հակասությունները ոչ միայն քաղաքական են, այլեւ՝ գաղափարական (ինչպես Թուրքիայի դեպքում), եւ դժվար թե հարթվեն: Պանարաբիզմը, պանթուրքիզմը եւ պանիրանիզմը մեկը մյուսի համար մեծ վտանգ են ներկայացնում, իսկ սիոնիզմն ու պանիրանիզմը կարող են «գնալ» տարածաշրջանային բաժանումների ճանապարհով, քանզի հրեաներն ու պարսիկները շրջապատված են արաբներով եւ ունեն միեւնույն՝ պանարաբիզմի դեմ պայքարելու խնդիրը: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ն ժամանակին «օգտագործում» էր այս հանգամանքը Մերձավոր Արեւելքի արաբական երկրներին Արեւելքից եւ Արեւմուտքից շղթայելու եւ դրանով իսկ աքցանի մեջ առնելու համար՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ սերտ դաշինք ստեղծելով: Հիմա էլ չի բացառվում, որ ԱՄՆ-ն (ու ոչ միայն) վերադառնա այդ ռազմավարությանը, որի արդյունքում Թուրքիայի դերը շեշտակիորեն կնվազի: Չարաչար սխալվում են այն քաղաքագետներն ու միջազգայնագետները, ովքեր ասում են, թե ԱՄՆ-ի եւ Իսրայելի նպատակը ներկայումս Իրանի քաղաքական մասնատումն է եւ կենտրոնի կողմից թույլ վերահսկվող դաշնային իշխանությունների ձեւավորումը: Սա տարիներ շարունակ իրականացվող խաղ է ու նաեւ հիմա Իրանի իշխանություններին ահաբեկելու քարոզչական միջոց: Հենց սկզբից էլ Իրանում կենտրոնացված պետությունը ձեւավորվել է տարբեր իրանական ցեղերի համերաշխության ու միության հիմքով, եւ հազարամյակներ շարունակ այսպիսին է եղել պարսկական-իրանական պետության բնույթն ու կառուցվածքը: Իրանի ժողովուրդների մեծ մասը շարունակում է մնալ ցեղային ինքնագիտակցության մակարդակում, եւ նրանք ընդհանրապես չեն կարող մտածել անգամ առանձին պետություն ունենալու մասին: Եթե, օրինակ, բախթիարներին կամ լոռերին հնարավորություն տան ստեղծելու ինքնուրույն պետություն, ապա նրանք կհրաժարվեն դրանից, քանզի լավ են գիտակցում, որ իրենք արդեն իսկ իրանցի են եւ առանց միասնական Իրանի ոչինչ անել չեն կարող: Ինչու հեռու գնանք, բավական է նշել միայն, որ իրանական լեզուների բացարձակ մեծամասնությունը դրանք պարսկերենի բարբառներ են:

Մեր հիմնավորումը վերոհիշյալ հարցում մեկ այլ կողմ էլ ունի: Ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ ԱՄՆ-ի շահերից չի բխում Իրանի մասնատումը եւ դրա հետեւանքով նրա թուլացումը: Իսրայելի ղեկավարությունը շատ լավ է հասկանում, որ Իրանի թուլացման դեպքում երկիրը կզրկվի Միջին Արեւելքում իր բնական (հիմա՝ թեկուզեւ թշնամի) դաշնակցից՝ արաբական աշխարհի հզորացմանը եւ տարածմանը զսպող հզոր ուժից եւ պատնեշներից մեկից: ԱՄՆ-ի ղեկավարությունն էլ է լավ հասկանում, որ թեկուզ Իրանը ներկայումս ոչ բարեկամական երկիր է, այնուամենայնիվ լուրջ հակակշիռ է Թուրքիայի չափից դուրս հզորացմանը եւ դեպի Արեւելք տարածմանը: Գուցե այնտեղի վարչակարգը փոխելու համար ԱՄՆ-ն գործածի քրդերի, ազերիների անջատողական տրամադրությունները, սակայն նպատակին հասնելուց հետո ԱՄՆ-ն ամեն ձեւով կկանխի այդ կարգի զարգացումների ահագնացումը: Կանխելու տարբեր ձեւեր կան՝ դրամ կամ զենք տրամադրելով ու «աչք փակելով»……

Ամփոփելով նշենք, որ Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնադրույթները արմատական փոփոխության պետք է ենթարկվեն այս հարափոփոխ աշխարհում, որպեսզի Իրանի բարեկամական ժողովուրդը զերծ մնա քայքայիչ ցնցումներից: Երբ տեղի կունենան բարեփոխումներ, Իրանը կշարունակի մնալ տարածաշրջանային գերտերություն, հակառակ դեպքում՝ Իրանի թուլացումն անհավանական չի դիտվի, ինչը նաեւ մեզ ձեռնտու չէ: Իրանն այսօր մեր ամենամերձավոր դաշնակիցն ու հարեւանն է, իսկ Վրաստանի ապակայունացման դեպքում՝ նաեւ անփոխարինելի…


Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 32,33,34, 2008թ.

Կարդացեք «Լուսանցք»-ը www.hayary.org կայքում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։