Հայ-իրանական հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները 21-րդ դարում

Հնարավոր են անգամ անսպասելի ծավալումներ

Առկա իրավիճակը

Նոր հազարամյակում ՀՀ արտաքին քաղաքականությունում մեծ կարեւորություն են ստանում հայ-իրանական հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարները: Խնդրի կարեւորությունն այն է, որ Իրանը նոր հազարամյակի շեմին կանգնած է քաղաքական մեծ փոփոխությունների ու զարգացումների առջեւ եւ, բնականաբար, դրանք էլ իրենց հետքն են թողնելու տարածաշրջանում (ուրեմն եւ՝ Հայաստանում): Ուստի, մեր երկրի ներկայիս ղեկավարությունը պարտավոր է մանրամասն մշակել Իրանի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն: Սա շատ արագ ու հիմնարար պիտի արվի, որովհետեւ Իրանը՝ այս հարեւան երկիրը, յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում էլ շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:

Ստորեւ մենք կհիմնավորենք վերոհիշյալը: Իսկ ինչ վերաբերում է Իրանում տեղի ունենալիք քաղաքական հնարավոր փոփոխություններին, ապա դրանք ամենայն հավանականությամբ լինելու են (գոնե մասնակի). պարզից էլ պարզ է, որ այսօր Իրանը ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի եւ Իրաքի դեմ պատերազմի հետեւանքով հայտնվել է մի տեսակ շրջափակման մեջ, եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունների հավանականությունը հետզհետե մեծանում է: Ուստի, Թեհրանը գոնե ներքաղաքական ու ներպետական որոշակի փոփոխություններ ինքը պիտի նախաձեռնի՝ արտաքին ներթափանցումը կանխելու նպատակով: Իրանի շրջափակման գործընթացին առավելապես նպաստում է իհարկե Թեհրանի միջուկային ծրագիրը:

Այս ամենն ասելով՝ միամտություն կլինի կարծել, որ խոսքը միայն Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու մասին է՝ տեղի վարչակարգը փոխելու նպատակով: Նույնիսկ եթե վերականգնվի շահական կառավարումը, ապա Թուրքիան, արաբական մի շարք երկրներ եւ Իսրայելը դեմ կլինեն Իրանի առաջխաղացմանը: Այստեղ նպատակը նաեւ Իրանի քայքայումն է մանր պետությունների… Այո, խոսքը «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի մասին է առավելապես, ինչը պիտի վերաձեւի տարածաշրջանը:

Ուստի, Իրանում պետական հակաիսլամիստական հեղաշրջումն էլ ավելի հավանական է թվում, քան մեծ պատերազմի սանձազերծումը, որը ծրագրվել է ԱՄՆ-ի կողմից: Վերջինս ավելի քիչ ծախսատար է եւ հաջողության հասնելու քիչ հեռանկար ունի (Իրաքն ու Աֆղանստանը դեռ ԱՄՆ կոկորդում են), չնայած ԻԻՀ-ում՝ զինված ուժերի հրամանատարական կազմում եւ երիտասարդության որոշակի շրջանակներում առկա են ընդհատակյա ընդդիմության տարրերը……

Մեր կարծիքով, Իրանի ներկայիս ղեկավարությունն ունի երկու ճանապարհ միայն՝ կամ նա խաղաղ ձեւով պետք է իշխանությունը որոշակիորեն աշխարհիկացնի՝ քայլելով նաեւ ժամանակին համահունչ, ինչը կթուլացնի ազատական ընդդիմությանը (հատկապես՝ երիտասարդությանը), կամ պիտի շարունակի առճակատումը, որի հետեւանքով երկիրը կհայտնվի անկայունության մեջ (իհարկե՝ ոչ առանց արտաքին ուժերի միջամտության), եւ այդ պարագայում արդեն կմեծանա քաղաքացիական պատերազմի վտանգը: Սրա բռնկումը, ինչ խոսք, ամենեւին էլ ձեռնտու չէ նաեւ Հայաստանին: Առհասարակ, Իրանի ապակայունացումը ձեռնտու չէ Հայաստանին: Ուստի կարող ենք ասել, որ այս պայմաններում, երբ կա հավանականություն Իրանում քաղաքական փոփոխությունների, ապա մեր ազգային շահերին համահունչ է այն, որ այդ փոփոխությունները որքան հնարավոր է տեղի ունենան միանգամայն խաղաղ ճանապարհով՝ վերից վար, որովհետեւ Իրանի ռազմա-քաղաքական կայունությունը, այնտեղ գոյություն ունեցող յուրաքանչյուր վարչակարգի պայմաններում էլ բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից:

Մեզ անհրաժեշտ է ռազմական առումով հզոր եւ զարգացած տնտեսություն ունեցող դաշնակից Իրան: Մինչդեռ այսօր, եթե Իրանի ռազմատնտեսական կարողությունները համեմատենք Թուրքիայի համանման հնարավորությունների հետ, ապա պարզ կդառնա, որ վերջինս օգտվելով ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքից, կարողացել է իր բանակը զինել գերարդիական զենքերով ու տեխնիկայով ու դրա շնորհիվ հավակնում է դառնալ տարածաշրջանային գերտերություն: Մինչդեռ Ռուսաստանից Իրանին տրվող օգտագործած զինտեխնիկան հազիվ թե բավարարի զինական տեսակետից համարժեք մարտունակ բանակ ունենալու Իրանի պահանջները: Իհարկե, վերջերս իրանական բանակը համալրվում է միջին հեռահարության նոր հրթիռներով, նոր ինքնաթիռներով, զինտեխնիկայով եւ այլն, բայց դա ջրի բավարար պաշար չէ մեծ անապատում… Չնայած իրանական կողմը պնդում է, որ բոլոր առումներով պատրաստ է ԱՄՆ հետ առճակատմանը, ինչի համար մենք միայն ուրախ ենք:

Իսկ ի՞նչ վիճակում էր շահական ժամանակների իրանական բանակը: Իբրեւ տեղեկություն նշենք, որ 1972թ. դրությամբ Իրանն ուներ բոլոր այն զինատեսակները, որոնք օգտագործվում էին ԱՄՆ-ի բանակում, բացի միջուկային զենքից, սա էլ այն ժամանակ իրականություն կդառնար…
քանզի հենց 70-ական թթ. սկսվեց ներկայումս այդքան աղմուկ հանած Բուշերի ատոմակայանի կառուցումը, որն իրականացվում էր ԱՄՆ-ի ֆինանսական օգնությամբ: Իրանի այդպիսի կարողությունների մասին այն ժամանակների Թուրքիան անգամ երազել չէր կարող: 70-ական թթ. Իրանն ուներ այնպիսի գերհզոր բանակ, որ միաժամանակ կարող էր պատերազմ վարել Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի դեմ եւ կործանարար հարվածներ հասցնել երեքին էլ: Իսկ այժմ, ներկայիս ԻԻՀ արմատական հայացքներով վարչախմբին ահաբեկելու համար նույն պայմաններն Արեւմուտքը ստեղծել է Թուրքիայի համար: Սրան մեծապես նպաստել է նաեւ Իսրայելը:

Իրանը եւ՛ տնտեսական պատժամիջոցների մեջ ընկավ, եւ՛ զրկվեց արեւմտյան ռազմատեխնիկական օգնություններից: Եթե որեւէ կերպ շարունակվեր ԱՄՆ-Իրան ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը կամ՝ գոնե Եվրոպա-Իրան համագործակցությունը, ապա Հայաստանն այսօր կունենար ավելի հզոր դաշնակից, քան հիմա է Իրանը:

Սակայն, մենք ոչինչ չենք կարող անել, ինչպես ասում են՝ կա այն, ինչ կա: Մեզ մնում է միայն խորացնել բազմաբնույթ համագործակցությունն Իրանի հետ եւ հնարավորության դեպքում միջնորդական առաքելություն ստանձնել Արեւմուտք-Իրան հարաբերություններում:

Հնարավոր ծավալումներ

Այժմ փորձենք որոշակիորեն կանխատեսել հայ-իրանական հարաբերությունների ապագան՝ հնարավոր քաղաքական փոփոխություններից հետո: Սկզբից եւեթ պետք է նշենք, որ մեր հայրենի քաղաքագետները միակողմանիորեն եւ շատ սխալմամբ կարծում են, որ եթե Իրանում հաստատվի աշխարհիկ եւ արեւմտամետ վարչակարգ, ապա դա կհանգեցնի Իրանի քաղաքական մասնատմանը եւ, դրա հետեւանքով, հյուսիսային Իրանը անջատվելով կմիանա Ադրբեջանին (հայտնի է «Մեծ Ադրբեջան» ծրագիրը): Բացի այդ՝ քաղաքական փոփոխություններից հետո, Իրանը կփոխի իր չեզոք դիրքորոշումը արցախյան խնդրի նկատմամբ ու այլեւս կդադարի լինել ՀՀ ռազմավարական դաշնակիցը եւ այսպիսի այլ բաներ: Հարկ ենք համարում հիշեցնել այդ «գիտնականներին», որ նրանք ընդհանրապես հեռու են մեր պատմությունից, իսկ եթե մի բան գիտեն էլ, ապա դա ակնհայտորեն խարսխված է ռուսաստանյան կողմնորոշման տեսությանը: «Գիտնականների» այս խմբի առաջատարը ոչ անհայտ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն է (ՌԴ ազդեցության գործակալ), ով դարձել է ՌԴ խոսափողը եւ ռուսաստանյան շահերով պայմանավորված, իր ճառերով ներշնչում է ՀՀ քաղաքագետներին, թե իբր Իրանում վարչակարգի անկումից հետո, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի շփումներն իր եղբայրակից ժողովրդի հետ… Այս ազդեցության գործակալը (եւ ոչ միայն նա) մեկ անգամ չէ, որ ՌԴ-Վրաստան, ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Ադրբեջան եւ ՌԴ-Իրան (նաեւ ՌԴ-ԱՄՆ կամ ՌԴ-Եվրոպա) լարված հարաբերությունների ընթացքում հայտնվում է Երեւանում եւ, որպես հայ, հանդես գալով Հայաստանում, իբր պաշտպանելով մեր երկրի շահերը (վրացիներից, թուրք-ադրբեջանցիներից կամ արեւմուտքցիներից), ջուր է լցնում Ռուսաստանի ջրաղացին՝ ձեռքի հետ փչացնելով նաեւ ՀՀ հարաբերությունները տվյալ երկրի հետ…

Նման ազդեցության գործակալներ ունենք նաեւ մեր ներսում՝ տարբեր երկրներին ծառայող:

Ինչեւէ: Մեր խնդիրը չէ, թե Իրանի բարեկամ ժողովուրդն ինչ կրոնա-քաղաքական կամ տնտեսահամակարգային զարգացման ուղի կընտրի, դա իրանցիների ընտրության իրավունքն է եւ մենք՝ հայերս, պետք է Իրանի հետ մեր կապերը չպայմանավորենք նման խնդիրների հետ կապված:

Ցանկանում ենք հիշեցնել պատվերով գործող բոլոր քաղաքագետներին, որ Հայաստանն ու Իրանը կան եւ մնալու են դաշնակից եղբայրներ, բարիդրացիական հարեւան պետություններ, անկախ այն բանից, թե այնտեղ կամ ՀՀ-ում ինչ վարչակարգ կհաստատվի (բացառությամբ, իհարկե, սիոնա-մասոնական ռեժիմի) եւ անկախ այն բանից, թե ռուս-իրանական հարաբերությունները կշարունակվե՞ն, թե՞ կդադարեն ռազմավարական լինելուց կամ ի՞նչ կերպ կընթանան վրացա-իրանական հարաբերությունները:

Խորհուրդ կտանք բոլոր այն քաղաքագետներին, ովքեր լավ չգիտեն նաեւ Իրանի պատմությունը, վերցնել համապատասխան մասնագիտական գրականություն եւ ուսումնասիրել այդ երկրի անցյալը, որից հետո հազիվ թե նրանք կարծեն, որ եթե ԱՄՆ-ն ինչ-որ կերպ հաջողի փոխել Իրանի ներկայիս վարչակարգը, ապա կխարխլվեն հայ-իրանական հարաբերությունները:

Այդ դեպքում գուցեեւ Ռուսաստանը շատ բան կորցնի, կամ Վրաստանն ու Ադրբեջանը տուժեն, սակայն, ոչ երբեք Հայաստանը:

Պատմա-քաղաքական ծավալումներ

Հայաստան-Իրան (Պարսկաստան) հազարամյակների հարաբերություններում իհարկե եղել են նաեւ հայ-պարսկական բախումներ, պատերազմներ, սակայն ի տարբերություն մեր մյուս հարեւանների, հայերն ու պարսիկները միմյանց երբեք չեն ցեղասպանել, արնակոլոլ աչքերով չեն ոչնչացրել ու միմյանց
իսպառ վերացնելու խնդիր չեն դրել… Պարզապես մեկմեկու հզորություն ցուցադրելու եւ տիրապետող դիրք ունենալու խնդիր են լուծել: Իսկ մինչեւ մ.թ.ա. VI-III հազարամյակները նույնիսկ գործել է արիական համադաշնությունը, հատկապես Հայաստան-Պարսկաստան-Մարաստան եռամիասնությամբ: Եվ միայն արիական մեծ մասնատումից, ասպետականության անկումից հետո արիական շատ ազգեր մխրճվեցին խժդժությունների մեջ… Եվ այդ դավադիր ձեռքն առ այսօր փորձում է ջլատել արիական միասնականացման ու համագործակցության գաղափարը, ինչը հարազատ է հատկապես Հայաստան-Իրան-Հնդկաստան առանցքին:

Եթե հիմնավորենք վերը նշվածը, նախ պիտի նշենք, որ Իրանի պետականությունը հենց սկզբում էլ ձեւավորվել է իրանական տարբեր ցեղերի սերտ դաշինքի հիման վրա եւ հազարամյակներ շարունակ այս երկիրը եղել է հզոր, բազմատարր պետություն՝ իր համընդհանուր կանոններով ու կեցակարգով, իսկ տարբեր ազգերը որեւէ լուրջ անջատողական տրամադրություններ չեն ունեցել (բացառություն են կազմում քրդերը եւ որոշ չափով բելուջները): Այսինքն՝ բազմաէթնիկ համակարգը իրանական պետության բնույթն է դարեր շարունակ, սա թերեւս Իրանի պատմական առանձնահատկությունն է, որը փոխել հնարավոր չէ: Եվ Աքեմենյան, եւ Սասանյան, եւ Սեֆյան, եւ Փահլավիական, եւ կրոնա-հոգեւոր իշխանությամբ Պարսկաստանն ու Իրանը եղել են հզոր՝ ունենալով վերոհիշյալ առանձնահատկությունը: Ճիշտ է, տարբեր պատմական ժամանակահատվածներում Իրանում բնակվող ժողովուրդների մի չնչին մասը փորձել է անջատվել Իրանից (հատկապես վերջին ժամանակներս՝ ազերիները, քրդերը, բելուջները), սակայն անկախ այն հանգամանքից, թե երկրում ինչպիսի իշխանություններ են գործել, նրանք շուտափույթ չեզոքացրել են այդ փորձերը:

Հիշենք թեկուզ 1946թ. իրադարձությունները, երբ ԽՍՀՄ անմիջական սադրանքով Իրանում սկսեցին մոլեգնել քրդական եւ ազերիական անջատողական շարժումները: Մոհամմեդ Ռեզա Շահ Փահլավին (ոչ առանց անգլո-ամերիկյան աջակցության) ճնշեց այդ շարժումները: Նույն բանը կատարվեց 1979թ. հետո, երբ քրդերը փորձեցին կրկնել անջատողական պայքարը: Այժմ էլ՝ կրոնա-հոգեւոր վարչակարգի ժամանակ, ազերիական անջատողական մի շարժում սկսվեց, որը նույնպես հանդարտեցվեց… Այս վարչակարգի հնարավոր անկումից հետո էլ Իրանին սպասում է նման մանր-մունր քաղաքական ապակայունացում երկրի էթնիկ շրջաններում, սակայն կրկնվենք՝ դա որոշիչ չէ ո՛չ Իրանի հզորության եւ ո՛չ էլ հայ-իրանական հարաբերությունների հարցերում: Դա չի բխում նաեւ այսօրվա գերտերությունների շահերից: Նույնիսկ ԱՄՆ-ին ձեռնտու չէ (չնայած սիոնիսները փորձում են մասնատել տարածաշրջանը), քանզի այսօր ԱՄՆ-ն տարածաշրջանում իր ներկայիս դաշնակից (վաղը՝ գուցե թշնամի) Թուրքիային հակակշիռ ուժի կարիք ունի, որովհետեւ վերջինս փորձում է մշակել իր սեփական անկախ քաղաքականությունը տարածաշրջանում (համաթուրանական)՝ դրանով իսկ փորձելով դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից: Իսկ Իրանը, իր ռազմատնտեսական կարողություններով, լուրջ հակակշիռ է Թուրքիային, ուստի եւ չի բացառվում, որ ստվերային ձեւերով վերականգնվեն իրանա-ամերիկյան ռազմավարական կապերը (իհարկե ամեն բան միանգամից հարթ չի ընթանա)……

Զարգացումների վերոհիշյալ սցենարը ձեռնտու չէ միայն Ռուսաստանին, քանզի վերջինս տնտեսական լայն համագործակցություն է սկսել Իրանի հետ եւ առավել եւս այնտեղ կառուցում է ատոմակայան, ուստի Կրեմլին եւս անհրաժեշտ է այնպես անել, որ վարչակարգի կամ վարչակարգի կողմնորոշման փոփոխություններից հետո իրենց պետական շահերը զերծ մնան ռազմա-քաղաքական պարտություններից:

Գրեթե նույնպիսի (առավել մեղմ դրսեւորումներով) դիրքորոշում կունենա նաեւ Եվրամիությունը:

Բոլորովին նոր Մերձավոր Արեւելք

(Հնարավո՞ր է Հայաստան-Իրան-Իսրայել դաշինք)

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ապա մինչ այժմ որեւէ պաշտոնական կապ չունենալով Իրանի հետ (նույնիսկ առկա են գերսրված հարաբերություններ), այնուամենայնիվ, այդ երկիրը Իրանին համարում է մեկ այլ հակակշիռ եւս՝ արդեն արաբական աշխարհին:

Պատահական չէ, որ «սառը» պատերազմի տարիներին Իրան-Իսրայել ոչ պաշտոնական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա էր: Եվ Իրանը, եւ Իսրայելը արաբական աշխարհի տարածման (համաարաբականության) դեմն առնող խոշոր պատնեշներ էին եւ շարունակում են մնալ այդպիսին…

Այս ամենը հաշվի առնելով դժվար չէ ենթադրել, որ հետագայում աշխարհաքաղաքական հնարավոր ծավալումների դեպքում (այսօր թյուրքական ու արաբական տարրը խեղդում է Արեւմուտքի երկրներին) հնարավոր է Հայաստան-Իրան-Իսրայել ռազմա-քաղաքականկան դաշինք… Հասկանում ենք, որ այսօր շա՜տ տարօրինակ բան ենք հնչեցնում, սակայն ակնհայտ է, որ Իրան-Հայաստան կապը ամենահզորն է ընդդեմ թուրքական (համաթուրանական) ծավալումների, իսկ Իսրայել-Իրան կապը՝ ընդդեմ արաբական (համաարաբական) ծավալումների:

Հետաքրքիր է, որ հենց նման դաշինքում կզսպվի նաեւ սիոնիստական ծավալումների խնդիրը, քանզի այս եռյակի երկու անդամ երկրներն ամենալուրջ զսպիչ ուժերն են նման ծավալումների: Խնդիրն Իսրայելի ինքնաքննադատական տեսանկյան ձեւավորման մեջ է……

Հիմա նաեւ հարց է ծագում, ինչպե՞ս Իսրայելը հակաթուրքական դաշինքի մեջ կմտնի, եթե նա այսօր լայն ռազմական համագործակցություն է ծավալել այդ երկրի հետ: Թուրք-իսրայելական ռազմական դաշինքը գոյատեւում է եւ կգոյատեւի այնքան, որքան Իսրայելն իրեն վտանգված եւ իրապես շրջապատված (մեկուսացված) կզգա արաբական երկրներով: Նախկին դաշնակից, ներկայիս իսլամական Իրանն առայժմ Իսրայելին թշնամի երկիր է, եւ հրեաներին ոչինչ չի մնում անելու, քան դաշնակցել Թուրքիայի հետ: Իսկ եթե փոփոխվի ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում, ապա Իսրայելին Թուրքիան այլեւս անհրաժեշտ չի լինի… Իսկ վերականգնելով նախկին կապերն Իրանի հետ՝ առավել եւս Հայաստան-Իրան-Իսրայել դաշինքի դեպքում Թել-Ավիվն իրեն արդեն բավականաչափ ապահով կզգա: Չենք կարծում, թե Թուրքիան արաբական աշխարհի նկատմամբ ավելի մեծ զսպիչ ուժ է, քան՝ Իրանը, որի ազդեցությունը արաբական մի շարք երկրներում ահռելի է:

Մեկ խնդիր էլ կա. դա առնչվում է Հայաստան-Իսրայել ներկայիս թույլ (իրականում մեղմ ասած՝ ոչ բարեկամական) հարաբերություններին: Այսօրվա դրությամբ Հայաստանն Իսրայելի նկատմամբ որեւէ տարածքային խնդիր չունի, ի տարբերություն Թուրքիայի (նաեւ՝ Ադրբեջանի), բայց երկկողմանի հարաբերություններին խոչընդոտում է հենց թուրքական գործոնը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության մերժումը Իսրայելի կողմից (եւ ճանաչմանը խոչընդոտելը այլ երկրներում): Իհարկե, սա նույնպես բացատրվում է Թուրքիայի հետ դաշնակցային կապերով: Մեր կարծիքով, ամենայն հավանականությամբ, եթե Հայաստան-Իրան-Իսրայել ռազմական դաշինք ստեղծելու միտումներ ի հայտ գան, ապա Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կդադարի այս հարցում աջակցել ԱՄՆ-ի թուրքական լոբբիին, նաեւ կնպաստի Թուրքիայի մասնատմանը… Իսկ Միջերկրական ծովից (Կիլիկյան Հայաստան) մինչեւ Սեւ ծովի ափերը հասնող (Արեւմտյան Հայաստան) եւ Ջավախքին, Նախիջեւանին, Արցախին, Ուտիքին եւ իր այլ տարածքներին վերատիրած Հայաստանի հետ դաշնակցելը հաստատ շահեկան կլինի:…

Հայաստան-Իրան նոր հարաբերություններ

Ամփոփելով վերոնշյալ վերլուծությունը՝ վերահաստատենք, որ Հայաստան-Իսրայել հակասությունների հիմքը Թուրքիա-Իսրայել ռազմա-քաղաքականկան դաշինքն է, որի չգոյության դեպքում չենք բացառում մեր հարաբերությունների բարելավումն Իսրայելի հետ, մանավանդ, եթե սերտանան Իրան-Իսրայել հարաբերությունները եւս:

Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Թեհրանը Հայաստանի նկատմամբ՝ Երեւանի վարչակարգի փոփոխությունից հետո (առավել ռուսաստանամետությունից՝ առավել արեւմտամետության անցում): Մեր կարծիքով, Իրանը կշարունակի ռազմավարական համագործակցությունը ՀՀ հետ եւ դիրքորոշումը արցախյան խնդրի նկատմամբ չի փոխի: Քանզի Հայաստանն Իրանի իրապես միակ բնական դաշնակիցն է, որի հետ լուրջ գաղափարա-ռազմա-քաղաքական խնդիրներ չկան, հակառակը՝ կան ընդհանրություններ, այդ թվում՝ ծագումնաբանական… Կան մի շարք պատճառներ եւս, օրինակ՝ այն, որ Իրանը շարունակելու է մնալ որպես հակաթուրքական պետություն, քանզի Իրան-Թուրան հակասություններն ունեն գաղափարա-քաղաքական հենք եւ դարերի պատմություն (ինչպես հայ-թուրքականը), անկախ երկրներից որեւէ մեկում գոյություն ունեցող վարչակարգի աշխարհայացքային բնույթից:

Հայ-իրանական հարաբերությունների ներկայիս վիճակը դեռեւս հեռու է լավագույնը համարվելուց, այստեղ երկու կողմերն էլ ունեն եւ՛ բացթողումներ, եւ՛ սխալներ, որոնք պետք է շուտափույթ կարգավորել: Նոր հազարամյակում հայ-իրանական հարաբերությունները լիովին այլ որակ պետք է ստանան, անկախ այն հանգամանքից, թե Իրանի ներկա վարչակարգը մոտ ապագայում կտապալվի՞, թե՞ ոչ, ներկա վարչակարգը այս կամ այն երկրին դու՞ր է գալիս, թե՞ ոչ: Հայաստանը պետք է նոր ռազմավարություն մշակի Իրանի պարագայում, ինչպես կրոնա-հոգեւոր ԻԻՀ դեպքում, այնպես էլ՝ նույնիսկ այնտեղ հնարավոր փոփոխություններից հետո… Մեր կարծիքով, այդ նոր ռազմավարությունը պետք է ընդգրկի հետեւյալ հիմնական ոլորտները.

ա/ Դրամա-տնտեսական ոլորտ

Այստեղ անելիքները շատ են, առաջին հերթին հայ-իրանական սահմանի ամբողջ երկայնքը (երկու կողմից), ներառյալ Մեղրին եւ Ագարակը, պիտի հայտարարել ազատ առեւտրի գոտի, որը բխում է երկրների ազգային եւ պետական շահերից: Անհրաժեշտ է մեղմացնել երկրների միջեւ վիզային ռեժիմը, արագացնել Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը (չմոռանալ դրա՝ հետագայում տարանցիկ լինելու հավանականությունը), դրա հետ մեկտեղ կառուցել նաեւ Իրան-Հայաստան նավթամուղ. այս պարագայում էլ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր
:

Պետք է բարձրացնել նաեւ տրանսպորտային բոլոր միջոցների ուղիների տարանցիկության հարցը: Իսկ իրանական նավթը Վրաստանի վրայով Եվրոպա հասցնելու համար այս ծրագիրը պիտի շահագրգիռ դարձնել՝ ներգրավելով նաեւ Հայաստանի ու Իրանի հետ հարաբերությունները կարեւորող Եվրամիությանը: Հասկանալի է, որ ծրագրերը խիստ շահեկան են ՀՀ համար, քանզի դրանք կնվազեցնեն մեր երկրի էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից (եւ ոչ միայն էներգետիկ), ինչը նախապայմաններ կստեղծի անկախ տնտեսավարման: Իսկ թե Հայաստանը, լինելով նավթի եւ գազի արտահանման տարանցիկ երկիր, դրանից ինչ զգալի եկամուտներ կստանա, հասկանալի է: Հայ-իրանական տնտեսական կապերի խորացման համար կարեւոր նշանակություն կունենա նաեւ բանկային (դրամա-վարկային) համակարգերի համագործակցությունը, ինչը կարող է այս պարագայում էլ լուծել Հայաստանի՝ Արեւմուտքից կախված լինելու խնդիրը:

բ/ Ռազմա-քաղաքական ոլորտ

Այստեղ եւս երկկողմանի հարաբերությունների վերակառուցման կարիք կա: Այսօրվա դրությամբ հայ-իրանական ռազմատեխնիկական համագործակցություն գրեթե չկա, եւ անելիքներն ավելին քան շատ են: Երկու կողմերը հստակ պայմանավորվածություն պետք է ունենան ռազմա-տեխնիկական փոխօգնության, տարբեր զենքերի փոխանակման կամ վաճառքի, զինվորական կադրերի երկկողմանի փոխանակման եւ վերապատրաստման հարցերի շուրջ: Երկրների զինված ուժերը խոշորամասշտաբ զորավարժություններ պետք է անցկացնեն թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂՀ-ում, եւ թե՛ Իրանում (հատկապես հյուսիս-արեւմտյան Իրանում):

Քանի որ խոսքն ապագայի մասին է, ապա այս զորավարժություններին կարող են մասնակցել հակաթուրքական ճակատի այլ երկրներ եւս, ինչը տարածաշրջանային լուրջ ազդակ կդառնա…

Վերոնշյալ եռադաշինքի ձեւավորման դեպքում Իսրայելը նույնպես կմիանա հակաթուրքական դաշինքին: Բացի նշված ծրագրերից, կարելի է այլ քայլեր եւս ձեռնարկել, որոնք կբխեն Հայաստանի եւ Իրանի ազգային շահերից՝ երկու երկրներն էլ կարող են կնքել հետեւյալ պայմանագիրը, ըստ որի հայկական մի զորագունդ (1-5 հազար թվաքանակով), տեղակայվի հյուսիսային Իրանի թյուրքաբնակ շրջաններում, որը կաջակցի տեղի իշխանություններին՝ այնտեղ քաղաքական կայունությունը պահպանելու, տեղի ամեն մի օտարահաճ անջատողական շարժում ճնշելու հարցում, իհարկե՝ ոչ նման ձեւակերպմամբ: Իսկ Իրանն իր հերթին, ըստ պայմանագրի, կարող է նույնչափ զորքեր տեղակայել կամ հայ-թուրքական սահմանագլխին կամ ԼՂՀ-ի տարածքում՝ Ադրբեջանին սահմանակից հատվածում:

Ռազմաքաղաքական ոլորտի մասին ավելի շատ կարելի է խոսել… սակայն կան հարցեր, որոնք գուցե թե ենթակա են չբարձրաձայնելու, իսկ վերը քննարկված խնդիրները պարզորոշ ցույց են տալիս, որ երկու երկրներն այս հարցում շատ գործ ունեն անելու:

Հուսանք, որ 3-րդ հազարամյակում հայ-իրանական հարաբերությունները կթեւակոխեն նոր՝ որակապես ավելի բարձր փուլ, որտեղ երկկողմանի դաշնակցային հարաբերություններն ավելի շոշափելի արդյունք կգրանցեն, եւ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում կամրապնդեն հայերի եւ իրանցիների դիրքերը:


Հայկ Թորգոմյան

«Լուսանցք», թիվ 28, 29, 2008թ.

Կարդացեք www.hayary.org կայքում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։